HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Այո, խոստովանում եմ, որ ես չեմ կարողացել «պատերազմական կոնվեյերը» կանգնեցնել»․ Փաշինյան

Այսօր՝ հունիսի 27-ին, տեղի է ունենում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստը։ Այն նախագահում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։

Արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, թե 2019 թվականին արդյոք Փաշինյանը բանակցային գործընթացին տիրապետում էր այն ծավալով, որքանով որ հանձնաժողովի առաջին նիստին ներկայացրեց, և արդյոք այդ ժամանակ իր համար արդեն պարզ էր, որ փակուղի է, և թե ուր է գնալու այդ գործընթացը։

Փաշինյանն ասաց, որ 2018-ին առաջին գործը, որ արել է, ուսումնասիրել է նախորդ շրջանի բանակցային գործընթացը։ Նա հնչեցված հարցին դիտարկում արեց, թե ամբողջ ծավալով տիրապետելու մասով 2019 թվականի որ օրը նկատի ունի Սանասարյանը։

«2019 թվականի հունվարի 1-ը ուրիշ է, հունվարի 18-ը՝ ուրիշ, փետրվարի 20-ը՝ ուրիշ, մարտի 12-ն ու մարտի 27, 28-ը՝ ուրիշ։ Դա, այնուամենայնիվ, որոշակի պրոցես է»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ 2019 թվականի իր ըմբռնումն այսօր ևս առկա է, և երբ հետահայաց նայում է, այդ ըմբռման մեջ ոչինչ չի կարող փոխել։

Փաշինյանը հիշատակեց Մադրիդյան սկզբունքները, որոնց հիման վրա սկսվել է Կազանյան գործընթացը, որի արդյունքում համաձայնեցվել է փաստաթուղթ, ինչը պատրաստ էր ստորագրել հայկական կողմը, սակայն ադրբեջանական կողմը մերժել է։

«Դրանից հետո Ադրբեջանը շատ հաջողությամբ զենքի գնումներ է իրականացնում ոչ միայն ավանդական շուկաներից, այլև Կազանի հիմնական միջնորդից, որից հետո սկսվում է էսկալացիոն գործընթացը։ Դրանից հետո տեղի է ունենում բանակցային գործընթացի փոփոխություն, որին հայկական կողմը բացասական է արձագանքում, որից հետո տեղի է ունենում պատերազմը, որը դե յուրե չի ավարտվում»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց՝ իր առաջին ընկալումը եղել է այն, որ բանակցային սեղանի շուրջ ներկա է սուբյեկտ, որը կարող է ասել ոչ և ձեռնարկել ռազմական բնույթի գործողություններ և դրա հետևանքով հակահարված չստանալ միջազգային հանրությունից։

«Եվ բանակցային սեղանի շուրջ նստած է երկրորդ սուբյեկտը, որը հենց որոշակի դժգոհություն է արտահայտում, նրա դեմ սկսվում է ռազմական գործողություն»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը հայտնեց, որ 2019 թվականին բանակցային այս պրոցեսը աշխատանքային մակարդակում անվանել է «պատերազմական կոնվեյեր», քանի որ տրամաբանությունը հետևյալն է եղել՝ «խաղաղությամբ, բանակցություններով տուր այն, ինչ ես ուզում եմ, այլապես՝ այդ նույնը ես կստանամ պատերազմով»։

Նրա խոսքով՝ իր խնդիրը եղել է հասկանալ, թե ինչ գործոններ կան, որոնք կարող են այս կոնվեյերը կանգնեցնել։

«Ես, այո, խոստովանում եմ, որ ես չեմ կարողացել այդ կոնվեյերը կանգնեցնել»,- ասաց Փաշինյանը։

Սանասարյանը կոնկրետացրեց իր հարցը՝ նշելով, թե 2019-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ամբողջ ծավալով տիրապետե՞լ է գործընթացին։

Փաշինյանն ասաց, որ 2019-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ իր ընկալումները նույնն են եղել, ինչ 2018-ի դեկտեմբերի 31-ին՝ միայն մեկ տարբերությամբ։

«Այն, ինչ ես 2018-ի դեկտեմբերի 31-ին գիտեի բանավոր իմ շփումների և քննարկումների արդյունքում, 2019-ի դեկտեմբերի 31-ին գիտեի գրավոր»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter