HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Հովիկ Աբրահամյանի՝ ապօրինի սեփականաշնորհած 4 հա անտառը կվերադարձվի պետությանը 

Մարմարիկի ջրամբարի մոտ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ապօրինի սեփականաշնորհված անտառը կվերադարձվի պետությանը։ Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանը։

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի՝ Գրիգոր Գևորգյանի անունով գրանցված 4 հեկտար հողատարածքը գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Արտավազ բնակավայրի տարածքում։

Ամբողջությամբ խիտ ծառածակույթով անտառը սեփականաշնորհվել էր 2007 թ․-ին։ Հողը ապօրինի կազմակերպված աճուրդում նախ գնել է Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Մարզպետ Գարեգինյանը։ Այնուհետև, կողք կողքի գտնվող երկու հողատարածքը (2 հա + 2 հա) պաշտոնյան վաճառքի պայմանագրով փոխանցել է Հովիկ Աբրահամյանի վարորդ Գրիգոր Գևորգյանին։ Այս և մի շարք այլ պատմություններում Հովիկ Աբրահամյանին ներկայացնում է վարորդը՝ Գրիգոր Գևորգյանը։ Դատական ակտերը կարող են բողոքարկվել։

Հակակոռուպցիոն դատարանում կեղծ աճուրդների որոշումները մի քանի տարի է՝ վիճարկում է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Աղավնի Մադոյանը։

Հակակոռուպցիոն դատարանում այս տարի կայացված վճիռներով չեղարկվել է ևս 4.4 հեկտար անտառի սեփականաշնորման որոշում։ Այդ դեպքում անտառ էին սեփականաշնորհել գործարար Սամվել Մայրապետյանը և Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանը (սեփականաշնորհման ժամանակ Կոտայքի մարզպետարանի պաշտոնյա էր)։

Ծաղկաձորում և այլ համայնքներում գտնվող անտառների սեփականաշնորհման մի շարք որոշումներ այսօր դեռ վիճարկվում են դատարանում։

Իրավական այս գործընթացը տեղի ունեցավ Ծաղկաձորում պաշտոնյաների կողմից անտառային հողերի սեփականաշնորհման մասին «Հետքի» 2018 թ․-ի հետաքննությունից հետո։ Մենք այդ ժամանակ գրել էինք Ծաղկաձորի անտառային հողերից 50 հեկտարի սեփականաշնորհման մասին, որից հետո քրեական գործ հարուցվեց։ Նախաքննության ժամանակ ապօրինի սեփականաշնորհված տարածքների մակերեսն աճեց՝ ընդգրկելով նոր համայնքներ։ Թեև քրեական գործը վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով կարճվեց, բայց Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործընթաց սկսեց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter