HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Հրդեհից տուժած քաղաքացին ասում է, որ ոստիկանությունում իրեն համոզել են հանցագործության մասին հաղորդում չտալ

Արտակ Սարգսյանի տան տանիքը այս տարվա մայիսի 6-ին հարևանի տանը բռնկված հրդեհից այրվել էր։ Արտակը հրդեհի պատճառը պարզելու և փոխհատուցում ստանալու համար դիմել էր Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն և Քննչական կոմիտե, բայց պետական կառույցները հայտնել էին, որ հրդեհի պատճառները պարզելն ու փոխհատուցում տալն իրենց լիազորությունների շրջանակից դուրս է։

Հունիսի 1-ին գրել էինք Արտակ Սարգսյանի տան տանիքի հրդեհի մասին։ Գրավոր հարցմամբ էլ դիմել էինք Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն և Քննչական Կոմիտե։

ՆԳՆ-ից մեզ հայտնել էին, որ քաղաքացու կրած վնասի հաշվարկման, ինչպես նաև հրդեհի առաջացման պատճառների վերաբերյալ ՆԳՆ-ն գործառույթ չի իրականացնում։

Քննչական Կոմիտեն էլ հայտնել էր, որ տեղի ունեցած հրդեհի վերաբերյալ առերեւույթ հանցանքի մասին վկայող պատշաճ հաղորդում Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներում չի ստացվել, հետեւաբար դեպքի առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվել։

Հոդվածի հրապարակումից հետո Արտակ Սարգսյանը հունիսի 12-ին Քննչական կոմիտե հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, որին մինչ օրս արձագանք չի տրվել։

Արձագանք չստանալով՝ Արտակ  Սարգսյանը հունիսի 23-ին ոստիկանության Կենտրոնի բաժնում առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով պարզել հրդեհի առաջացման պատճառները։

«Ինձ շատ երկար համոզում էին, որ չգրեմ՝ ասելով, որ մեկ է գործ չի հարուցվի, բայց մի 2 ժամից հաղորդումս իջացրին  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին  բաժին»,- պատմում է Արտակը։

Ստացվում է, որ Քննչական կոմիտեն քաղաքացու առաջին դիմումը համարել էր ոչ պատշաճ հաղորդում, և քրեական վարույթ չէր նախաձեռնել, իսկ ոստիկանությունում էլ համոզում էին հաղորդում չներկայացնել, քանի որ գործ չի հարուցվելու։

Արտակ Սարգսյանը մայիսի 26-ին դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ 

Գրասենյակից նրան հայտնել են, որ իր բողոքն ուղարկում են ՀՀ Գլխավոր Դատախազություն, իսկ ՄԻՊ-ը պաշտպանի անձնակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության ավագ մասնագետ Արտյոմ Վարդանյանին հանձնարարել էր պաշտպանին տեղեկություններ ներկայացնել քննարկման ընթացքի մասին։ Արտակ Սարգսյանի՝ ՄԻՊ բողոք ներկայացնելուց անցել է մեկ ամսից ավել։ Մարդու իրավունքների պաշտպանը ևս ոչ մի քայլ չի ձեռնարկել։ 

Արտակ Սարգսյանը գրեթե 2 ամիս է՝ բնակվում է առանց տանիքի, առանց էլեկտրաէներգիայի ու գազամատակարարման տանը։ Նրա ընտանիքն էլ՝ կինն ու երեխաները, դեռևս բնակվում են կնոջ մոր տանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter