HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Քաղաքացու դիմումը չի համարվում առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում». Քննչական կոմիտեն՝ Կոնդի հրդեհի մասին

«Արտակ Սարգսյանի դիմումին ի պատասխան` քաղաքացուն պարզաբանվել է, որ 2023թ. մայիսի 6-ին տեղի ունեցած հրդեհի վերաբերյալ առերեւույթ հանցանքի մասին վկայող պատշաճ հաղորդում Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներում չի ստացվել, հետեւաբար, այդ դեպքի առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվել»,- այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է Քննչական կոմիտեն:

Հունիսի 1-ին «Հետքը» գրել էր, որ մայիսի 6-ին Երևանի Կոնդ թաղամասի բնակչի տան տանիքն այրվել է, իսկ պետական կառույցները չեն պարզել պատճառներն ու չեն փոխհատուցել կրած վնասը։

Դեպքից անցել է 1 ամսից ավել։ Ո՛չ ոստիկանությունը, ո՛չ էլ Քննչական կոմիտեն դեպքին չեն արձագանքել։ Արտակ Սարգսյանը շարունակում է ապրել առանց էլեկտրաէներգիայի, գազամատակարարման, այրված տանիքով տանը։

Մեզ ուղարկված  պատասխանում Քննչական կոմիտեից հայտնել են, որ Արտակ Սարգսյանի դիմումը՝ ուղղված իրենց, չի համարվում հաղորդում հանցագործության մասին։

Ըստ Քննչականի տված պատասխանի՝ հաղորդումը համարվում է առերեւույթ հանցանքի մասին, եթե դրանով փաստվում է այնպիսի դեպք, կամ գործողություն, կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Քրեական օրենսգրքով նախատեսված որեւէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական։

Արտակ Սարգսյանի կողմից ներկայացված դիմումը վերոնշյալ իրավակարգավորման շրջանակներում չի համարվում առերեւույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում։

Ըստ քննչական կոմիտեի պատասխանի՝ քաղաքացին այցելել է Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին, որտեղ նրան պարզաբանվել են քրեադատավարական ընթացակարգերը, առաջարկվել է ներկայացնել օրենսգրքով սահմանված կարգով առերեւույթ հանցագործության մասին հաղորդում կամ հրդեհի հետ կապված անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու համար դիմել համապատասխան իրավասու մարմնին:

«Քննչական կոմիտեն, քրեական վարույթի շրջանակներից դուրս, չունի վնասների հաշվարկման, փոխհատուցման կամ դրանց ուղղված գործընթաց նախաձեռնելու իրավասություն: Այս առումով, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի իմաստով, Քննչական կոմիտեն չի հանդիսանում տեղեկատվության տնօրինող»,-ասված է Քննչականի՝ մեզ ուղարկված պատասխանում։

Ոչ մի կառույցից պատասխան չստանալով՝ Արտակ Սարգսյանը որոշել է դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանին և դիմում է գրել։

ՄԻՊ-ի գրասենյակից նրան հայտնել են, որ Արտակ Սարգսյանի գրած դիմումը կուղարկեն նաև Գլխավոր դատախազություն։

Արտակը դիմել է նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, որտեղից հայտնել են նրան, որ վնասի չափի հաշվարկը նրանց գործառույթների մեջ չի մտնում։ 

Գլխավոր լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter