ՀՀ ԶՈՒ գործառույթը ՀՀ անվտանգությունն ապահովելն է. Փաշինյանը՝ Արցախին ռազմական աջակցության մասին
ՀՀ զինված ուժերի գործառույթը Հայաստանի Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ապահովելն է։ Այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հետքի» լրագրողի այն հարցին, թե Արցախում Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու դեպքում ՀՀ զինված ուժերը պատրա՞ստ են ապահովել արցախցիների անվտանգությունը։
«Հայաստանի Հանրապետության խնդիրը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է, և մենք մնալու ենք այս տրամաբանության մեջ։ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը ապահովելու համար կա Պաշտպանության բանակ, բայց, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար պետք է դիվանագիտական ճանապարհներ օգտագործել։ Լեռնային Ղարաբաղի՝ Պաշտպանության բանակ ունենալը ինքնանպատակ չէ։ Ինչի՞ կա Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը․ քանի որ Ադրբեջանը ագրեսիվ, սպառնալից քաղաքականություն է վարում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Մենք ինչի ենք ասում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներ և անվտանգություն։ Մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը պետք է ապահովվի այնպիսի մի ձևով, որը վստահելի կթվա առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»,- ասաց Փաշինյանը։
Լրագրողի ճշտող հարցին, թե կարո՞ղ ենք նրա պատասխանից ենթադրել, որ ՀՀ զինված ուժերը չեն միջամտելու հնարավոր ռազմական գործողություններին Արցախում, Փաշինյանը շեշտեց, որ ՀՀ զինված ուժերի գործառույթը ՀՀ սահմանադրությամբ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը ապահովելն է։ Լրագրողի դիտարկմանը, թե այդ նույն Սահմանադրությունը գործել է նաև մինչև 44-օրյա պատերազմը, բայց ՀՀ զինված ուժերը մասնակցել են գործողություններին, Փաշինյանը պատասխանեց․ «Մենք նոր պատերազմ չենք ուզում և ամեն ինչ պետք է անենք, որ չլինի նոր պատերազմ, և պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնվի խաղաղ գործընթացի միջոցով՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի տրամաբանության մեջ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել