HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմի առաջին օրերը Ջրականում․ պատմում է հրամանատար Արտյոմ Պողոսյանը

Արցախյան 44-օրյա պատերազմում հակառակորդի հարձակման գլխավոր հարվածը եղել է Ջրականի՝ 9-րդ պաշտպանական շրջանի ուղղությամբ։ 2020թ․ սեպտեմբերի 27-ից 9-րդ պաշտպանական շրջանի ստորաբաժանումներին հաջողվել է 6 գիշեր և 7 ցերեկ դիմադրել ադրբեջանական մի քանի անգամ գերազանցող զինված ուժերի հարձակմանը՝ թշնամուն պատճառելով մեծածավալ կորուստներ։ Պատերազմի առաջին օրերի մասին «Հետք»-ը զրուցել է այդ ժամանակ 9-րդ պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Արտյոմ Պողոսյանի հետ (հարցազրույցն արել ենք 2022թ․ ապրիլին

«Հարձակման ընթացքում անմիջապես մոտ 100-110 զրահատեխնիկա է մեզ վրա եկել։ Էդ տանկերը, որ եկել էին առաջին օրը, կարող էին մեկ ժամվա մեջ վերցնել Ջաբրայիլը, բայց մենք 7 օր դիմակայել ենք ու մաքսիմալ կորուստներ պատճառել հակառակորդին, 64 զրահատեխնիկա ենք ոչնչացրել»,- պատմում է Ջրականի զորամասի հրամանատար Արտյոմ Պողոսյանը (նա մինչեւ 2020թ․-ի հոկտեմբերի 5-ն է եղել հրամանատար)։

-Պատերազմի առաջին օրը կնկարագրե՞ք, ի՞նչ ծավալների էր հարձակումը Ջրականի դիրքերի ուղղությամբ:

-Առաջին օրվանից մինչև իմ պաշտոնավարման վերջին օրը չի եղել կրակի խտության փոփոխություն, ընդհանրապես ոնց առաջին օրն են խփել, մինչև վերջ էդպես են խփել, ու դրա դիմաց զինվորները կռվել են՝ բոլոր ստորաբաժանումներն իմ դրած խնդիրները կատարել են։

Առաջին օրը 10-ից ավել մարտական դիրք կորցրել եմ, 10 զրահատեխնիկայով կարողացան վերցնել, հաջորդ օրը հետ ենք վերցրել էդ մարտական դիրքերը։ Դիրք կա, որ մի քանի անգամ տվել, հետ ենք վերցրել, օրինակ՝ 300-րդ դիրքը, 3-րդ գումարտակը հետ էր վերցրել՝ առանց մեկ վիրավորի։

Չի եղել մարտակարգի մի էլեմենտ, որ իր մարտական խնդիրը չկատարի։ Ես ծնող ունեմ, որ երկու էրեխուն կորցրել ա էդ օրերին իմ մոտ, հարցնում են, ասում են՝ հրամանատար խի՞ ռացիան չվերցրիր, ասեիր դուրս եկեք էդ դիրքերից, ասում եմ՝ ես նահանջ հրաման չեմ տվել երբևիցե։ Հոկտեմբերի 2-ին Նյուզգարի (տեղամաս Ջրականում, խմբ․) մոտի դիրքերից կամավորականներ են իջնում, իմ դիրքով պետք է անցնեն, հարցնում եմ՝ էս ո՞ւր եք գնում, ասում են՝ հրաման են տվել։ Ասում եմ՝ տղա՛, ես եմ հրամանատարը, ես ձեզ էդպիսի հրաման չեմ տվել, հետ եմ ուղարկում նորից իրենց տեղը։

Պետք չի էս պարտությանը անուն կպցնել․ մարդիկ կռվել են, ես ցույց տվեցի, թե ամեն յոթ հոգանոց դիրքի վրա քանի հակառակորդի տանկ է խփված։

-Ե՞րբ եղավ ճեղքումը։

-Ճեղքում բառն անընդունելի եմ համարում։ 

Հոկտեմբերի 3-ին ինձ խնդիր են դրել, որ անձնակազմը դուրս գա էդտեղից, հոկտեմբերի 3-ին, 2-րդ և 3-րդ գումարտակները քանի որ պատերազմի 7 օրվա ընթացքում շատ կորուստներ ունեցան, մեծ դժվարությամբ դուրս են եկել։ Ով պիտի էնտեղ կանգներ՝ ես տեղյակ չեմ․․․Հիմա հարց՝ իմ զորքը կանգնած է, թշնամին 7 օրվա մեջ ընդամենը 1,5 կմ է առաջ գալիս՝ կորցնելով 64 տանկ, հետևից գալիս է լրացուցիչ 40 տանկ, հիմա որևէ մեկը կարա՞ ասի՝ իմ զորքը ճեղքվել է։

-Ինչո՞ւ չկարողացանք կասեցնել հակառակորդի հարձակումները, ի՞նչպես հակառակորդը գրավեց Ջրականի դիրքերը։

-Շատ էին, ֆիզիկապես շատ էին, էնպիսի բան չեն արել, որ զարմանանք, ավիացիան է խփել, մեծ հրետանին է խփել, ռեակտիվ հրետանին է խփել, դրանից հետո՝ ԱԹՍ-ն, հետո նորից ամեն ինչ, ուղղակի ֆիզիկապես շատ էին:

Հակառակորդի նախնական մշակած շատ ծրագրեր խափանեցինք, բայց մենք էլ մեծ կորուստներ տվեցինք։ Հարցնում են՝ ինչո՞ւ չխուսափեցիք զոհեր տալուց, բացատրում եմ՝ կարայինք, եթե առաջին օրվանից թողեինք, գնայինք, ու էդ տանկերը որ եկել էին առաջին օրը կարային մեկ ժամվա մեջ վերցնեին Ջաբրայիլը, բայց յոթ օր դիմակայել ենք ու մաքսիմալ կորուստներ պատճառել հակառակորդին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter