HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Վեոլիա Ջուր»-ը վստահեցնում է՝ մատակարարվող ջուրը համապատասխանում է սահմանված սանիտարական նորմերին և կանոններին

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատակարարվող խմելու ջրին ոռոգման ջուր չի խառնվում։ ՀՀ-ում գործող որևէ բուժհաստատությունից խմելու ջրի հետ կապված թունավորման կամ որևէ այլ առողջական խնդիրների առաջացման վերաբերյալ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ահազանգ չի ստացել»,-հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերության մեզ ուղարկված պատասխանում։

Վերջին շրջանում Երևանի տարբեր վարչական շրջանների բնակիչներից զանգեր ու նամակներ ենք ստանում կապված «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատանքի հետ։ Նախորդ շաբաթ մեր ընթերցողներն ահազանգում էին Էրեբունի վարչական շրջանում ջրամատակարարման խափանման մասին։ «Վեոլիա Ջուր» ընկերությանն ուղարկել էինք գրավոր հարցում։

Էրեբունու բնակիչները բողոքում էին, որ մեկ ամսից ավելի է՝ բացի ջրի համի ու գույնի փոփոխությունից գրեթե ամեն օր առանց զգուշացումների ջրանջատումներ են լինում։ Ընկերությունը իր պատասխանում անդրադարձել է հուլիս ամսվա երկու օրվա ջրանջատումերին՝ մասնավորապես նշելով, որ հուլիսի 9-ին եւ 10-ին՝ ժամը 10։00-17։00 ընկած ժամանակահատվածում, Էրեբունի վարչական շրջանում ջրամատակարարման գրաֆիկի խախտումները կապված են եղել Արարատյան պոմպակայանի էլեկտրաէներգիայի սնուցման խափանման հետ։ Ըստ ընկերության՝ ներկայում խնդիրը կարգավորված է, ջրամատակարարումը՝ վերականգնված:

«Տարիներ առաջ Էրեբունի վարչական շրջանի եւ հարակից մի շարք այլ հասցեների ջրամատակարարումն իրականացվել է բացառապես Արարատյան խորքային հորերից, որոնք ի սկզբանե նախատեսված են եղել տվյալ տարածքների ջրամատակարարումն ապահովելու համար: 2017 թ.-ի հունվարից «Վեոլիա Ջուր» ՓԲԸ, ստանձնելով ՀՀ գրեթե ողջ տարածքի սպասարկումը, որոշակի տեխնիկական լուծումներ տալով, փորձել է բարելավել վերոհիշյալ տարածքների ջրամատակարարումը եւ սկսել է այդ տարածքներին ջուր մատակարարել լեռնային աղբյուրներից, որոնց ջուրն իրենց զգայորոշական ցուցանիշներով տարբերվում է խորքային հորերի ջրերի որակական ցուցանիշներից։ Սակայն ամռան ամիսներին Ընկերությունը կրկին վերսկսում է տվյալ տարածքին ջուր մատակարարել Արարատյան խորքային հորերից, քանի որ ջրի սպառման ծավալների ավելացմամբ պայմանավորված՝ լեռնային աղբյուրների ջուրը պարզապես չի բավականացնում։ Սակայն անգամ այս ժամանակահատվածում առաջին իսկ հնարավորության դեպքում Արարատյան ջրաղբյուրին պարբերաբար ավելացվում է լեռնային աղբյուրի ջուր։ Ամռան վերջին, ջրօգտագործման ծավալների կրճատմանը զուգահեռ, դարձյալ անցում է կատարվում լեռնային ջրաղբյուրներից ստացվող ջրի մատակարարմանը, թեեւ, ինչպես արդեն նշվեց, անգամ ամռանը, առաջին իսկ հնարավորության դեպքում Արարատյան ջրաղբյուրին պարբերաբար ավելացվում է լեռնային աղբյուրի ջրերից»,- հայտնում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից։

Այնուամենայնիվ, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն վստահեցնում է, որ իր սպասարկման տարածքում մատակարարվող ջուրը գտնվում է մշտական հսկողության տակ եւ համապատասխանում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված սանիտարական նորմերին եւ կանոններին։ 

Պարբերաբար ջրանջատումների մասին հարցին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ պատասխանել է, որ ընկերության կողմից ջրամատակարարման ընդհատումները կատարվում են պլանային կամ վթարավերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով։ Նման ջրանջատումներից խուսափել հնարավոր չէ, քանի որ անգամ ամենաարդիական վիճակում գտնվող համակարգերն ապահովագրված չեն վթարներից, իսկ պլանային ընդհատումները կատարվում են հետագա վթարային իրավիճակները կանխարգելելու նպատակով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter