HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Միացյալ Նահանգներում մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

Այսօր ԱՄՆ-ում մեկնարկում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունների հերթական փուլը։ ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գրաֆիկը, որտեղ մանրամասներ կան նաև հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ։

Ըստ այդմ՝ տեղի ժամանակով առավոտյան 08:45-ին (Երևանի ժամանակով՝ 16:45-ին) ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Արլինգթոնի Ջորջ Շուլցի անվան կենտրոնում կհանդիպի Արարատ Միրզոյանի հետ, իսկ արդեն դրանից մոտ 40 րոպե անց՝ 09:25-ին (Երևանի ժամանակով՝ 17:25-ին) կմեկնարկի Բլինքեն- Բայրամով հանդիպումը։

Երևանի ժամանակով արդեն 18:00-ին էլ նույն կենտրոնում կմեկնարկի Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումը։ Ինչպես փոխանցում է ամերիկյան կողմը, հանդիպումները փակ կլինեն մամուլի լուսաբանման համար։

Իր ամենօրյա ճեպազրույցում հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլին անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլերը։ Նրա խոսքով՝ սպասվում է, որ բանակցությունները կշարունակվեն մի քանի օր՝ մինչև հունիսի 29-ը։

«Մենք ակնկալում ենք, որ բանակցությունները կշարունակվեն մինչև հինգշաբթի»,- ադրբեջանական Turan գործակալության հարցին արձագանքել է ամերիկացի դիվանագետը։

Այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնն ունի ինչ-որ նոր մոտեցում կամ բանակցությունների համար ուղղություն, Միլերը նշել է. «Մենք միանշանակ ունենք մի շարք հարցեր, որոնք ցանկանում ենք քննարկել։ Ակնհայտ է, որ ես դրանք հրապարակայնորեն չեմ կարդա: Դրանք շատ կարևոր են։ Այստեղ կկայանան դիվանագիտական նուրբ քննարկումներ»,- հայտարարել է Միլերը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն նախկինի պես հավատում է, որ խաղաղությունը հասանելի հեռավորության վրա է, և «ուղիղ երկխոսությունը մնացած խնդիրների լուծման, ամուր ու արժանի խաղաղության հասնելու բանալին է»։

Արարատ Միրզոյանի և Էնթոնի Բլինքենի վաշինգտոնյան այս բանակցությունները պետք է կայանային դեռ այս տարվա հունիսի 12-ին, սակայն Բաքվի խնդրանքով դրանք հետաձգվել էին։ Որպես պատճառ Ադրբեջանը նշում էր «ժամանակացույցի հետ կապված խնդիրները»։

Դեռ հունիսի 1-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում, Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովի շրջանակներում, Հայաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի, Ֆրանսիայի առաջնորդներն ու Եվրոպական խորհրդի նախագահը հնգակողմ ձևաչափով քննարկել էին Արցախի բնակչության անվտանգության հարցերը։ Հանդիպումից հետո Շառլ Միշելը լրագրողներին հայտնել էր, որ հուլիսի 21-ին Բրյուսելում կկայանա եռակողմ հանդիպում՝ իր, Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter