HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կեղծ թղթադրամներ, օնլայն դրամապանակներ և բուքմեյքերական հաշիվներ. ինչպես են զեղծարարները խաբում մարդկանց

«Բոլոր գործարքներն անօրինական են, հանդիպում չկա, ցանկացած գործարք կատարվում է մեզ վստահելով, եթե չեք վստահելու, գրելու իմաստ չկա»։ Այսպիսի տեքստ է գրված ինստագրամյան  «xaker.armenia» օգտահաշվում։

Ինչպես ներկայացված է «xaker.armenia»-ի էջում, իրենք զբաղվում են կեղծ թղթադրամների, բուքմեյքերական հաշիվների, օնլայն դրամապանակների վաճառքով։ Նրանք չեն հանդիպում գնորդներին: Եթե որոշել եք կեղծ թղթադրամներ գնել, գումարը պետք է փոխանցեք նրանց տրամադրած բիթքոինի հաշվին, որից հետո ձեզ կուղարկեն այն հասցեն, որտեղ դրված կլինեն կեղծ թղթադրամները։ Մնացած գործարքները նույնպես կատարում են այս սխեմայով:

«Հետքը» սեփական օրինակով փորձել է պարզել, թե ինչպես են աշխատում զեղծարարները։

Մայիսի 15-ին «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում գտանք մի էջ, որը զբաղվում է կեղծ թղթադրամների վաճառքով։ Վաճառողները պնդում էին, որ իրենց առաջարկած թղթադրամներն անհնար է անզեն աչքով տարբերել իրականից, և որ ցանկացած վճարային տերմինալ ընդունում է թղթադրամները։

Օգտահաշիվը մի փոքր ուսումնասիրելուց հետո պարզեցինք նաև, որ բացի կեղծ թղթադրամներ վաճառելուց, նրանք առաջարկում են նաև լիցքավորված օնլայն դրամապանակներ, բուքմեյքերական հաշիներ, առաջարկում են սոցիալական ցանցերի էջեր կոտրելու ծառայություն։

Ինստագրամյան օգտահաշիվ բացեցինք Մարիամ Առաքելյան անուն-ազգանունով, խոսեցինք ու պայմանավորվեցինք։ Հունիսի 14-ին քայլ առ քայլ նկարահանեցինք ամբողջ գործընթացը։

«xaker.armenia» էջի անանուն օգտատերը հավաստիացրեց, թե փոխանցելուց հետո տրամադրելու են հասցե, որտեղ դրված կլինեն կեղծ թղթադրամները։  

Մի քանի անգամ հարցրի՝ արդյոք չեն խաբի։ Ասացի, որ դա իմ ունեցած վերջին գումարն է, ռիսկի եմ դիմում ու իմ ամբողջ գումարն իրենց եմ տալիս, որպեսզի մարեմ վարկերս ու պարտքերս։

Կեղծ թղթադրամների նվազագույն արժեքը 45 000 դրամ է։ Մեր փոխանցած 45 000 դրամով պետք է ձեռք բերեինք 200 000 դրամ, այսինքն՝ 10 հատ 20 000 դրամանոց։

Սկզբում, երբ ասացինք, որ չենք վստահում ու մեզ երաշխիք է պետք, թե չեն խաբի, ուղարկեցինք «գոհ հաճախորդների» թողած գնահատականները, համաձայն որոնց՝ իրենց ծառայություններից օգտված մարդկանց 95 %-ը գոհ է։ Ապա նշեցին, որ եթե չենք վստահում, չօգտվենք ու գրենք միայն այն ժամանակ, երբ վստահ լինենք։ Մի քանի ժամ տևած զրույցից ու որոշ հարցերի պատասխաններ ստանալուց հետո որոշեցինք պատվիրել կեղծ թղթադրամները։

Պայմանավորվեցինք փոխանցել գումարը որևէ վճարային տերմինալով։ Առաջարկեցին դա անել «Իզի փեյ» կամ «Թել-Սել» վճարային տերմինալների միջոցով։

Մեզ տվեցին մի հաշվեհամար ու ասացին, որ դա բիթքոինի օնլայն փոխանակման կետի հաշվեհամար է, գումարը պետք է փոխանցենք հենց այդ հաշվեհամարին, իսկ բիթքոին օպերատորը՝ իրենց։

Հարցին, թե ինչպես է բիթքոին օպերատորը գումարն իրենց ուղարկելու, պատասխանեցին, որ բոլոր հարցերն իրենք իրենց մեջ կկարգավորեն։

«Իզի փեյ» վճարային տերմինալի միջոցով փոխանցեցինք 45 000 դրամ «Էվոկաբանկի» հաշվեհամարին ու նրանց ուղարկեցինք կտրոնը։

Մոտ կես ժամ նրանք կապի դուրս չեկան, կասկածեցինք, որ այդքանով պատմությունը կավարտվի, բայց որոշ ժամանակ անց ուղարկեցին հասցե, որտեղ պետք է դրված լինեին կեղծ թղթադրամները՝ Վերին Շենգավիթ 20/1 շենք, առաջին հարկ։ Թղթադրամները պետք է դրված լինեին շքամուտքում՝ էլեկտրաէներգիայի հաշվիչի վրա՝ պոլիէթիլենային տոպրակի տակ։ Սակայն նշված տեղում ոչինչ չկար։

Այդ մասին գրեցինք նրանց էջին, պատասխանեցին, որ հնարավոր չէ։ Հորդորեցին նորից նայել, ուղարկեցինք շքամուտքի այն հատվածի նկարը, որտեղ իբրև պետք է դրված լինեին թղթադրամները։ Փորձեցին համոզել, որ գումարն այնտեղ է եղել, պարզապես մենք չենք գտել, մի քանի անգամ շեշտեցին, որ չեն խաբել։

Մի քանի նամակագրությունից հետո նրանց հետ կապն ընդհատվեց։ Այլևս մեր հաղորդագրություններին չպատասխանեցին։

Մի քանի օր անց գրեցինք, որ տեղյակ ենք պահելու իրավապահ մարմիններին։ Ի պատասխան գրեցին՝ լավ։

«Տելեգրամ»-ով գտանք բիթքոին օպերատորի էջն ու գրեցինք։ Պատմեցինք, որ օրեր առաջ մեզ խաբել են՝ 45 000 դրամ են գանձել, բայց այն ծառայությունը, որի դիմաց վճարել ենք, չի մատուցվել։ Ուղարկեցինք վճարային կտրոնը, բիթքոին օպերատորը պատասխանեց, որ ոչնչով օգնել չի կարող, առաջարկեց դիմել իրավապահներին և ասաց, որ այդ դեպքում կհամագործակցի մեզ հետ։

Այս զեղծարարների դեմ տուժողները բողոք չեն ներկայացնում, քանի որ իրենք էլ ներքաշված են քրեորեն պատժելի արարքների մեջ։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը բաց աղբյուրներում ուսումնասիրել է ինստագրամյան «xaker.armenia» էջը եւ պարզել, որ այն մի քանի անգամ փոխել է անունը։ Ըստ նրա՝ խաբեության այս ձևը տարբերվում է համացանցում տարածված մյուս ձևերից, քանի որ զեղծարարները հայեր են, լավ տիրապետում են լեզվին, էջի հրապարակումներն ու նրանց գրած հաղորդագրությունները գրագետ հայերենով են, այլ ոչ թե օնլայն թարգմանիչով թարգմանած, ինչպես հաճախ հանդիպում է։ Նրանք ընտրել են խաբեությամբ զբաղվելու առցանց ձևը, քանի որ այդպես ավելի անվտանգ է ու դժվար է նույնականացնել։

Փորձագետը կարծում է, որ խաբեությամբ զբաղվողների ինքնությունը կարող են պարզել իրավապահ մարմինները՝ դիմելով «Meta» ընկերությանը և բիթքոին օպերատորին։

Արթուր Պապյանը կոչ է անում համացանցի օգտատերերին զգոն լինել, չընկնել խաբեբաների ծուղակը։ Անհայտ ծագման ու կասկածելի թվացող էջերի դեմ էլ բողոք ներկայացնել «Meta» ընկերություն, քանի որ շատ բողոքների դեպքում այդ էջերը փակվում են։

Մեզ չհաջողվեց պարզել, թե ովքեր են կանգնած այս ամենի հետևում։ Զեղծարարներին բացահայտելու մեր հնարավորությունները սահմանափակ են։ Իրավապահ մարմինները կարող են օգտագործել ինֆորմացիան եւ բացահայտել հանցավոր խմբի անդամներին:

Գլխավոր լուսանկարը՝ Տիրայր Մուրադյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter