
Զախարովան Եվրամիությանն ու ԱՄՆ-ին մեղադրում է Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման մեջ
Հայ-ադրբեջանական հարաբարերությունների կարգավորման հարցում չկան ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդության դրսևորումներ և արդյունք։ Նման հայտարարություն է այսօր՝ հուլիսի 26-ին լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ Բրյուսելի ու Վաշինգտոնի գործողությունները Հարավային Կովկասում հանգեցնում են իրավիճակի ապակայունացման։
«Հայ-ադրբեջանական հարաբարերությունների կարգավորման հարցում չկան Բրյուսելի և ԱՄՆ-ի միջնորդության դրսևորումներ և արդյունք, որոնք կհանգեցնեին լավ արդյունքների։ Ցավոք, այն ամենը, ինչին նրանք դիպչում են, հանգեցնում է ապակայունացման։ Հարավային Կովկասի տարածաշրջանը բացառություն չէ»,- հայտարարել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Մոսկվան հույս ունի, որ Երևանի և Բաքվի հետ Մոսկվայի շփումները, որոնց շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել նախօրեին Մոսկվայում երեք երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, կկայանան առաջիկա ամիսներին։
«Ռուսաստանի համար երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցման գործընթացը պետք է ընդգրկի նաև հումանիտար ոլորտը։ Ինչպես նշվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարության մեջ, Ռուսաստանի աջակցությամբ, կարևոր է դրական մթնոլորտ ձևավորել Ադրբեջանի և Հայաստանի հասարակության, փորձագիտական հանրությունների, կրոնական առաջնորդների միջև երկխոսության շարունակման, ինչպես նաև՝ երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդման նպատակով եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան՝ հավելելով, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը բարդ է։
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում կայացել էր Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը։ Նույն օրը Լավրովը հայտարարեց, որ այս տարի նախատեսվում է նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների գագաթնաժողով անցկացնել։
Լավրովը նաև մեկնաբանել էր Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման խնդիրը։ Ըստ նրա՝ ամենազգայուն հարցը մնում է «Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների խնդիրը, 1991 թվականի հռչակագրին լիովին համապատասխան, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում»: «Դրա գործունեությունն այսօր հաստատված է և՛ ադրբեջանական, և՛ հայկական ղեկավարության կողմից։ Դրան համապատասխան կառուցվում է աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ»,- եզրափակել էր Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Լուսանկարը՝ РИА Новости / Пресс-служба МИД России
Մեկնաբանել