HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Փաշինյան․ «Ասել էի, որ Շուշին պետք է պահվի, և ստացել էի հավաստիացում, որ կպահվի»

Այսօր՝ հունիսի 20-ին, տեղի է ունենում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստը, որին ելույթով է հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ներկայացնում է պատերազմը կանգնեցնելու փորձերը։ 

Փաշինյանի խոսքով՝ 2020թ․ հոկտեմբերի 23-ին ի հայտ եկավ ամերիկյան նախաձեռնությունը՝ հրադադարի նոր համաձայնություն ձեռք բերելու մասին։ Եվ այդ հայտարարությունը հնարավոր է եղել համաձայնեցնել հոկտեմբերի 25-ին։ Այն հոկտեմբերի 26-ի առավոտյան՝ ժամը 08։00-ից հրադադար հաստատելու մասին է եղել, սակայն այս անգամ ևս հրադադարի մասին համաձայնությունը չի պահպանել Ադրբեջանը։ 

«Առաջնագծի 90%-ում մեր զորքերը հաջողությամբ դիմակայում էին գրոհները, սակայն մենք լրջագույն խնդիր ունեինք 9-րդ պաշտպանական շրջանում, որի պաշտպանական դիրքերը հակառակորդը ճեղքել էր դեռ հոկտեմբերի 4-ին և հասել Ջաբրայիլի մատույցներ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս նշեց, որ բանակի առջև խնդիր էր դրված՝ կանգնեցնել Ադրբեջանի գրոհները, թույլ չտալ նրա առաջխաղացումը, որովհետև պատերազմը կանգնեցնելու փորձերը ցույց էին տալիս, որ մինչև ի վիճակի չլինենք կանգնեցնել ադրբեջանցիներին, հրադադարի հասնելու բոլոր փորձերը անարդյունք են լինելու։ Կամ էլ պիտի ցավոտ զիջումերի գնալ։ Նրա խոսքով՝ պատերազմը կանգնեցնելու նախորդ բոլոր փորձերը հենց դա ցույց տվեցին, և դա էր պատճառը, որ ինքը սկսեց խոսել ցավոտ փոխզիջումների մասին։

«Ինչքան էլ հասկանայի ցավոտ փոխզիջումների պոտենցիալ անհրաժեշտությունը, ինձ համար կարմիր գիծ էին Շուշին և խաղաղապահների տեղակայումը Մեղրիում»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ քանի դեռ կանգուն էր Շուշին, պայքարը ուներ կոնկրետ նպատակ և մոտիվացիա։ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի հաջորդ նպատակը հենց Շուշին է եղել, քանի որ վերցնելով Շուշին՝ ադրբեջանցիները կփակեին Լաչինի ճանապարհը, հնարավորություն կունենային գրոհել Ստեփանակերտը և արդեն թիկունքից գրոհել 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ պաշտպանական շրջանները, ինչպես նաև Հաթերք-Սոթք հատվածը։ 

Նա անդրադարձ կատարեց Շուշիի անկման պատմությանը։

«Հասկանալով, որ Շուշիի անկյունաքարային նշանակությունն էլ ավելի է ընդգծվել, բոլոր հրահանգները Շուշին ամրացնելու, Շուշիի պաշտպանությունը կազմակերպելու վերաբերյալ էին։ Ի վերջո, հաստատվեց տպավորություն, որ ամեն անհրաժեշտը արված է, բայց այդ նախապատրաստական գործողություններից շատ չանցած՝ լուր եկավ, թե ադրբեջանցիների մի խումբ Զառիսլի գյուղի հատվածում ճեղքել է մեր պաշտպանությունը և կանգնել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Այսինքն՝ ըստ էության, փակել ճանապարհը»,- պատմեց Փաշինյանը։ 

Նա հայտնեց, որ լուրը իրեն հաղորդել է Արցախի նախագահը, սակայն զինված ուժերի գլխավոր շտաբը չի հաստատել այդ տեղեկատվությունը։ Փաշինյանի խոսքով՝ պատերազմի ընթացքում արդեն մոտ 1 տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր սա, երբ ԼՂ նախագահը լուր էր հաղորդում, ԳՇ-ն չէր հաստատում լուրը, անգամ հերքում էր, իսկ որոշ ժամանակ անց ստիպված էր լինում խոստովոնել, որ ԼՂ նախագահի տված տեղեկությունն է ճիշտ։ Ըստ վարչապետի՝ այս անգամ էլ այդպես է եղել, երբ լուր է եկել, թե ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտ-Լաչին ճանապարհով շարժվող քաղաքացիական ավտոմեքենայի վրա։ 

«Ըստ էության՝ այս կետից սկսվեց Շուշիի սողացող անկումը։ Շուշիից անընդհատ ահագնացող լուրեր էին գալիս, թե հակառակորդի առաջին խումբն է մտել Շուշի, հետո՝ երկրորդը, հետո այդպես շարունակ»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նոյեմբերի 7-ի կեսօրին այն ժամանակվա ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը իրեն զեկուցել է Շուշիի անկման մասին։ «Որքան էլ Շուշիի իրավիճակի բացասական դինամիկայի մասին տեղեկացված էի, սա ծանր լուր էր ինձ համար, որովհետև իմ բոլոր խոսակցություններում, հրահանգներում, հրամաններում, խորհրդակցություններում ասել էի, որ Շուշին պետք է պահվի և ստացել էի հավաստիացում, որ կպահվի»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Շուշիի անկման լուրը լսելուց հետո առաջին արձագանքը եղել է պահանջը՝ «կատարեք այն, ինչ խոստացել եք՝ պահե՛ք Շուշին»։

«Ի վերջո, ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո ինչ-որ հաջողությունների մասին, հետո ասացին, որ օպերացիան հաջող է ընթանում, հետո էլ, թե մենք Շուշիի ներսում ենք։ Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը, ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ բանակի վերահսկողության տակ է։ Հետո եղավ եռակողմ հայտարարության ստորագրումը, հետո նոյեմբերի լույս 10-ի գիշերվա հարձակումը Կառավարության շենքի վրա և երբ 1-2 օրից վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ Շուշիի անկման դրվագի, ինչպես նաև պատերազմի այլ հանգամանքների վերաբերյալ քրեական գործեր են հարուցված։ «Այս հանգամանքները դեռ սպասում են և պիտի արժանանան մանրամասն պարզաբանման»,- ասաց նա։

Իսկ եռակողմ հայտարարության ստորագրման շուրջ բանակցությունները, ըստ Փաշինյանի, սկսվել են նոյեմբերի 6-ին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter