HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Ազատամուտի բնակչի նկատմամբ ոստիկանի կիրառած բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ազատամուտի բնակիչ Շահնազար Ալավերդյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Շահնազար Ալավերդյանը, դիմելով «Հետքի» խմբագրություն, պատմել էր, որ Ոստիկանության աշխատակից Վահե Ալիխանյանն այս տարվա մայիսի 11-ին ոստիկանական բաժանմունքում իր նկատմամբ ուժ է կիրառել՝ հարվածել ու քաշքշել իրեն։

Հունիսի 16-ին գրել էինք այս դեպքի մասին, իսկ հոդվածի հրապարակումից առաջ հարցում էինք ուղարկել նաև Ոստիկանություն՝ տեղեկանալու դեպքի առթիվ իրավական որևէ գործընթաց նախաձեռնվե՞լ է․

«Մարզային վարչության Իջևանի բաժնի ՔՀԲ օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Վաչե Ալիխանյանի կողմից Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրի բնակիչ Շահնազար Ալավերդյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ 2023 թվականի մայիսի 11-ին Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որը մայիսի 12-ին ուղարկվել է ՔԿ խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելու լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննչության վարչություն՝ հետագա նախաքննությունը շարունակելու համար։ Առերեսումը կիրականացվի քրեական վարույթի նախաքննության ընթացքում»,- հայտնել են Ոստիկանության ներքին անվտանգության բաժնից։

Հունիսի 13-ին էլ օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Վաչե Ալիխանյանի նկատմամբ բռնություն գործադրելու առթիվ նշանակվել է ծառայողական քննություն։

Շահնազար Ալավերդյանը ոստիկանության բաժնում մայիսի 11-ին բռնության մասին հաղորդում տալուց հետո տեղյակ չէ դեպքի զարգացումներից։ Նրան չեն հայտնել, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել և նշանակվել ծառայողական քննություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter