HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կենտրոնական բանկը խութեր է տեսնում ՏՏ ոլորտի աշխատակիցների եկամտային հարկը 5% դարձնելու նախագծի մեջ

Կենտրոնական բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի մասնագետների աշխատավարձերը ցածր են շուկայական մակարդակից, ինչը դժվարացնում է համապատասխան որակավորումներ ունեցող անհրաժեշտ մասնագետների ներգրավումը:  Արտասահմանից «սնվող» ՏՏ ընկերությունների աշխատակիցների եկամտային հարկը 5% դարձնելու նախագիծը «բնականաբար, չի հեշտացնի այդ գործընթացը Կենտրոնական բանկի համար»: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ նշել են Կենտրոնական բանկից (ԿԲ)։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանից հետաքրքրվել էինք, թե ի՞նչ կարծիք ունի Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած նախագծի մասին, որով առաջարկվում է ՏՏ ոլորտի աշխատակիցների եկամտային հարկը դարձնել 5%։ Խոսքը այն ընկերությունների մասին է, որոնք «սնվում են» արտասահմանից՝ նրանց 80% և ավել համախառն եկամուտը գոյանում է Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից։

Ոլորտի մասնագետները մտահոգություն են հայտնել, որ ՏՏ ոլորտի աշխատակիցները, որոնք արդեն իսկ օգտվում են պետական աջակցության ծրագրերից, 5% եկամտային հարկ վճարելով` արտոնյալ դիրքերում են հայտնվում մյուս աշխատող քաղաքացիների նկատմամբ։ Նույնիսկ իրենց այն ՏՏ ոլորտի գործընկերների նկատմամբ, որոնց գործատու ընկերությունների վրա այս նախագիծը չէր տարածվելու։ Դրա արդյունքում մի շարք պետական կառույցների ՏՏ աշխատակիցների արտահոսք կարող է լինել դեպի այն ընկերություններ, որոնց աշխատակիցները եկամտային հարկի արտոնություն կունենան։

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից ստացված պատասխանում անդրադարձ է կատարվել նաև այս նախագծի երկրորդ դրույթին, որով առաջարկվում է նույն կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձերը վճարել արտարժույթով՝ այսօրվա դրամային վճարումների փոխարեն։

ԿԲ-ում կարծում են, որ առաջարկվող փոփոխությունը չունի անհրաժեշտ տնտեսական հիմնավորում և ուղղված է բացառապես մի խումբ ընկերությունների արժութային և ֆինանսական ռիսկերի կառավարման հեշտացմանը:

«Կենտրոնական բանկը նպատակահարմար չի համարում աշխատակիցների որոշակի խմբին վճարվող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների՝ արտարժույթով կատարելը։ Նման մոտեցումը հակասում է Հայաստանի Հանրապետությունում վարվող արժութային քաղաքականության տրամաբանությանն այն առումով, որ երկրի տարածքում բոլոր գործարքների գնանշումն ու վճարումները պետք է իրականացվեն ՀՀ օրինական վճարամիջոցով՝ ՀՀ դրամով։ Վերջինս կարևորվում է ՀՀ քաղաքացիներին արժութային և այլ ֆինանսական անհարկի ռիսկերից պաշտպանելու տեսանկյունից»,- նշել են ԿԲ-ից։

Գլխավոր դրամատնից կարևորում են, որ արտադրող և/կամ արտահանող ընկերություններն իրենց ֆինանսական և արտարժութային ռիսկերի կառավարումն իրականացնեն ինքնուրույն, այդ թվում՝ ֆինանսական շուկայում գործող և ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող հեջավորման (ապահովագրման գործիք, խմբ․) տարբեր գործիքների կիրառման միջոցով, այլ ոչ թե այդ ռիսկերը տեղափոխեն իրենց աշխատակիցների վրա, որոնք պակաս կարողություն և հնարավորություն ունեն իրենց աշխատավարձի գնողունակությունը նման ռիսկերից ապահովագրելու համար:

Իսկ ինչ վերաբերում է առհասարակ ՏՏ ոլորտին տրամադրվող աջակցությունների անհրաժեշտությանը, ԿԲ-ից նշում են, որ Կառավարության կողմից տրամադրվող արտոնությունները և սուբսիդիաները արտահայտում են Կառավարության՝ տնտեսական կառուցվածքի, երկարաժամկետ զարգացման, ինչպես նաև եկամուտների բաշխման վերաբերյալ առաջնահերթությունները: Այս առաջնահերթությունների երկարաժամկետ և կարճաժամկետ օգուտների ու վնասների վերաբերյալ Կենտրոնական բանկը գնահատականներ չի տալիս, քանի որ համարում եմ, որ այդ հարցերը գտնվում են Կենտրոնական բանկի մանդատից դուրս:

Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարարության առաջարկած նախագիծը, որը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում, «անհետացել է»։ Արդեն երրորդ օրն է՝ ամբողջ նախարարությունում չի գտնվում մեկը, ումից կկարողանանք պարզել՝ թե ինչու՞ է նախագիծը հանվել՝ հե՞տ է կանչվել, լրամշակվելո՞ւ է, թե՞ առհասարակ հանվել է օրակարգից։ 

Գլխավոր լուսանկարում՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը /© ԿԲ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter