HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վրացահայ գեղանկարիչ Թենգիզ Միկոյանց. «Ես վրացերեն եմ մտածում, բայց սիրտս ու հոգիս հայի են»

Վարդագույնի ու նարնջագույնի հաստ շերտերի տարածական անորոշության մեջ, մաստիխինի կտրուկ, բայց թեթև ու սահուն շարժումներով տարածվում է անապատի այրող ավազի շականակագույնը, այնուհետև մուգ կապույտի ու կարմրի երանգներն են հայտնվում: Նկարչի թիկունքում կանգնած նայում եմ նույն պատկերին՝ գյումրվա հին սալաքարերը դեռ պահպանած փողոցում սովորական մի տուն է՝ խամրած տուֆի շարվածքով: Թերևս հենց այդ պահից սկսած էլ գծվում է սահմանը գեղանկարչի և հասարակ մահկանացուի միջև. նա տեսնում է ավելին կամ անըմբռնելին՝ գունաձևաչափական այս տիրույթում:

Վրացահայ գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցի հետ առաջին հանդիպումը 2022թ․-ի նոյեմբերին էր, Գյումրիում՝ «Մինասի գույներով նկարիչների միջազգային 9-րդ պլեների» շրջանակում, հաջորդ հանդիպումն արդեն 2023թ․-ի մայիսին էր, Թբիլիսիում: Թենգիզը հայերեն խոսում է վրացական առոգանությամբ, երբեմն անցնում ռուսերենի՝ միտքն առավել սահուն ներկայացնելու համար: Ծնվել է 1964թ․-ին Վրաստանի Շիդա Քարթլիի մարզի Խաշուրի քաղաքում, Սերգեյ և Ասյա Միկոյանների ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Խաշուրիի ռուսական դպրոցում: Այդ տարիներին հայկական դպրոցներ գործում էին միայն Թբիլիսիում և Բաթումիում: 

«Խաշուրիում, եթե հայկական եկեղեցի լիներ, անպայման կիրակնօրյա հայկական դպրոց կգործեր, և ես էլ հիմա հայերեն գրել-կարդալ կիմանայի: Որտեղ եկեղեցի, այնտեղ՝ հայկականություն: Վերջերս անընդհատ մտածում եմ հայերեն տառերը սովորելու մասին, բայց երևի չստացվի՝ տարիքիս հետ կապված,- Թենգիզը մի քանի րոպե լռում է, հետո շարունակում,- գիտե՞ս, իրականում մենք Սուրամի գյուղում ունեցել ենք հայկական եկեղեցի, բայց հետո այն մեզնից վերցրին ու դարձրին վրացական»: Թենգիզը խոսում է 18-րդ դարում Սուրամիում կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցու մասին: 20-րդ դարասկզբին եկեղեցու հիմնանորոգման համար տեղի հայերը դիմում են իշխանություններին, սակայն մնում են անպատասխան: Իսկ որոշ ժամանակ անց եկեղեցին պարզապես վերցնում են հայերից և հանձնում վրաց ուղղափառ եկեղեցուն:

«Իմ պապն ու տատը գաղթականներ են, մեկը՝ Էրզրումից, մյուսը՝ Մուշից: Շատ էի սիրում հորական տատիս, ումից էլ ժառանգել եմ բնավորությանս հիմնական գծերը: Արևհատ (Արևակ) տատս 3 տարեկան է եղել, երբ թուրքերը Մուշում կոտորել են հայերին: Նա որբացել է ու որբահավաքությամբ զբաղվող մարդկանց շնորհիվ հայտնվել Ամերիկայում: Մի քանի տարի ապրել է ամերիկյան որբանոցում: Եվ երբ հարցրել են, թե հայ երեխաներից ովքեր կցանկանան որդեգրվել հայկական ընտանիքի կողմից, տատս ձեռք է բարձրացրել: Նրան որդեգրել են Սոչիում բնակվող Մադիլյանները: Նոր ընտանիքում երեխաներ չկային, պետք է որ ողջ սերը ուղղվեր որդեգիր զավակին, սակայն տատս այդպես էլ չի հարմարվել նոր ընտանիքին, հատկապես, որ որդեգրելուց հետո մայրացուն երեխաներ է ունեցել: Հետո նրան՝ 16-17 տարեկան աղջնակին, ամուսնացնում են Ախալքալաքից մեկի հետ՝ առանց սիրո: Ամուսնությունն անհաջող էր՝ մշտական ստորացումներ, անմարդկային վերաբերմունք և տատս ստիպված է լինում փախչել տնից: Այդպես նա հայտնվում է Խաշուրիում: Տատս չէր սիրում պատմել իր մասին: Ինչ էլ գիտեմ, հորիցս եմ լսել»,- ասում է Թենգիզը:

Երկրորդ ամուսնու՝ Ղուկասի հետ հանդիպումը Խաշուրիի կայարանում է եղել: Երիտասարդ հավաքարարը չի կարողացել անտարբեր անցնել հեկեկացող գեղեցկուհու կողքով: Նրանց հանդիպումը ճակատագրական է եղել: Ղուկասն ինքն էլ մեծ ցնցում էր ապրել: Վրացական գյուղում, որտեղ ապրելիս է եղել, թուրքերը բռնաբարել էին կնոջը, վերջինս խելագարվել էր, հետո մահացել՝ որբ թողնելով երկու փոքրիկին՝ Շալիկոյին ու Մարուսին: Արևհատը սիրող մայր է դառնում որդեգիր երեխաների համար: Համատեղ ամուսնությունից ծնվում են ևս երեքը, որոնց թվում էր Սերգեյը՝ Թենգիզի հայրը:

Անցնում է որոշ ժամանակ և Արևհատին տեղեկություն է հասնում, որ հայրը ողջ է, ապրում է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում և, որ իր ազգանունը Վարդանյան է: Արևհատը գալիս է Հայաստան, հանդիպում հորը: Այս հանդիպման մանրամասները հարազատները չեն պահպանել, թեպետ կինն ինքն էլ շատ բան չի պատմել: Թենգիզը հիշում է՝ հայրն ասում էր, որ Սառնաղբյուրում պապական տուն կա, բայց իրենց պետք չէ:

- Իսկ «ց»-ը տառը ե՞րբ է ավելացել ազգանվանդ,- հարցնում եմ՝ ենթադրելով, որ էրզրումցի գաղթական հայը դժվար թե ի սկզբանե կրեր «Միկոյանց» ազգանունը:

-Իմ ծնվելուց հետո,- Թենգիզը բերանի անկյունով թեթև ժպտում է, բայց միայն դա չէ: Ես ծնված օրվանից երկու անուն ունեմ՝ Սեյրան և Թենգիզ: Հայրս անչափ սիրելիս է եղել քրոջ տղային, ում անունը Թենգիզ էր, և երբ ծնվել եմ, որոշել է, որ պիտի նույն անունը կրեմ: Տատս իմացել է, շատ է ջղայնացել, ասել է՝ թոռիս անունը պիտի Սեյրան լինի, բայց մինչև ինքը եկել է, ծննդականում արդեն Թենգիզ են գրած եղել ու էդպես չեն փոխել: Ինձ Խաշուրիում Սեյրան գիտեն: Որ Թենգիզ հարցնեք, չեն իմանա՝ ում մասին է խոսքը: Զարմանալի բան է կյանքը, հայերի համար ես այդպես էլ Թենգիզ մնացի, վրացիների համար՝ Սեյրան: Երբ Թիֆլիսում տեխնիկում էի ընդունվում, անունս հարցրին, ես էլ անձնագիրս տվեցի, իսկ այնտեղ գրած էր Թենգիզ: Մի անգամ եղբայրս եկել էր ակադեմիա, ինձ էր փնտրում, թե բա՝ ինձ Սեյրանն է պետք: Իսկ ինձ Թբիլիսիում ոչ ոք այդ անունով չգիտեր: Հետո գլխի է ընկնում, ասում է՝ Թենգիզին կանչեք... ա՜, Թենգո՜, բա ասա, որ Թենգոյին ես ուզում:

Թենգիզը կրկին դադար է վերցնում: Ես հիշեցնում եմ լեզվամտածողության մասին իմ նախորդ հարցը: Թենգիզը կկոցում է աչքերն ու գլխով անում.

-Ես վրացերեն եմ մտածում, բայց սիրտս հայի է: Իմ հոգին ու մտքերը Հայաստանի հետ են, բայց եթե նորից հարկ լիներ ընտրել, թե որտեղ ապրեմ, դարձյալ Թբիլիսին կընտրեի: 

Թենգիզից բացի՝ Միկոյանցների ընտանիքում ևս երկու արու զավակ էր մեծանում՝ Դավիթը և Պատան: Երեք եղբայրներից արվեստագետի ուղին ընտրում է միայն Թենգիզը:

- Ձեր ընտանիքում որևէ մեկը կապ ունե՞ր արվեստի որևէ ճյուղի հետ:

- Հայրս: Ինքը նկարում էր, պարում էր, փողային գործիքների վրա էր նվագում: Ես, ճիշտն ասած, ուզում էի նվագել․ ջութակ էի սիրում, բայց դա այդպես էլ երազանք մնաց: Ես չսովորեցի ջութակ նվագել, քանի որ ծնողներս այն չէին կարող գնել, թանկ էր: Հետո փակվեց Խաշուրիում գտնվող երաժշտական գործիքների խանութը, նրա հետ էլ իմ ջութակ նվագելու երազանքի դռները կողպվեցին: Եվ մի օր ձեռքս վերցրի վրձինը: Կարծում եմ՝ հորս գեներն են, որ արթանացան միայն ինձ մոտ ու ճիշտն ասած, բավական ուշ...

- Ու՞շ... որքա՞ն ուշ: Եթե չեմ սխալվում, Պոլ Գոգենն ու Անրի Մատիսը սկսել են նկարել 30-ից հետո:

- Հա, բայց այն ժամանակ ես այդ մասին չգիտեի, որ մխիթարվեի իմ ուշ նկարելու համար,- Թենգիզը ծիծաղում է,- 15-16 տարեկանից եմ սկսել նկարել, իսկ սովետի ժամանակ դա «ուշ» տարիք էր համարվում:

- Այդ տարիքում երբ սիրահարվում են, սկսում են կամ երգել, կամ բանաստեղծություններ գրել, դուք սկսել եք նկարել,- նկատում եմ ես,- ի՞նչ է, չլինի սիրահարվել էիք:

- Այո, այո... կար նման բան, դա էլ իր հերթին,- զրուցակցիս դեմքին կրկին ժպիտ է գծագրվում,- բայց քո մեջ պիտի այդ մղումը լինի: Կարծում եմ՝ պարելու, երգելու, նկարելու ցանկության կայծը պետք է քո մեջ լինի, որ մի օր բռնկվի: Օրինակ, ինձ կարող են ասել՝ Թենգի՛զ, մի հատ կաղամբ նկարի: Եթե քո մեջ չկա կաղամբ նկարելու ցանկություն, դու դա չես էլ անի: Իսկ եթե կա... որովհետև ես կարող եմ այդ կաղամբն այնպես նկարել, որ քո հոգին փառավորվի: Սա է նկարչի իրական կոչումը: 

Դպրոցն ավարտելու շեմին մասնագիտության հարցն արդեն իսկ որոշված էր և բանակից վերադառնալուց հետո ընդունվում է Թբիլիսիի Մ. Թոիձեի անվան գեղարվեստի ուսումնարան, որտեղ սովորում է երկու տարի: Բարձրագույն ակադեմիական կրթություն ստանալը հաջորդ քայլն էր: Թենգիզը պատմում է, որ ուներ ընտրության հնարավորություն՝ սովորելու Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում:

«Այնպես էր ստացվել, որ ես ծանոթացել էի Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայի ռեկտորի հետ, ունեի նրա հրավերն ու հեռախոսի համարը, պետք էր ընդամենը հասնել Պիտեր: Քեռիս այնտեղ էր ապրում, երբ իմացավ, սկսեց փնթփնթալ, թե ինչ եմ կորցրել այդ ցուրտ ու խոնավ քաղաքում: Ես շատ երիտասարդ էի, մտածեցի՝ երևի ճիշտ է ասում, ինչու՞ գնամ, հասնեմ այդ ցուրտ քաղաք, երբ տաք Թբիլիսում էլ կարելի է սովորել: Չգիտեմ, մտածում եմ՝ եթե այն ժամանակ համառեի ու գնայի Լենինգրադ, հիմա այնտեղ ապրելիս կլինեի,- նկատում է Թենգիզը,- բայց դե եղածն եղած էր, ընդունվեցի Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի դիզայնի բաժինը: Չեմ ուզում հիմա խոսել, թե ինչու՞ ոչ գեղանկարչության, այդպես ստացվեց: Ես էլ մտածեցի՝ ոչինչ, թող ընդունվեմ, հետո բաժինս կփոխեմ: Բայց դա էլ չարեցի ու ակադեմիան ավարտեցի որպես դիզայներ»:

Թենգիզն ասում է, որ դիզայների աշխատանքն առավել կոնկրետություն ու կարգապահություն է պահանջում, իսկ իր կոչումը գեղանկարչությունն է: «Ես կարող եմ երեք օր նկարել, հինգ օր քնել: Նկարել էն, ինչ ես եմ ուզում, նկարել այնպես, ինչպես ես եմ տեսնում․ սա է արվեստագետի ազատությունը, որ պատվիրատուի քմահաճույքից կախված՝ անձին չի կարող հասու լինել,- բացատրում է Թենգիզը,- ես կարող եմ տունը զրոյից վերցնել և ողջ դիզայնն անել, չէ՞ որ ի վերջո դիպլոմով դա է իմ մասնագիտությունը, բայց դրա փոխարեն կգնամ մեկ անգամ էլ Հավլաբարը նկարելու: Երբ որոշեցի, որ դիզայնով չեմ զբաղվելու, ինձ համոզում էին, որ տուն ձևավորելով ավելի շատ փող կաշխատեմ: Բայց կյանքն իմ պարագայում այլ բան ապացուցեց: 90-ականների այդ դժվար տարիներին ընտանիքս հենց նկար վաճառելով եմ պահել: Իմ երեք տղաները մեծացել ու կրթություն են ստացել արվեստի գործերի վաճառքից ստացված գումարներով»:

- Որտեղի՞ց ես վերցնում այդ վառ, նեոնային-էլեկտրիկ գույները, երբեմն՝ անիրական, բայց անչափ տաք,- հարցնում եմ։

- Թբիլիսիից: Նա է ինձ տալիս այդ գույները, նաև էն, որ հայ եմ՝ ծիրանագույնն իմ գեների մեջ է: Թբիլիսին շատ ջերմ քաղաք է: Հնարավոր չէ ապրել այստեղ ու այլ գույներով նկարել: Ես քաղաքն առաջին անգամ տեսել եմ երեկոյան, երբ արդեն վառվում էին լույսերն ու սիրահարվել ընդմիշտ:

- Որքան նկատել եմ, դիմանկարներ չես անում, դրա փոխարեն քաղաքային պատկերներն են գերակշռում, ինչու՞...

- Մարդիկ անշնորհակալ են,- Թենգիզը կրկին ծիծաղում է,- նկարում ես, չեն հավանում, ասում են՝ նման չէ ինձ, իսկ ես այդ կերպ եմ տեսնում: Տարիներ առաջ մի դեպք եղավ, դրանից հետո որոշեցի, որ մարդկանց չեմ նկարելու: Կիսանդրու պատվեր էի ստացել: Ես գեղանկարչությանը զուգահեռ նաև քանդակով էի զբաղվում: Երբ պատրաստ էր պատվերն ու եկավ վճարելու ժամանակը, այդ մարդու հարազատները սկսեցին քննարկել, որ նման չէ, որ ինքը չէ և այլն: Եղբայրս բնավորությամբ շատ տաքարյուն է, նա պարզապես վերցրեց ու կոտրեց քանդակը: Այդ ժամանակից էլ որոշեցի, որ մարդկանց չեմ նկարելու: Տունը, փողոցը, ծառը, իրենք չեն բողոքում, չեն գալիս ասեն՝ ինչի՞ ես ինձ կրեմային վարդագույնի երանգներով պատկերել, ախր ես սև եմ: Շատ եմ սիրում կոլաժներ անել: Մեծ կտավների վրա եմ սիրում աշխատել՝ տարածականությունն ինձ գրավում է: 

Թենգիզի կինը՝ Նինոն (Գանա), ևս նկարչուհի է, և ինչպես Թենգիզը (Սեյրան), ունի երկու անուն: Ծանոթացել են 1993թ․-ին ու ամուսնացել: Միկոյանցները երեք տղաների են մեծացրել՝ վերջին երկուսը երկվորյակ են: Զրուցակիցս ասում է, որ շատ կուզեր տղաներին հայկական անուններով կոչել, սակայն կնոջ հետ ընտրել են Արթուր, Ալեքսանդր, Սերգեյ անունները, որովհետև վրացական իրականությունն այլ բան է թելադրում: «Երկվորյակ տղաներիցս մեկը հորս անունն է կրում՝ Սերգեյ, բայց դե ինչքան էլ ուզեի, չէի կարող պապիս անունով կոչել որևէ մեկին: Դժվար կլիներ Ղուկաս անունով ժամանակակից Վրաստանում ճանապարհ հարթել: Բացի դրանից՝ նրանց մտածողությունն էլ ավելի վրացական է: Ես մի երազանք ունեմ, որ հարսներս հայ լինեն, բայց երևի դա էլ չիրականանա»,- Թենգիզը տխրում է:

Նկարիչների միջավայրում մեծացած տղաներից և ոչ մեկը չեն գնացել ծնողների ճանապարհով: «Ոչինչ, թոռներդ կնկարեն,- հուսադրում եմ զրուցակցիս,- տարածված խոսք կա չէ՞, ասում են՝ «Բնությունը հանգստացել է զավակների վրա», այդպես շատ է լինում, դու միակը չես: Թենգիզը ժպտում է՝ նկատելով, թե մինչև թոռները դեռ պետք է համոզի տղաներին ամուսնանալ: Երազում է, որ աշխարհում խաղաղություն լինի, Արցախը՝ մայր հայրենիքի հետ, ընտանիքներում առողջություն, խաղաղություն և հաջողություն: Հայաստան գոնե տարին մեկ անգամ գալիս է թե անձնական նախաձեռնությամբ, թե պլեներների մասնակցելու նպատակով: Անգամ թումանյանական շարք ունի արած: Սիրով է հիշում Արցախում կազմակերպված սիմպոզիումը 2021թ․-ին: Վերջին այցը Հայաստան անցած տարի նոյեմբերին էր: Վրացի երեք գեղանկարիչների հետ մասնակցեցին Գյումրիում «Արդինի» հիմնադրամի կազմակերպած աշնանային պլեներին ու տպավորված վերադարձան Վրաստան: 

Եվ վերջում, մի քանի բլից հարց, որպես մեր զրույցի ամփոփում.

- Ի՞նչ է Հայաստանը քեզ համար:

- Հայաստանն իմ նախնիների հողն է, արյան կանչը, հավատը, լեզուն: Սիրում եմ հատկապես Լոռին՝ այդ տարածաշրջանի բնությունն ու եկեղեցիները:

- Ի՞նչ է Թբիլիսին քեզ համար:

- Ամեն ինչ: Նա ինձ տվել է տուն, ընտանիք, մասնագիտություն:

- Որտե՞ղ կուզեիր լինել Հայաստանում, որ դեռ չես եղել:

- Շատ տեղերում չեմ եղել, բայց կուզեի հատկապես Խոր Վիրապ գնալ ու Տաթև:

Հ․գ․- 2005 թվականից Թենգիզ Միկոյանցն անհատական ցուցահանդեսներ է կազմակերպել Երեւանում, Թբիլիսիում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում եւ Տյումենում։ Նրա գործերն ընդգրկված են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Վրաստանի եւ բազմաթիվ այլ երկրների տարբեր մասնավոր հավաքածուներում։ 2011թ. ՀՀ Սփյուռքի նախարարությունը նկարչին պարգևատրել է «Արշիլ Գորկի» մեդալով, որը շնորհվում է կերպարվեստի, գեղանկարչության, քանդակագործության, գծագրության արվեստը տարածելու և Սփյուռքում հայկական արվեստը ճանաչելի դարձնելու գործում ներդրում ունենալու համար:

Գլխավոր լուսանկարը՝ Յուրի Մեչիտովի 

Հոդվածում օգտագործվել են լուսանկարներ «Արդինի» հիմնադրամի և Թենգիզ Միկոյանցի անձնական արխիվներից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter