HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հայաստանում ամեն 54-րդ մարդ քաղցկեղ ունի. դեպքերն աճել են 7,5%-ով

Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։ Առողջապահության ազգային ինստիտուտի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում ամեն 54-րդ մարդ ունի քաղցկեղ։

Ընդհանուր դեպքերը մեկ տարում աճել են 7,5%-ով, իսկ կյանքում առաջին անգամ արձանագրված դեպքերը՝ 9%-ով։

Հայաստանում քաղցկեղ ավելի շատ հանդիպում է կանանց մոտ, թեև տղամարդկանց համեմատ տարբերությունն այդքան էլ մեծ չէ. քաղցկեղ ունեցողների 55%-ը կին է, 45%-ը՝ տղամարդ։

Կանանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակը կրծքագեղձի քաղցկեղն է, տղամարդկանց շրջանում՝ թոքի։ Երկուսի դեպքում էլ տարեկան գրանցվում է 1300-ական նոր դեպք։

Քաղցկեղի դեպքերն ամենաշատը գրանցվում է Լոռու մարզում, ապա նոր՝ Երևանում, ամենաքիչը դեպքերը Սյունիքում են։ 

Ինչպիսի՞ն է հիվանդության տարածվածությունը, ի՞նչ խնդիրներ կան ոլորտում, ի՞նչ բարեփոխումներ են իրականացվելու, որակյա՞լ են արդյոք Հայաստանում տրամադրվող հակաուռուցքային դեղերը, կա՞ արդյոք արտերկրում բուժվելու անհրաժեշտություն։

Այս և մի շարք այլ հարցերի մասին խոսել է «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» փոխտնօրեն, ուռուցքաբան-վիրաբույժ Արթուր Ավետիսյանը։

 

Վերջին տվյլաների համաձայն՝ Հայաստանում 2020-2021թթ.-ին չարորակ նորագոյացությունների ընդհանուր թիվը 7,5%-ով աճել է՝ հասնելով 54519 դեպքի։ 2017-2021թթ.-ին քաղցկեղի դեպքերը 20%-ով ավելացել են, սակայն, դրան զուգահեռ, նվազել է կյանքում առաջին անգամ գրանցվող դեպքերի թիվը՝ 9%-ով։ 

Հիվանդացության աճի միտում կա ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։

Քաղցկեղի դեպքերն ամենաշատը գրանցվում են Լոռու մարզում, ամենաքիչը՝ Սյունիքում։ 2021թ տարեվերջին Լոռիում գրանցվել է քաղցկեղի 4628 դեպք (ինչը 100 000 բնակչի հաշվով կազմում է 2186.1), իսկ Սյունիքում գրանցվել է 1874 դեպք (100 000 բնակչի հաշվով` 1391.2 դեպք)։ Քաղցկեղի տարածվածությամբ Լոռու մարզին հաջորդում է Երևանը, ապա՝ Շիրակը և Կոտայքը։

Հայաստանում տարիներ շարունակ կանանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակը եղել և մնում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը։ Երկուսի դեպքում էլ տարեկան գրանցվում է 1300-ից ավելի նոր դեպք։

Կանանց մոտ կյանքում առաջին անգամ հաստատված չարորակ նորագոյացությունների մեջ նույնպես առաջին տեղը զբաղեցնում է կրծքագեղձի քաղցկեղը. հաստատված դեպքերի կեսից ավելին՝ 50%-ը, բաժին է հասնում հենց կրծքագեղձին։

2000-ական թվականներին կրծքագեղձի քաղցկեղի տարեկան արձանագրվող թիվը մոտ 600 էր։ Այժմ այն կրկնապատկվել է. առավել հաճախ դեպքերը գրանցվում են 45-55 տարեկան կանանց մոտ, նաև՝ 65-ից բարձր տարիքում։

Կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման տոկոսը բարձր է Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում, նաև՝ Երևանում, ինչը, թերևս, պայմանավորված է նրանով, որ այդտեղ գործում են սքրինինգային պիլոտային ծրագրեր (ներդրվել է 2021թ. հունվարից, առաջիկայում նախատեսվում է ներառել նաև Շիրակի մարզը, ծրագիրն անվճար է

Սքրինինգը, կոնկրետ կրծքագեղձի քաղցկեղի դեպքում, որևէ գանգատ չունեցող, առողջ կանանց մոտ համատարած մամոգրաֆիկ հետազոտություն է, որի արդյունքում հնարավոր է հայտնաբերել ուռուցքային գոյացություններ կամ նախաքաղցկեղային վիճակներ՝ ամենավաղ փուլերում, որոնց մասին կինն ինքնուրույն կարող էր իմանալ մի քանի տարի անց՝ արդեն բարդացած վիճակում, ինչը, բնականաբար, կփոխեր բուժման ամբողջ ընթացքն ու արդյունքը։

Սքրինինգ իրականացվում է նաև այլ հիվանդությունների դեպքում։

Կանանց մոտ շատ է հանդիպում նաև արգանդի վզիկի, արգանդի մարմնի քաղցկեղը՝ տարեկան մոտ 250-ական նոր դեպք։

Տղամարդկանց մոտ, ինչպես նշեցինք, առավել տարածված է շնչափողի, բրոնխների, թոքի քաղցկեղը։ Կյանքում առաջին անգամ հայտնաբերված քաղցկեղի 30%-ից ավելին բաժին է հասնում հենց այս տեսակին։ Հաջորդ, առավել հաճախ հանդիպող քաղցկեղի տեսակը միզապարկի, շագանակագեղձի, ստամոքսի քաղցկեղն է։

Առավել մանրամասն՝ ինֆոգրաֆիկայում

 Քաղցկեղ. ըստ 2022-ի Տարեգրքի
Infogram

2022թ․ մարտից «Ուռուցքաբանական կենտրոն»-ը սկսել է թվայնացնել քաղցկեղի վերաբերյալ եղած տվյալները, վարում է ուռուցքային ռեգիստր, որը, ըստ կենտրոնի փոխտնօրեն Արթուր Ավետիսյանի, թույլ կտա ունենալ ավելի հստակ և պատշաճ վիճակագրություն։

Ներկայում քաղցկեղի դեպքերի աճի միտումը, ըստ Ավետիսյանի, պայմանավորված է մարդկանց կյանքի տեմպի փոփոխությամբ, սննդի վատ որակով, նաև մեծ նշանակություն ունի կյանքի տևողության երկարումը. ապրելիությունը երկարում է, և քաղցկեղը սկսում է գլուխ բարձրացնել։

Դեպքերի աճը, իհարկե, պայմանավորված է նաև դիմելիության շատացմամբ, բայց, ամեն դեպքում, մարդիկ հաճախ դիմում են ուշացած։ Ա. Ավետիսյանն ասում է՝ մտահոգիչ է, որ կանայք ամեն ամիս ժամանակ են գտնում մատնահարդարման գնալու համար, բայց բժշկին դիմելու ժամանակ չունեն։

«Օրինակ, արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգը, որը 5 տարի շարունակվում էր Հայաստանում, բոլոր պոլիկլինիկաներում 30-65 տարեկան կանանց հասանելի էր, դիմելիությունը բավականին ցածր էր, նույնը՝ կրծաքագեղձի քաղցկեղի պիլոտային սքրինինգը»,- ասում է Ա. Ավետիսյանը։ Այդ ծրագրում կանանց դիմելիությունը կազմել է առավելագույնը 40%, օրինակ, անվճար մամոգրաֆիայի (կրծքագեղձի քաղցկեղի ստուգման համար) հրավիրված 100 կանանցից լավագույն դեպքում 40-ն է ներկայացել։

Ուռուցքաբանն ասում է՝ զավեշտալի է, որ երբեմն այդ ծրագրի շրջանակներում կանանց մոտ վաղ փուլում ուռուցք են հայտնաբերում, բայց չեն կարողանում նրանց բերել բուժման։

Խոսելով քաղցկեղի համար Հայաստանում և արտերկրում տրամադրվող բժշկական ծառայությունների և դեղորայքի որակի մասին, Ա. Ավետիսյանն ասում է, որ Հայաստանը թե’ տեխնիկապես, թե’ որակապես աշխատում է որևէ կերպ հետ չընկնել զարգացած երկրներից. կիրառում է ամբողջ աշխարհում ընդունված կլինիկական ուղեցույցները, բուժման եղանակները, իսկ հայ բժիշկներից շատերը վերապատրաստվում են արտերկրում։

«Այն կետերում, որտեղ որ կարիք ենք ունենում թանկարժեք դեղորայքի, այդ կետերում, բնականաբար, մենք կարող է զիջենք առաջատար երկրներին, մնացած դեպքերում, երբ որ հիվանդությունը գերթանկանոց դեղորայքի կարիք չունի, բուժման արդյունքներն առանձնապես չեն տարբերվում»,- նշում է նա, իսկ դեղորայքի խնդիրը միայն Հայաստանում չէ. զարգացած երկրներում էլ միշտ չէ, որ նորագույն դեղերը բոլոր բուժհաստատությունների համար հասանելի են լինում։

Հիվանդներին արտասահման տանելու ցանկությունը, ըստ ուռուցքաբանի, առավելապես «էմոցիոնալ որոշում է», քանի որ ծառայությունների ճնշող մեծամասնությունը կարելի է ստանալ Հայաստանում. «Ծայրահեղ դեպքերում, երբ հազվադեպ հանդիպող ուռուցքներ, կամ պաթոլոգիաներ են լինում, որի համար փորձ է պետք, նման դեպքերում մենք էլ կարող ենք խորհուրդ տալ, որ դիմեն այս կամ այն արտասահմանյան հաստատություն»,- ասում է նա։

Որպես ոլորտի խնդիր՝ Ավետիսյանն առանձնացնում է մարզերում կադրերի բացակայությունը, երբեմն՝ մասնագետների բարձր տարիքը, ինչի պատճառով նրանք չեն մասնակցում շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերին ու չեն անցնում վերապատրաստում։

Հայաստանում հաստատված չարորակ ուռուցքների վիրահատումն անվճար է։ Մոտ 3 տարի է՝ պետությունը կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար անվճար տրամադրում է «Հերցեպտին» դեղորայքը (մի դեղի միջին ներարկային գինը 350 000-400 000 դրամ է, այդ դեղի մոտ 17-18 ներարկում է պահանջվում

2021թ․ հունվարից Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում, նաև՝ Երևանում ներդրվել է կրծքագեղձի հայտնաբերման սքրինինգային պիլոտային ծրագրեր (առաջիկայում նախատեսվում է ներառել նաև Շիրակի մարզը, ծրագիրն անվճար է), 2022թ․ հուլիսից էլ՝ «Կոլոռեկտալ (հաստ աղիքի, ուղիղ աղիքի, սիգմայաձև աղիքի և հետանցքի) քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը»։

Այնուամենայնիվ, պետության հատուցման չափը սահմանափակ է, և ծախսերի մի զգալի մասը մնում է հենց հիվանդի վրա։ Սրան ավելանում է նաև այն, որ քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ մի շարք դեղեր դեռ գրանցված չեն Հայաստանում։

 

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter