
Ովքե՞ր են վտանգում Լաստիվերի ջրվեժը
Մեծ պաշտոնյաների փոքր հէկերը-5
Տավուշի մարզի Ենոքավան գյուղից 3 կմ հեռավորությամբ Խաչաղբյուր գետի վրա է գտնվում Լաստիվերի ջրվեժը: Ջրվեժին շատ մոտ է նաև Լաստիվերի երկհարկ քարանձավը: Թե քարանձավը, թե ջրվեժը արդեն քանի տարի է` գրավում են տեղացի և արտերկրացի զբոսաշրջիկներին: Դրանք տեսնելու համար բազմաթիվ զբոսաշրջիկներ հաղթահարում են դժվարանցանելի անտառային արահետը:
Ենոքավանի գյուղացիները և իջևանցիները, սակայն, մտահոգված են, որ զբոսաշրջիկներին այդչափ գրավող Լաստիվերի ջրվեժը կարող է վերանալ, քանի որ ոմանք որոշել են Խաչաղբյուր գետի և դրա վտակների վրա փոքր հիդրոէլեկտրակայաններ կառուցել:
Գետահովիտ գյուղում «Էներջի կոկ» ՍՊԸ-ն Աղստև գետի Պաղջուր (նույն Խաչաղբյուր) վտակի վրա արդեն իսկ գործարկում է 1.2 մգվտ հզորությամբ «Խաչաղբյուր» փհէկը: ՍՊԸ-ի սեփականատեր է գրանցված Սեւադա Քոքոբելյանը: Նա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ», «Ժառանգության» ցուցակով պատգամավոր ընտրված Խաչատուր Քոքոբելյանի որդին է:
2011-ի մայիսին «Քարեվարդ» ՍՊԸ-ն նույնպես ստացել է «Խաչաղբյուր-2» փհէկ կառուցելու լիցենզիա` Աղստև գետի Պաղջուր վտակի վրա մոտ 3 մգվտ հզորությամբ կայանի համար: «Քարեվարդ» ՍՊԸ-ի սեփականատերերից է Արարատ Վլադիմիրի Քոքոբելյանը` Տավուշի մարզի Աչաջուր գյուղից: Արարատ Քոքոբելյանը նույնպես Խաչատուր Քոքոբելյանի ազգականն է` հորեղբոր որդին:
Մեկ այլ ընկերություն ևս` «ԱԹՎԱ» ՍՊԸ-ն, 2011-ին ստացել է Սղստև գետի Պաղջուր վտակի վրա «Խաչաղբյուր-3» և «Խաչաղբյուր-4» փհեկեր կառուցելու ջրթույլտվություններ, սակայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ լիցենզիա չի տրամադրել այս ընկերությանը: «ԱԹՎԱ» ՍՊԸ-ն գրանցված է Վիոլետա Ջանազյանի և Թովմաս Ղուլյանի անվամբ: Թովմաս Ղուլյանը «Ջրմուղկոյուղու» նախկին գլխավոր տնօրեն, Հայաստանի տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի խորհրդական Արբեն Ղուլյանի որդին է, Վիոլետա Ջանազյանը` Արբեն Ղուլյանի կինը:
«Ես պաշտոնապես ասում եմ, որ Ենոքավանի այդ ջրվեժի շրջակայքում որևէ բան չի կառուցվելու: Ջրվեժը 1200 նիշի վրա է, իսկ մեր հէկերը ավելի բարձր են` 1400 նիշի վրա են, որը որևէ առնչություն չունի դրա հետ»,- մեզ հետ զրույցում վստահեցրեց Արբեն Ղուլյանը:
«ԱԹՎԱ» ՍՊԸ-ն դեռևս փոքր հէկերի նախագիծ չունի, ամեն ինչ նախնական փուլում է: Ա. Ղուլյանի խոսքով` հէկերի կառուցումը այս տարվա բան չէ, քանի որ նույնիսկ այդ տարածքներ հասնելու մեքենայի ճանապարհ չկա, անհնար է այնտեղ շինանյութ հասցնելը: Նախնական տվյալներով` Ա. Ղուլյանը իր հէկերը Սև քար և Ենոքավանի գյուղերի վարչատարածքում է կառուցելու:
«Ես ավելի շատ մտահոգված եմ, որովհետև ես պետական աշխատող եմ, չեմ թույլ տա այդպիսի բան, ուղղակի տեղում ուսումնասիրություններ չեն արվել: Ես մասնագետներին ուղարկել եմ այնտեղ, հիմա նորից են գնալու, որպեսզի ուսումնասիրեն ողջ տեղանքը. սկզբունքը հետևյալն է` բացառել նման տիպի բաները»,- ասաց Ա. Ղուլյանը:
Արբեն Ղուլյանը իր հէկերը նախատեսել էր կառուցել, ինչպես արդեն նշեցինք, Խաչաղբյուր գետի և դրա Աղբղա վտակի վրա: Սակայն հնարավոր է մեկը կառուցի. «Էդ որ Լաստիվերը հանվում է, արդեն հզորություն չի մնում, նենց որ մեկից մենք կարող ենք հրաժարվել»,- ասաց նա:
Իսկ այն, որ Քոքոբելյանները մտադիր էին Խաչաղբյուր գետի վրա 3 փհէկ կառուցել, հաստատել է Վաչիկ Քոքոբելյանը դեռևս 2009-ին` aysor.am-ի հետ զրույցում: Վաչիկ Քոքոբելյանն էլ Խաչատուր Քոքոբելյանի հարազատ եղբայրն է: Խաչատուր Քոքոբելյանի հետ զրուցել չհաջողվեց, նրա բջջային հեռախոսահամարն անհասանելի էր:
Թե հստակ որտեղ են կառուցվելու Քոքոբելյանների հէկերը, դեռ հայտնի չէ: Ենոքավանի համայնքապետ Անդրանիկ Չիբուխչյանը խուսափում է այս հարցով հստակ պարզաբանումներ տալ: Ընդամենը ասաց, որ հէկերը Լաստիվերին մոտ չեն լինի, մեկը` ներքևում, մնացածները շատ վերև ու անջատեց հեռախոսը: Այնուհետև գյուղապետի հեռախոսահամարը երկար ժամանակ անհասանելի էր, ավելի ուշ` միացված, բայց չէր պատասխանում մեր զանգերին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել