HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Փաշինյան․ «Մինչև 2020-ի սեպտեմբերի 25-ը մեր ինստիտուտները պատերազմի հավանականությունը 30% են գնահատել»

Այսօր՝ հունիսի 27-ին, տեղի է ունենում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստը։ Այն նախագահում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։

Անդրանիկ Քոչարյանն ընթերցեց հանձնաժողովի անդամների կողմից կազմված հերթական հարցը․ «Ինչպե՞ս կգնահատեիք զինված ուժերի հետախուզական ծառայությունների աշխատանքը, ԱԱԾ համապատասխան կառույցների աշխատանքը։ Արդյոք նրանք որևէ հստակ, դետալային տեղեկություններ տրամադրե՞լ են Ձեզ 2020 թվականին սպասվող պատերազմի մասին՝ մոտավոր ամսաթիվ, ուղղություններ, ուժեր և այլ մանրամասներ»։

Քոչարյանն ասաց նաև, որ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը քննիչ հանձնաժողովում հայտնել է, որ ՀՀ զինված ուժերը մաս-մաս բերվում էին առաջին աստիճանի պատրաստվածության, որի համար հիմք է հանդիսացել ռադիոկլանման միջոցով 2020 թվականի սեպտեմբերի 25-ին ստացված F-16 կործանիչների օդաչուների խոսակցությունն առ այն, որ «կիրակի ինչ-որ կարևոր բանի պիտի մասնակցնեն»։ Քոչարյանի խոսքով՝ ԳՇ պետը ինտուիցիայով կատարել է նախապատրաստական բոլոր աշխատանքները։ «Զեկուցվե՞լ է արդյոք սա Ձեզ․ եթե այո, տվե՛ք Ձեր գնահատականը»,- ասաց հանձնաժողովի նախագահը։

Փաշինյանը հայտնեց, որ 2018-ի մայիսից, երբ ընտրվել է վարչապետ, հետախուզությունը և ԱԱԾ-ն անընդհատ ահազանգել են պատերազմի հնարավորության մասին։ «Ժամկետներ էլ են նշվել՝ 2018-ի ամառը, աշնանը, հոկտեմբերին, նոյեմբերին, 2019-ի գարնանը, ամռանը։ Այդ տեղեկատվությունը միշտ եղել է, անգամ բաց աղբյուրներում էլ է եղել, վերլուծաբաններն էլ են ասել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա անդրադարձավ Անդրանիկ Քոչարյանի հիշատակած դեպքին և ասաց, որ այդ տեղեկությունն իրեն զեկուցվել է։ Փաշինյանն ասաց, որ մինչև 2020-ի սեպտեմբերի 25-ը մեր ինստիտուտները պատերազմի հավանականությունը 30% են գնահատել։ Նրա խոսքով՝ այդ գնհատումը եղել է ոչ միայն հետախուզության, այլև մի շարք այլ տվյալների, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ ունեցած շփումների արդյունքում ստացված գնահատում է։ Նրա խոսքով՝ այնպիսի մեկնաբանություն էլ է լսել, որ սա հոգեբանական ճնշում է քաղաքական իշխանության վրա, որ գնա անհամաչափ զիջումների։

Փաշինյանն ասաց, որ այս թեմայի հետ կապված դռնփակ ռեժիմում տեղեկություններ կտրամադրի, ինչը տրամադրել է նաև Քննչական կոմիտեին՝ հարուցված քրեական գործի շրջանակում տված ցուցմունքում։

Պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հարցրեց, թե մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ, որն առավել լայն հետախուզական ծառայություն ունի, արդյոք քննարկվե՞լ է այս դեպքը, թե ինչ-որ բան է սպասվում։ Փաշինյանն ասաց, որ այդ թեմայով քննարկումներ չի ունեցել, բայց իրեն մի քանի անգամ զեկուցվել է, որ Հայաստանի միջազգային գործընկերները նույնպես պատերազմը քիչ հավանական են համարում և կոչ են անում, որ ՀՀ զինված ուժերը կտրուկ գործողություններ չիրականացնեն «չեղած տեղից պատերազմ սադրելու համար»։

«Ես կարծում եմ, որ զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից ինձ տված զեկույցը նաև այս տեղեկության ազդեցությամբ է ձևավորվել»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ ինքը այդ գնահատականին համաձայն չի եղել և իր հրահանգը միշտ եղել է այն, որ պետք է ապահովել բարձր զգոնություն։ Փաշինյանն ասաց, որ 2020-ի հուլիսին ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել, որտեղ հարցրել է․ «Մենք մեր պլաններում ունե՞նք այնպիսի ինդիկատորներ, որոնց ի հայտ գալու դեպքում մենք գնահատում ենք, որ վերջ, հարձակում է տեղի ունեում։ Ինձ ասել են, որ այո՛, կան այդպիսի ինդիկատորներ, և իմ հրահանգը եղել է միանշանակ՝ եթե այդ ինդիկատորները ի հայտ կգան, բանակը պետք է սահմանված ձևով գործի»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ 2018-ի իր առաջին գործողություններից մեկը եղել է այն, թե 2016-ի քառօրյա պատերազմի վերաբերյալ վերլուծություն կա՞, թե՝ ոչ։

«Ինձ ասել են, որ կա այդ վերլուծությունը, ես վերցրել եմ այն և անձամբ կարդացել եմ։ Եվ այնտեղ ամենակարևոր վերլուծությունը, որ այս պահին հիշում եմ, եղել է այն, որ հրամանատարները տեղերում ինքնուրույն որոշումներ չեն կայացրել։ Եվ սա է եղել պատճառը, որ ես հուլիսին այդ հրահանգը տվել եմ»,- ասաց վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter