HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտում խանութները դատարկ են, անհրաժեշտ ապրանքներըչկան

«Կաթնամթերքից խանութում միայն պանիր կա: Մածուն, կաթնաշոռ, թթվասեր ընդհանրապես չկա: Երեկ «Մու-մու» ապրանքանիշի վերջին ապրանքը ստացանք՝ կաթնաշոռ ու թթվասեր էր, որն արդեն վերջացել է։ Քանի դեռ Լաչինի միջանցքը փակ է, «Մու-մու»-ի ապրանք չենք ստանալու»,- ասում է «Նատալի» խանութի սեփականատեր Նարինե Բաղդասարյանը։  

Նարինեի ընտանիքը Խնածախում ֆերմա ունի, այնտեղից կաթ էին բերում, վաճառում, նաև՝ մատակարարում պաղպաղակ արտադրողներին։ 

«Երեկ բենզինի չեկով գնացել ենք, բենզին չկար։ Այնպես որ, երևի էլ կաթն էլ չկարողանանք բերել»,- նշում է նա: 

Գյուղերից ստանում են լոբի ու կարտոֆիլ, լոբին վաճառում են 650 դրամով, կարտոֆիլը՝ 450: Նարինեի խոսքով՝ մի քանի օր առաջ հացի պակաս կար խանութներում, քանի որ հացի փռերից մարդիկ սովորականից շատ էին գնել, ու խանութներին փուռը չի հասցրել մատակարարել։ 

«Քաղցր ընդհանրապես չկա: Ծխախոտ, հյութեղեն, ջուր, պահածոյացված ապրանքներ, ձու, ոչինչ չկա: Միայն մուրաբա է, դա էլ մեր տեղականն է: Գալիս են, հարցնում՝ կտրոնով ի՞նչ ապրանք ունեք: Իսկ կտրոնով ոչ մի ապրանք էլ չկա: Մինչև ճանապարհի փակվելը, երբ ապրանք դեռ ներկրվում էր ինչ-որ չափով, նախօրոք զանգում, հարցնում էին՝ ո՞ր ապրանքից քանի կտրոն ունենք, ու դրան համապատասխան խանութը ապրանքները ստանում էր։ Հիմա նույնիսկ կտրոններով ապրանքները չկան։ Սուրճն է, որ դեռ մի քանի տուփ կա, դա էլ որովհետև պահեստավորած ինչ-որ չափով ունեինք»,- ասում է Նարինե Բաղդասարյանը։ 

Ստեփանակերտի Ազատամարտիկների 23 հասցեում գտնվող խանութի տնօրեն Հարութ Մարտիրոսյանը խանութի տարածքը վարձակալում է ու հիմա չգիտի՝ ամսվա վերջին ինչպե՞ս է վճարելու վարձի գումարը։ 

«Կտրոնով ապրանքներից ոչինչ չունենք։ Խանութում մի երկու ապրանք է մնացել։ Ես ի՞նչ պետք է վաճառեմ, որ կարողանամ վարձի գումարն էլ տալ, տանս վարձն էլ տալ։ Ծխախոտ ընդհանրապես չկա, միս չկա։ Այս պահին սառեցրած կոտլետ ունենք, բայց դա էլ դրսից բերված հավի մսով են պատրաստում։ Երևի էլ չի լինի։ Մի քանի օր էլ այսպես շարունակվի, խանութը փակվելու է»,- ասում է Հարութ Մարտիրոսյանը։ 

Կարմիր խաչի փոխադրումների շնորհիվ Ստեփանակերտի դեղատները շաբաթը 1-2 անգամ ստանում են դեղեր ու հիգիենայի առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Նշված ապրանքների մատակարարումն իրականացվում է Արցախի առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ։ 

«Առողջություն» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Հարությունյանն ասում է, որ ճանապարհը փակվելու առաջին օրերին վերջացել էր դեղորայքի ամբողջ տեսականին, դեղատունը դատարկվել էր։ 

«Անցակետը փակվելուց հետո մոտ երկու շաբաթ ապրանք չէինք ստանում։ Դարակներն ամբողջությամբ դատարկ էին։ Մյուս կողմից էլ՝ մարդիկ պանիկայի մեջ իրենց մի ամսվա պահանջից ավելին էին գնում։ Նոր ապրանք երկու օր առաջ ենք ստացել։ Մեր ուզած չափով չենք ստանում ապրանքները։ Եթե պատվիրենք, օրինակ, 50 շիշ սպիրտ, 50-ը չեն բերի, բայց կեսի չափով կբերեն։ Դա վերաբերում է բոլոր ապրանքներին, բացառությամբ դեղերի, քանի որ մեծ ծավալ չեն զբաղեցնում»,- նշում է Վարդան Հարությունյանը։

Ալվինա Ներսեսյանը երկու որդի ունի։ Ասում է՝ սուպերմարկետներում հիմա հնարավոր չէ իրեն անհրաժեշտ ինչ-որ բան գտնել։ 

«Խանութներ կան, փոքր խանութներ, որ կարելի է ինչ-որ բան դեռ գտնել։ Իսկ մեծ խանութները դատարկ են, մեզ անհրաժեշտ բաները չկան էլ։ Փոքր խանութներում կարողանում ես գտնել լավ կյանքը հիշեցնող ապրանքներ։ Օրինակ՝ երեկ մեր թաղի փոքր խանութում «Նուտելա» եմ գտել որդիներիս համար, շատ էի ուրախացել»,- ասում է նա։ 

Նրա խոսքով՝ տանը նախաճաշի խնդիր են ունենում, քանի որ կաթնամթերք քաղաքում հնարավոր չէ գտնել։ 

«Դա է, որ, իրոք, փնտրում ես քաղաքում ու չես գտնում։ Կտրոններ չէի հասցնում վերցնել, հերթերը միշտ երկար էին։ Հիմնականում միայն ձեթի համար կուզեի, որ լիներ կտրոն։ Բայց, մյուս կողմից էլ, խանութներում ձեթ չկա, կտրոնն ի՞նչ անես։ Շաքարավազ շատ չեմ ուզում, առանց դրա հնարավոր է։ Իսկ ձեթը իսկապես պետք է»,- նշում է Ալվինա Ներսեսյանը։

Արցախի կառավարությունն այս տարվա հուլիսի 1-ին որոշում է ընդունել Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին շաքարավազ և ձեթ հատկացնելու կետեր սահմանելու և դրանց իրացումը կազմակերպելու, հանրային սննդի օբյեկտների գործունեության մեջ սահմանափակումներ մտցնելու մասին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter