HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Ադրբեջանում հայատյացությունը հովանավորվում է պետական մակարդակով». Անահիտ Մանասյան

Երևան-Ստեփանակերտ հուլիսի 6-ի հեռուստակամրջի ընթացքում Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ներկայացրեց շրջափակման օրերին ՄԻՊ գրասենյակի աշխատանքը։

Անահիտ Մանասյանի խոսքով, իր գործըներոջ՝ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ համագործակցությամբ պարբերաբար պատրաստել և հրապարակել են զեկույցներ մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին։ Կազմված զեկույցները ներկայացվել են միջազգային գործընկերներին։

«Զեկույցներում շատ կարևոր տեղ է զբաղեցրել Ադրբեջանի կողմից տարվող հայատյացության հետ կապված հստակ շեշտադրումը, որովհետև առանց նշված շեշտադրումների, առանց նշված համատեքստի ներկայացման՝ սովորաբար ներկայացվում և առաջ են բերվում հարցի լուծման տարատեսակ այլ ուղիներ, բացի միջանցքի արգելափակումը վերացնելուց, մինչդեռ խնդրի ամբողջ պատկերը ներկայացնելը շատ կարևոր է»,- նշեց նա։

ՄԻՊ-ը հայտնեց, որ ամենօրյա ռեժիմով ադրբեջանական մամուլի մոնիթորինգ է իրականացվում։ Մասնավորապես, վերջին արտահերթ զեկույցում մանրամասն նկարագրվել է Ադրբեջանի բարձրաստիճան անձանց խոսքը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ադրբեջանում հայատյացությունը պետական մակարդակով հովանավորվում է։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ Ադրբեջանում հայատյացությունը հասել է շատ բարձր մակարդակի, և դրա մասին է նաև Հայաստանի Հանրապետության հայցը՝ ուղարկված Արդարադատության միջազգային դատարան։

«Այդ որոշումը, ցավոք սրտի, չունեցավ դրական տեղաշարժ, ընդհակառակը՝ ավելի բացասական գործընթաց եղավ, ապրիլին տեղադրվեցին անցակետերը։ Հունիսին է՛լ ավելի սրվեց վիճակը, այս գործընթացին հետևելով՝ մենք մայիսի 15-ին դատարան ներկայացրինք մեր երկրորդ խնդրանքը, նաև՝ լրացուցիչ ապացույցներ»,- հայտնեց նա։

Եղիշե Կիրակոսյանը հույս ունի, որ դատարանի որոշումը շատ չի ուշանա, քանի որ առանց այդ էլ հայցից բավական ժամանակ է անցել։

Հիշեցնենք, որ արդեն կես տարուց ավելի փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter