
Էրեբունու անձնագրային բաժանմունքում տեղի ունեցածի առթիվ ծառայողական քննության արդյունքները կարող են հայտնի դառնալ 2 օրից
Երևանի բնակիչ Ալինա Հարությունյանի հետ ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժանմունքում տեղի ունեցածի առթիվ ոստիկանության սկսած ծառայողական քննությունը եզրափակիչ փուլում է, և հնարավոր է, որ որոշումը կայացված լինի, ու արդյունքները հայտնի դառնան հունիսի 22-ին: Այս մասին «Հետքին» հայտնեց ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հսկողության բաժնի ավագ տեսուչ Արսեն Գևորգյանը, ով անձամբ է զրուցել Ալինա Հարությունյանի և Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետ Նաիրա Բարսեղյանի հետ:
Հիշեցնենք, որ «Հետքի» «Ի՞նչ է եղել չտեսնող քաղաքացուն ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժանմունքում» հոդվածում Ալինա Հարությունյանը, ով 15-16 տարեկանում կորցրել է տեսողությունը, հայտնում է, որ Նաիրա Բարսեղյանը իրեն արգելել է բաժանմունքից նոր անձնագիր ստանալիս, ստորագրելու փոխարեն, դնել անհատական կնիք, և գոռացել է իր վրա: Իսկ անձնագրային բաժանմունքի պետն ասել էր, որ ընդհակառակը` քաղաքացին և իր մայրն են գոռացել բաժանմունքում, իրենց ագրեսիվ պահել, շպրտել փաստաթուղթը և ասել, որ իրենց անձնագիր պետք չէ:
Արսեն Գևորգյանն ասաց, որ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված ամբողջական տեղեկությունների մասին հունիսի 22-ին կամ 25-ին զեկուցվելու է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանին: Վերջինը գործուղումից Հայաստան կվերադառնա հունիսի 22-ին: Զեկուցումից հետո էլ ոստիկանության ղեկավարությունը որոշում կկայացնի:
Հսկողության բաժնի ավագ տեսուչը նշեց, որ ընդհանրապես որոշման 4 հնարավոր տարբերակ կա՝ նշանակել տույժ, հեռացնել աշխատանքից, անել բանավոր նախազգուշացում՝ ուշադրությունը հրավիրելով իրավական ակտերով սահմանված պահանջները կատարելու վրա, կամ ոչինչ չանել: Արսեն Գևորգյանը չցանկացավ կանխատեսել, թե այս տարբերակներից որը հակված կլինի կիրառել ոստիկանության ղեկավարությունը անձնագրային բաժանմունքի պետ Նաիրա Բարսեղյանի նկատմամբ:
Արսեն Գևորգյանի խոսքերով՝ Ալինա Հարությունյանը ծառայողական քննություն սկսելու հենց առաջին օրվանից արդեն կարող էր գնալ Էրեբունու անձնագրային բաժանմունք և վերցնել իր անձնագիրը՝ ձեռքով ստորագրելու փոխարեն դնելով իր անհատական կնիքը: Ավագ տեսուչը վկայակոչեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որը սահմանում է, որ քաղաքացիների համար որևէ խոչընդոտ չպետք է ստեղծել իր իրավունքները իրացնելիս և ընդհակառակը՝ պետք է աջակցել:
«Ըստ իս, Էրեբունու անձնագրային բաժանմունքը խնդիր չի ստեղծի, որ ինքը անձնագիր ստանա»,- ասաց Արսեն Գևորգյանը՝ հավելելով, որ քաղաքացու հետ կատարվածը հավանաբար «չիմացության արդյունք է»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել