HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Հովիկ Աբրահամյանի ապօրինի գույքի գործով դատավորը մերժել է բացարկի միջնորդությունը

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված անձանց ապօրինի ծագման գույքի գործով դատավոր Կարապետ Բադալյանը մերժել է բացարկի վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, գործով հերթական նիստից հետո մեզ հայտնեց փաստաբան Լուսնթագ Բեժանյանը։ Դատարանի որոշման վերաբերյալ Բեժանյանը չցանկացավ մեկնաբանություններ անել։

Նշենք, որ նախորդ դատական նիստին Հովիկ Աբրահամյանի թիկնազորի ղեկավար Բագրատունի Բարսեղյանի և պատասխանողներից Աննա Հայրապետյանի ներկայացուցիչներ Լուսնթագ Բեժանյանն ու Սմբատ Մինասյանը բացարկ էին հայտնել դատավորին։ Նրանք կասկածի տակ էին դրել դատավորի անաչառությունը։ «Պատասխանող կողմը գտնվում է նվազ բարենպաստ վիճակում, և հավասար պայմաններ չեն ստեղծվում հայցվորի և պատասխանողների համար՝ իրենց շահերը և իրավունքները պաշտպանելու հարցում, և նման կասկած կարող է առաջանալ նաև անկողմնակալ դիտորդի մոտ»,- ասել էր Լուսնթագ Բեժանյանը։

Այսօրվա դատական նիստի սկզբին գործում երրորդ անձ ներգրավված ՌԴ-ում գտնվող «Կարտոն ուպակ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Իլոնա Միրզոյանը միջնորդեց դատարանին նիստը հետաձգել։ Նա նշեց, որ Ռուսաստանում գտնվող ընկերությունը հունիսի 2-ին է ստացել դատարանից ծանուցումը և երրորդ անձ ներգրավվելու մասին որոշումը։ Այնուհետև ընկերությունը միջոցներ է ձեռնարկել՝ ընկերության շահերը դատարանում ներկայացնելու նպատակով փաստաբան ներգրավելու համար։ Եվ քանի որ բոլոր փաստաթղթերը ուղարկվել են Ռուսաստանի Դաշնությունից, ավելի երկար ժամանակ է պահանջվել անհրաժեշտ փաստաթղթերի կազմման և ուղարկման համար։ Փաստաբանը նշեց, որ ինքը 2 օր առաջ է լիազորագրով ստանձնել ընկերության շահերի պաշտպանությունը, ուստի դատարանին խնդրեց տալ ժամանակ՝ գործի նյութերին ծանոթանալու համար։

Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ Տիգրան Ենոքյանը հայտնեց, որ դեմ չէ գործի նյութերին ծանոթանալուն, սակայն նշեց, որ այսօրվա նիստում իր կողմից ներկայացվելու էր միջնորդություն՝ հայցի հիմքի և առարկայի փոփոխության մասին, ինչը, իր կարծիքով, չէր առնչվելու «Կարտոն ուպակ» ՍՊԸ-ի իրավունքներին։

Դատավարություն մյուս կողմերը դիրքորոշում հայտնեցին, որ անհրաժեշտ է նիստը հետաձգել և հնարավորություն տալ ընկերության ներկայացուցչին՝ գործի նյութերին ծանոթանալ։

Դատարանը բավարարեց միջնորդությունը։ Գործով հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ին։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարան ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից, նրա կնոջից, որդուց, դուստրերից, իրեն փոխկապակցված այլ անձանցից (աշխատակիցներ, ազգականներ և նրանց ամուսիններ) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 

  • 59 անշարժ գույք, որից 15-ը՝ Երևան քաղաքում, մեծամասամբ Կենտրոն վարչական շրջանում, 12-ը Արարատի մարզի Մխչյան համայնքում, 10-ը՝ Նարեկ համայնքում, 2-ը՝ Կոտայքի մարզ, Արզական համայնքում, 6-ը՝ Կոտայքի մարզ Ծաղկաձոր համայնքում, 1-ը՝ Վայոց Ձորի մարզ, Ջերմուկ համայնքում, 1-ը՝ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնքում, 6-ը՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնքում, 3-ը Կոտայքի մարզ Մեղրաձոր համայնքում, 1-ը՝ Արարատի մարզ, Մարմարաշեն համայնքում, 1-ը Արարատի մարզ, Այնթապ համայնքում, 1-ը՝ Արարատի մարզ, Արևաբույր համայնքում
  • 4 ավտոմեքենա
  • 20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր
  • շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքներ՝ ընդհանուր՝ 1 մլրդ 628 մլն 277 հազար 90 դրամ
  • ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք՝ 11 մլն 292 հազար 570 ԱՄՆ դոլարի, 687 մլն 500 դրամի և 3 մլն 117 հազար 680 եվրոյի չափով
  • 21 մլրդ 202 մլն 67 հազար 797 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված կամ չնույնականացված դրամի հանրագումար: 

Կարդացե՛ք նաև՝ 

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter