HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Զանգեզուրի միջանցքի» հարցով խնդիրը Հայաստանի հետ չէ, այլ՝ Իրանի. Էրդողան

«Զանգեզուրի միջանցքի» հարցով խնդիրը Հայաստանի հետ չէ, այլ՝ Իրանի, ու դա վրդովեցնում է Թուրքիային։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան կատարած այցից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա դա Հայաստանի հետ խնդիր չէ։ «Զանգեզուրի միջանցքը» Իրանի հետ խնդիր է։ Այլ կերպ ասած՝ երկու մուսուլմանական երկրների խնդիր։ Այն փաստը, որ Իրանը այդ հարցով այդպիսի դիրքորոշում ունի, վրդովեցնում է և՛ Ադրբեջանին, և՛ մեզ»,- հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ «դա պետք է վրդովեցնի նաև իրանական կողմին»։

«Մեկ վագոնի համար գանձվող վճարները, ցավոք, այստեղ շատ-շատ բարձր են։ Ես հույս ունեմ, որ մենք շուտով կհարթենք այդ խնդիրը։ Եթե նրանք դրան դրական մոտենային, այսօր Թուրքիա-Ադրբեջան-Իրան եռյակը ինտեգրված կլիներ ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային տրանսպորտի տեսանկյունից ու, հավանաբար, բաց կլիներ նաև «Պեկին-Լոնդոն» գիծը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նշել է, որ Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացի զարգացումը մեծ ներդրում է ունենում նաև Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում։ «Տարածաշրջանում խաղաղության համար դռները, որտեղ շատ մեծ տառապանք է եղել, բաց են։ Այդ իսկ պատճառով կողմերը չպետք է բաց թողնեն այս հնարավորությունը և գործեն համապատասխանաբար»,- ընդգծել է նա։

Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին՝ Էրդողանը շնորհակալություն է հայտնել նրան թուրքական կողմի հրավերն ընդունելու և Անկարայում նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար։ Նա Փաշինյանի այցն Անկարա «կարևոր քայլ» է անվանել։ «Դրական պատասխանելով թուրքական կողմի հրավերին՝ Փաշինյանն իր երկրում մի շարք խոչընդոտներ և ընդդիմադիր տրամադրություններ է հաղթահարել։ Ես հնարավորություն ունեցա արարողության ժամանակ կարճ շփում ունենալ նրա հետ։ Շնորհակալություն հայտնեցի Թուրքիա այցի համար»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև կարևոր է համարել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ «Սակայն, ինչպես ես արդեն ավելի վաղ նշել եմ, Հայաստանում կան բացասական տրամադրություններ Փաշինյանի դեմ։ Եվ դա շատ կարևոր պահ է։ Մինչ օրս Փաշինյանը հետքայլ չի արել»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ի ուշ երեկոյան Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի նախագահի պաշտոնում մայիսի 28-ին վերընտրվելուց հետո իր առաջին արտասահմանյան այցն էր կատարում Ադրբեջան։ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը բազմամարդ էր։ Նրան ուղեկցում էին՝ կինը՝ Էմինե Էրդողանը, արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը և պաշտպանական արդյունաբերության բաժնի ղեկավար Հալուք Գյորգյունը։

Բաքվում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան ցանկացած պահի պատրաստ է իր գլխավոր հյուպատոսությունը բացել Շուշիում, երբ դրա մասին Ադրբեջանը ասի։ «Մենք պատրաստ ենք գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում, երբ դա ցանկանան Բաքվում։ Դա կլինի մեր ուղերձը ողջ աշխարհին, մասնավորապես՝ Հայաստանին»,- հայտարարել էր Էրդողանը։

Իր հերթին Ալիևն անդրադարձել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որով Բաքուն իր արևմտյան շրջանները ցանկանում է Հայաստանի տարածքով կապել Նախիջևանին։ «Որքան արագ բացվի միջանցքը, այնքան լավ։ Մենք կուժեղացնենք աշխատանքներն այս ուղղությամբ»,- հայտարարել էր նա։

Լուսանկարը՝ IHA Photo-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter