HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի շուտափույթ լուծմամբ՝ եռակողմ հայտարարությանը համապատասխան. Լավրով

Մոսկվան, որպես բանակցային գործընթացի կարևոր միջնորդ, շահագրգռված է Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի շուտափույթ կարգավորմամբ՝ եռակողմ հայտարարությունների համապատասխան, որոնք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներն ընդունել են 2020, 2021 և 2022 թվականներին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ լրատվամիջոցներին մեկնաբանելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ երեկ Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքները։

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Մոսկվան ողջունում է այն երկրների ցանկությունը, որոնք ուզում են աջակցել Հայաստանին և Ադրբեջանին փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու հարցում, սակայն չպետք է լինի արհեստական պայմանավորվածությունների պարտադրում՝ «հանուն լրատվամիջոցներում գեղեցիկ վերնագրերի»:

«Ակնկալում ենք, որ բանակցությունների գործընթացը կշարունակվի։ Հասկանում ենք թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի հետաքրքրությունը միջնորդներ օգտագործելու հարցում՝ ոչ միայն ի դեմս Ռուսաստանի Դաշնության, այլև մյուսների։ Ողջունում ենք բոլոր նրանց ցանկությունը, ովքեր անկեղծորեն շահագրգռված են օգնել Բաքվին և Երևանին՝ հասնելու պայմանավորվածությունների, ովքեր, ինչպես և մենք, աշխատում են այդ ուղղությամբ։ Բայց չպետք է լինեն այս կամ այն պայմանավորվածություններն արհեստականորեն պարտադրելու փորձեր ոչ թե հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով, այլ հանուն լրատվամիջոցներում գեղեցիկ վերնագրերի, հանուն աշխարհաքաղաքական և ներքաղաքական նկատառումների»,- հայտարարել է Լավրովը։

Նրա խոսքով՝ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը կշարունակեն հետագա հանդիպումների նախապատրաստման աշխատանքները, իսկ 2023 թվականին նախատեսվում է երեք երկրների առաջնորդների գագաթնաժողով։ «Կշարունակենք եռանդուն աշխատանքը հետագա հանդիպումների նախապատրաստման ուղղությամբ։ Այս տարի էլ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հերթական գագաթնաժողովն անցկացնելու ծրագրեր կան»,- ընդգծել է Լավրովը՝ հավելելով, որ ռուսական կողմն առաջարկել է նաև խորհրդարանականների գծով եռակողմ երկխոսություն սկսել։

Միևնույն ժամանակ, ռուսաստանցի նախարարը հույս է հայտնել, որ տեղի ունեցած քննարկումները կօգնեն դրական լիցք հաղորդել բանակցային գործընթացին այլ ուղղություններով ևս: «Այս փուլում առավել մոտ արդյունք է դիտվում եռակողմ աշխատանքային խմբում պայմանավորվածության ձեռքբերումը, որը գլխավորում են երեք փոխվարչապետները։ Նրանք զբաղվում են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կոնկրետ հարցերի համաձայնեցմամբ: Այդ համատեքստում կբացվեն նաև տրանսպորտային ոլորտում հեռանկարային նախագծերի իրականացման հնարավորությունները, որոնք արդեն ունեն ոչ միայն տարածաշրջանային, այլև առավել լայն բնույթ»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովը նշել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել «սահմանազատման հարցերին, որոնք սերտորեն կապված են քննարկվող բոլոր խնդիրների հետ, ինչպես նաև՝ Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հարցերին»: «Ակնկալում ենք, որ բանակցային մեծ գործընթացի գագաթնակետը կլինի հենց այդ պայմանագրի ստորագրումը, որը գիծ կքաշի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպումների ընթացքում հայերի և ադրբեջանցիների գործադրած ջանքերի տակ»,- շեշտել է նա:

Լավրովն ընդգծել է, որ Հայաստանը հասկանում է, որ «անհրաժեշտ է համոզել Լեռնային Ղարաբաղի հայերին շուտափույթ հանդիպել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ»։ «Հայկական կողմն ըմբռնում ունի Լեռնային Ղարաբաղի հայերին ադրբեջանական ներկայացուցիչների հետ շուտափույթ հանդիպումների մեջ համոզելու անհրաժեշտության մասին՝ համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից բխող իրավունքները համաձայնեցնելու համար, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին բազմաթիվ կոնվենցիաները»,- ասել է Լավրովը։

Ռուսաստանցի պաշտոնյան հավելել է, որ Բաքուն ու Երևանը «փոխադարձաբար պատրաստ են տրամադրել իրենց տարածքներում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման երաշխիքներ»: Նախարարը նշել է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներին ներկայացվել են ռուսական կողմի գնահատականները՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի զեկույցները «այն քայլերի մասին, որոնք խիստ ցանկալի է անհապաղ, առանց ուշացման ձեռնարկել՝ ի շահ Ղարաբաղի բնակչությանը սննդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով, անխափան էլեկտրա-գազամատակարարմամբ ապահովելու համար»: «Դա բխում է հասարակ մարդկանց, հայերի, տարածաշրջանի բնակիչների շահերից»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Լավրովը նաև մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման խնդիրը։ Ըստ նրա՝ ամենազգայուն հարցը մնում է «Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների խնդիրը, 1991 թվականի հռչակագրին լիովին համապատասխան, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում»: «Դրա գործունեությունն այսօր հաստատված է և՛ ադրբեջանական, և՛ հայկական ղեկավարության կողմից։ Դրան համապատասխան կառուցվում է աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ»,- եզրափակել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում ընթանում էր Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Միրզոյան-Բայրամով-Լավրով ձևաչափով հանդիպումից զատ, Արարատ Միրզոյանը երկկողմ հանդիպում էր ունեցել նաև Սերգեյ Լավրովի հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter