HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաժողովրդական հանրահավաք Ստեփանակերտում՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով

Այսօր՝ հուլիսի 14-ի առավոտյան ժամը 9:00-ից, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է համաժողովրդական անժամկետ հանրահավաքը։

215-րդ օրն է՝ փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Հունիսի 15-ից էլ Ադրբեջանն արգելել է նաև հումանիտար փոխադրումները։ Գրեթե 1 ամիս Արցախը սպառում է իր ներքին պաշարները։ 

Ելույթ ունեցավ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, որն իր խոսքում շեշտեց, որ Արցախի ժողովրդի 7 ամսվա շրջափակումը հասել է օրհասական կետի, երբ լրջագույնս վտանգված է 120 000 մարդու կյանք։ «Մի ամբողջ ժողովրդի գլխին կախված են գոյաբանական սպառնալիքներ, որոնք անհերքելի են և ընդգծված։ Գտնվելով ամբողջական շրջափակման մեջ մեր ժողովուրդը կանգնել է թերսնուցման, սովի, Ադրբեջանի կողմից անթաքույց իրականացվող էթնիկ զտման, բռնի հպատակեցման և ցեղասպանության անհերքելի իրական սպառնալիքի ներքո»,- նշեց նա։

Գեղամ Ստեփանյանը կոչով դիմեց նաև միջազգային հանրությանը, նշելով, որ անտարբերությունը հավասարազոր է մեղսակցության։

Ելույթներ հնչեցին նաև ռուսերենով և անգլերենով։ 

Ելույթ ունեցավ նաև Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։ Վերջինս նշեց, որ Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությունը վտանգված է։

«Յուրաքանչյուր վաղվա օրը լինելու է էլ ավելի ծանր ու դժվար, այսօր արդեն իսկ կան բազմաթիվ առողջապահական խնդիրներ, բազմաթիվ համայնքներ հաջորդաբար զրկվում են խմելու ջուր ունենալու հնարավորությունից։ Ստեփանակերտից դուրս ապրող հայրենակիցներից շատերի համար շրջկենտրոնների հետ միակ կապը հեռախոսազանգն է։ Շուշիի շրջանի մեր բնակիչները դարձել են պատանդ»,- ասաց նա։

Պետական նախարարը հայտնեց, որ հանրահավաքն անժամկետ է։ Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի  գրասենյակ, որից հետո ուղևորվելու են Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման վայր, ապա նորից կվերադառնան Վերածննդի հրապարակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter