HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտը՝ առանց հանրային տրանսպորտի

2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Արցախը գտնվում է շրջափակման մեջ։ 232 օր է Ստեփանակերտ-Գորիս մայրուղով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 669 բուժառու համապատասխան բուժում ստանալու նպատակով: Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 165 օր ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումն ամբողջությամբ խափանված է արդեն 200 օր շարունակ։ 2023 թվականի հունիսի 15-ից Ադրբեջանը արգելափակել է սննդի, կենսական նշանակության ապրանքների ներկրումը Արցախ։

Ստեփանակերտի քաղաքային տրանսպորտի 39 ավտոբուսներ օրվա մեջ կենտրոնական կանգառներով միջինում անցնում էին 20 անգամ։ Դա մինչև Արցախի շրջափակումն էր։ 2023 թվականի հուլիսի 25-ից վառելիքի իսպառ բացակայության պատճառով Արցախի ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքը դադարեցվեց։ 

Վանիկ Մեժլումյանն ապրում է Ստեփանակերտի Հեքիմյան թաղամասում: Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնում է աշխատում: Ամեն օր գնում է ներկայացման փորձերի: 

«Սովորաբար, իմ շրջապատի մարդկանց նորությունները ես եմ պատմում։ Տեղյակ չէի, որ ավտոբուս չի լինելու։ Կանգառում սպասում էի, փորձի էի, պետք է հասնեի քաղաքի մյուս ծայրը, որտեղ թատրոնի շենքն է ու հասցնեի մտնել Մայակովսկու դերի մեջ։ Երբ հասկացա, որ ավտոբուսը չի գալու, ստիպված մեր թաղի կանգառից մինչև թատրոնի շենքը 40 րոպե քայլեցի։ Փորձից, իհարկե, ուշացա»,- ասում է 16-ամյա Վանիկ Մեժլումյանը։ 

Նրա խոսքով՝ մինչև տրանսպորտի աշխատանքի դադարեցումը, երբ քիչ քանակով ավտոբուսներ երթուղի էին դուրս գալիս, փորձից մի ժամ առաջ պետք է դուրս գար, որ կարողանար ուզած համարի ավտոբուսը նստել: 

«Լինում էր՝ 13։50-ին կանգառում էի լինում ու ավտոբուսը գալիս էր 14։40-ին։ Այդ ընթացքում չես կողմնորոշվում՝ ոտքով գնա՞ս, թե՝ մի քիչ էլ սպասես։ Ու շարունակում ես սպասել։ Այդպես ժամն անցնում է։ Իսկ հիմա չենք սպասում։ Հիմա գիտենք, որ ավտոբուսը չի գա։ Քայլում ենք»,- նշում է Վանիկը։ 

Ասում է՝ երեկոները հեշտ է, շատ շոգ չի լինում: Կեսօրվա տապին քաղաքի կեսը կտրել-անցնելն է դժվար: Եթե առանց գլխարկի ու ակնոցների ես տնից դուրս գալիս, կարող ես ճանապարհին ուշաթափվել: 

2023 թվականի հունիսի 15-ից՝ Արցախի լիակատար շրջափակումից հետո քաղաքային ու շրջանային տրանսպորտը սկսել էր գործել կրճատումներով: 

Ստեփանակերտի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Էդգար Ավանեսյանի խոսքով՝ ընտրել էին կրճատումների ամենաօպտիմալ տարբերակը՝ առավոտյան ու երեկոյան ժամերի երթուղիները: 

«Յուրաքանչյուր երթուղում փորձում էինք պահել նվազագույն շարժակազմ»,- ասում է Էդգար Ավանեսյանը: 

Հուլիսի 18-ից Ստեփանակերտի քաղաքային տրանսպորտի բոլոր ուղղությունների սպասարկումը դադարեցվեց՝ բացառությամբ Նոր Արեշ և Աջափնյակ թաղամասերի, որոնք Ստեփանակերտի ծայրամասային հատվածներում են գտնվում: Իսկ միջշրջանային տրանսպորտը շարունակում էր գործել որոշակի կրճատումներով: 

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտի բաժնի պետ Հարութ Ալեքսանյանի խոսքով՝ միջշրջանային երթուղիների բոլոր ուղղություններում նույնպես կրճատումներ էին անում: 

«Հիմնականում շեշտը դրել էինք նրա վրա, որ գոնե ամեն օր դեպի շրջկենտրոններ երթ լինի։ Մնացած ուղղությունների երթուղիները՝ դեպի Շոշ, Կոլխոզաշեն, Թաղավարդ կամ Ճարտար, նախկինում գրեթե ամեն օր աշխատում էին: Փորձել էինք այնպես անել, որ գոնե շաբաթվա մեջ ամեն օր դրանցից մեկը գործի ու այդ ուղղության վրա գոնե մի երթուղի լինի։ Շատ էր ծանրաբեռնված աշխատում, 13 տեղանոց մեքենայից լինում էր 38 մարդ էր դուրս գալիս, երբեմն ավտոբուսի դուռը չէր փակվում կամ չէին կարողանում բացել: Բայց ուրիշ ելք չունեինք, փորձում էինք ինչքան հնարավոր է երթուղիները երկար պահել։ Եթե ժամանակին այդ կրճատումները չանեինք ու համակարգված չկազմակերպեինք երթուղիները, մինչև հուլիսի 25-ն էլ չէինք ձգի։ Առաջնայինը մեզ համար միջհամայնքային տրանսպորտն էր։ Ու ինչպես պլանավորել էինք՝ սկզբում քաղաքի տրանսպորտը կանգնեցվեց, հետո շրջանայինը»,- ասում է Հարութ Ալեքսանյանը: 

Ասում է՝ եթե միջշրջանային երթուղայինում կար ապրանքներ վաճառող մեկը, մեքենայի վարորդը նրան հասցնում էր Ստեփանակերտի կենտրոնական շուկա: 

«Հիմա բացի նրանից, որ հենց Ստեփանակերտի ներսում կա տեղաշարժման խնդիր տարիքով մարդկանց, առողջական խնդիրներ ունեցողների համար, կտրվել է կապը գյուղի հետ: Միջշրջանային տրանսպորտի բացակայության պատճառով գյուղացիները գյուղմթերքը քաղաքում վաճառելու հնարավորություն չունեն»,- ասում է Հարութ Ալեքսանյանը: 

Ստեփանակերտում գործող «Թումանյան գինետուն» սրճարանի սեփականատեր Վադիմ Բալայանը նշում է, որ տրանսպորտի բացակայության պատճառով գյուղմթերքը Ստեփանակերտ հասցնելը դարձել է անհնար։

«Շրջափակման պատճառով սկզբում ինչ-որ ուտելիքներ կրճատվեցին։ Բայց թխվածքներ, տորթեր ունեինք։ Հիմա դրանք էլ են կրճատվել, մեկը մյուսի հետևից հրուշակեղենի խանութներն են փակվել։ Գնել կամ պատվիրել հնարավոր չէ, շաքարավազ արդեն կամ չկա, կամ քիչ է։ Սկսել էինք գյուղերի հետ աշխատել, կաթը գյուղից էինք գնում, իսկ պանիրն ու մնացած կաթնամթերքը այդ կաթով արդեն մենք էինք պատրաստում։ Լիակատար շրջափակումից հետո տրանսպորտի բացակայության պատճառով կաթը քաղաք հասցնելը անհնար բան է դարձել: Եթե գերծանրաբեռնված երթուղիներով էլի մի կերպ հասցնում էին քաղաք, ու ես հեծանիվով գնում էի 10 լիտրանոց տարան բերում, ապա հիմա  ընդհանրապես չկա»,- պատմում է Վադիմ Բալայանը: 

Վադիմ Բալայանը սրճարանի տարածքը վարձակալում է։ Անհրաժեշտ ապրանքները միշտ իր մեքենայով էր բերում: 

«Երբ արդեն հնարավոր էր կտրոններով գոնե վառելիք գնել, կտրոնները վերցրել էի, թողել մեքենայում, ու մի տեսակ հանգիստ էի։ Ասում էի՝ դե կտրոնները կան, երբ պետք լինի, կգնամ, կգնեմ։ Կտրոնները մինչև հիմա մեքենայում են, մեքենայի բակն էլ երեք շաբաթ է՝ դատարկ։ Անցել եմ հեծանիվի»,- ասում է 47-ամյա Վադիմ Բալայանը։

Նրա խոսքով՝ վերջին անգամ դպրոցական ժամանակ էր հեծանիվ նստել, երբ Արցախում գրեթե նույն վիճակն էր ու նույն խնդիրները. վառելիք չկար, սննդի պակաս կար, հեծանիվներով էլ գնում էին ջրի հերթի: 

Հեծանիվի զամբյուղը հիմա ինքն է դրել ու հարմարեցրել ապրանքներ տեղափոխելու համար։  

«Լրիվ պատահական, ապրանք բերելու ճանապարհին մտածել եմ, որ տոպրակը ձեռքիս կդժվարանամ պահել ու միաժամանակ քշել: Խանութից զամբյուղն ու կախիչները գնեցի, իրար կապեցի, ու բեռնատարը պատրաստ էր։ Իհարկե, երբեմն, երբ ծանր է լինում, դժվար է։ Բայց հաստատ ոտքով գալուց հեշտ է։ Քաղաքում էլ, երբ արդեն մեքենաներից հույսը կտրել էին, մի երկու հոգու հեծանիվով տեսել են, հիշել՝ «արա՜, վելիկ»։ Ով տանը ուներ ու հնարավոր է տարիներով չէր հիշում հեծանիվի մասին, հանել է, կարգի բերել, որ օգտագործի գոնե տեղաշարժվելու համար: Հիմա արդեն քաղաքում հեծանիվով գնում ես ու ծանոթների ես հանդիպում հեծանիվով»,- նշում է Վադիմ Բալայանը։ 

Նրա խոսքով՝ փորձում է հնարավորինս հեշտացնել գործը: Ամառվա շոգից խուսափելու համար ապրանքներ, օրինակ՝ ձմերուկ, փորձում է բերել մի օր առաջ՝ երեկոյան, երբ շատ շոգ չէ: 

Վադիմ Բալայանի խոսքով՝ սրճարանը ամենաուշը մի ամսից կփակվի: Սրճարանի տարածքը վարձակալել էին 2021 թվականի սեպտեմբերին: 

Ասում է՝ երբ շրջափակումը տոտալ բնույթ չէր կրում, ինչ-որ ձև պայքարում էին, ինչ-որ բաներ գտնում էին։ Տրանսպորտը կար, դրանով պայմանավորված ամեն ինչ ավելի հեշտ էր, մի տեղից էժան, մի տեղից թանկ, բայց անհրաժեշտ ապրանքների մի մասը գտնում էին։ 

«Հիմա սրճարանը երևի կդառնա թեյատուն, որովհետև առաջարկելու համար զուտ ոչ մի բան էլ չի լինելու»,-ասում է նա: 

Վադիմի խոսքով՝ եթե ֆիզիկական ծանրաբեռնվածությանը դիմանալ հնարավոր է, բարոյապես այս վիճակից հյուծվում է, թևաթափ լինում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter