
Հայաստանի հավաքականը կամային հաղթանակ տարավ Ուելսի նկատմամբ
Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլում Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց իր երկրորդ հանդիպումը և հյուրընկալվելիս 4։2 հաշվով կամային հաղթանակ տարավ Ուելսի ընտրանու նկատմամբ։
Թեպետ խաղի սկզբնամասում դաշտի տերերը զգալի առավելություն ունեին, սակայն առաջին խաղակեսն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում։ 10-րդ րոպեին ուելսցիները կարողացան իրացնել իրենց առավելությունը և հաշվի մեջ առաջ անցան, աչքի ընկավ Դանիել Ջեյմսը։ 9 րոպե անց մեր հավաքականի խաղացողները հավասարեցրին հաշիվը, խորքից սկսած բազմաքայլ գրոհը շեշտակի հարվածով եզրափակեց Լուկաս Սելարայանը։ 30-րդ րոպեին արդեն Հայաստանի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ, Էդուարդ Սպերցյանի հաշվենկատ փոխանցումից հետո Հրանտ-Լեոն Ռանոսը գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Առաջին կեսում այլևս գոլեր չգրանցվեցին։
Կարելի է ասել, որ երկրորդ խաղակեսն էլ անցավ նույն սցենարով, բայց ի տարբերություն դաշտի տերերի Հայաստանի հավաքականի խաղացողները իրացնում էին իրենց պահերը։ 66-րդ րոպեին մեր ընտրանու կազմակերպած հերթական գեղեցիկ գրոհը փայլուն հարվածով եզրափակեց Հրանտ-Լեոն Ռանոսը՝ դառնալով դուբլի հեղինակ։ 73-րդ րոպեին Ուելսին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, աչքի ընկավ Հարի Ուիլսոնը, սակայն ընդամենը երկու րոպե անց Լուկաս Սելարայանը ևս մեկ գնդակ ուղարկեց Ուելսի հավաքականի դարպասը՝ վերկանգնելով երկու գնդակի առավելությունը։ 78-րդ րոպեին դաշտի տերերի հարձակվող Կեֆիր Մուրը կոպիտ խաղաց մեր ընտրանու դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի նկատմամբ, ինչի համար հեռացվեց դաշտից։ Այնուամենայնիվ, հաշվի ի մեջ այլևս փոփոխություններ չգրանցվեցին և Հայաստանի ազգային ընտրանին հաղթեց 4։2 հաշվով։
Հիշեցնենք՝ Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրում այս տարվա մարտի 25-ին Հայաստանի հավաքականը Երևանում 1։2 հաշվով զիջեց Թուրքիայի ընտրանուն։
Մեր ազգայի ընտրանին Եվրոյի որակավորման փուլում իր հաջորդ խաղը կանցկացնի հունիսի 19-ին և Երևանի Հանրապետական մարզադաշտում կընդունի Լատվիայի հավաքականին։ Հանդիպման մեկնարկը՝ 20։00-ին։
Մեկնաբանել