HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որդիներին փնտրում են միայն ծնողները․ պատերազմում անհետ կորածների ծնողները դժգոհ են քննությունից

44-օրյա պատերազմից 3 տարի անց, ըստ Քննչական կոմիտեի մարտի 8-ին հրապարակած տվյալների՝ ունենք 175 անհետ կորած զինվորական և 20 քաղաքացիական անձ:

2022 թվականի հոկտեմբերի 20-ի N 1236-Ա որոշմամբ ստեղծվեց «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով»։ Հանձնաժողովին կից գործում է անհետ կորածների հինգ ծնողներից բաղկացած աշխատանքային խումբ, որը պատասխանատու գերատեսչություններին ներկայացնում է բոլոր ծնողների մտահոգությունները, խնդիրները, պահում ակտիվ կապը ծնողների և պատկան մարմինների միջև։

Այդ խմբում ներգրավված ծնողներից երկուսը՝ Նելլի Մանասյանը և Անահիտ Հայրապետյանը, Արցախից են:

Նելլի Մանասյանը երկու ամիս առաջ՝ մարտին, շրջափակված Արցախից Կարմիր խաչի օգնությամբ եկել է Հայաստան, որպեսզի այստեղ շարունակի փնտրել 44-օրյա պատերազմում անհետ կորած որդուն։ Նրա ընտանիքը մինչև 44-օրյա պատերազմը բնակվում էր Շուշիում, այժմ բնակվում է Ստեփանակերտում։

Նելլի Մանասյանի որդին՝ Տիգրանը, 2020թ․-ի հոկտեմբերի 10-ից անհետ կորած է համարվում։ Որդու անհետ կորչելու հանգամանքները ինքն է փորձում պարզել:

«Հոկտեմբերի վերջին, երբ արդեն եկել էինք Երևան, իմացա, որ իբր տղաս զոհվել է։ Հետո սկսվեցին որոնողական աշխատանքները, մինչ օրս ոչ մի տեղեկություն չկա, ԴՆԹ նույնականացում չկա»,- ասում է տիկին Նելլին։ Նրա որդու անունը, ազգանունը գտնվելու վայրն անհայտ զինվորների ցուցակում է։ Թեպետ քրեական գործեր հարուցվել են թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Քննչական կոմիտեներում, բայց Նելլի Մանասյանը ասում է, որ չի արվում նորմալ քննություն. «Գործով կարևոր վկաներին չեն քննել, կամ մակերեսորեն են քննել։ Վկայությունները կարծես նույն բովանդակությամբ պատճենված լինեն»։

Տիկին Նելլիի խոսքով՝ ինքը խոսել է վկաների հետ, նրանք իրեն այլ բան են ասել, Քննչականում՝ ուրիշ ցուցմունք են տվել։ Նա համոզված է, որ արդար քննություն չի տարվել։

Անահիտ Հայրապետյանն անհետ կորած Արսեն Հայրապետյանի մայրն է։ Նրա ընտանիքը նույնպես մինչև պատերազմը ապրում էր Արցախում՝ Քաշաթաղի շրջանի Հակարի գյուղում։

«1995-ից ընտանիքով վերաբնակվել ենք Հակարիում։ Աշխատել, ստեղծել ենք ամեն ինչ, մինչև եկավ 2020թ․-ը ու մեզնից խլեց այդ ամեն ինչը»,- ասում է Անահիտ Հայրապետյանը։ Նրա որդին որպես պահեստազորային մասնակցել է պատերազմին, վերջին անգամ նրան տեսել են Ջաբրայիլում՝ հոկտեմբերի 3-ին։ Մոր խոսքերով՝ որդու հետ եղած տղաները  պատմել են, որ վերջին անգամ ողջ են տեսել նրան, բայց ծանր վիրավոր։

3 տարի անց նրա ճակատագիրն անհայտ է, ԴՆԹ համընկում չկա։ Որդու անհետ կորչելու  հանգամանքները ընտանիքն է փորձել պարզել։

«Տղայիս հեռախոսազանգերի ցուցակը կարողացել ենք բջջային օպերատորի միջոցով հանել։ Տեսել ենք, որ 2020թ․-ի հոկտեմբերի 5-ին, երբ տղայիցս արդեն լուր չունեինք, նրա հեռախոսից զանգել են ՌԴ մի համարի, այդ փաստերը ներկայացրել ենք Քննչական կոմիտե, բայց ոչինչ չեն կարողացել պարզել՝ ասելով, որ ենթադրյալ զանգ կատարողը ասել է՝ ինքը կապ չունի այդ զանգի հետ»,- պատմում է Անահիտ Հայրապետյանը։

Ծնողները ասում են՝ բոլոր անհետ կորածների քրեական գործերն էլ նույն վիճակում են, քննիչների փոխարեն իրենք են զբաղվում իրենց հարազատների ճակատագրերի պարզմամբ։ Քննիչները ծնողներից են ճշտում հնարավոր ականատեսների մասին  տվյալներ, երբեմն էլ, ծնողների խոսքերով, չեն զբաղվում իրենց տրամադրած փաստերով, անաչառ ու բարեխիղճ հետաքննություն չեն տանում։

«Բոլոր պատասխանատու կառույցները վարպետորեն երկարաձգում են իրենց գործը։ Էս կառույցից էն կառույց ենք գնում, և ոչ ոք ոչինչ չի անում»,- ասում է Անահիտ Հայրապետյանը։

Ծնողները ասում են, որ արդեն հինգերորդ ամիսն է՝ դիմում են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ հանդիպման պահանջով։ Նա ոչ մի կերպ չի արձագանքում։

«Մենք մեր երեխաներին առաջին հերթին պիտի պահանջենք ՊՆ-ից ու Կառավարությունից։ Այդ կառույցներից և ոչ մեկը չի ուզում լսել մեզ, արդեն նույնիսկ զանգերին չեն պատասխանում։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ևս ոչ մի կերպ չի արձագանքել մեր դիմումներին՝ պատճառաբանելով, որ ծանրաբեռնված է։ Մեր նամակներին արձագանքել են միայն օտարերկրյա դեսպանները և նորանշանակ ՄԻՊ Անահիտ Մանասյանը»,- ասում են անհետ կորածների ծնողները։

Ծնողների առաջնային խնդիրն այսօր իրենց անհետ կորած զավակների քրեական գործերի արդար, բարեխիղճ ու թափանցիկ քննությունն է, մինչ այդ նրանք շարունակում են փնտրել իրենց որդիներին:

Անահիտ Սվարյան, Հետք Մեդիա Գործարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter