HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ինձ անպատրաստ եմ զգում այստեղից գնալու համար․.. չեմ պատկերացնում ո՛չ գնալս, ո՛չ մնալս»

Երկու տարի Արցախի Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում «Հայոց լեզու և գրականություն» դասավանդելուց հետո Աստղիկ Քեշիշյանը պատրաստվում է վերադառնալ տուն՝ Արարատի մարզի Լուսառատ գյուղ:

«Ես Արցախի նկատմամբ մի տեսակ մեղքի զգացում ունեի։ Մինչև 44-օրյա պատերազմն այստեղ չէի եղել: Որոշեցի՝ չի կարելի առանց ճանաչելու ասել, որ սիրում եմ, ու որ սերը պետք է հիմնված լինի ճանաչողության վրա»,- ասում է 24-ամյա Աստղիկը։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Աստղիկ Քեշիշյանը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակում տեղափոխվել է Արցախի Մոխրաթաղ գյուղ ու սկսել դասավանդել տեղի դպրոցում: 

«Պատերազմից հետո բոլորը մտածում էին, որ կատարվածի մեջ յուրաքանչյուրը մեղքի իր բաժինն ունի, ու պետք է իրենք իրենց կյանքում մի բան փոխեն, որ երկրում էլ ինչ-որ բան փոխվի: Ես ուզում էի գալ Արցախ ոչ թե որպես զբոսաշրջիկ՝ մի քանի օր մնալ ու հետ գնալ, այլ այստեղ ապրել: «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը դիտարկել եմ որպես հնարավորություն՝ Արցախ գալու և Արցախում բնակվելու համար»,- պատմում է Աստղիկը։

Նա մասնագիտությամբ լրագրող է։ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին դիմել է կրթությունը ավարտելուց մեկ տարի անց: Ասում է՝ մինչև ծրագիրը սկսելը երեխաների հետ շատ չէր շփվել և դեռ պետք է նրանց հետ հաղորդակցման հմտություններ ձեռք բերեր:

«Իմ գյուղի՝ Լուսառատի երեխաներին ես չեմ ճանաչում։ Ծրագրի ընթացքում եմ այդ տարիքի երեխաներին սկսել բացահայտել ինձ համար՝ նաև հիշելով ինձ իրենց տարիքում: Իմ առաջին հանդիպումը երեխաների հետ շատ ոգևորված անցավ: Հիշում եմ իմ դասղեկական դասարանի աշակերտների մի քիչ ամաչկոտ, բայց համ էլ փայլուն ու պսպղացող աչքերը, որ երիտասարդ դասղեկ ունեն»,- պատմում է Աստղիկը։ 

Ասում է՝ մինչև աշխատանքի անցնելը վախենում էր, որ գուցե չկարողանա ուսուցիչ ու ընկեր լինելու միջև հավասարակշռությունը ճիշտ պահել։

«Բայց երկու տարվա մեջ չեղավ մի օր, որ դասարանի կառավարման խնդիր ունենամ կամ զգամ, որ իմ աշակերտներին պետք չէր այդքան ազատություն տալ ու հետները շատ ընկերական լինել: Հնարավոր է՝ մոտեցման հարց էլ է։ Երեք դասարաններում եմ դասավանդում, ու երեքում էլ, երեխաների ու դասարանի հետ պայմանավորված, ես լրիվ տարբեր ընկեր Քեշիշյաններ եմ: Գիտեմ, որ այն ձևով, որով մտնում եմ 9-րդ դասարան, նույն ձևով չեմ կարող լինել 11-րդ դասարանում: Տարիքային առանձնահատկությունները մեծ կապ ունեն»,- ասում է Աստղիկը:

Նրա խոսքով՝ մյուս դժվարությունն Արցախի բարբառը հասկանալն էր։ Պետք է մեկը միշտ «թարգմաներ» իր համար։

«Պետք է անընդհատ մեկին խնդրեի՝ բացատրեր, թե մյուսը ինչ է խոսում։ Բայց ժամանակի ընթացքում Արցախի բարբառը իմ ականջին լրիվ սովորական դարձավ։ Հիմա էլ զարմանում եմ՝ ո՞նց կարելի էր չհասկանալ»,- նշում է նա։ 

Մոխրաթաղի իր տան կենցաղային բոլոր հոգսերը մենակ է հոգում։ Ասում է՝ միաժամանակ տան կինն ու տղամարդն է։

«Այնքան ծիծաղելի էին այդ դժվարությունները։ Գյուղում եմ մեծացել, բայց վառարան վառել չգիտեի։ Մոխրաթաղ տեղափոխվելուց հետո առաջին տարվա ընթացքում հաճախ էր լինում, երբ վառելու անհաջող փորձերից հետո ամբողջ օրն այդպես էլ մնացել եմ ցուրտ տանը։ Այդ ժամանակ հաճախ էի հիվանդանում։ Հետո բակից սկսեցի փայտի չոր կտորներ հավաքել ու վառելու համար դրանք էի օգտագործում։ Երկրորդ տարում լրիվ պրոֆեսիոնալ էի դարձել, առանց սոլյարկա կարողանում էի վառել վառարանը։ Ճաշ պատրաստելն էլ ժամանակի ընթացքում սկսեցի։ Տեղափոխվելուս առաջին երկու ամիսը շոկոլադով էի սնվում, բայց հիմա ամեն օր ինչ-որ համով բան եմ պատրաստում։ Աշակերտներս կատակով ասում են՝ Քեշիշյանն արդեն տուն տանելու աղջիկ ա»,- պատմում է Աստղիկը։

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակում Աստղիկը Մոխրաթաղում երկու աշակերտական ծրագիր է իրականացրել։ Առաջինը Մոխրաթաղի դպրոցի բակում մարզադաշտ կառուցելն էր, քանի որ գյուղում երեխաների համար ֆուտբոլ ու դաշտային այլ խաղերի տեղ չկար։ Վերջինը անվանել են «Մարզաթաղ»՝ «մարզադաշտ» ու «Մոխրաթաղ» բառերի խառնուրդից։

«Ծրագիրը արել ենք անցած տարվա 11-րդ դասարանի հետ։ Վեց աշակերտ էին: Այդպիսի ծրագրերի կարևորությունը ոչ թե այն է, որ գյուղում մարզադաշտ չկար, իսկ հիմա կա, այլ երբ աշակերտը ու պատանին տեսնում է, որ ինքը սեփական ուժերով, առանց ինչ-որ մեծ գումարների, առանց կառավարության աջակցության, կարող է ինքնուրույն փոխել մի բան իր համայնքում: Երբ դեռ նոր էինք սկսել աշխատանքները, մինչև ուշ ժամ մնում ու միասին աշխատում էինք: Հիմա մեկ-մեկ երեխաները դասին նստած պատուհանից նայում են ու ասում՝ էս մեր սարքածն ա, ու իրենց լավ են զգում»,- ասում է Աստղիկ Քեշիշյանը։

2023 թվականին Աստղիկը պայուսակների արտադրություն է նախաձեռնել Մոխրաթաղի իր աշակերտների հետ։ Էկո-պայուսակների վրա նկարում են ու Արցախի բարբառով գրություններ են գրում։

«Այս ծրագրի նպատակը Արցախի բարբառը հայտնի դարձնելն է ու երեխաների ստեղծագործ միտքը զարգացնելը։ Ուզում ենք ծրագիրը վերածել բիզնեսի։ Կարի մեքենա ենք պատվիրել, որ պայուսակները Ստեփանակերտից պատվիրելու կարիք չլինի»,- նշում է Աստղիկը։ 

13-ամյա Էլինան նույնպես միացել է պայուսակների արտադրության ծրագրին: Նկարում է պայուսակների վրա:

«Սև կտորի վրա սկզբում նկարում ենք յուղամատիտով, հետո գծանկարն ենք անում սպիտակ գույնով, որից հետո գունավորում ենք։ Իսկ սպիտակ կտորների վրա գծանկարը սովորական մատիտով ենք անում»,- պատմում է Էլինան։

Ներկա պահին 15 պատվեր ունեն, բայց պայուսակ չունեն: Սպասում են Ստեփանակերտից առաքման: Էլինան ասում է, որ մտածում են շորերի վրա նույնպես նկարներ ու բարբառով գրություններ անել: Արդեն ունեն այդպիսի մի քանի պատվերներ:

«Ընկեր Քեշիշյանը խոխոցը մեջին տարիքային տարբերություն չի տինում: Մեր ավագ դասարանների աշակերտները առաջ օզելիս չըն իլալ միզնհետ տեղ քինան, շփվին: Ինքը վեր եկալ ա, սկսալ ա հետաքրքիր խաղեր կազմակերպել, ուրախ միջոցառումներ: Ու եթե առաջ շենումը տանան տուս կիվող չիլալ, մհենգ առիթը պեց չընք թողում: Սկսալընք միզանա մեծերին նհետ շփվելը, ավելի նախաձեռնող տեռնալը, ու արդեն օզումընք շենումը մեր սեփական բիզնեսը ունենանք»,- ասում է Էլինան: 

-Լյավնա՞ ընկեր Քեշիշյանը,- հարցնում եմ Էլինային: 

-Վեր ասալս օզում մի քանի հարց տամ, վխեցալում, վեր կրլան չում խոսիմ, բայց ընկեր Քեշիշյանը ասալա կրլանս, ու ես հանգստացալում: Ինքը միշտ մեր կողքին ա: Ես գիդում, վեր ընկեր Քեշիշյանը քինա, հաստատ հինչ վեր պեն պակաս ա ինան: Առանց ընկեր Քեշիշյան ես էլ պատկերացնում չում մեզ,- ասում է նա: 

Աստղիկը շրջափակումից մի քանի օր առաջ Երևանում էր, գնացել էր դեսպանատուն՝ թղթեր դասավորելու: 2023 թվականը պետք է ընտանիքով Եվրոպայում դիմավորեին, տոմսերը արդեն գնել էին:

«Մոխրաթաղ վերադառնալուց մեկ օր անց՝ դեկտեմբերի 12-ին, Լաչինի միջանցքը փակվեց: Մտածեցի՝ դե լավ, մի քանի ժամից կբացվի: Մի քանի օր առաջ էլ էին փակել ու նորից բացել: Բայց հաջորդ օրն էլ չբացվեց, դրա հաջորդն էլ: Այդպես մնացի առանց Հռոմ: Ամանորը դիմավորեցի Մոխրաթաղում»,- պատմում է Աստղիկը:

Ասում է շրջափակման առաջին օրերին այնքան առևտուր է արել, որ մինչև հիմա որոշ ապրանքներ մնացել են ու դեռ օգտագործում է:

«Ամենասկզբում էլ զգացի, որ երկար է տևելու շրջափակումը: Արածս առևտրի հետ աշակերտներս ամեն օր ինչ-որ տոպրակով ինձ հյուր էին գալիս, միրգ, չրեր, ձու էին բերում: Երբ իրենց տներում էր վերջանում, գալիս էին՝ ես էի իրենց բերածով հյուրասիրում»,- ասում է նա: 

Աստղիկը նշում է, որ շրջափակումը սահմանափակել է իր ընտրության հնարավորությունը. եթե առաջ մտածում էր ծրագրի ավարտից հետո Ստեփանակերտում այլ աշխատանքի անցնելու և Արցախում մնալու մասին, ապա շրջափակման պայմաններում այդ տարբերակը չի դիտարկում:

«Այն ժամանակ մտածում էի՝ Ստեփանակերտում կապրեմ, տուն գնալը խնդիր չի լինի, երբ կարոտեմ՝ կգնամ, մի երկու օր կմնամ ու կվերադառնամ: Իսկ հիմա չգիտեմ՝ ինչ կլինի: Ծնողներիս համար էլ է շատ դժվար: Շատ-շատ եմ կարոտում իմ տունը ու իմ բնական միջավայրը: Միաժամանակ ինձ լրիվ անպատրաստ եմ զգում այստեղից հեռանալու համար: Չեմ պատկերացնում ո՛չ գնալս, ո՛չ էլ մնալս: Այս ամենով հանդերձ էլ պարզ չէ, ընդհանրապես, կստացվի՞ գնալ, թե՞ չէ»,- ասում է Աստղիկը։

-Ո՞վ է Աստղիկը հիմա՝ երկու տարի անց,- հարցնում եմ:

-Աստղիկը հիմա միանշանակ շատ ավելի ուժեղ մարդ է։ Շատ ավելի դժվարությունները հեշտությամբ հաղթահարող և արհեստականորեն դրանք չբարդացնող, որովհետև տեղից էլ շատ ավելի իրական խնդիրների է հանդիպել այս երկու տարվա ընթացքում։ Աստղիկը հիմա մարդ է, որ ինքն իրեն ավելի լավ է ճանաչում, քան երկու տարի առաջ։ Ինքն իրեն նոր կողմերից է բացահայտել, ու պարզել է, թե ինչքան շատ է սիրում երեխաներին,- պատասխանում է Աստղիկը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter