HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Սեռական ակտիվության ազդեցությունը շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վրա, անպտղություն, ցիստիտ. հարցեր ուրոլոգին

50-ից հետո գրեթե բոլոր տղամարդիկ կունենան ադենոմա։ Շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերումից մինչև մահ կարող է 15-20 տարի անցել։ Ինչպե՞ս սեռական ակտիվությունը կարող է կանխել շագանակագեղձի քաղցկեղի առաջացումը և ի՞նչ ազդեցություն ունի ուրոլոգիական մյուս հիվանդությունների դրսևորման վրա։

Միզուղիների բորբոքային ախտանիշներ. որո՞նք են դրանք ու ե՞րբ են վկայում նախաքաղցկեղային վիճակի մասին։

Երիկամաքար սննդային վարքի խանգարումից. օրական ի՞նչ քանակությամբ ջուր խմել դա կանխելու համար։

Ինչո՞վ է պայմանավորված սերմի որակը, ո՞ր սեռավարակները կարող են բերել անպտղության, արդյոք բուժվում է դա, ինչպե՞ս կինը և տղամարդը պատրաստվեն երեխայի պլանավորմանը, որքանո՞վ է ռիսկային սպորտային սնունդը տղամարդու առողջության համար։

Այս և մի շարք այլ հարցերի, ինչպես նաև՝ ոլորտի միֆերի ու կարծրատիպերի մասին  #Բժշկիմոտ շարքում այս անգամ զրուցել ենք Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի ուրոլոգ-անդրոլոգ Դավիթ Տոնոյանի հետ։



Մի քանի պարզ հարց

  • Ե՞րբ դիմել ուրոլոգին
  • Պրոֆիլակտիկ ստուգումների կարիք կա՞ և ի՞նչ հաճախականությամբ
  • Ոլորտի միֆերն ու կարծրատիպերը
  • Ի՞նչն է սիրում և ի՞նչը չի սիրում իր մասնագիտության մեջ

 

Հոդվածում կարդացեք՝

  • Ամենատարածված հիվանդությունները
  • Ինչու՞ 40-ից հետո բոլոր տղամարդիկ պարտադիր պետք է այցելեն ուրոլոգի
  • Ցիստիտ. ինչպե՞ս հասկանալ որ ունես և արդյոք դա բուժվո՞ղ է
  • Շագանակագեղձի բորբոքում կամ պրոստատիտ. ի՞նչ կապ ունի այն սեռական ակտիվության հետ
  • Պրոստատիտը իրակա՞ն, թե՞ կոմերցիոն դիագնոզ է
  • Շագանակագեղձի քաղցկեղ. ունի՞ արդյոք ախտանիշներ և ե՞րբ է հեշտությամբ բուժվում՝ նույնիսկ առանց քիմիաթերապիայի
  • Ադենոմա. ո՞ր տարիքի տղամարդկանց մոտ է այն հանդիպում և ե՞րբ արժի բուժել
  • Անմիզապահություն. ի՞նչ տեսակներ կան ու ինչպե՞ս են առաջանում
  • «Մրսեցնելը» մի՞ֆ է, թե՞ իրականություն
  • Ո՞նց են առաջանում երիկամաքարերը, ովքե՞ր են ռիսկային գոտում, ու ո՞ր դեպքում է պետք դրանք հեռացնել
  • Ջրի քանակն ու երիկամաքարը
  • Սեռական ակտիվությունն ու ուրոլոգիական հիվանդությունները
  • Ինչպե՞ս սերմնաժայթքումը կարող է կանխել շագանակագեղձի քաղկեղի առաջացումը
  • Ե՞րբ է ձեռնաշարժությունը խնդիր
  • Էրեկտիլ դիսֆունկցիա. որո՞նք են դրա առաջացման պատճառները
  • Գովազդվող կենսաբանական ակտիվ հավելումները բուժու՞մ են էրեկտիլ դիսֆունկցիան, մեծացնու՞մ են առնանդամը։
  • Ինչի՞ց է կախված սերմի որակը, ու ի՞նչն է ազդում դրա շարժունակության վրա
  • Սեռավարակներ. կա՞ բժշկի դիմելու կոմպլեքս
  • Ուրեապլազմա. բուժե՞լ, թե՞ ոչ
  • Ի՞նչ պետք է անեն և’ կինը, և’ տղամարդը, եթե պլանավորել են երեխա ունենալ, ո՞ր դեպքում դիմել բժշկի
  • Անպտղության պատճառներն ու հղիանալու հավանականությունը
  • Սթրեսի, սննդի ազդեցությունը ուրոլոգիական խնդիրների վրա
  • Սպորտային հավելումներ. ինչու՞ են դրանք վնաս առողջությանը 
  • Տեստոստերոնի ավելորդ կիրառման հետևանքները

Ամենատարածված հիվանդությունները, որով դիմում են Ձեզ։

Պրակտիկայում ամենաշատը հանդիպում են միզարձակման խնդիրները, որոնք մեծ մասամբ կապված են շագանակագեղձի բորբոքման հետ։ Ցիստիտներն են շատ-շատ, այսինքն՝ միզապարկի բորբոքումները, երիկամաքարային հիվանդությունը։ Մնացած դեպքերում դիագնոստիկան տարվում է՝ ըստ ախտանիշների, հասնում ենք հիվանդության։ Օրինակ՝ նույն ախտանիշը կարող է ունենալ ցիստիտը և նեյրոգեն միզապարկը. մարդը մի ախտանիշով դիմում է, հետագայում ախտորոշվում է լրիվ ուրիշ հիվանդություն։ 

Ավելի շատ այս հարցերով ձեզ դիմում են տղամարդի՞կ։

Հա, տղամարդիկ ավելի շատ են դիմում, բայց կանայք էլ են դիմում, ուղղակի ուրոլոգիան կանանց միզային համակարգի խնդիրներով է զբաղվում, իսկ տղամարդկանց՝ միզասեռական համակարգի. մի «համակարգ» ավել է տղամարդկանց մոտ, զուտ դրա հաշվին։

40-ից հետո տղամարդիկ պարտադիր պետք է պրոֆիլակտիկ ստուգում անցնեն ուրոլոգի մոտ, բայց հատկապես այդ տարիքի տղամարդիկ խուսափում են գնալ բժշկի։ Ձեզ ավելի շատ երիտասարդնե՞ր են դիմում։

Երիտասարդները հիմա ավելի զգույշ են իրենց առողջության հանդեպ։ Դա չգիտեմ՝ ինչի հետ է կապված, գուցե նրանից, որ բոլորս տագնապային խանգարումներ ունենք ու հիպոխոնդրիա, նաև գիտակցությունն է բարձրացել, որ արժի ստուգել։

Տարիքով մարդիկ ավելի դժվար են գալիս, իրենց մոտ երևի սովետական բժշկության մնացորդներն են, նաև կոմպլեքսների հարց կա։ Հասկացել եմ, որ սոցցանցերում աշխատանքը բերում է նրան, որ կոմպլեքսները ջախջախվում են, մարդիկ գոնե գիտեն ինչ-որ մեկին, ում կարող են դիմել։

Ցիստիտից խոսենք, ասացիք, որ հաճախ է հանդիպում։

Տղամարդկանց մոտ ցիստիտ չի հանդիպում առհասարակ. հիմնականում միզապարկի վզիկն է բորբոքվում, դրա հետ զուգակցված՝ բորբոքվում են նաև շագանակագեղձը և միզուկը։

Իսկ կանանց մոտ միզային համակարգը մի քիչ այլ անատոմիա ունի։ Հիմա բժշկությունը չի առանձնացնում՝ ցիստիտ, պրոստատիտ, ուրետրիտ, հիմա կա ստորին միզուղիների բորբոքային հիվանդություն. չի կարող մի օրգանը բորբոքված լինի, մյուսը՝ ոչ։

Իսկ այդ բորբոքային հիվանդության ախտանիշները որո՞նք են, ինչպե՞ս հասկանալ։

Առաջին հերթին, հաճախամիզությունն է, ցավերը որովային ստորին շրջանում, միզելուց դիսկոմֆորտն է՝ ցավը կամ զգացողություն, որ միզապարկը լրիվ չի դատարկվել։ Որոշ դեպքերում, միզելուց կարող է արյուն գալ։ Այս ախտանիշները կարող են խոսել ոչ միայն ցիստիտի, այլև շատ ու շատ հիվանդությունների մասին։ Օրինակ՝ Ռուսաստանում ունենք արված հետազոտություն, որ 87 հիվանդ կին, որոնք ունեին 5 և ավելի տարի ցիստիտ, հատուկ հետազոտություն կա, ցիստոսկոպիա, մենք դրանով պարզեցինք, որ 87-ից 65-ի մոտ ցիստիտի մասին ընդհանրապես խոսք չկար, իրենց մոտ միզապարկի նախաքաղցկեղային վիճակ էր՝ լեյկոպլակիա էր, ու իրենց հիվանդությունը լրիվ ուրիշ ձև էր բուժվել։

Հիմա ով պատահի՝ սկսել է բուժել ցիստիտը, այդ ամենը բերում է նրան, որ ցիստիտին լուրջ չեն վերաբերվում, բայց ինքն այնքան լուրջ հիվանդություն է, որ դրանից լինում են նաև ինքնասպանության դեպքեր։

Իսկ դա բուժվո՞ղ է։

Բուժվող է։

Կա նաև ինտերստիցիալ ցիստիտ։

Լեյկոպլակիան, որ ասացի, դրա նման վիճակ է. ասեպտիկ բորբոքում է, այսինքն՝ մենք գործ չունենք բակտերիայի հետ, բորբոքումն առաջացել է միզապարկի պատի փոփոխությունների հետևանքով։ Ինտերստիցիալ ցիստիտը չի բուժվում հակաբիոտիկներով կամ մոմիկներով։ Ինքը բուժվում է ներմիզապարկային սրսկումներով և այլն։

Դրա առաջացման պատճառը ո՞րն է։

Հիմնականում, աուտոիմուն պրոցեսներն են, երբ քո սեփական օրգանիզմի իմունիտետը դուրս է գալիս, սկսում է վնասել քեզ։ Ինտերստիցիալ ցիստիտն ինքնին աուտոիմուն պրոցես է։

Շագանակագեղձի բորբոքումից խոսենք. այն ևս տարածված հիվանդություն է։

Շագանակագեղձի բորբոքումը (պրոստատիտ) նույն ձև ստորին միզուղիների բորբոքում է, իրեն չենք առանձնացնում։ Լինում է ինֆեկցիոն, ոչ ինֆեկցիոն։

ա. սեքսով շատ զբաղվողների մոտ է լինում

բ. սեքսով չզբաղվողների մոտ է լինում։

Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Կանգային պրոստատիտ հասկացություն գոյություն ունի, երբ մարդն այնքան սեքսով չի զբաղվում, այնքան սերմնահեղուկ դուրս չի գալիս, շագանակագեղձն ինքը սպունգի պես օրգան է, ինքը ոնց որ քաշվի, կանգային երևույթներ առաջանան, բակտերիաներ բազմանան, ու խնդիրներ առաջանան։

Շատ ուրոլոգներ այն նկարագրում են որպես «կոմերցիոն դիագնոզ»։

Հա, կոմերցիոն դիագնոզ է այն պարագայում, երբ որ մարդը գանգատներ չունի, ինչ-որ փոփոխություններ չունի, բայց մի հատ ինֆեկցիա են գտնում, ասում են՝ քո մոտ պրոստատիտ է, արի քեզ մասաժ անենք, տոկերի տանք։

Իսկ ռեալ հիվանդությունը խնդիրներ է առաջացնում։

Շագանակագեղձի քաղցկեղը Հայաստանում երկրորդ ամենատարածված տեսակն է տղամարդկանց մոտ՝ թոքի քաղցկեղից հետո։

Շատ հեշտ է բուժվում, եթե հանդիպում է նախնական ստադիաներում. ինքը շատ դանդաղ է զարգանում։ Հիվանդության հայտնաբերումից մինչև մահ կարող է 15-20 տարի տևել։ Այն շատ լավ տրվում է թերապիայի։ Այսինքն՝ եթե հայտնաբերվում է իր շատ նախնական ստադիաներում, մեկ վիրահատությունից հետո, նույնիսկ մեծ մասամբ քիմիայի կարիք էլ չի լինում, մենք հիվանդին կարող ենք ասել՝ գնա տուն, հանգիստ քո կյանքով ապրի, դու էլ հիվանդ չես։

Շագանակագեղձի քաղցկեղը նախնական ինչ-որ դրսևորումներ ունի՞։

Չէ, հենց վատը դա է, դրա համար ասացի, որ պրոֆիլակտիկ հետազոտություններ են պետք։ Ինքը սիմպտոմներ տալիս է այն ժամանակ, երբ բանը բանից անցնում է։ PSA (ՊՍԱ, պրոստատ սպեցիֆիկ անտիգեն, հեղ.) հետազոտությունը 40-ից բարձր տարիքում կփրկի լիքը մարդու կյանք, ու 4 ժամանոց վիրահատությունից հետո մարդը կդառնա ստաբիլ առողջ անձնավորություն։

Խոսենք շագանակագեղձի հիպերպլազիայի մասին (բարորակ գոյացություն, ադենոմա

Մենք պրոֆեսոր ունեինք, ով լավ արտահայտություն ուներ՝ «Տղամարդիկ բաժանվում են երկու խմբի՝ ովքեր ունեն շագանակագեղձի ադենոմա և ովքեր կունենան շագանակագեղձի ադենոմա»։ Այսինքն՝ գրեթե բոլոր տղամարդիկ 50-ից հետո ունեն ադենոմա, դա այդ օրգանի բնական աճն է, ինքն այդպես է աճում, բայց դա կբերի սիմպտոմատիկայի (հիվանդության ախտանիշների դրսևորման, հեղ.), թե չէ, դա մեծ հարց է։ Մարդիկ կան, շատ մեծ ադենոմա ունեն, բայց գանգատ չունեն, այդ մարդկանց ասում ես՝ գնա, ապրի։ Մարդիկ էլ կան, փոքր ադենոմա ունեն, բայց միզարձակման հետ կապված լուրջ խնդիրներ ունեն։

Էպիդիդիմի՞տը…

Ամորձիների, ամորձապարկի բորբոքումներն են։ Իրենք կարող են լուրջ խնդիրների բերել, այդ թվում՝ անպտղության, դրա համար պետք է ժամանակին հայտնաբերել և բուժել։

Անմիզապահությունը որպես բորբոքային հիվանդությունների հետևա՞նք կարող ենք դիտարկել։

Բորբոքային անմիզապահություն գոյություն չունի, բորբոքման ֆոնին զուտ կարող է գրգռված լինել միզապարկը, զուտ դրա հաշվին։

Մենք ունենք անմիզապահության մի քանի տարբերակ։ Առաջինը սթրեսային անմիզապահությունն է, երբ հազալուց, փռշտալուց կամ ծանրություն բարձրացնելուց անմիզապահություն է լինում։ Հիմնականում կապված է փոքր կոնքի օրգանների իջեցման հետ։

Գոյություն ունի նաև նեյրոգեն անմիզապահություն, որը կարող է լինել ցրված սկլերոզի, Պարկինսոնի, Ալցհեյմերի հիվանդությունների հետևանք, նաև՝ ողնաշարի տրավմաների հետևանք։ Դրա համար գոյություն ունի առանձին մասնագիտություն՝ նեյրոուրոլոգիա, որի 6 ամսվա վերապատրաստումը ես ունեմ։ Ուղղակի հիվանդները պետք է հասկանան, որ այստեղ կարող է տարիների աշխատանք լինել, պետք է համբերությամբ զինվել և բժշկի ասածներն անել։ Օրինակ՝ հայ հիվանդին շատ դժվար է ասելը՝ զարթուցիչ դիր, գնա միզելու, որ միզապարկի թույլ պատերի տոնուսը սովորի ժամով միզարձակման ռեժիմին։

Անմիզապահության երրորդ տեսակը խառը տեսակն է՝ երկուսը համակցված, հիմնականում բարձր տարիքի կանանց մոտ է հայտնաբերվում, ովքեր 4-5 անգամ ծննդաբերել են ու արդեն նեյրոգեն խնդիրներ ունեն։

Միֆերի շարքի՞ց է, որ ասում են՝ մրսեցնում ես, դրանից է անմիզապահություն։

Չէ, միֆերի շարքից չէ. մրսեցնելը, որպես այդպիսին, տրիգեր է (ազդակ)։ Օրինակ՝ դուք պատրաստել եք բոմբը, դրել եք բենզինի արկղերի կողքին, ձեզ մնում է միայն ֆիտիլ տալ, որ իրեն վառեք։ Այդ ֆիտիլը մրսելն է, որն իջեցնում է տեղային իմունիտետը, դրա հետևանքով, այն բոմբը, որ կար հիվանդության տեսքով, կարող է դրսևորվել։ Եթե դուք մրսեցնեք, ու ցիստիտ զարգանա, կնշանակի, որ շատ շուտվանից ձեր օրգանիզում բորբոքային պրոցես է եղել։ 

Երիկամաքարերը ո՞նց են առաջանում։

Հավաքվում են երիկամում տարբեր տեսակ կրիստալներ ու կուտակվում են։
Նյութափոխանակության խանգարման հետևանքներ են, սննդային վարքի խանգարման հետևանքներ են։ Մարդիկ կան՝ երիկամային հիվանդության գենետիկ նախատրամադրվածություն ունեն։

Նաև, քիչ ջուր խմելու հետևանք է։ Օրինակ՝ հիմա շատ մոդա է, երբ տարբեր մասնագետներ, դիետոլոգներ, սննդաբաններ ասում են՝ «խմեք այնքան ջուր, որքան ձեր օրգանիզմին անհրաժեշտ է»։

Այո, օրինակ՝ դիետոլոգի հետ մեր զրույցի ժամանակ, նա ասաց, որ չկա ջրի միասնական նորմա։

Կա ջրի նորմա, եթե դու ապրում ես երիկամաքարային հիվանդության էնդեմիկ զոնայում, որը որ Հայկական լեռնաշխարհն է։ Հայաստանը, Վրաստանը, Կրասնոդարի երկրամասը, Ղազախստանը երիկամաքարային հիվանդության էնդեմիկ զոնաներ են, այսինքն՝ հիվանդությունը չափից շատ է հանդիպում։ Մարդ գիտե՞ք, որ երիկամի սոնոգրաֆիա անի, չասեն՝ ավազ կա երիկամում։ Իսկ ով չունի, նա ջուր շատ է խմում։

Դրա համար ուրոլոգները խորհուրդ են տալիս քաշը բազմապատկել 30 մլ-ով և այդքան ջուր օգտագործել։ Կարող է՝ սննդաբաններն այս ասածի հետ չհամաձայնեն, բայց ավելի լավ է մարդը մի փոքր մեծ թուշիկներ ունենա, քան երիկամ չունենա։

Իսկ այն կարո՞ղ է հորմոնալ դիսբալանսի հետևանքով առաջանալ։

Այո, կարող է, հիմնականում՝ վահանաձև գեղձի, հարվանահաձև գեղձի խնդիրների հետևանքով։

Քարը հայտնաբերելուց հետո պե՞տք է այն հեռացնել, թե՞ կարող է մնալ, քանի դեռ չի խանգարում։

Երիկամաքարը հեռացնում ենք այն ժամանակ, երբ որ այն սկսում է վնասել երիկամը, կամ շատ մեծ ռիսկ կա, որ մոտ ժամանակներում կսկսի վնասել երիկամը։ Ո՞նց է վնասում. երիկամում մեզ է արտադրվում ու իջնում է ներքև, երբ որ քարը փակում է այդ ճանապարհը, ու մեզը չի կարողանում դուրս գալ, երիկամը սկսում է իր ֆունկցիան կորցնել, երիկամային անբավարարություն է սկսում այդ ֆոնին, պիոելոնեֆրիտ (երիկամների բորբոքում, հեղ.) և այլն, այդ ժամանակ քարը պարտադիր պետք է հեռացնել։ Իսկ եթե երիկամի ստորին բաժակում դուք ունենք 4-5 միլիմետրանոց քար, որը ոչ մի ձևով մեզի հոսքին չի խանգարում, ձեռք տալ պետք չէ, մի բզբզացեք։

Ովքե՞ր հատկապես պետք է ուշադիր լինեն այս հիվանդության նկատմամբ։

Երիկամաքարային հիվանդության նկատմամբ պետք է շատ ուշադիր լինեն կանայք, ովքեր պետք է հղիանան, որովհետև այդ ֆոնին բարձրանում է պրոգեստերոնը, և միզուղիներում կարող ենք ունենալ ինֆեկցիաների շատ արագ տարածում։

Ինչպե՞ս հասկանալ, որի երկամաքար ունես, էլի պրոֆիլակտիկ ստուգումների միջոցո՞վ։

Այո, պրոֆիլակտիկ սոնոգրաֆիա անես, կամ մի օր գիշերը զարթնելուց գոտկային շրջանում շատ ուժեղ ցավեր ես ունենում։ Այն հստակ տարբերակվող ցավ է, շատ ուժեղ է։

Ուրոլոգիական հիվանդություններից որոշները կապված են նաև սեռական կյանքի հետ։

Շատ ուրոլոգիական ասոցիացիաներ ասում են շատ պարզ, պրիմիտիվ տարրական մի բան՝ մեկ ամսում 21 անգամ սերմնաժայթքումը, դա կլինի ձախ ձեռքի օգնությամբ, թե այլ տարբերակով, նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը մի քանի անգամ։

Ընդհանրապես, սեքսը հոգեկան, ֆիզիկական, մարմնական առողջության ասպեկտներից մեկն է։ Ուղղակի պետք է լինի պաշտպանված, մտածված, ոչ բռնի և երկկողմանի համաձայնությամբ։

Նաև այս առումով՝ հաճախակի ձեռնաշարժությունը հիվանդությու՞ն է, թե՞ ոչ, որոշ մասնագետներ ասում են, որ կարող է կախվածություն առաջացնել։

Զրուցելով սեքսապաթոլոգների հետ և այդ հարցն իրենց ուղղելով՝ հասկացել եմ մի բան՝ ձեռնաշարժությունն այնքան ժամանակ հիվանդություն չէ, ինչքան դեռ չի խանգարում մարդու սոցիալիզացիային. այսինքն՝ օրը 20-25 անգամ չէ, մարդու մոտ կախվածություն չկա, հակառակ դեպքում, դա սովորական երևույթ է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում։

Էրեկտիլ դիսֆունկցիայի (էրեկցիայի հետ կապված դժվարություններ) պատճառները որո՞նք են։

Պատճառները բազմազան են, եթե մենք խոսում ենք երիտասարդների մասին, դրանք հիմնականում հոգեբանական խնդիրներ են, և դրանցով զբաղվում է բժիշկ-սեքսապաթոլոգը, իսկ ավելի մեծ տարիքում դրանք կարող են լինել նույն՝ շագանագեղձի բորբոքումից, միզուկի բորբոքումից, հորմոնալ շեղումներից, ավելորդ քաշից, շաքարային դիաբետից։ Վերջինս հատկապես վնասում է առնանդամի անոթները և բերում է էրեկտիլ դիսֆունկցիայի։ Շատ ժամանակ, տղամարդկանց մոտ շաքարային դիաբետի հայտնաբերման առաջին ախտանիշը լինում է հենց էրեկտիլ դիսֆունկցիան։

Եթե տղամարդը շաքարային դիաբետ ունի, պարտադիր դա ինչ-որ կերպ պետք է դրսևորվի, թե՞ դա լինում է միայն ծանր դեպքերում։

Եթե ինքն իր շաքարի թվերը չվերահսկի, այսինքն՝ դիետա չպահի, դեղերը չխմի, ասի՝ ես քյարաուզ եմ ամեն առավոտ ուտում, շաքարն ինձ ոչ մի բան չի անի, անելու է։

Գովազդում են կենսաբանական ակտիվ հավելումներ, որոնք «բուժում են էրեկտիլ դիսֆունկցիան», «մեծացնում են առնանդամը», դա հնարավո՞ր է։

Առնանդամը մեծացնելն անհնար է՝ առանց վիրահատական միջամտության, իսկ վիրահատությունն արվում է մի պարագայում, երբ կա «միկրոպենիս» դիագնոզը։ Բոլոր մնացած դեպքերում մարդկանց խաբում են։

Սերմի որակն ինչո՞վ է պայմանավորված. գենետի՞կ է, սնունդը, սթրեսները կարո՞ղ են ազդել դրա վրա։

Եթե ես այս հարցին կարողանայի հստակ պատասխանել, ինձ պետք է Նոբելյան մրցանակ տային։ Հստակ բաներ չկան։ Դրանցից են, ամենառաջինը՝ արտաքին միջավայրը՝ թունաքիմիկատներ, օդ, աղտոտվածություն և այլն։ Սնունդը, հոգեէմոցիոնալ ֆոնը, գենետիկ որոշակի հիվանդություններ կան, ինֆեկցիաները, անկանոն սեռական կյանքը, որի հետևանքով կարող են վարակվել խլամիդիոզով և ունենալ լրիվ անպտղություն։

Իսկ շարժունակության վրա ի՞նչն է ազդում։

Շարժունակության վրա համար մեկ ազդեցությունն ունի վարիկոցելեն (սերմնալարի ողկույզանման երակային ցանցի վարիկոզ լայնացում, հեղ.), որը մարդիկ ի ծնե ունեն. ֆիզիկական աշխատանքն ու սպորտը կարող են նպաստել դրա ուժեղացմանը։ Վարիկոցելեն թե’ 4-րդ աստիճան, թե՛ 1-ին աստիճան, բուժվում է միայն մի ձևով։ 30-40% լինում են դեպքեր, երբ տղամարդը վարիկոցելե ունի, ու հետագոյւմ սերմի որակի հետ կապված խնդիրներ չի էլ ունենում։ Աստենոզոոսպերմիան հենց շարժունակության խանգարումն է։

Սեռավարակների առումով՝ նկատե՞լ եք ուրոլոգին դիմելու կոմպլեքս, կամ գան արդեն ծայրահեղ վիճակում։

Չգիտեմ, եթե գալիս, հասնում են ինձ մոտ, ուրեմն կոմպլեքս չունեն։ Հիմնականում սեռավարակներով, որ գալիս են, գալիս են շուտ, սկսել են գալ նաև առանց գանգատների։ Սեռավարակներ կան, օրինակ՝ սիֆիլիսի դեպքում մենք ուղղորդում ենք Մաշկաբանության և սեռավարակների ազգային կենտրոն, որովհետև գրագետը դա է, որոշ ինֆեկցիաներ մենք կարողանում ենք տեղում՝ ամբուլատոր բուժել։

Ըստ տվյալների՝ Հայաստանում սիֆիլիսի նվազման միտում կա։

Անցած տարի ես սիֆիլիսի ընդամենը 2 դեպք եմ ունեցել։

Ամենավտանգավոր սեռավարակը ո՞րն է։

Չկա ամենավտանգավոր, բոլորն էլ ռիսկեր ունեն, այլ հարց է, որ լիքը ինֆեկցիաները մտցնում են սեռավարակների տակ, ու սկսում են բուժել։

Օրինակ՝ ուրեապլազման։

Ուրեապլազման, գարդներելան։ Սիրելինե’րս, եթե դուք գանգատ չունեք, ո’չ մեկն եք բուժում, ո’չ մյուսը։ Եթե դու տեսնում ես, որ կա ուրեապլազման, ու մարդը փաստացի խնդիր չունի, բայց ապրում է անկանոն սեռական կյանքով, կամ կարող է վարակել իր կնոջը կամ այլ կանանց, այդ ժամանակ հասկանում ես, որ ավելի լավ է՝ բուժես, որովհետև դա իր մոտ կարող է գանգատ չբերել, բայց իր կնոջ մոտ, որի դիմադրողականությունն ավելի ցածր է, բերի խնդիրների։

Բայց ասում են, այն, որպես այդպիսին, չունի վերջնական բուժում։

Կոնկրետ այդ շտամն այդ պահին կարող ես բուժել, հետո կողքից ուրիշ ինչ շտամ կհայտնաբերվի, դա արդեն հարցի մյուս կողմն է։

Կինը, եթե պատրաստվում է հղիանալ, այդ դեպքում ևս պարտադիր է, չէ՞, բուժումը։

Հա։ Օրինակ՝ ուրեապլազման շատ ժամանակ լինում է սերմի որակի խանգարման հետևանքով, որովհետև ինքն առաջացնում է բորբոքում, որին տղամարդիկ շատ ժամանակ կարող են ուշադրություն չդարձնել, բայց այդ բորբոքման հետևանքնով սպերմատոզոիդները սկսեն վնասվել։

Ուրեապլազման հակաբիոտիկներով հեշտ բուժման տրվող հիվանդություն է։

Սեռավարակներն անպտղության պատճառներից են. էլ ի՞նչը կարող է բերել անպտղության։

Վարիկոցելեն, որ խոսեցինք, հորմոնալ շեղումները, օրինակ՝ տեստոստերոնի դեֆիցիտը, պրոլակտինի բարձր թվերն են, վահանաձև գեղձի խնդիրներն են, բարձր TSH (թիրեոտրոպ հորմոն, վահանաձև գեղձի հորմոնն է, հեղ.)։ Նաև միկրո-մակրո ադեմոնաները նույնպես ճնշում են մյուս հորմոնալ համակարգը, շաքարային դիաբետը, գենետիկ խնդիրները և այլն։ Շատ խնդիրներ կան, որոնք բերում են անպտղության։

Ի՞նչ պետք է անեն և’ կինը, և’ տղամարդը, եթե պլանավորել են երեխա ունենալ։

Եթե դուք ամուսնացել եք ու երեխա եք պլանավորում ու համոզված եք, որ ձեր անցյալում չեք ապրել ահավոր, անկանոն սեռական կյանքով…

Ես ընդհանրապես մի քիչ դեմ եմ, երբ մարդիկ ամուսնություն են պլանավորում, և միանգամից ուզում են հասկանալ՝ սերմի հետ խնդիր կա՞, թե՞ չէ, որովհետև սերմում, եթե 0 չի, հղիանալու հավանականություն միշտ կա։ Եթե դու իրենց սեռական կյանքի սկզբից սկսում ես սթրեսային բուժումներ անցկացնել, դա ճիշտ չէ։ Շատ ժամանակ վատ սերմով զույգերը հղիանում են. երբ մարդու հոգեէմոցիոնալ ֆոնը հանգիստ է, ինքը չգիտի, որ ինքը հստակ ինչ-որ խնդիր ունի, իր մոտ շատ ավելի լավ է դա ստացվում։

Դրա համար, եթե դուք մի տարի զբաղվեք սեքսով, բայց հղիություն չլինի, այդ ժամանակ նոր կսկեք մի քիչ անհանգստանալ։

Իսկ ամուսնանալուց առաջ սեռավարակները ստուգեք։

Անպտղության առումով՝ տղամարդկանց մոտ կոմպլեքս կա. նրանք չեն ուզում ընդունել, որ խնդիրը կարող է իրենցից լինել։

Չեմ կարող ասել, բայց հիմնականում կանայք լավ ստուգված են գալիս, իսկ տղամարդը գալիս է իր առաջին սպերմոգրաման հանձնելու։

Սթրեսի ազդեցությունը ուրոլոգիական խնդիրների ի հայտ գալու վրա։

Լինում են շատ դեպքեր, երբ հաճախամիզությունը բուժում ենք հանգստացնողներով, որովհետև քրոնիկ սթրես ունեցող հիվանդներն անընդհատ միզելու ցանկություն են ունենում։

Սննդի որակն ազդեցություն ունի՞։

Հա, ունի, եթե դուք ֆասթֆուդ շատ ուտեք, Կոլա շատ խմեք, քաղցրեղեն շատ ուտեք, նման բաները չարաշահեք, ձեզ մոտ կզարգանա մետաբոլիկ համախտանիշ, իսկ մետաբոլիկ համախտանիշը դոմինոյի առաջին քարն է. երբ որ կպչում ես, ամեն ինչ սկսում է քանդվել, ու քանդվելու են ձեր ամբողջ խնդիրները, այդ թվում՝ ուրոլոգիական։

Սպորտային հավելումները վնա՞ս են առողջության համար։

Ես մի քիչ դեմ եմ սպորտային հավելումներին. մարզվեք բնական սնվելով, որովհետև հիմա մարզիչները կարող են ասել, թե՝ դուք ինչ եք հասկանում, տարրական բան, շատ-շատ հիվանդներ գալիս են, դիմում են և ասում են, որ իրենք օգտագործում են սպորտային հավելումներ, և իրենց մոտ արդեն երիկամային անբավարարության նշաններ են հայտնվում։ Սպիտակուցային դիետաներից հետո են լուրջ խնդիրներ լինում, ուր մնաց՝ կոնցենտրացված սպիտակուց ուտելուց չլինեն։

Իսկ տեստոստերո՞նը…

Տեստոստերոն սրսկվել չի կարելի, եթե ձեր տեստոստերոնը ցածր չէ։ Երբ որ դուք սրսկվում եք տեստոստերոն, երբ որ այն ցածր չէ, դու նպաստում եք, որ էնդոգեն՝ ներսի տեստոստերոնի սինթեզը խանգարվի։ Ու շատ ժամանակ տեսնում եք լավ պարապած, տեստոստերոն սրսկված տղամարդկանց, ում ամորձիները չափից դուրս փոքր են, ու իրենք երեխա չեն կարողանում ունենալ։

Հիգիենայի մասին խոսելն իմաստ ունի՞։

Հա, լվացեք ձեր սեռական օրգանները գոնե օրը մեկ անգամ, լավ կլինի՝ երկու, գոլ ջրով, ավել բան պետք չէ։

Եվ վերջում․․․․

Մի քիչ ուշադի՛ր եղեք ձեր օրգանիզմին, բայց այնքան ուշադիր մի եղեք, որ հասնի գժվելու աստիճանի, այնքան էլ պոֆիգիստ մի եղեք, որ բաց թողնեք իրավիճակը։ Հիշե՛ք, օրգանիզմը մեզ հստակ սիգնալներ է տալիս, երբ որ հստակ խնդիրներ կան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter