HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե իմանայի՝ էսպես էր լինելու, երկար կպահեի գրկիս մեջ»,-ասում է անհետ կորած Գոռ Մովսիսյանի մայրը

44-օրյա պատերազմում անհետ կորած Գոռ Մովսիսյանի ընտանիքն այսօր էլ շարունակում է փնտրել զինվորին։ 

Գոռն ընտանիքի 3 զավակներից փոքրն է։ Նրա մեծ եղբայրը՝ Վազգենը, 2016 թվականին Թալիշի դիրքերում վիրավորվել և զորացրվել էր։ 2019թ․-ի հուլիսին Մովսիսյանների ընտանիքը Արցախ զինվորական ծառայության ճանապարհեց իրենց կրտսեր որդուն՝ Գոռին։ Նա ծառայության է անցել Ջրականի զորամասում։

Գոռին վերջին անգամ ծնողները տեսել են 2019-ի դեկտեմբերին, երբ նա արձակուրդ էր եկել։ 

«Անակնկալ էր արել, բոլորը գիտեին, որ գալու է, մենակ ինձ չէր ասել, ինքը սիրում էր անակնկալներ անել։ Արձակուրդից ճանապարհելիս գրկեցի տղայիս, սիրտս լցվեց։ Հետո, որ հիշում եմ էդ օրը, ասում եմ՝ եթե իմանայի՝ էսպես էր լինելու, երկար կպահեի գրկիս մեջ»,- հիշում է Գոռի մայրը՝ Նորա Ալեքսանյանը։

Գոռի հայրը՝ Նորիկը, եռակցող է, իրենց մարզում՝ Արմավիրում, նրան ճանաչում են որպես լավ արհեստավոր։ Նորայի ասելով՝ տղաներից ավելի շատ Գոռին է հետաքրքրել հոր արհեստը։

«Մեր երեք տղաներից ոչ մեկը չի շարունակել հոր գործը: Հայրը միշտ ասում էր՝ Գոռս բանակից գա, իրեն կսովորեցնեմ, կսկսի հետս աշխատել»,-ասում է Նորա Ալեքսանյանը։

2020թ․-ի սեպտեմբերի 27-ի առավոտյան Նորիկ Մովսիսյանը սովորականի պես աշխատանքի էր։ 

«Ապարատը միացրի, որ գործ անեմ, էդ տանտերը ասեց՝ պատերազմ ա սկսվել։ Միանգամից ձեռք ու ոտքս թուլացան։ Նստեցի մեքենան, վերադառնում էի տուն, Գոռս զանգեց, ասաց, որ դիրքեր է բարձրանում։ Ինքը 2 օր առաջ էր իջել դիրքերից։ Վերջում էլ ասեց՝ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,- ասում է Նորիկ Մովսիսյանը։

Պատերազմի առաջին օրերին Գոռն ամեն օր զանգել է, բայց ոչ իր որպիսության, ոչ էլ մարտական գործողությունների, իրավիճակի մասին ոչինչ չի ասել ծնողներին։ Հոկտեմբերի 3-ին Ջրականի դիրքերում Գոռը թևից վիրավորվել է։ Այդ մասին եղբորը ասել է հոկտեմբերի 7-ին, երբ արդեն Հադրութում էր։

«Վերջին անգամ իր հետ խոսեցի հոկտեմբերի 10-ի առավոտյան, ասեցի, որ մի օր էլ դիմանա, ձիգ պահի իրեն ու արդեն հրադադար ա»,- պատմում է հայրը՝ Նորիկ Մովսիսյանը։

Հոկտեմբերի 10-ի կեսօրից հետո Գոռ Մովսիսյանի հետ կապը կորում է։ 

Հոկտեմբերի 10-ին 3-րդ գումարտակը, որտեղ ծառայում էր Գոռ Մովսիսյանը, դիրքավորված էր Խուռհատ սարի վրա։ Մի քանի կողմից հարձակում է սկսվում։ Զորքի հիմնական մասը, մարտ վարելով, ոտքով շարժվում է դեպի Հադրութի շրջանի Սարինշեն գյուղ։ Քանի որ Գոռը վիրավոր էր, նրան նստեցնում են նյութապահովման դասակի «ԿամԱԶ» մեքենան, որը Գոռին պետք է հասցներ Կարմիր Շուկայի հոսպիտալ։ Ճանապարհին մեքենայի վրա սկսում են կրակել, այն կողաշրջվում է (այս դեպքի մանրամասների մասին կարդալ՝ Բարև, ես Անահիտն եմ, փնտրում եմ եղբորս): 

Գոռ Մովսիսյանը մինչ օրս համարվում է անհետ կորած։

Գոռի ընտանիքը դեպքից օրեր անց է իմացել, որ նա Հադրութում էր։ 

«Երբ սկսեց չզանգել, ես անընդհատ զանգում էի բոլոր համարներով, որով զանգել էր, բայց ոչ ոք նորմալ բան չէր ասում։ Ասում էին՝ չգիտենք»,- պատմում է Նորիկ Մովսիսյանը։ 

Պատերազմի ավարտից հետո այդ մեքենայից աճյուններ են դուրս բերվել, սակայն Գոռ Մովսիսյանից ոչ մի ԴՆԹ նույնականացում չի եղել։ Գոռի հայրը և եղբայրը՝ Արսեն Մովսիսյանը, իրենց միջոցներով են սկսել պարզել զինվորի անհետ կորչելու հանգամանքները, խոսել ականատեսների, Գոռի հրամանատարների հետ։ 

Թեև Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել, բայց, Նորիկ Մովսիսյանի խոսքերով, ոչինչ չեն պարզել։ 

«Վերջին անգամ մի քանի օր առաջ էին կանչել Քննչականից, գնացի, նոր քննիչ էր, առաջին անգամ էի տեսնում։ Պարզվեց՝ միայն մեկ ամիս առաջ, այսինքն՝ դեպքից մոտ 3 տարի անց են հարցաքննել մեքենայից ողջ մնացածներին։ Քննիչի ասածների մեջ ոչ մի նորություն չկար, ես վաղուց գիտեի, խոսել էի այդ տղաների հետ»,-ասում է Նորիկ Մովսիսյանը։

 Նա շարունակում է փնտրել որդուն, պարզել նրա անհետացման հանգամանքները։

Գլխավոր լուսանկարում՝ Նորա եւ Նորիկ Մովսիսյանները Դաշտ գյուղի իրենց տանը 

Անահիտ Սվարյանը Հետք Մեդիա Գործարանի ուսանող է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter