Վտանգ կա, որ արդարադատության նախարարը կարող է քաղաքական դրդապատճառներով կարգապահական վարույթներ հարուցել. ՀԲ
Վերջին մեկ տարվա ընթացքում Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) կարգապահական վարույթներով կայացրած որոշումների հիման վրա 9 դատավորի լիազորություն է դադարեցրել: Դատավորներից 8-ի լիազորությունները դադարեցվել են ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման շրջանում, մեկինը՝ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները` ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարման շրջանում:
Լուսանկարում՝ վերևի շարքում ձախից՝ Աննա Փիլոսյան, Սուրեն Անտոնյան, Ռուբեն Վարդազարյան
ներքևի շարքում, ձախից՝ Զարուհի Նախշքարյան, Ալեքսեյ Սուքոյան
Հուլիսի 3-ին ընդունած որոշումներով ԲԴԽ-ն միանգամից 4 դատավորի լիազորություն դադարեցրեց` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի, վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի:
Հատկանշական է, որ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման շրջանում լիազորությունները դադարեցված բոլոր դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները հարուցել է Արդարադատության նախարարը: Վերջերս Համաշխարհային բանկը հրապարակեց «Հայաստան. աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին, հայացք ապագային» զեկույցը, որում վերլուծել է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորություն ունեցող երեք մարմինների օրինականության հարցը: 2020թ.-ից իրավական բարեփոխումների փաթեթով երեք լիազոր մարմիններ կարող են դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցել՝
- Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովը,
- Արդարադատության նախարարությունը,
- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։
«Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի անդամների մեծ մասը դատավորներ են, ինչը չի համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի չափանիշներին, քանի որ դա հղի է դատավորների կորպորատիվ շահերը պաշտպանելու վտանգով»,- ասվում է զեկույցում։
Արդարադատության նախարարության վերաբերյալ հետևյալն է արձանագրում. «Նաև ընդունված գործելակերպ չէ գործադիր իշխանությանը թույլ տալ կարգապահական վարույթ հարուցել դատավորների նկատմամբ։ Վտանգ կա, որ արդարադատության նախարարը կարող է քաղաքական դրդապատճառներով կարգապահական վարույթներ հարուցել՝ խարխլելով դատական անկախության հիմնական սկզբունքները և հնարավոր ազդեցություն ունենալ դատավորների որոշումների վրա»։
Այս վտանգը, կարծես, շատ առարկայական արդեն տեսնում են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ): Պաշտոնանկ արված դատավորները գանգատներ են ներկայացրել ՄԻԵԴ, և լրատվամիջոցներն արդեն հրապարակել են, որ Եվրոպական դատարանը որոշել է առաջնահերթություն կիրառել լիազորությունները դադարեցված 7 դատավորի գանգատները քննելու հարցում, դրանք կքննվեն մեկ վարույթում:
ԲԴԽ-ում դատավորներից մի քանիսի վարույթների գործով ներակայացուցիչ, փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը հայտնեց, որ ՄԻԵԴ-ը գործին առաջնահերություն է տալիս, եթե խնդիրը համակարգային է: Այդ դեպքում, դատարանն ինքն է որոշում գործին առաջնահերթություն տալ, և հավանական է, որ մեկ տարվա ընթացքում ավարտվի գանգատների քննությունը: Ս. Սահակյանի տեղեկություններով՝ 9 դատավորի վերաբերյալ, 11 գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ: Նա առավել քան վստահ է, որ ՄԻԵԴ-ը կոնվենցիայի խախտումն արձանագրելու է: Մինչ այդ, իր ներկայացրած բոլոր գործերով նաև անհապաղ միջոց կիրառելու դիմում է ներկայացրել ՄԻԵԴ:
Զրույցի ժամանակ առանձնացրեց, հատկապես, Վճռաբեկ դատարանի դատավոր Արտակ Բարսեղյանի նկատմամբ հարուցված վարույթի քննությունը: ԲԴԽ-ում քննվող վարույթի ժամանակ իր վստահորդը հիվանդանոցում ստացիոնար բուժման մեջ է գտնվել, ծանուցագիրը նրան հանձնվել է հիվանդանոցում, և ԲԴԽ-ն նրա լիազորությունները դադարեցնելու որոշում է կայացրել առանց նրա մասնակցության: Ս. Սահակյանը շեշտում է, որ վարույթը քննության առնելու ժամկետների խախտում չկար, մինչև վարույթի ավարտը ԲԴԽ-ն 2,5 ամիս ժամանակ ուներ: Կարող էին նիստը հետաձգել, և դատավորին հնարավորություն տալ մասնակցելու իր գործով վարույթի քննությանը:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը նույնպես ԲԴԽ-ում վարույթի քննության ընթացքում դիմել է ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքով: Նա նույնպես մասնակից չի դարձվել իր գործով վարույթի քննությանը:
Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի գանգատը ՄԻԵԴ-ը նույնպես առաջնահերթության կարգով է քննում, այս գործը կոմունիկացիայի փուլն անցել է, դատական քննարկումները բավականին երկար են տևել:
Հետաքրքիր է, որ Ա. Գյուլումյանի գանգատին առաջնահերթություն տալու ՄԻԵԴ-ի որոշումից հետո ԲԴԽ-ն ոչ միայն զսպվածություն չի ցուցաբերում, այլև ամեն օր նոր դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու մասին է հայտարարվում: Կարգապահական վարույթ հարուցելու որոշումներն արդեն իսկ մասնագիտական հանրույթն ընկալում է որպես լիազորությունները դադարեցնելու որոշում:
Ո՞րն է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ինքնավստահության հիմքը, մեր հարցին, Ս. Սահակյանը պատասխանեց. «Նրանց հաշվարկն այն է, որ ՄԻԵԴ-ը երեք տարուց շուտ վճիռ չի կայացնի, իսկ մինչ այդ՝ ինչպես իրենք են ասում՝ «ով՝ ողջ, ով՝ մեռած»: «ԲԴԽ-ում նստած արդարադատություն իրականացնողներն այս մենթալիտետով են մտածում՝ մեր ուզածն անենք անպատժելիության մթնոլորտում՝ թող 4-5 տարի հետո վճիռ կայացնեն»,- հայտնեց Սիրանուշ Սահակյանը:
Հիշեցնենք, որ ևս 6 դատավորի լիազորություն դադարեցվել է քրեական վարույթների ընթացակարգով:
2023թ. հունիսի 2-ին Աթենքում տեղի ունեցած Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովի ժամանակ ի թիվս մի քանի այլ երկրների քննարկվել էր նաև Հայաստանում դատական իշխանության անկախությանն ու մարտահրավերներին վերաբերող հարցեր: Համաժողովի մասնակիցները հայտարարություն են ընդունել, որում մասնավորապես ասվում էր. «2023թ. հունիսի 2-ին Աթենքում կայացած հանդիպման ընթացքում Դատավորների եվրոպական միությունը (EAJ) լուրջ մտահոգություն է արձանագրում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ, որոնք բացասաբար են անդրադարձել Բարձրագույն դատական խորհրդի անկախության վրա և հանգեցրել են կարգապահական վարույթների չարաշահման, որոնք մասնավորապես ծառայում են դատավորներին դատական համակարգի խնդիրների, գործունեության վերաբերյալ իրենց տեսակետները հրապարակայնորեն արտահայտելու զսպող միջոց:
Դատավորների եվրոպական միությունը մտահոգություն է հայտնում նաև Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության կապակցությամբ, որպիսիք հանգուցալուծվում են Բարձրագույն դատական խորհրդում: Պետության գործադիր իշխանության մաս կազմող Արդարադատության նախարարին նման լիազորություն ընձեռելը վտանգում է դատավորների անկախությունը: Նշվածը հստակ արձանագրված է նաև ԳՐԵԿՈ-ի (GRECO) կողմից չորրորդ փուլի գնահատման շրջանակներում։ Այն նաև վերահաստատում է ԲԴԽ-ի, որպես կարգապահական գործերով որոշումներ կայացնող մարմնի, քաղաքական ազդեցությունից բացարձակապես զերծ լինելու անհրաժեշտությունը»:
Սահմանադրության օրվա առիթով հայտարարություն տարածեց նաև Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը, որում մասնավորապես ասվում էր. «...Կարեն Անդրեասյանը և մյուսները, չխորշելով պետությանը մարտահրավերների առջև կանգնեցնելու վտանգից, դատավորներին, որոնց նկատմամբ հարուցվել են վարույթները և դադարեցրել լիազորությունները ընտրել են կամայական եղանակով՝ չպահպանելով որևէ օրինաչափություն, այդպիսով ևս հաստատվել է խտրական վերաբերմունքը նշված դատավորների նկատմամբ»:
ՀԲ-ի զեկույցում վերլուծելով ԲԴԽ-ի՝ որպես կարգապահական վարույթները քննող մարմնի գործելակերպը, նշում է. «Այս դեպքում ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես 10 հոգուց բաղկացած դատարան։ Որոշումներն ընդունվում են պարզ մեծամասնությամբ։ Վենետիկի հանձնաժողովի 2019թ.-ի զեկույցում քննադատել է այս մոտեցումը, պնդելով, որ մեղադրվող դատավորները պետք է կարողանան բողոքարկել ԲԴԽ-ի որոշումը վերադաս՝ Վճռաբեկ դատարանում։ Այս առաջարկությունը չի իրականացվել»։
Արդարադատության նախարարությունն այս հարցով փոփոխություններ է նախաձեռնել օրենսգրքում։ Այդ նախագծի և դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթների հիման վրա նրանց լիազորությունները դադարեցնելու ԲԴԽ-ի որոշումների օրինականության վերաբերյալ մեկնաբանություններին ծանոթացեք միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հարցազրույցում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել