HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Անօդաչուների նոր հարձակում Մոսկվայի վրա. դարձյալ վնասվել է «Մոսկվա-Սիթի»-ի երկնաքերերից մեկը

Օգոստոսի 1-ի գիշերը մի քանի անօդաչու փորձել է հարձակվել Մոսկվայի վրա, սակայն խոցվել են ՀՕՊ միջոցների կողմից։ Այդ մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 

Անօդաչուներից մեկն ընկել է «Մոսկվա-Սիթի» գործարար շրջանի երկնաքերերից մեկի վրա։ Դրա հետևանքով վնասվել է երկնաքերի 21-րդ հարկի արտաքին հատվածը։ Տուժածներ չկան։ Մոսկվայի գործարար կենտրոնը հարձակման էր ենթարկվել նաև հուլիսի 30-ի գիշերը։ 

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կանխել է «Կիևի ռեժիմի կողմից Մոսկվայի ու Մոսկվայի մարզի օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի ահաբեկչական հարձակման փորձը»։

Գերատեսչության տվյալներով՝ հարձակմանը մասնակցել է ուկրաինական երեք անօդաչու։ Դրանցից երկուսը ՀՕՊ միջոցների կողմից խոցվել են Մերձմոսկվայում։ Երրորդը չեզոքացվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։

TACC գործակալության տվյալներով՝ անօդաչուն ընկել է այն երկնաքերի վրա, որտեղ տեղակայված են եղել ռուսական կառավարական մարմինների գրասենյակները։ Ինչպես գրում է Astra պարբերականը, հարձակման ենթարկված երկնաքերի 21-րդ հարկում տեղակայված էր ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը։

Մոսկվայի արտակարգ ծառայությունները հայտնել են, որ անօդաչուի առանձին հատվածները կուղարկվեն փորձաքննության։ Անօդաչուների հարձակման հետևանքով իր աշխատանքը դարձյալ դադարեցրել էր Վնուկովո օդանավակայանը, որն ավելի ուշ վերականգնվել է։

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ի գիշերը «Մոսկվա-Սիթի»-ն արդեն իսկ ենթարկվել էր անօդաչուների հարձակման։ Այդ ժամանակ երկու անօդաչու վնասել էին երկնաքերի 5-րդ հարկը։ Հարձակման հետևանքով պահակներից մեկը վիրավորվել էր։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Մոսկվան մի քանի անգամ ենթարկվել է անօդաչուների հարձակման։ 2023 թվականի մայիսի 3-ի գիշերը անօդաչուն հարձակվել էր Կրեմլի վրա։ ՌԴ իշխանությունները տեղի ունեցածն անվանել էին «ահաբեկչություն» և Վլադիմիր Պուտինի վրա հարձակման փորձ:

Հուլիսի 24-ի առավոտյան էլ անօդաչու երկու թռչող սարք հարվածներ էին հասցրել Մոսկվայում գտնվող երկու ոչ բնակելի շենքերին։ Դրանցից մեկն ընկել էր ՌԴ ՊՆ-ի շենքի մոտակայքում։ 

Լուսանկարը՝ Надежда Серёжкина / РБК

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter