HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատամուտցի հողագործն ասում է, որ իրեն հրավիրել են ոստիկանություն և բռնություն կիրառել

Այս տարվա մայիսի 11-ին Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքի Ազատամուտ բնակավայրի բնակիչ Շահնազար Ալավերդյանին ոստիկանության աշխատակից Դավիթ Մաիլյանը զանգահարել ու հրավիրել է ոստիկանության բաժին, որտեղ նրան հայտնել են, թե իր դեմ բողոք են ներկայացրել եղբայրներ Արարատ և Էդուարդ Խուդավերդյանները՝ իրենց տարածքում ապօրինի շինարարական աշխատանքներ կատարելու համար։

Ըստ Շահնազար Ալավերդյանի՝ ոստիկանության աշխատակիցները հայտնել են, թե նա ձերբակալված է։ Վերջինս կարծել է, թե կատակում են, ապա նրան հրահանգել են դատարկել գրպանները։

«Գրպանումս գումար էր, մեքենայի բանալի ու հեռախոս, դատարկեցի։ Ասացին՝ դե հեռախոսդ պիտի առգրավենք, ասացի՝ ինչի՞ համար, հեռախոսս կանջատեմ կդնեմ սեղանին, չեմ օգտագործի։ Էդ ժամանակ ինձ մոտեցավ օպերներից Վաչե Ալիխանյանը ու սկսեց քաշքշել, թե բա դու չես որոշում՝ ինչը ոնց, ստեղ մենք ենք որոշում։ Համ քաշքշում էր, համ ինքն էլ ասում, դե դու էլ խփի։ Ոնց որ հրահրեր։ Ինձ ձեռնաշղթաներ էին հագցրել, էնպես էին վերաբերվում ոնց որ հանցագործ լինեի»,- պատմում է Շահնազար Ալավերդյանը։

Շահնազարը նույն օրը Տավուշի մարզային քննչական վարչությունում ցուցմունք է տվել։ Քննիչին հայտնել է, որ ոստիկանության աշխատակից Վաչե Ալիխանյանը, առանց պատճառի, բռնություն է կիրառել իր նկատմամբ։ Վաչե Ալիխանյանը հերքել է, թե ֆիզիկական բռնություն է կիրառել Ալավերդյանի նկատմամբ։

Շահնազար Ալավերդյանի պատմելով՝ քննիչն էլ է զարմացել, որ ոստիկանության աշխատակիցը ծեծել է նրան։

Դրանից հետո սկսվել են պարբերաբար հետապնդումները։ Իջևանով երթևեկելիս ոստիկանության աշխատակիցները հաճախ կանգնեցնում են Շահնազարի մեքենան, ըստ նրա՝ անհիմն պատճառաբանություններով ստուգումներ անում։ Այն հարցին, թե ինչ ստուգումներ են, պատասխանում են, որ ուժեղացված ծառայություն են իրականացնում։

Այս ամենի պատճառը Դիտավան գյուղում գտնվող հողատարածքն է, որտեղ Շահնազար Ալավերդյանը սկսել էր շինարարական աշխատանքներ անել, բադեր ու ձկներ բուծել։

Շահնազար Ալավերդյանը մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին։ Դրա մասին խոսել չի սիրում։ Պատերազմից հետո որոշել է հողագործությամբ զբաղվել։

«44-օրյա պատերազմից հետո էր, որոշեցի հորս՝ տարիներով մշակած հողում ինչ-որ մի բանով զբաղվել։ Մինչև այդ «Հայանտառում» վարորդ էի։ Ճիշտն ասած՝ պատերազմից հետո էլ ամեն ինչի հանդեպ հետաքրքրությունս կորցրել էի, մտածում էի՝ գոնե հողի հետ կաշխատեմ։ Երկար տարիներ էդ հողի վրա ոչինչ չէինք արել, էդ ժամանակ դեռ չգիտեի ինձ ինչ պատմություններ ա սպասվում»,- պատմում է նա։

Ազատամուտը վարելահողեր չունի, գյուղի 50-ից ավել բնակիչ 90-ականներից Դիտավանում հողեր է վերցրել և տարիներ շարունակ գյուղատնտեսական աշխատանքներ է անում այնտեղ։ Շահնազարի պատմելով՝ նրանցից ընդամենը մի քանիսն ունեն վարձակալության պայմանագրեր, մյուսների կողմից մշակվող հողերը ապօրինի են՝ առանց որևէ իրավունքի, այդ թվում՝ իրենը։

«Մինչև համայնքի խոշորացումը, գյուղապետին մի քանի անգամ դիմել եմ, որ վարձակալեմ հողատարածքը, որ ամեն ինչ օրինական լինի, փաստի առաջ չկանգնեմ։ Անընդհատ ձգձգում էր։ Հետո համայնքը խոշորացավ, ասացին՝ պիտի Իջևան դիմես, չզբաղվեցին, մնաց տենց էլ»,- պատմում է նա։

Ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների՝ այն տարածքը, որը Շահնազար Ալավերդյանն օգտագործում էր, 2020 թվականի դեկտեմբերի 30-ին վարձակալությամբ է տրամադրվել «Հայր և որդի Խուդավերդյաններ» ՍՊԸ-ին՝ ընդերքի օգտագործման համար։

Այս մասին Շահնազար Ալավերդյանը չի իմացել, մի քանի անգամ եղբայրներ Արարատ և Էդուարդ Խուդավերդյանները հանդիպել են նրան, սպառնացել, որ Արարատի դուստրը աշխատում է Տավուշի մարզի դատախազությունում, ու որ Շահնազարը ոչինչ անել չի կարող։

«Ինձ մի քանի անգամ փորձել են վախացնել, ասել են՝ մեկ ա, էս հողերը Նիկոլը տալու ա թուրքերին։ Ջահել ես, պետք չի դրան ժամանակ տրամադրել։ Չեմ լսել, հետո էլ ասել են, թե մեր աղջիկը դատախազ ա, ինչ ուզում ես արա, ոչ մի արդյունքի չես հասնի։ Իրենք ընդերքը փչացնում են, սաղ ծառերն արմատախիլ են անում, ճանապարհը ավիրում են իրենց ծանր տեխնիկայով։ Իմ արածը վա՞տ ա, իրենցը՝ լա՞վ»,- պատմում է Շահնազարը։

Դիտավան գյուղով հոսում է Աղստև գետը, որից Խուդավերդյաններն ավազ են արդյունահանում։ Ըստ ՊԵԿ-ի՝ «Հայր և որդի Խուդավերդյաններ» ՍՊԸ-ն զբաղվում է ավազի և խճի արդյունահանմամբ։

«Հայր և որդի Խուդավերդյաններ» ՍՊ ընկերության համասեփականատեր Արարատ Խուդավերդյանի դուստրը՝ 1998 թվականին ծնված Անի Խուդավերդյանը, աշխատում է Տավուշի մարզի դատախազությունում, որպես ավագ դատախազ։

Ոստիկանության օպերլիազոր Վաչե Ալիխանյանը մեզ հետ զրույցում հերքեց, թե ծեծել կամ քաշքշել է Շահնազար Ալավերդյանին։

«Նման բան չի եղել, եթե ուրիշ հարցրեր ունեք, տվե՛ք մեր լրատվականին»,- ասաց նա։

«Հայր և որդի Խուդավերդյաններ» ՍՊԸ-ի համասեփականատեր Արարատ Խուդավերդյանը «Հետքի» հետ զրույցում հաստատում է, որ 2020 թվականին վարձակալել են 6000 քմ-ից ավել հողատարածք, որ զբաղվեն ավազի արդյունահանությամբ։

Շահնազար Ալավերդյանը մեզ պատմել էր, որ վարձակալելուց առաջ էլ, ավելի քան 10 տարի Խուդավերդյաններն ավազ են հանել գետի մերձակայքից։

Արարատ Խուդավերդյանը հաստատեց այդ տեղեկությունը, բայց հերքեց, թե երբևէ սպառնացել են Շահնազարին՝ շահարկելով դատախազ դստեր անունը։

Ըստ Խուդավերդյանի՝ նրանց վարձակալած տարածքի 300 քառակուսի մետրում Շահնազար Ալավերդյանը աշխատանքներ է կատարում։

«Հետքը» գրավոր հարցմամբ դիմել է Շրջակա միջավայրի նախարարություն, որտեղից հայտնել են, որ «Հայր և որդի Խուդավերդյաններ» ՍՊ ընկերությունը 2023 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ներառված է օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունք ունեցողների ցանկում՝ որպես ընդերքօգտագործման իրավունք կրող։

Նախարարությունից հայտնում են, որ «Հայր և որդի Խուդավերդյաններ» ՍՊԸ-ի ներկայացրած՝ Ազատամուտի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը նախարարությունը 2019թ. նոյեմբերի 13-ին տվել է դրական եզրակացություն։

Համաձայն հաշվետվության՝ հանքավայրի պաշարները հաստատվել են 8728 քառակուսի մետր տարածքի վրա, սակայն հաշվի առնելով կադաստրային քարտեզի տվյալները ջրային տարածքների առկայության վերաբերյալ՝ փորձաքննության ընթացքում հանքավայրի պաշարների հաստատման մակերեսից բացառվել (պակասեցվել) է 3148 մետր քառակուսի տարածքը, որի մեջ մտնում են ջրային տարածքները եւ պահպանվել են 5 մետր լայնությամբ ափապաշտպան բնամասերը։

«Փորձաքննական եզրակացությունում ներկայացվել է պարտադիր կատարման պահանջ՝ հանքարդյունահանման աշխատանքների իրականացման ընթացքում բացառել գետի հունի խախտումը, ջրային ռեսուրսի հատակների, ափերի, հոսքի կամ հատկությունների փոփոխումը։ Ջրային ռեսուրսից եւ ավազ արդյունահանելու թույլտվություն առկա չէ, ինչը սահմանվում է Ջրային օրենսգրքով»,- նշված է նախարարության մեզ տված պատասխանում:

Չնայած ՇՄՆ պատասխանին՝ Շահնազար Ալավերդյանը պնդում է, որ Խուդավերդյանները տարիներ շարունակ գետից ավազ են հանում և փոխում գետի հունը։

Շահնազար Ալավերդյանի դեմ բռնություն կիրառելու վերաբերյալ հարցում էինք ուղարկել Ներքին գործերի նախարարության ոստիկանություն՝ տեղեկանալու նշանակվե՞լ է արդյոք ծառայողական քննություն։ Մեզ պատասխանել են, որ հարցումը վերահասցեավորել են Տավուշի մարզային վարչություն։ Պատասխանը ստանալուց հետո կհրապարակենք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter