HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Ասել եմ՝ բանակն ինչ ասի, ես չէ չեմ ասելու, բանակը չէ բառը ինձնից չի լսելու». Փաշինյան

Այսօր՝ հունիսի 27-ին, տեղի է ունենում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստը։ Ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։

Արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը հարցրեց Նիկոլ Փաշինյանին, թե տեղեկանալով բանակի վիճակի մասին՝ վերջինս ինչ քայլեր է ձեռնարկել, որ այդ վիճակից դուրս գանք, և արդյոք արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն է եղել։ Հանձնաժողովի անդամներն էլ հարց էին ներառել, թե 2018 թվականից մինչև հուլիսյան դեպքերը ՀՀ Գլխավոր շտաբից հնչե՞լ են հստակ գնահատականներ ՀՀ ԶՈւ-երի մարտունակության մասին, հավանական պատերազմի ժամանակ մեր հնարավորությունների և հակառակորդի հետ համեմատած մեր ներուժի մասին։

Փաշինյանն ասաց, որ գնահատականը եղել է, որ լայնածավալ պատերազմի վերսկսման պարագայում հեշտ չի լինելու, բայց ՊԲ-ն և ՀՀ ԶՈւ-ն ի վիճակի են կատարել իրենց առջև դրված խնդիրը այն ձեռքբերումների արդյունքում, որոնք, ըստ Փաշինյանի, ինքն իրականացրել է։

Վարչապետի խոսքով՝ 2018-ից հետո որդեգրել է «ամեն ինչ բանակի համար» քաղաքականությունը։

«Արդեն 2019-ին պայմանագրային զինծառայողների աշխատավարձերն էականորեն բարձրացել են, իրականացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումներ»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց՝ շատ է խոսվում այն մասին, թե իր՝ վարչապետ դառնալուց հետո սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլանները փոխվել են, սակայն ըստ նրա՝ ոչ մի բան չի փոխվել, պարզապես լրացուցիչ այլ տեխնիկա է ձեռք բերվել։

«Բացառված է, որ որևէ մեկը հիշի դեպք, որ բանակը Կառավարության առաջ դրել է ինչ-որ խնդիր, և այդ խնդիրը չի լուծվել այն պատճառով, որ փող չկա կամ ֆինանսավորում չի տալիս Կառավարությունը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ շատ խնդիրների լուծում միայն գումարի հետ կապված չէ։

Նրա խոսքով՝ բանակի առաջ ինքը դրել է պարզ խնդիր՝ «Ասեք, թե ձեզ ինչ է պետք, և դա դուք կունենաք։ Ասել են, օրինակ, ՍՈւ-30 ՍՄ է պետք՝ գերժամանակակից ինքնաթիռ»։

Վարչապետը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին դիմեց, թե Քոչարյանն իրեն նամակ էր ուղարկել ՍՈւ-30 ՍՄ-ի վերաբերյալ, ինքն էլ այդ նամակ-վերլուծությունը մակագրել է ՊՆ-ին, թե նման տեսակետ կա, իսկ ՊՆ-ն էլ իր հերթին եկել է այն եզրակացության, որ բանակին պետք են այդ ինքնաթիռները։ «Ասել եմ՝ պետք է, ուրեմն կունանանք»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ մինչև 2020-ի պատերազմի վերջը առաջնորդվել է նույն սկզբունքով․ «Կոչու՞մ է պետք, կունենաք, մեդա՞լ է պետք, կունենաք, փո՞ղ է պետք, կունենաք, սնու՞նդ է պետք, կունենաք»,- ասաց Փաշինյանը։

Նա ասաց, որ պարգևատրումների համար եթե իրեն քննադատում են, ապա ինքն այս սկզբունքի շրջանակներում է արել։ «Ասել եմ՝ բանակն ինչ ասի, ես չէ չեմ ասելու, բանակը չէ բառը ինձնից չի լսելու, ինչ պետք է, կունենաք, և ինչ ինձնից ուզել են, ունեցել են»,- ասաց նա։

Անդրադառնալով արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հարցին՝ Փաշինյանն ասաց, որ չի քննարկվել նման փոփոխություն։

«Ընդհակառակը, մեր ընկալումը եղել է այն, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ առաջին հերթին հենց ԼՂ հակամարտության համատեքստում»,- նշեց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter