HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Երեք տարում երեք զավակ եմ կորցրել»․ անհետ կորածի հայր Հրաչիկ Վարդանյան

2020թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 21-ին, Կովսականում շրջափակման հետևանքով «Քիմիկների զորամասի»  60 հոգանոց խմբից 40-ը զոհվում են, անհետ կորչում կամ գերության մեջ են հայտնվում։ Այսօր նրանց հարազատները Կառավարության շենքի դիմաց պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում։

Պատերազմից հետո «Քիմիկների զորամասի» դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որպես մեղադրյալ ներգրավված է 4 հոգի՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, վերը նշված զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը, զորամասի շտաբի պետ Սարգիս Կուլակչյանը և զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանը։

Տուժածների իրավահաջորդները բողոքում են դատավարությունից։ Բողոքի ակցիայի մասնակիցների մեջ էր անհետ կորած Արիստակես Վարդանյանի հայրը՝ Հրաչիկ Վարդանյանը՝ Շիրակի Հացիկ գյուղից, որի որդին պատերազմից առաջ, 6 տարի ծառայում էր «Քիմիկների զորամասում»՝ որպես պայմանագրային զինծառայող, վարորդ։ 

«2020թ․ հոկտեմբերի 20-ին՝ դեպքից մի օր առաջ, Կապանում էին, գեներալ Մակարյանը էկել, տղեքին ասել է, որ պետք է գնան Կովսական, տղեքը ասել են, որ էդտեղ արդեն ադրբեջանցիները դրոշ են դրել, ֆոտո, վիդեոներ են ցույց տվել։ Ասել է՝ էդ ֆոտոշոփ է, ով չենթարկվի հրամանին, դատվելու է։ Էդպես հաջորդ օրը առավոտյան գնում, ընկնում են շրջափակման մեջ»,- պատմում է անհետ կորածի հայրը՝ Հրաչիկ Վարդանյանը, որը չորս զավակ ունի՝ երեք տղա և մեկ դուստր։

Պատերազմից հետո՝ 2021թ․, եղբոր անհետ կորչելու ծանր ապրումներից մահանում է (ինֆարկտից) Հրաչիկ Վարդանյանի 34-ամյա դուստրը՝ Հասմիկ Վարդանյանը, իսկ 2022թ․ ավտովթարից մահանում է տղան՝ Հակոբ Վարդանյանը։ Հրաչիկ Վարդանյանի խոսքով՝ այս բոլոր դեպքերը կապված են Արեսի (Արիստակեսի) դեպքի, անորոշության, որոնումների, ծանր ապրումների հետ։

«Չորս զավակներից այժմ միայն մեծ տղաս կա, որն ապրում է արտերկրում։ Անհայտ կորած որդուս դատական նիստերը ոչ թե հարցերին պատասխաններ տալու, մեղավորներին պատժելու, այլ գործը, մեզ մաշեցնելու համար է։ Գյուղերից գալիս, 100 կմ քշում հասնում ենք, հինգ րոպե խոսում, ասում են նիստը հետաձգվեց»,- ասում է անհայտ կորած զինծառայողի հայրը, որը մյուս ծնողների հետ առավոտյան ժամը 8-ից կանգնել էր Կառավարության շենքի դիմաց՝ վարչապետին հանդիպելու պահանջով։

Մինչև կեսօր ապարդյուն սպասող ծնողները Կառավարության շենքից քայլեցին դեպի Բաղրամյան 26՝ նախագահի նստավայր։


Կարդացե՛ք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter