HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարև, ես Անահիտն եմ, փնտրում եմ եղբորս

«Բարև Ձեզ, ես Անահիտն եմ, Սվարյան Արամի քույրը»․ արդեն ինն ամիս՝ ես այսպես եմ ներկայանում նրանց, ումից ուզում եմ եղբորս մասին որևէ տեղեկություն ստանալ։ Պատերազմի օրերին Արամին տեսած ծանոթ-անծանոթներին խնդրում եմ հիշել՝ վերջին անգամ երբ, որտեղ են տեսել նրան, ինչ են խոսել հետը։ Պատկան մարմիններից՝ Քննչական կոմիտե, Առողջապահության նախարարություն, Կարմիր խաչ, ՄԻՊ, ՊՆ, հարցնում եմ այդ վերջից հետո սկսված ընթացքի մասին․ անհետ կորչելու ի՞նչ ճշտված հանգամանքներ կան, Արամին որտե՞ղ փնտրեմ՝ գերիների մե՞ջ, դիահերձարաններո՞ւմ, որտե՞ղ․․․․

Պատերազմից երկուսուկես տարի անց որոշեցի ինքս գտնել այս հարցերի պատասխանները։

 

Վերջին զանգը պատերազմի դաշտից

Արամի հետ վերջին անգամ խոսել եմ 2020-ի հոկտեմբերի 9-ին։ Այդ օրը նրա զանգն արթնացրեց ինձ։ Եղբայրս, սովորաբար, զանգում էր առավոտյան կամ երեկոյան։

Ձայնը ուրիշ էր։ Անսովոր լրջություն կար խոսքում։

-Դասի ժամ է, ինչի՞ դասի չես միացել, - հարցրեց։

- Հիմա ոչ մեկը դասի չի միանում, պատերազմ է, - պատասխանեցի։

- Դու ի՞նչ գործ ունես մնացածի հետ, դասերիդ ուշադիր եղիր։ Պատերազմն ի՞նչ կապ ունի դասերի հետ, դուք ձեր դասերը նորմալ արեք:

Վերջին խոսքերն էին, որ լսեցի նրանից, ու հեռախոսը փոխանցեցի մորս։

Այդ օրն Արամը զանգել էր մեր բոլոր հարազատներին, ոմանց հետ խոսել էր մի քանի անգամ։ Վստահեցրել էր՝ ամեն ինչ լավ է, չանհանգստանանք։

Հաջորդ օրը քեռիս պետք է ամուսնանար․ եղբայրս մորս ու տատիկիս ասել էր՝ հարսանիքը լավ կազմակերպեն․

«Ավտոմեքենաների վրա ժապավեններ կկպցնեք, երաժիշտներ կկանչեք ու լավ կուրախանաք»։

Արամը մորս հետ շատ էր կապված։ Նրա հետ միշտ ավելի երկար էր խոսում։ Մայրս հիշում է՝ պատերազմի ընթացքում զանգելիս Արամը մի քանի անգամ հարցրել է՝ հեռուստացույցով ի՞նչ են ասում, ի՞նչ նորություններ կան։ 

Հոկտեմբերի 10-ին եղբայրս չզանգեց։ Քեռուս հարսանիքն էր՝ առանց ժապավենների ու երաժիշտների։

Հյուրերն անընդհատ հարցնում էին՝ Արամը զանգե՞լ է։ 

«Հա, երեկ ենք խոսել, ամեն ինչ լավ է», - պատասխանում էինք։

Պատահաբար լսեցի, որ հայրս մորս իր տեսած վատ երազն էր պատմում։ Մայրս էլ հիշեցնում էր իրենը, որ տեսել էր պատերազմից մի քանի օր առաջ․«Արամը լացում էր, վիրավոր էր, չէր խոսում։ Դուռը թակեց, բացեցի, հենվեց ուսիս ու սկսեց լացել»։

Հաջորդ օրը մորս գյուղից՝ Գեղհովիտից, տեղափոխվեցինք Երևան։ Հայրս արդեն տունը վարձել էր։ Ամբողջ ճանապարհին Արամի զանգած բոլոր համարներով հետ էինք զանգում։ Պատասխանող չկար։ 

Մորս մի կերպ էինք համոզել տեղափոխվել Երևան։ Քաղաք չի սիրում։ Միայն Արամից էր խոսում, խնդրում, որ զանգեմ՝ ում հնարավոր է ու գտնեմ եղբորս։

Հաջորդ օրը գյուղից եկած մեր հարևանը, հայրս, մայրս ու ես եղանք Երևանի բոլոր հիվանդանոցներում։ Տան ճանապարհին անծանոթ համարից զանգ ստացա։

«Արամի քույրի՞կն է»։

«Հա, իսկ Դուք ո՞վ եք, Արամը ո՞ւր է, ո՞նց է»,- այնքան սպասված զանգ էր, որ մեքենան կանգնեցրինք, իջանք ու բոլորս խոսեցինք։

«Արամը թիկունքի պետի հետ մեզնից հեռու է գնացել։ Էնտեղ կապ չկա, մի՛ մտածեք, կզանգի։ Ինձ էլ չի զանգել, մտածեցի ձեզ զանգած կլինի»,- ասաց անծանոթը։

Մերոնք մի քիչ հանդարտվեցին։ Այդ օրը ավելի ուշ տեսա, որ հեռախոսիս վրա չկարդացած երկու նամակ ունեմ։ Շոթան էր՝ Արամի ընկերը։ Պարզվեց, որ զանգողն էլ էր նա։

Շոթան ամեն օր գրում էր, վստահեցնում, որ Արամը լավ է, գտնելու է Արամին ու միասին գալու են տուն:

Երկու օր էլ անցկացրինք Երևանում: Արամից լուր չկար։

Երրորդ օրը քեռիս զանգեց ու ասաց, որ Արամը վիրավոր է, Գորիսում է։ Մայրս ուրախությունից լաց եղավ։

Հայրս՝ «Տղաս երևի անգիտակից է»։

Մայրս՝ «Կարևորը՝ գիտենք, որ հիվանդանոցում է, ինչքան պետք է՝ ես կպահեմ»:

Հասանք Գեղհովիտ, քեռիենց տուն։

«Արամենց մեքենան շուռ ա եկել: Թիկունքի պետի հետ են եղել, չգիտեմ՝ ոնց ա եղել, կամբատի հետ եմ խոսել»,- ասաց քեռիս:

«Արամս լավ վարորդ ա, ո՞նց շուռ կգար, չեմ հավատում», - կրկնում էր մայրս: Հարազատ, հարևան, բարեկամ՝ քիչ–քիչ հավաքվում էին։ Չէին խոսում։ Լացում էինք։

Երեկոյան մայրս ուզեց մեր տուն գնալ։ Հայրս դրսում էր։ Լսեցինք հորս ու քեռուս ողբացող ձայները՝ «Էս ի՞նչ եղավ», «Եթե պետը զոհվել ա, ինքն էլ հետն ա եղել»։ Մայրս միացավ նրանց, ես եկա տուն։ Երբեք այդպես գոռալով չէի լացել:

Ինչ-որ դեղ տվեցին։ Արթնացա առավոտյան 7-ին։ Էլի նույն խոսակցությունը՝ փորձում էին հասկանալ, թե ինչ պիտի անեն․ 

- Պիտի գտնենք ավտոյում եղած մարդկանց հարազատներին, որ բոլորով մի բան անենք։

-Դուք բոլորի հետ ինչ կապ ունեք, վեր կացեք, գնանք, գտնենք։

-Կարևորը՝ կամբատի հետքը չպիտի կորցնենք, իր հետ ա պետք խոսել։

-Սպաներին չեն սպանում, երևի գերի են վերցրել։

Միացնում եմ հեռախոսս: Շոթան նորից գրել էր: Պատմում եմ նորություններն ու հասկանում, որ Շոթայի համար դրանք նորություն չեն։

«Մենք էդ ուղղությամբ աշխատում ենք։ Հասնենք ավտոյին, տեսնեմ՝ ախպերս էնտեղ ա, թե դուրս ա եկել մեքենայից»,- գրում է նա:

«Իսկ շա՞տ կա, որ հասնեք», - հարցնում եմ։ 

«Դե, չենք կարողանում գնալ, շատ են առաջ եկել, խփում են։ Էսօր էլ մեռնելուց ենք պրծել, չենք կարում առաջ գնալ»,- գրում է Շոթան:

Այդ օրերին Շոթան դարձել էր մեր ու Արամի կապը։ Գրում էր՝ ոնց Արամը կգրեր:

«Դու իմ գեղեցկուհի քույրն ես։ Որ Արամն իմանա՝ դու տխուր ես, ինքն էլ կտխրի, դու միշտ ժպտա»:

Մենք սովորել ու սպասում էինք Շոթայի նամակներին, զանգերին։ Մի անգամ էլ Շոթան հորս ասել էր․ «Հոպա՛ր, ոչ մի լավ բան մի սպասեք, էդ ավտոյի վրա էնքան են կրակել, որ դարձել ա սետկա»։

Մայրս ոչ մեկի խոսքին չէր հավատում։

Մեր տունն այդ օրերին բազմամարդ էր։ Տղամարդիկ, ջահել տղաները բակում էին՝ ինչպես մեռելատանը։ Ներս մտնում էին մի քանի րոպեով՝ մեկ–երկու հուսադրող խոսք ասելու կամ չէին էլ ասում։ Կանայք ավելի երկար էին մնում, խոսում էին պատերազմի, զոհվածների, զինվորների մասին:

Մեկը պատմում էր․ «Զինվորներ են եղել, որ ոտքով մի քանի հարյուր կիլոմետր քայլել են ու փրկվել: Ինչ ասես, որ չեն կերել, խմել, ամեն ինչի դիմացել են ու եկել իրենց տուն»։

«Եղել ա, որ թաղել են զինվորին, մտածել են՝ իրենց տղան ա, հետո տղան զանգել ա տուն: Աստծո հրաշքը ամեն տեղ կա։ Էդ հրաշքը ձեր տուն էլ կգա»,- հուսադրում էր մեկ ուրիշը։ Հետո դուրս էին գալիս․ «Արդեն անասուններին կեր տալու ժամն է, գործեր ունենք»։

Այդ ծանր, անհասկանալի օրերին ես ոչինչ չէի անում․ մեկ-մեկ գրում էի ու եկող-գնացողի համար սուրճ եփում։ Նրանցից մեկը մի անգամ ասաց․ էն օրը ինձ էլ էին պավեստկա բերել: Արագ մտա դարպասից ներս, չտեսան: Գյուղում բոլորին բաժանում են: Մաման լացեց, ասաց` ո՞ւր գնաս, պիտի աշնանը ամուսնանաս: Հարսս էլ համոզեց, որ տան միակ տղամարդն եմ էս պահին»։

- Պատերազմ գնացած բոլոր տղաներն էլ երևի կուզեն ամուսնանալ, - ասացի ես։

- Ես հասկանում եմ` դու ցավից ես էդպես խոսում, բայց էնտեղ մսաղաց ա, քեզ ի՞նչ կտար, եթե մեր նման տղերքը անիմաստ զոհվեին:

Չպատասխանեցի։ Ինքս ինձ պատասխաններ էի փնտրում, նախադասություններ կառուցում, որ հաջորդ անգամ ասեմ: Սկսեցի չխոսել՝ նույնիսկ մերոնց հետ: 

Հոկտեմբերի վերջին առաջին անգամ տանը մնացինք երեքով՝ ես, հայրս, մայրս: Այդ օրը առաջին անգամ տեսա հորս արցունքները:

«Ինչի՞ է պետք մեր ապրելը, ես պիտի լինեի Արամի տեղը, ես», - բառ-բառ ասում էր հայրս: 

Մայրս էլ, թե՝ «Ես էլ կգամ քո հետ, ավելի լավ է՝ մենք չլինենք»։ 

Ես խոհանոցում լսում էի նրանց: 

Մտա հյուրասենյակ՝ «Բա իմ մասին չեք մտածու՞մ»։

«Դու քո տեղը կգտնես, կաշխատես, կապրես», - ասաց մայրս: 

Երկար ու լուռ լացեցինք: Հետո հայրս գրկեց ինձ: 

«Ես միշտ հետդ եմ լինելու»: 

Հետո գրկեցի մորս:

 

Անվերջ սպասում

Այդ ու հաջորդած երկար գիշերներին մեր տան լույսը գրեթե չանջատվեց: Մայրս միշտ նույն տեղում նստած էր, հայրս մի բան անելու համար վառարանի մեջ փայտ էր գցում: Օրերն անցնում էին:

Քեռիս ամեն օր ասում էր, որ խոսում է կամբատի հետ։ Նա էլ երբեմն ասում էր, թե տեսնում են մեքենան, գիշերը, երբ զանգում են թիկունքի պետին, լույսեր են վառվում մեքենայում։ Իմացանք, որ մեքենայից երկու հոգի փրկվել է, բայց թե որտեղ էին, չգիտեինք։ Հետո հրամանատարը սկսեց չպատասխանել զանգերին, մի օր էլ քեռին ասաց, որ զոհվել է։

Հոկտեմբերի 21-ից Շոթան չէր պատասխանում նամակներիս, բայց ես ներքին համոզմունք ունեի, որ ինքն արդեն փրկվել է, կյանքին վտանգ չի սպառնում։

Նոյեմբերի սկզբին Ֆեյսբուքում հայտարարություն տեսա՝ հարազատները փնտրում էին Շոթային։ Տեղեկություն ունեցողներին խնդրում էին զանգել։

Ես էլ տարածեցի այդ հայտարարությունը, բայց վստահ էի, որ Շոթան ուղղակի կապի խնդիր ունի։

Այդ օրվանից մինչև պատերազմի ավարտը ոչ մի նոր բան չիմացանք։ Արամի բանակային ընկերները երբեմն զանգում էին, բայց՝ մեզնից տեղեկություն ստանալու համար։

Նոյեմբերի 9-ից, երբ փրկարարները սկսեցին փնտրել զոհվածներին և վիրավորներին, ամեն օր սպասում էինք, որ կբերեն Արամին։ Քեռին զանգում էր ԱԻՆ՝ տարբեր մարդկանց, հայրս ու հորեղբայրս պատրաստվում էին գնալ Արցախ, փրկարարների հետ մոտենալ մեքենային, բայց Արցախից ասում էին, որ դեռ Հադրութի այդ տարածքներ չեն հասել։

Նոյեմբերի վերջին՝ 23-ին կամ 24-ին, քեռին ասաց, որ մտել են տարածք, գտել մեքենան, ոսկորները հանել, լցրել պարկի մեջ ու պարկի վրա գրել՝ «ԿամԱԶ-ի տղաներ»։ Պարկն ուղարկել են Վանաձոր, որտեղից պիտի գա Երևան։ Հայրս, հորեղբայրներս ու քեռիներս գնացին Երևան։

Հաջորդ օրը «Ֆեյսբուք»-ում հրապարակեցի Շոթայի ու Արամի նկարը, նշեցի նրանց էջերը։ Մեկնաբանություններում մի տղամարդ գրեց՝ «Զանգիր այս համարով»։ Զանգեցի։ Շոթայի հայրն էր։ Ասաց․ «Երեկ Շոթայի ինքնահողն էր։ Գտել ենք, համարյա անճանաչելի էր, Կարմիր շուկայում է զոհվել»։

Հորս ու «ԿամԱԶ»-ում եղած մյուս զինծառայողների հարազատներին Երևանի դիահերձարանում պայմանական կոդ էին տվել ու ասել, որ մեկ ամսից պատասխանները կլինեն։

Մեկ ամիս անց պարզվեց, որ «ԿամԱԶ-ի տղաներ» պարկից միայն մեկ աճյունի համընկնում կա։ Հուղարկավորությունը եղավ 2021-ի փետրվարին։ Դրանից հետո մենք ոչ մի ուրիշ տեղեկություն չստացանք։

Դեպքի մանրամասներին տեղեկանալուց հետո հարցերն ավելի ծանրացան՝ որտե՞ղ է եղբորս աճյունը, ի՞նչ է եղել մարմինը զոհվելուց հետո։ Իմացա, որ Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության օպերատիվ շտաբի պետ Դավիթ Աբաղյանը որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ տեղեկություններ է հավաքել դուրս բերված բոլոր աճյունների վերաբերյալ։ Զանգեցի։ Եղբորս անուն-ազգանունը ճշտելուց հետո Դ․ Աբաղյանը հիշեց, որ Արամը Տիգրան Հարությունյանի հետ է եղել, նրանց մեքենայի վրա հարձակվել են Հադրութում։ Նա ասաց, որ այդ տարածքից մի քանի անգամ են աճյուններ հանել. «Մի քանի անգամ այդ տարածքից աճյուն հանվել ա, բայց ոչ թե մեքենայի միջից, այլ կողքերից ու ձորից։ Էնտեղ մեզնից առաջ ադրբեջանցիներն են եղել, իրենց դիակները վերցրել են, մերոնցը կամ նետել են ձորը, կամ՝ տոպրակի մեջ դրել։ Դրա համար դժվար էր մի անգամով բոլորը գտնել»։

Նա ինձ փոխանցեց մեքենային մոտեցած փրկարարներից մեկի՝ Ալեքսանդրի հեռախոսահամարը։ Խոսեցի նրա հետ։ Չէր հիշում, որ 2020 թվականի նոյեմբերի 17-ին կոնկրետ այդ մեքենային մոտեցած լինի, բայց հիշում էր, որ 2021–ի հունիսին մեքենայից աճյուններ են գտել. «Մեքենայի մեջը չէր, տակն էր։ Փոքր կտորներ էին, չեմ կարող ասել, թե քանի մարդու կլիներ»։

Մի քանի օր անց Աբաղյանն ինձ նամակ գրեց. «1961, 1962, 1963, 1964. էս չորս հատը պայմանական կոդերն են»։ Հետո զանգեց ու ասաց, որ նշած կոդերով աճյունները դուրս են բերվել այդ մեքենայից։ Նա զարմացավ, երբ ասացի, որ Քննչական կոմիտեն գրեթե չի զբաղվել եղբորս դեպքով, չի հարցաքննել ականատեսներին։ Պատասխանեց․ «Ես կխոսեմ Կոմիտեի այն քննիչների հետ, որոնք տեղյակ են կամ զբաղվում են այս գործով»։

 

Մենք ապրում ենք առանց Արամի 

Ես շատ եմ փոխվել, սիրտս քարացել է։ Մի քանի օր առաջ խոսում էի դասընկերոջս հետ: Ասաց․

- Դու արդեն տասը րոպե բացատրում ես կամ գուցե ինքդ ես ուզում հասկանալ, թե ինչ կարող է լինել մարդու մարմնի հետ մեռնելուց հետո: Առաջ, երբ մոտդ խոսում էի սովորական վիրահատությունից, աչքերդ փակում էիր, խնդրում էիր՝ փոխել թեման:

- Ես ուղղակի ուզում եմ հասկանալ` ինչ կարող էր լինել եղբորս հետ:

- Իսկ դու Արամին հիշիր էնպես, ինչպես տեսել ես:

- Երևի ճիշտ ես: Բայց երբ Վազգենն ասաց, որ մեքենայի կողքն ընկած դին կենդանին կերել էր, պատկերացրի, որ դա կարող էր հենց Արամը լինել:

Դասընկերս, որ իմ ամենամտերիիմ մարդկանցից է, խնդրեց, որ էլ նման բաներ չմտածեմ ու հիշեմ՝ Արամը մեր խաղաղության համար է զոհվել:

Ես վերջապես հասկացա` հա, Արամը զոհվել է: Ուրիշ տարբերակ էլ չեմ տեսնում: Առաջ, երբ ինձ ասում էին` զոհվել է, խնդրում էի առանց փաստ չխոսել: Երբ վկաներն ասում էին` Սվարյան Արամը զոհվեց, նյարդայնանում էի։ Քանի անգամ էլ լսեի, չէի հավատում։ Մի անգամ նույնիսկ գործընկերոջս հարցրի՝ ճի՞շտ հասկացա, ասում են` զոհվե՞լ է: Նա, թե՝ «Ասում են, բայց փաստ չկա։ Ինքը չի տեսել զոհված, ինչ լսել է, էդ է ասում»:

Մարդիկ խուսափում են մոտս եղբորս մասին խոսելուց: Մտածում են` մի անզգույշ բառը կարող է նեղացնել ինձ: Մինչդեռ ես երբեմն ուզում եմ, որ մեկը միանգամից ասի՝ եղբայրդ սկզբում վիրավորվեց, հետո վառվեց կամ, օգնություն չստանալով, մահացավ, կամ ․․․ Ու քանի դեռ ոչ մեկ դա չի արել, այդ բոլոր պատկերները, իրար հերթ չտալով, պարբերաբար հայտնվում են աչքերիս առաջ ու մտքիս մեջ։ 

Ծնողներս հենց սկզբից գիտեին, որ ես հետաքննություն եմ սկսել: Մայրս՝ անհոգնում, շարունակ հարցնում է՝ ի՞նչ նորություն կա: Ես անկեղծ ասում եմ, որ ոչ մի լավ բան չկա, բայց նա չի հավատում․ քանի ԴՆԹ համընկնում չկա, վստահ է` Արամն ինչ-որ տեղ սպասում է:

Ուժեղ կին է մայրս, անսահման լավատես: Չի չարացել, չի անիծում ոչ ոքի, խաղաղ է: Հաճախ դուրս է գալիս քայլելու կամ գնում է գյուղ ու խնամում Արամի տնկած ծառերը:

Մենք քիչ ենք խոսում Արամի մասին, պատերազմից հետո ընդհանրապես քիչ ենք խոսում:

Հայրս էլ է մտածում, որ եղբայրս, ամենայն հավանականությամբ, զոհվել է, բայց մորս ներկայությամբ այդ մասին չի ասում: Հոկտեմբերի 10-ից մեր տանն ամեն ինչ փոխվել է. մայրս օրվա գործերով չի զբաղվում, անտարբեր է ամեն ինչի նկատմամբ։ Հայրս դարձել է բռնկուն ու հաճախ ինքն իր հետ կռվում է, որ հենց առաջին օրերին չգնաց Ջաբրայիլ՝ եղբորս մոտ։ 

Հայրս պատերազմով անցած մարդ է, մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, մեդալով վերադարձել: Կռվի դաշտի մասին նրա պատմածները դուր էին գալիս եղբորս, խնդրում էր, որ էլի պատմի: Ես գրեթե չէի լսում։ Միայն տպավորվել էր, որ հայրս ռազմի դաշտում օձի միս է կերել:

Ամիսներն անցնում էին։ Մեր տունը նորակառույց էր, հայրս էր կառուցել, պատերազմից 6 տարի առաջ էինք տեղափոխվել այդ տուն ու դեռ չէինք հասցրել նորմալ կահավորել, վերանորոգել։ Հայրս տան վրա ամեն տարի մի բան ավելացնում էր, բայց պատերազմից հետո էլ տունն աչքին չէր գալիս։ Մինչև պատերազմը նա աշխատանք էր գտել Երևանում, իսկ պատերազմից 3 ամիս հետո մենք տեղափոխվեցինք Երևան՝ համալսարանում իմ դասերը սկսվել էին, իսկ հայրս աշխատում էր։ Նրա հիմնական գործը քարի հետ է, գերեզմանաքարեր էր սարքում։ Պատերազմից հետո գերեզման՝ քար դնելու էլ չի գնում։ Ասում է․ «Գերեզմանների կեսը դրոշներ են, չեմ կարողանում նայել»։

Մի քանի անգամ նրան զոհվածի շիրմաքար էին պատվիրել, հրաժարվել էր։ Գրեթե չէր ժպտում, սև մորուքը չէր սափրում: Մեկ-մեկ էլ ասում էր. «Արամը որ մեզ էսպես տեսներ, ի՞նչ կասեր»: 

Բայց հայրս միշտ հետաքրքրվում է իմ դասերով, գործերով։ Ես նրան միայն մեկ անգամ եմ տեսել արտասվելիս՝ 2020-ի հոկտեմբերին։ Ծնողներս իմ ներկայությամբ Արամից ու պատերազմից աշխատում են չխոսել, բայց ես հաճախ եմ լսում նրանց ցածրաձայն խոսակցությունները Արամի մասին։

Պատերազմից հետո մայրս սրտի ու ճնշման խնդիրներ ուներ։ Երևան տեղափոխվելուց հետո համոզեցինք բժշկի գնալ։ Մի քանի օր հետևեց բժշկի խորհուրդներին, հետո ականջի հետև գցեց։ Նա միայն գյուղում է իրեն լավ զգում, շուտ-շուտ գյուղ է գնում։ Նրան երբեմն այցելում են Արամի ընկերները, մեր հարևան Հարութը։

Պատերազմից հետո մայրս չի շպարվում։

Դեռ պատերազմ էր, երբ եղբորս հետ նույն մեքենայում եղած զինծառայողների հարազատներով գտանք իրար, մտերմացանք։ Ծնողները երբեմն գալիս էին Մարտունու դիահերձարան՝ փնտրելու որդիներին, հետո մտնում էին մեր կամ քեռիենց տուն։ Արամի հետ մեքենայում եղած զինծառայողների ու նրանց ծնողների անունները սովորեցի։

Մտերմացել էինք հատկապես Գոռ Մովսիսյանի ընտանիքի հետ։ Մի անգամ նրանց տուն էինք գնացել՝ Էջմիածին։ Հետո, երբ անհայտ կորածների ծնողները բողոքի ակցիաներ էին անում տարբեր կառույցների դիմաց, ծանոթ դեմքեր էի տեսնում, ոմանց հետ էլ նոր էի ծանոթանում։ Հավաքներին հիմնականում հայրս է մասնակցում, մայրս հազվադեպ է գնում նրա հետ։ Մի քանի ծնողների հետ հայրս մի անգամ մտել է վարչապետի մոտ, մի անգամ էլ հարցազրույց է տվել ու զղջացել դրա համար։ Լրագրողը նրա խոսքից եթեր է տվել միայն պատկան մարմիններից դժգոհ լինելու հատվածը, մինչդեռ հայրս խոսել էր նաև եղբորս կորչելու հանգամանքներից ու ներկայացրել որոշ մանրամասներ։

Մորս հետ 1-2 անգամ գնացել ենք Հերացու դիահերձարան․ նա ԴՆԹ անալիզ է հանձնել, բայց չէր սպասում, թե Արամին այնտեղ կգտնենք։ Գնում էինք ուղղակի համոզվելու, որ նորություն չկա։

Ես չեմ սիրում «հերոս» բառը, որը պատերազմից հետո շատ է գործածվում։ Դա, երևի, մարդկանց սփոփում է, ինձ, որ «հերոսի քույր» եմ՝ ոչ։

Ես նայում եմ Արամի նկարներին ու մտածում հոկտեմբերի 10-ի մասին, երբ առաջին անգամ Արամից զանգ չստացանք։ Պատկերացնում եմ՝ ոնց է ուզել փրկվել։ Արամը շատ երազանքներ, սիրած աղջիկ ուներ, որի մասին զանգելուց խոսում էինք։ Մի անգամ էլ հարցրեց․ «Սիրած տղա ունե՞ս: Թե բանակ գալուցս հետո սիրահարվել ես մեկին, ասա, հետը խոսեմ»:

Զարմացա, որ պատերազմի դաշտում էլ սիրահարվելուց է խոսում։ Արամն ուժեղ տղա էր, ու չէի կասկածում, որ հետ է գալու։

Ինձ միշտ վախեցրել է «անհայտ կորած» արտահայտությունը: Երբ դեռ պատերազմը չէր ավարտվել, վստահ էի՝ եթե Արամը զոհված էլ լինի, վերջին անգամ գոնե կտեսնեմ, հրաժեշտ կտամ։

Եղբորս աճյունը դեռ չի գտնվել, չգիտեմ` երբևէ կգտնվի՞։ Անհետ կորած էլի բազմաթիվ զինվորներ կան: Դեռ պատերազմի օրերից Քննչական կոմիտեում քրեական գործեր են հարուցվել, բայց անցած 2-3 տարում ոչինչ չի պարզվել․ կոնկրետ եղբորս գործը սկզբում քննվել է մեքենայում եղած տղաների գործերի հետ։ Հորս ու մյուս ծնողներին ամեն անգամ տարբեր քննիչների ազգանուն են տվել։ Մարտի 8-ին Քննչական կոմիտեում անհետ կորածների հարազատների հետ փակ հանդիպում էր, ծնողներիս հետ ես էլ մասնակցեցի։ Իմացա, որ եղբորս գործով երկու վկաները մինչ օրս չեն հարցաքննվել, նրա անհետ կորչելու հանգամանքները պարզելու համար գրեթե ոչինչ չի արվել, իսկ ՔԿ-ի ղեկավար Արգիշտի Քյարամյանը խոսում էր քննությունը նոր մեթոդներով շարունակելու մասին։ Այդ հանդիպումից անցել է շուրջ 3 ամիս, բայց վկաները դեռ հարցաքննված չեն։ Մենք չունենք տուժողի իրավահաջորդի կարգավիճակ, ինչպես անհայտ կորածների բազմաթիվ այլ հարազատներ։

Մայրս շարունակում է հավատալ, որ ինչ-որ հրաշք փրկել է Արամին, հորս աչքերի տխրությունն օրեցօր խտանում է…

2022-ի սեպտեմբերին որոշեցի Արամի անհետ կորչելու հանգամանքներն ինքս պարզել: 

 

Դեպքի օրը

Հոկտեմբերի 10-ի առավոտյան, մոտ ժամը 10-ին, նյութապահովման դասակի «ԿամԱԶ»-ը նորից բարձրանում է Հադրութի Խուրհատ սար՝ Ջրականի գնդի 3-րդ գումարտակի դիրքապահներին սնունդ և անհրաժեշտ իրեր տանելու։ Մեքենայում վեցն են․ վարորդը՝ եղբայրս՝ Արամ Սվարյանը, 3-րդ գումարտակի թիկունքի պետ Տիգրան Հարությունյանը, նյութապահովման դասակի հրամանատար Սամվել Ավագյանը, նույն դասակի վարորդ Սարգիս Սրքոյանը, դասակի երկու խոհարարները՝ Մնացական Եգորյանը և Գրիշա Հովսեփյանը։

Սար բարձրանալու ընթացքում մարտական իրավիճակը փոխվում է, ադրբեջանցիները երեք կողմից հարձակվում են։ Գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Դավիթ Նազարյանը որոշում է զորքն անտառով հանել դեպի Սարինշեն գյուղ, իսկ գումարտակի մեքենաների, նաև՝ թիկունքային «ԿամԱԶ»-ի անձնակազմին հրահանգում է շարժվել Հադրութի ուղղությամբ:

Խուրհատ սարից իջնելուց առաջ դասակի հրամանատար Սամվել Ավագյանը հակատանկային դասակի զինծառայող Գոռ Մովսիսյանին, որ ոտքից վիրավոր էր, նստեցնում է խցիկում՝ իր տեղը, վարորդի կողքին, իսկ ինքը, տեղանքին ծանոթ լինելով, ոտքով իջնում է տեղազննման՝ դեպի Հադրութ: Նա պետք է ստուգեր ճանապարհի անվտանգությունն ու տեսածը հաղորդեր մեքենաներին։

Հազիվ շարժված՝ մեքենայի ուղղությամբ սկսում են կրակել։ Արամը շատ արագ է վարում։ Վանք գյուղ չհասած՝ ոլորանի մոտ, մեքենան դուրս է գալիս ճանապարհից, շրջվում եւ բեռնախցիկով բախվում ճամփեզրի ժայռաբեկորին։ Թափքում եղած 3 տղաներից երկուսը՝ Գրիշա Հովսեփյանը և Մնացական Եգորյանը, վնասվածքներ են ստանում: Իրար օգնելով՝ նրանք դուրս են գալիս մեքենայից, ձայն են տալիս Սարգիս Սրքոյանին, որը նույնպես թափքում էր, նա չի պատասխանում։ Կրակոցները մեքենայի ուղղությամբ չեն դադարում։ Մնացականն ու Գրիշան չեն իմանում՝ խցիկում նստածները ո՞ղջ են, թե՞ ոչ։ Նրանք շարժվում են դեպի անտառ, որտեղ հանդիպում են մեր զինվորներին:

Տղաները դեպքի մասին պատմում են հրամանատարներին։ Գումարտակի հրամանատար Դավիթ Նազարյանը, հրամանատարի տեղակալ Կարեն Աթոյանը, հետախուզական դասակի հրամանատար Էդգար Մարտիրոսյանը, նյութապահովման դասակի հրամանատար Սամվել Ավագյանը մի քանի անգամ փորձում են մոտենալ մեքենային, բայց անհնար է լինում։ Տարածքը, որտեղ մեքենան էր, մի քանի րոպե հետո լցվում է ադրբեջանցի զինվորներով։ 

 

Սկսեցի փնտրել Արամին 

Սեպտեմբերի 29-ին գործընկերոջս պատմեցի Արամի դեպքի մասին իմ իմացածը: Ասացի, որ մեքենայից դուրս բերված աճյուններից նույնականացված է միայն Սարգիս Սրքոյանինը: Մենք անցել էինք բոլոր դիահերձարաններով, պատկան բոլոր կառույցներով: Միակ պատասխանը` Արամը «գտնվելու վայրն անհայտ է» զինվորների ցուցակում է:

Սկսեցինք հիշել մարդկանց, որոնք կարող էին կապ ունենալ դեպքի հետ, տեսած կամ լսած լինեին, թե ինչ է կատարվել: Միտքս եկավ մեր հարևան Հարութը։ Դեպքից 2 օր առաջ նա տեսել էր Արամին ու խոսել հետը։ Պատերազմից հետո Հարութը մեր տուն գալիս-գնում էր, բայց այդ օրերի մասին գրեթե չէր խոսում։ Նրա ծառայությունն ընդամենը 3 ամիս էր տևել, վիրավորվել էր ու տեղափոխվել Երևան։

«Տեղը չեմ հիշում, Հադրութի կողմերն էր։ Իրենք վաշտով էին, մեքենան սնունդ էր բարձած, ինքը ավտո էր քշում։ Մի հատ շենք էր՝ դպրոց էր, ինչ էր, չեմ հիշում», - ասաց Հարութը։ Այդ օրը՝ հոկտեմբերի 8-ին, Արամը Հարութի հեռախոսով զանգել էր մորս։ Երբ Արամը չէր զանգում, մայրս էր գնում Հարութենց տուն՝ հարցուփորձի։ Եթե չէր զանգում Հարութը, նրա մայրն էր մեզ մոտ գալիս։

Եղբորս ու Հարութի վերջին հանդիպումը հոկտեմբերի 8-ին մոտ մեկ ժամ է տևել, հետո Հարութն իր վաշտի հետ դուրս է եկել այդ տարածքից։ Թե Արամն ինչքան է մնացել այնտեղ և հետո ուր է գնացել՝ չգիտի. «Իրենց խմբից մենակ Արամին էի ճանաչում, այդ օրն ինձ մեքենայից քնապարկ տվեց։ Հետո, մինչև պատերազմի ավարտը, էլ չլսեցի նրանց մասին»։

 

Ողջ մնացածների պատմությունները

Հիշեցի երկու վկաներին` Մնացին ու Գրիշային, որոնք հասցրել էին դուրս գալ մեքենայից եւ փրկվել: Հայրս պատերազմից հետո նրանց հանդիպել էր, երկուսն էլ ասել էին, որ ոչինչ չեն տեսել ու չեն հիշում դեպքի մանրամասները: Հորս պատմածով՝ մեկն ասել է, թե դուրս են նետվել մինչեւ մեքենայի շրջվելը, մյուսը՝ մեքենան շուռ գալուց հետո են դուրս եկել: Նրանց պատմածներից ոչինչ պարզ չէր, գրեթե ոչինչ չէին հիշում։ Պատերազմից 2 տարի անց որոշեցի նորից խոսել հետները։ Գրիշան ավելի պատրաստակամ էր։ Նա մի քանի անգամ իր խոսքում կրկնեց. «Արամը Սվարյան… ինքն էլ ա զոհվել»։

- Մեքենայից որ դուրս եկաք, նայեցի՞ք՝ տեսնեք՝ ինչ էր կատարվում դիմացը։ Ձայներ լսվո՞ւմ էին։

- Չէ, մենակ կրակոցներ էին։

- Ասացիր՝ զոհվել է, ի՞նչ գիտես։

- Չգիտեմ՝ իրանք վիրավորվել են, թե չէ։ Հիմա իրենք զոհված են, երեքն էլ… չէ, երեքը չէ, չորսը՝ երեքը կաբինկում՝ դիմացը, մեկն էլ հետևը՝ Սաքոն։

Գրիշան և Արամը ծառայել են Ջրականում՝ 3-րդ գումարտակում, բայց տարբեր դասակներում։ Արամը նռնականետային դասակի վարորդն էր, Գրիշան՝ նյութապահովման դասակի խոհարարը։ Պատերազմի 2-րդ շաբաթից նրանք միասին են եղել։ Հադրութում Արամը դարձել է նյութապահովման դասակի վարորդը, 3-րդ գումարտակի թիկունքի պետի հետ հաց, քնապարկ, տաք հագուստ ու այլ իրեր է տարել կռվողներին։

«Ավտոյի մեջ շատ բան կար: Ասինք՝ առավոտ շուտ գնանք Խուրհատի դիրքեր, որ հասցնենք։ Գնացինք, արդեն կեսը դատարկել էինք, գոռացին՝ նահանջ։ Ամեն բան խառնվեց իրար, արագ-արագ իջանք, էդքան բանը նորից հավաքեցինք ավտոյի մեջ։ Վերջին դուրս եկողներն էինք, սաղ դուրս էին եկել արդեն», - պատմում է Գրիշան դեպքի օրվա՝ հոկտեմբերի 10-ի մասին։

Գրիշան չի հիշում, թե ինչպես և կոնկրետ որտեղ են սկսել կրակել մեքենայի վրա։ Ասում է՝ շարժվել են, թե չէ՝ սկսել են կրակել։ Չգիտի, թե ինչ զինատեսակով էին կրակում. «Չեմ հիշում, աջ ու ձախից կրակում էին։ Չգիտեմ՝ վարորդին խփել են, դրա՞ համար ենք շրջվել, թե՞ նա կորցրել է մեքենայի կառավարումը։ Մեքենան նախ կողք է թեքվել, հետո՝ ճանապարհի մի կողմում, կանգնել գխի վրա»։

Գրիշան մեքենայից դուրս է եկել Մնացի հետ, մտել են անտառ:

«Մի հարյուր մետր վազեցինք ներքև, մոտ 10 հոգի ելան մեր դիմաց, զենքը պահել, ասում էինք՝ հայ ենք, հայ ենք։ Զինգրքույկը ցույց տալուց հետո նոր հավատացին։ Իրենք զենք ունեին, մենք՝ չէ, մերը մնացել էր բեռնախցիկի մեջ, շուռ գալու ժամանակ ձեռներիցս թռել էր, ման չեկանք, ավտոն սաղ ճզմվել էր», - ասում է Գրիշը։ 

Մնացի աջ բազուկն էր վիրավորվել, Գրիշի՝ քիթը։ Մեքենայից դուրս գալուց և անտառում մերոնց հանդիպելուց հետո նրանք բաժանվել են, գնացել տարբեր ուղղություններով։

«Որ մտանք անտառ, չգիտեմ` ոնց, էդ խուճապի մեջ բաժանվեցինք: Մնացը՝ էդ մարդկանց մի մասի հետ, գնաց ուրիշ կողմ, ես՝ էն մնացածի հետ, մյուս ուղղությամբ։ Մինչև ժամը 3֊ը քայլեցի հետները, կապ գտա, զանգեցի Մնացին, ասի՝ հը՞, ո՞ւր ես, ո՞նց ես։ Կորցրել էինք արդեն իրար, ես ինչ-որ սարի գլխին էի։ Մնացն ասում ա՝ ես էլ եմ սարի գլխին, աջ-ձախ ման եմ գալիս։ Ինքն էն մյուս սարի գլխին էր»։

Մնացին հաջողվում է կապ հաստատել 3-րդ գումարտակի հետախուզականի սպաներից մեկի հետ, որը մեքենայով գալիս և տանում է նրան ու մյուսներին։ Գրիշան մնում է նույն տեղում։

«Հետո մի «ԿամԱԶ» ա անցնում, դատարկ էր։ Նստանք մեջը, որ գնանք, բայց չգիտեմ՝ ուր։ Ճամփին մի տեղ կանգնեց, չգիտեմ՝ ինչ էր եղել։ Ծանոթ ձայներ եմ լսում, գլուխս ավտոյից հանում եմ ու տեսնում մեր գումարտակի սպաներից երկու հոգու։ Ուրախ֊ուրախ դուրս եմ գալիս ավտոյից: Ինձ տեսան, զարմացան, որ ողջ եմ։ Մնացը արդեն Երևանում էր, Հադրութից տարան Ստեփանակերտ ու Երևան։ Հենց հոկտեմբերի 10-ին»,- ասում է Գրիշան:

Փրկվելուց հետո Գրիշան իր դասակի հրամանատարին ու գումարտակի հրամանատար Դավիթ Նազարյանին պատմել է դեպքի մասին, նրանք այդ գիշեր փորձել են մոտենալ մեքենային, բայց չեն կարողացել։

Գրիշան հիշում է, որ մեքենայի թափքում իրենց հետ էր նաև Սրքոյան Սարգիսը, որը զոհվել է։ Կրակոցից է զոհվել, թե մեքենայի շուռ գալու հետևանքով հարվածից՝ դժվարանում է ասել․ «Սարգսի հայրն ինձ պատմել է: Գնացել եմ իրենց տուն, ասին՝ «ԿամԱԶ»-ից հեռու էր մարմինը, ավտոյից մի 10-15 մետր էն կողմ են գտել։ Չգիտեմ՝ ի՞նքն ա դուրս եկել, թե՞ իրան հանել են։ Հնարավոր է՝ հանել են աճյունը»։

Մեզ այլ տեղեկություններ էին հասել։ Քեռիս մեր տանն էր, երբ զանգեցին ու ասացին, որ «ԿամԱԶ»-ից հանված ոսկորները մի պարկի մեջ են լցրել, վրան գրել՝ «ԿամԱԶ-ի տղաներ», ուղարկել Հայաստան։ Փրկարարների կարծիքով՝ այդտեղ առնվազն 2-3 մարդու աճյուն կար, սակայն համընկել էր միայն Սարգիսինը։

Պատերազմից 1-2 ամիս անց Գրիշային են փոխանցել դրամապանակը, որն այդ օրը մեքենայի մեջ էր մնացել։ Դրամապանակը մնացել էր անվնաս և նույն պարունակությամբ, ինչպես եղել էր։ Մեր տեղեկություններով՝ «ԿամԱԶ»-ը, շուռ գալուց օրեր անց, այրել էին, սակայն փրկարարներն ամիսներ հետո այնտեղից հանել էին պլանշետ և դրամապանակ՝ չվնասված։ Պլանշետը թիկունքի պետինն էր, դրամապանակը՝ Գրիշինը։ Գրիշը չգիտի, թե ով է վերցրել դրամապանակը, նրան փոխանցել է մի սպա՝ ասելով, որ մեքենայից են գտել։ Պլանշետի մասին հորս ասել էր թիկունքի պետի հայրը՝ Իլյիչ Հարությունյանը։

Եղբորս գործով երկու վկաներն էլ մինչ օրս չեն հարցաքննվել: Մենք նույնիսկ տեղյակ չենք` Քննչական կոմիտեում կոնկրետ որ քննիչն է զբաղվում այս գործով, երբ է հարուցվել քրեական գործը և ինչ փուլերով է անցել:

 

3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Աթոյանի պատմածը

Գծանկարում Կարեն Աթոյանը պատկերել է 2020թ․-ի հոկտեմբերի 10-ին Խուրհատ սարում մարտական իրավիճակը. ադրբեջանական զինված ուժերի հարձակման ուղղությունները, դիրքերից դեպի Հադրութ տանող ճանապարհին մեքենայի խոցման վայրը։

Պատերազմի առաջին շաբաթներին 3-րդ գումարտակի հրամանատարը Դավիթ Նազարյանն է եղել։ Հենց նրան էր զանգում քեռիս եղբորս դեպքից հետո։ Նազարյանը զոհվել է հոկտեմբերի 18-ին, նրան փոխարինել է տեղակալը՝ Կարեն Աթոյանը։ Նա գումարտակի հետ հոկտեմբերի 10-ին եղել է Հադրութի այն հատվածում, ուր Արամենք հաց էին տանում։ Աթոյանը գիտեր եղբորս:

«Ամսի 10-ին այստեղ մարտեր են լինում (թղթի վրա մոտավոր պատկերում է, թե որտեղ էր գումարտակը, և Արամենք ուր էին գնացել), Տիգրան Հարությունյանը այդ ժամանակ բարձրանում է Խուրհատ՝ անձնակազմին բուշլատներ, քնապարկեր, մեկ էլ սնունդ տալու։ Մարտական իրավիճակը շատ արագ փոխվում է, երեք կողմից հարձակվում են։ Շրջապատման վտանգ է լինում, մեր որոշման համաձայն՝ գումարտակը էս անտառների միջով պետք է գնար դեպի Սարինշեն։ Տիգրանին ասում ենք՝ շուտ գնան Հադրութ»։

Նրա խոսքով՝ իրենք այդ պահին չեն իմացել, որ Հադրութում արդեն դիվերսիոն խմբեր կան։

«Հարությունյանը չէր կարող «ԿամԱԶ»-ը թողներ կամ էդ խմբի հետ մարտերի մեջ մտներ անտառով։ Դրա համար մեքենայով իջնում են, ճանապարհին՝ ոլորանների վրա, «ԿամԱԶ»-ն ընկնում է դիվերսիոն խմբի կրակի տակ։ Կրակում են, դե, բնականաբար, առաջին թիրախը վարորդն է, ըստ երևույթին, խառը կրակել են, «ԿամԱԶ»-ը դեմ է առել թմբին, շուռ է եկել։ Այդ ընթացքում Գրիշն ու Մնացականը, կրակոցների տակ, դուրս են եկել «ԿամԱԶ»-ից»։

Նա վստահեցնում է, որ Գրիշն ու Մնացը չէին կարող մոտենալ մեքենայի բեռնախցիկին, որ տեսնեին, թե ինչ է կատարվում այնտեղ, քանի որ կրակը չէր դադարում։ Տղաները գնում են անտառի ուղղությամբ։ Աթոյանի խոսքով՝ դրանից հետո՝ հոկտեմբերի 10-ին Հադրութն ամբողջությամբ թշնամու կողմից շրջափակվում է։ Շրջված մեքենային մոտենալն անհնարին է դառնում: Կարեն Աթոյանը, Դավիթ Նազարյանը, հետախուզականից մի սպա պատերազմի օրերին մի քանի անգամ որոշում են մտնել այդ տարածք, բայց չեն կարողանում:

- Վկաներից մեկն ասել է, որ սպասում էին նյութապահովման դասակի հրամանատարին, դրա համար են նախատեսվածից ավելի ուշ իջել սարից։ Դուք ճանաչո՞ւմ եք այդ սպային, լսե՞լ եք այս վարկածը, - հարցնում եմ Կարեն Աթոյանին։

- Երևի խոսքը Ավագյան Սամվելի մասին է։ Ինքը շատ ուժեղ արցախցի է, գումարտակին շատ է օգնել։ Մենք Ջաբրայիլի տարածքը լավ գիտեինք, բայց Հադրութի շրջանի տարածքին, անտառներին ծանոթ չէինք։ Ինքը՝ էնտեղ ծնված-մեծացած մարդ, ո՞նց կարար չիմանար։ Մեզ շատ է օգնել, թե որ ճանապարհով գնանք։ Գուցե և Տիգրանը (թիկունքի պետ Տիգրան Հարությունյանը) սպասել է Սամվելին, որ ճիշտ ճանապարհով գնան։ Ես չեմ կարող հիմա պատասխան տալ, թե ինչի է սպասել, կամ, ասենք, կարող է՝ չի էլ սպասել, կարող է՝ կանգնել է, որ մի հատ հասկանա իրավիճակը՝ որտեղ է պայթյուն, որտեղ է կրակոց, ու ինքը որ ուղղությամբ գնա, որ չընկնի ինչ-որ բանի մեջ։ Հազար տարբերակ կարող է լինել։

Աթոյանը ճանաչում էր պատերազմից հետո որոնողափրկարարների հետ այդ տարածքներ մտած սպաներից մեկին՝ Վազգենին։ Մեր ներկայությամբ զանգեց նրան։

«Կռվից հետո Տիկոյենց «ԿամԱԶ»-ին 2-3 անգամ մոտեցել ենք, չեմ հիշում՝ որ օրերին։ ԱԻՆ-ը աճյուն հանել ա մոտավորապես 2020-ի նոյեմբերի վերջին։ Մասունքները հանելիս ես էնտեղ եմ եղել, էդ կոմպը, բան, ուղղակի օրը չեմ հիշում։ Էդտեղից աճյունները տանում էին հենց Ստեփանակերտի մորգ»,- լսեցինք Վազգենի ձայնը՝ Աթոյանի հեռախոսից։

Այդ պլանշետը կամ համակարգիչը, որի մասին ասել էր նաև Տիգրան Հարությունյանի հայրը, հոկտեմբերի 3-ի գիշերը Աթոյանն է տվել Տիգրան Հարությունյանին։ «Մտել եմ Ջաբրայիլի գունդ՝ գրասենյակ, էդ կոմպը գաղտնի կոմպ է, ամբողջ գաղտնի ինֆորմացիան մեջն է եղել, հասցրել եմ հանել: Դրել եմ տուփի մեջ, տվել եմ Տիգրանին, որ ինքը իրա «ԿամԱԶ»-ի մեջ դնի, հեռու տանի։ Կոմպը պատահական գտել են, հանձնել քննիչներին։ Լավ է, որ թուրքի ձեռքը չի ընկել։ Կաբինկեն են ուսումնասիրել, ինչ կարողացել են, հանել են»,- ասում է Աթոյանը։

Կարեն Աթոյանը մեզ փոխանցեց Վազգեն Գրիգորյանի և նյութապահովման դասակի հրամանատար Սամվել Ավագյանի հեռախոսահամարները։ Վազգեն Գրիգորյանը որոնողական ջոկատների հետ նոյեմբերի 17-ին եղել է մեքենայի մոտ: Նա տեսանկարել է մեքենան:

 

Պատերազմից հետո «ԿամԱԶ»-ը տեսագրած սպան

Հաջորդ հանդիպումը Վազգենի հետ էր։ Հանդիպումից առաջ վերհիշում էի՝ ինչ նոր փաստեր ունենք, նայում վառված մեքենայի ինչ-որ կադրեր, որ նկարել էին ԱԻՆ-ի աշխատակիցները․ նրանք անցել էին մեքենայի կողքով։ Տեսանյութը հորս փոխանցել էր մեքենայում եղած տղաներից մեկի՝ Գոռ Մովսիսյանի հայրը։ Հայրս երբեմն ասում է, որ չի հավատում, թե դա հենց Արամի մեքենան է։

Վազգենի հետ խոսում ենք նախ այդ տեսանյութից։ Հենց նա է նկարել այդ կադրերը։

«Վիդեոն գաղտնի եմ արել, տեսել եմ «ԿամԱԶ»-ը, նկարել եմ։ Հետո մոտեցել ենք, աճյուններ ենք հանել», - ասում է Վազգենը։ Նա չգիտի, թե կոնկրետ քանի մարդու աճյուն են դուրս բերել, բայց կրկնում է, որ առնվազն 2-3 աճյուն են վերցրել։

«Չգիտեմ՝ քանի աճյուն է եղել, բայց երկուսը հաստատ կար, կարող է և ավել լինել, որովհետև շատ ահավոր վառված վիճակ էր։ Պլյուս, մեքենայի կողքը ձոր էր։ Էդ ձորի միջից էլ ոսկորներ են հանվել»,- ասում է Վազգենը։ Նա մեքենայի դիմացի վառված մասը համեմատեց վառված արճճի հետ. «Գիտե՞ք ոնց, կաբինկան վառվել-հալել էր։ Ես հոկտեմբերի 10-ին էդ ճանապարհով իջել եմ, տեսել եմ շուռ եկած «ԿամԱԶ»-ներ, բայց վառված չէին։ Երևի հետո են վառել»։

Վազգենի խոսքով՝ մեքենան ձորի կողքին է եղել։ Վազգենը ձորից է ոսկորներ հանել, ԱԻՆ-ի տղաները՝ մեքենայից. «Կաբինկայից հանված ոսկորները մի պարկի մեջ էին։ Չեմ հիշում՝ ոնց էին դրված ոսկորները։ Կաբինկայից ոսկորներ հանողներն առանձին էին, ես հանում էի ձորից։ Ես վերջին պահին եմ տեսել, 2 կամ 3 հոգու ոսկոր կարող էր լինել»։

Ձորից հանված մասունքներն առանձին պարկով են ուղարկել դիահերձարան, մեքենայից հանվածը՝ առանձին։

Հիշում եմ, որ մերոնք խոսում էին մի պարկի մասին, որի վրա գրված էր ««ԿամԱԶ»-ի տղաներ»։

Վազգենն ասում է, որ հնարավոր չէր՝ մի պարկով ուղարկված լիներ. «Իրանք չէին կարող կաբինկից ու ձորից հանվածը նույն պարկի մեջ լցնեին, տենց չեն անում։ Չի կարող մի պարկ եղած լինի։ Պիտի որ էլի պարկ լինի։

Վառված ոսկորներն իրենք առանձին են դրել, չվառվածը՝ առանձին։ Էդ հաստատ եմ ասում։ Ձորինը վառված չէր, բայց չէր հասկացվում՝ ինչ էր։ Պուճուր կտորներ էին»։ 

- Ի՞նչ վիճակում էին, կարո՞ղ էր կենդանի մոտեցած լինել, - հարցնում ենք։

Վազգենը գլխով հաստատում է՝ կարող էր։ 

Հիշեցնում ենք մեքենայից անվնաս դուրս բերված պլանշետի և դրամապանակի մասին։ Համակարգիչը Վազգենն էր գտել. «Ես եմ հանել, իրենց գաղտնի նոթբուքը կուզովից եմ գտել։ Կուզովի մեջ ամեն ինչ չի, որ վառվել ա։ Տակը, որ բահով շուռ էիր տալիս, ջրի շշերը, այլ իրեր մնացել էին։ Մեջը շատ ջուր ա եղել, կուզովում տենց շատ վառվող բան չի եղել, չի վառվել։ Քեյսը կուզովի միջից չեմ գտել, կողքն էր, ոնց որ, չեմ հիշում։ Երևի կողքից էր, ինչքան հիշում եմ»։

Վազգենը հավելում է, որ այդ ուղղությամբ 2-3 անգամ մտել են որոնողափրկարարները։ Ձորից էլի են աճյուններ հանել։ Ինձ խորհուրդ է տալիս, որ եթե մեզ հասած աճյունների կոդերը հիշում ենք, դրանցից հինգը՝ առաջ, հինգը՝ հետ, նորից ստուգել տանք։

Նոր հարցեր են առաջանում։ Եթե էլի են մտել այդ տարածք ու աճյուններ հանել, ինչո՞ւ մենք տեղյակ չենք, ինչո՞ւ համընկումներ չկան։ Հնարավո՞ր է՝ նրանց մարմիններն այնպես են վառվել, որ ոչինչ չի մնացել…

 

Նորից՝ դիահերձարան

Գնում եմ Հերացու դատաբժշկական գիտագործական կենտրոն՝ դիահերձարան, ներկայանում։ Չեմ հասցնում ներկայացնել իրավիճակը, երբ աշխատակիցն ասում է.

- Ձեր եղբոր անուն-ազգանունն ասեք, ԴՆԹ հանձնե՞լ եք։

- Արամ Սվարյան, այո, բոլորս ԴՆԹ հանձնել ենք, բայց..

Նորից ընդհատում է.

- Մենք ավել ոչինչ չենք կարող ասել։ Եթե համընկնում լինի, կասենք։ Դրանից բացի, ոչինչ չենք կարող ասել։

Մորս մոտ, սովորաբար, աճյուններից չենք խոսում։ Օրվա ընթացքում տեսածն ու լսածն ամփոփում, Արամին վերաբերող ինչ-որ դրվագներ փորձում ենք հիշել հորս հետ։ Այդ երեկո հայրս հիշեց․ 

- Պատերազմի երրորդ օրը որ զանգեց, ասաց, որ հետախուզականի տղաների հետ անտառում է։

 

Արամը եղել է հետախուզականի տղաների հետ՝ դիրքերում

Գտանք 3-րդ գումարտակի հետախուզական դասակի հրամանատար Էդգար Մարտիրոսյանի հեռախոսահամարը։ Նա միանգամից հիշեց եղբորս ու սկսեց պատմել՝ առանց իմ հարցերի.

«Ես պատերազմի առաջին օրն արձակուրդում էի։ Սեպտեմբերի 28-ից եմ էնտեղ եղել, տեսել եմ իրեն, մեր մոտ էր։ Ես գործողությունների ժամանակ առանձին եմ եղել։ Ով իմ անձնակազմից չի եղել, իրենք մնացել են։ Ես գործողության եմ դուրս եկել, բայց հանգստի ժամանակ իրենք մեզ հետ են եղել։ Ինքը Ջաբրայիլում վարորդ է եղել, մեր գումարտակի վարորդներից էր, մեքենա է քշել պատերազմի ժամանակ։ Մենակ իրենը չէ, ուրիշ մեքենաներ էլ է քշել. «ԿամԱԶ», «Ուրալ», զինվորական մեքենաներ։ Մյուս վարորդները, որ զոհվել են կամ դուրս են եկել, ինքն է քշել»։

Էդգարը դժվարանում է թվարկել, թե քանի անգամ է պատերազմի ընթացքում տեսել Արամին։ Ասում է՝ գրեթե միշտ միասին են եղել, Ջրականից Հադրութ իրար հետ են գնացել.

«Միայն բուն մարտական գործողություններին իրար հետ չենք եղել, իմ ու իր խնդիրը իրար չէին բռնում, դրա համար»։

Էդգարն ասաց, որ մեքենայի շրջվելուց հետո Մնացին ու Գրիշին ինքն է դուրս բերել անտառից։

«Մնացին կամ Գրիշին եմ զանգել։ Ասել են՝ մնացել ենք մի տան մեջ՝ երեք հոգով, գնացել եմ, հանել եմ, հարցրել եմ ավտոյի տեղը, ասել են՝ մի՛ գնա»,- պատմում է Էդգարը։ Նրա խոսքով՝ չեն կարողացել նույնիսկ մի փոքր մոտենալ մեքենային։ «ԿամԱԶ»-ի կողքին թշնամու խմբեր են եղել։

«Ախր, բացատրելու բան չէր իրավիճակը, որ բացատրեմ»,- ասում է Էդգարը։ ԱԹՍ-ով փորձել են մոտենալ մեքենային, տեսնել, թե ինչ է կատարվում։ «Էդ մեքենան, որ շուռ է եկել, չի վառվել, մեքենայի լույսերը համարյա 2 օր միացված են մնացել։ Հեռվից ենք տեսել, մենք անօդաչու սարքով էլ մոտիկացրել, նայել ենք, մեքենան շուռ եկած էր, հետո կարող է իրանք վառել են էդ մեքենան։ Իմ կարծիքով՝ եթե նույնիսկ տղերքը մեջը մնացած լինեն, էնտեղ այնքան շատ թուրք էր լցվել, որ հնարավոր չէր՝ ողջ մնային»։

Էդգարն ասում է, որ կարող է փոխանցել սպաներից մեկի հեռախոսահամարը, որն ավելի շատ բան գիտի և կարող է օգնել մեզ։ Այդ սպան 3-րդ գումարտակի ականանետայինի դասակի հրամանատարն էր՝ Հմայակ Կիրակոսյանը։

 

Դասակի հրամանատար Հմայակ Կիրակոսյանի պատմածը

«Արամը մեզ հետ եղել է Խուրհատում, Հադրութի դիմաց։ Ցոր գյուղի հետևի մասը մեծ բարձունք է, թիկունքի պետի հետ բուշլատներ էին բերել, ամսի 10-ի առավոտն էր։ Այդ օրը զգում էինք, որ վիճակը շատ վատ էր։ Տիգրանը բուշլատ, սնունդ էր տալիս, ասի՝ Տիկո ջան, դրա ժամանակը չի, էլի։ Ասում էր՝ զորքը մրսել է, սոված է, գոնե իրիկունները ծածկվեն»։

Կիրակոսյանն ասում է՝ իրենք մնացել են ճակատում, Տիգրանն իր անձնակազմով իջել է դեպի Հադրութ։ Հիշում է, որ այդ ժամանակ նյութապահովման դասակի հրամանատար Սամվել Ավագյանն էլ է իջել։ Հմայակ Կիրակոսյանի խոսքով՝ հոկտեմբերի 10-ին ինքն է բոլորին դիրքերից ճանապարհել։

«Վերջին մարդը, որ իրանց ճանապարհել ա, եղել եմ ես, կամբատը, մեկ էլ մի երևանցի։ Ես իրան ասում էի «չփախած ՄՈԲ»։ Սաղին ճանապարհում ենք, Էդոն (Էդգար Մարտիրոսյան, հետախուզական դասակի հրամանատար), Ռուբոն (Ռուբոյի մասին ոչինչ չկարողացա պարզել) էլ են իջնում։ Վերջին ավտոն ոնց որ Ռուբոյի ավտոն ա լինում: Ես մնում եմ»։

«Մենք, որ զորքին հանում ենք, հետ ենք գալիս, որ թիկունքի պետին, զոհվածներին էլ հանենք։ Ավագյան Սամվելին ենք հանդիպում անտառում, ասում է՝ մի 100 մարդ է պետք, որ «ԿամԱԶ»-ը հետ քաշենք»։

Կիրակոսյանի խոսքով՝ մերոնք կարողացել են ԱԹՍ-ով մոտ 100 մետրից տեսնել Արամենց մեքենան:

«Ասում է՝ կաբինկով ցխված էր։ Ասում է, որ գնանք-հասնենք էլ, էնտեղ ոչ մի բան չենք կարողանալու անել։ Սպաներով որոշել էինք գոնե 4-5 հոգով մտնել։ Էդ տղեն ասում ա՝ մտնելու ենք, անիմաստ զոհվենք, անարդյունք է լինելու։ ԱԹՍ-ով ենք տեսել, մերոնք թռցնում են, գալիս, ավտոյի վրա կանգնում ա, տեսնում են, որ կաբինկեն ցխված ա»։

 

Արտյոմ Վարդանյանի պատմածը

Դասընկերս՝ Վահեն, ծառայել է Ջաբրայիլում, մասնակցել է պատերազմին։ Խոսեցի հետը։ Ասաց, որ Արամից կարող է պատմել Արտյոմը, նրանք Հադրութում միասին են եղել։

Արտյոմ Վարդանյանը ծառայել է Ջաբրայիլում՝ 3-րդ գումարտակի 9-րդ վաշտում։ Նա անմիջապես հիշեց Արամին։

«Ջաբրայիլում Արամը մեզ հետ էր։ Որ բոյ ա գնում, արդեն, ոնց էլ չլինի, աչքիդ տակով տեսնում ես՝ ով կա կողքերդ, ով՝ չէ։ Առաջին մի քանի օրերը միշտ Արամին տեսնում էի։ Հետո գումարտակը լավ ցրվել ա։ Որ գրավեցին [Ջաբրայիլը], Հադրութում տեսա Արամին, ասեց, որ հիմա թիկունքի մեքենայի վարորդն ա։ Ինձ ասում էր՝ մեքենայի մեջ բատինկա, բան ունեմ, քեզ կբերեմ», - պատմում է Արտյոմ Վարդանյանը։

Նա հիշում է, որ հոկտեմբերի 10-ին Արամը թիկունքի պետի հետ գնացել է Ստեփանակերտ՝ սնունդ, տաք հագուստ բերելու։ Արտյոմը եղել է այն տարածքում, ուր Արամենք սնունդ ու տաք հագուստ էին տանում։

«Սարի վրա հարձակում եղավ։ Ուրիշ ձև չկար․ եթե անցնեինք սարից էն կողմ, չէր լինի, Հադրութը արդեն վերցրել էին։ Ուզած-չուզած՝ պիտի էդ ճամփով անցնեինք, դուրս գայինք, իսկ կոնկրետ էդտեղ ոչ մեկը զինվորի կողքին նորմալ չի եղել։ ՄՈԲ-ը փախնում էր, կամավորը փախնում էր, զինվորը մենակ մնում էր էդ դաշտի ու կռվի մեջ»,-պատմում է Արտյոմը:

Նա ասում է, որ Արամենք մեքենայով իջել են դեպի Հադրութ, նրանց հետևից իրենք են մեքենայով երկու զինվորների հետ գնացել: Ճանապարհին տեսել են Արամենց մեքենան՝ արդեն շրջված։

«Մենք կանգնել էինք, որ իրենց օգնություն ցույց տանք, բայց սկսեցին խփել մեր «ԿաՄԱԶ»-ի վրա։ Խփել են, ընկերս՝ վարորդը, վիրավորվել ա, գիտակցությունը կորցրել է, ես վիրավորվել եմ, ու մյուս զինվորն էլ է վիրավորվել, խալաստո մեր «ԿամԱԶ»-ն իջել ա մինչև ձորը: Մեքենան կանգնել է Արամենց մեքենայից 6 մետր հեռու: Դռները փակ էին հաստատ, բայց մեջը չեմ նայել: Ձորի միջով կարելի էր հելնել գյուղ։ Դե, մենք՝ վիրավոր, հելել ենք։ Մեր գումարտակի հետախուզության դասակի հրամանատարի հետ կապ ենք պահել, ինքը մեզ հանել ա»,- պատմում է Արտյոմը։

Արտյոմի խոսքով, դեպքից հինգ րոպե անց այդ տարածքն արդեն թշնամու հսկողության տակ է եղել։

Արտյոմը նկարագրում է մեքենայի խոցման վայրը. «Պատկերացրեք՝ ամենակարևոր տեղը թուրքերը վերցրել են, սարից մի 100 մետր ներքև էլ Արամենց ավտոն ա եղել։ Չգիտեմ, կարող ա՝ բացի մեզնից, ուրիշ ստորաբաժանում էլ ա եղել, որն ուրիշ կողմից դիտարկել ա, բայց, իմ հասկանալով, էդ դեպքի վայրն իրանցն ա եղել, ու իրանք շատ ուժեղ դիտարկել են, որովհետև բարձր տեղում էին»։

Արտյոմն ինձ փոխանցեց իրենց մեքենայի վարորդի՝ Սպարտակի հեռախոսահամարը, որը մեր՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանից է և ծառայության ընթացքում մտերմացել էր Արամի հետ։ Մինչև դեպքի օրը Արամին տեսել է երկու անգամ, բայց մանրամասներ հիշում է միայն առաջին հանդիպումից։

 

Սպարտակ Սիմոնյանի պատմածը 

«Էդ եղել ա պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, բարձրացել էինք դիրքեր։ Դրանից հետո եղել ա մի պահ, որ տեսել եմ, բայց լավ չեմ հիշում։ Մեկ էլ դեպքի օրն ա եղել, որ իրան տեսել եմ, քշելու ժամանակ, կարծեմ ամսի 10-ն էր։ Չեմ հիշում՝ ժամը քանիսն էր։ Գիտեմ, որ թիկունքի պետի հետ էր։ Որ իրանք շուռ եկան, ես իրանց հետևից էի գնում», - պատմում է Սպարտակ Սիմոնյանը։

Նա հիշում է, որ տեսել է Արամենց իջնելիս. «Նույնիսկ ես ասել եմ՝ դուք գնացեք, ես ձեր հետևից կգամ։ Ճանապարհը, թե ոնց գնան, ես եմ ասել, բայց ասել եմ՝ շուտ իջեք։ Էդ միակ ճանապարհն էր հետ գնալու, կամ պիտի դեպի թուրքերին գնաս, կամ դեպի մեր կողմ՝ էդ ճանապարհով»:

Սպարտակի հիշելով՝ իրենք իջնելիս տեսել են Արամենց շուռ եկած մեքենան, կանգնել են, որ օգնեն, բայց իրենց վրա էլ են սկսել կրակել։Սպարտակը կորցրել է մեքենայի կառավարումը, մեքենան իներցիայով ձորն է գլորվել: Ձորը գլորվելուց հետո Սպարտակը հանդիպել է Մնացին, իրար օգնելով՝ դուրս են եկել այնտեղից։

«Ինձ ոտքից էին խփել, Մնացին՝ ձեռքից, ու իրան ահագին տեղ ես եմ օգնել, տարել եմ, մինչև եկել-հասել են։ Մենք մի ձոր ենք իջել, հետո փոքրիկ գյուղ հասանք, ուղղակի ես անունները չգիտեմ, չեմ կարող ասել»,-պատմում է Սպարտակը։

 

Սամվել Ավագյանի պատմածը

Այս պատմության առանցքային մարդկանցից մեկը 3-րդ գումարտակի նյութապահովման դասակի հրամանատար Սամվել Ավագյանն է, գրեթե բոլորը հիշատակում էին նրա անունը։ Նա ինձ հետ խոսելիս մի քանի անգամ կրկնում է, թե զարմանալի է՝ ինչո՞ւ Արամենք մյուսներից հետո իջան։

«Իրենք տեղյակ են եղել, որ ես իջել եմ, ես հասել եմ, զանգել եմ իրանց, որ պիտի գային։ Ընդհանուր էդ կալոնան եկել, իջել ա, իրենք մնացել են ամենավերջում, թե ինչի, ես չգիտեմ։ Բայց ընդհանուր ահագին մեքենաներ են դուրս եկել։ Մենք շուտ ենք իջել՝ տեղազննման, որ տեսնենք՝ տարածքը մաքուր ա, մաքուր չի, զանգել խոսել ենք, որ գան»,- պատմում է Սամվելը։

Նրա խոսքով՝ առավոտյան ժամը 10-ին իրենք բարձրացել են դիրքեր, մնացել այնտեղ մինչև 13:00-ն։ Այնտեղ նա մեքենա է նստեցրել ոտքից թեթև վիրավորված մի զինվորի։ Հետո Սամվելը Արամենցից շուտ իջել է տեղազննման։ Հասել է Թաղասեռ գյուղ, գյուղի մուտքի մոտ կանգնել, կապ հաստատել դիրքերից իջնող մեքենաների հետ, ասել, որ գան: Նա նույն օրը խոսել է մեքենայից փրկված Գրիշայի հետ, իմացել մեքենայի շուռ գալու տեղը։

«Գնացել ենք, որ մոտենանք, հնարավոր չի եղել։ Հետո՝ ամսի 11-ին կամ 12-ին, դրոն ենք թռցրել։ Հեռվից տեսել ենք, որ մեքենան շրջված ա, բայց այնքան չենք մոտեցրել, որ տեսնենք՝ մեջը մարդ կա, թե չէ։ Թռցնելու հիմնական նպատակը էն էր, որ տեսնեինք՝ մեքենայի կողքին մարդ կա՞, որ մոտենայինք»,- պատմում է Սամվելը։

Նա ասում է, որ այդ տարածքում շատ ադրբեջանական խմբեր են եղել, և իրենք որոշել են չմոտենալ, իսկ մեքենայի վառվելու մասին իմացել է նոյեմբերի 9-ի զինադադարից հետո։

 

Արեն Բաղդասարյանի՝ Արամի դասակի հրամանատարի պատմածը

Արամի ծառայության և պատերազմին մասնակցության մասին առավել ամբողջական պատմեց դասակի հրամանատարը՝ Արեն Բաղդասարյանը։ Պատերազմից առաջ նա եղել է նռնականետային դասակի հրամանատարի տեղակալը, և քանի որ դասակը հրամանատար չի ունեցել, նա կատարել է նաև դասակի հրամանատարի պարտականությունները։

Արամը նռնականետայի դասակ ընդունվել է 2020-ի հունիսին կամ հուլիսին՝ որպես դասակի վարորդ։ Մինչև պատերազմը Արամի հիմնական գործը եղել է դասակը դիրքեր տանելն ու նրանց հետ դիրքերում մնալը։

«Արամը դասակը տանում էր պոստեր, նրանց հետ պոստի էր կանգնում, մինչև որ ասեին՝ դասակը իջացրու ներքև։ Տասնչորս օրը լրանում էր, իջացնում էր։ Արամը դասակի հետ մասնակցել է Ջաբրայիլի 300 դիրքի հետգրավմանը։ Ջաբրայիլում նաև մեքենայով սնունդն էր հասցնում զորքին: Իրա գործը սնունդ հասցնելն էր՝ լիներ՝ պոստեր, լիներ՝ գնդից վերև: Մեզ Ջաբրայիլից տարան Հադրութի զորամաս, այնտեղից՝ Հադրութի անտառները պաշտպանելու, հետո ընկանք շրջափակման մեջ։ Ոնց որ սպեցնազն էր, եկավ, օգնեց, դուրս եկանք»,- պատմում է Արենը։

Հոկտեմբերի 3-ին նյութապահովման դասակի «Ուրալ» մեքենան վնասվել է։ Փոխարինող մեքենա են վերցրել՝ նռնականետային դասակի «ԿամԱԶ»-ը, որի վարորդն Արամ Սվարյանն էր:

Դեպքի օրն Արենն Արամին չի տեսել:

2020-ի հոկտեմբերի 10-ի դեպքերը վերականգնելուց հետո հասկացա, որ եղբայրս չէր կարող փրկվել։ Ավելի ծանրացավ հարցը, թե որտեղ է եղբորս աճյունը։ Այժմ փնտրում եմ եղբորս մասունքները։

 

Հետաքննությունը շարունակվում է

 Անահիտ Սվարյանը «Հետք Մեդիա Գործարան»-ի ուսանող է

4 նկարազարդումները՝ Հարություն Թումաղյանի

Մեկնաբանություններ (1)

Անուշ
Հսկայական աշխատանք ես արել ,Անահիտ ջան։ Երանի լավ բանի համար լիներ😥😥

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter