HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Մանե Հովհաննիսյանի «Ֆաբուլա» լուսանկարչական ցուցահանդեսը

Լուսանկարներում իրենց տանը պատկերված մարդիկ առօրյա կյանքով էին ապրում նաև ցուցասրահում, որտեղ  ցուցադրվում էր լուսանկարչական շարքը։

Հուլիսի 30-ին և 31-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում տեղի ունեցավ Լեոպոլդո Սիանոյի և Շուշան Հյուսնունցի (theatrum phonosophicum-ի հիմնադիրների) պերֆորմանսը:

Այն հուլիսի 17-ին բացված Մանե Հովհաննիսյանի «Ֆաբուլա» կոչվող լուսանկարների ցուցահանդեսի եզրափակումն էր։

Լուսանկարչական շարքը իրականացվել է 2017-2019թթ.-ին երկու տարբեր վայրերում. առաջինը Շուշան Հյուսնունցի և Լեոպոլդո Սիանոյի («Ֆաբուլա»-ի կերպարներ) բնակարանն էր գերմանական Քյուրտեն գյուղում՝ Ռայնլանդի անտառներում: Երկրորդը կինոգետ Շագա Յուզբաշյանի լեգենդար բնակարանն է Երևանում, որտեղ զույգը առիթ էր ունեցել որոշ ժամանակ բնակվելու:

«Ֆաբուլա»-ի հիմքում ընկած է մարդկանց, առարկաների և վայրերի փոխհարաբերությունները ցույց տալու ցանկությունը: Լուսանկարչի համար առավել հետաքրքիր են այն պահերը, երբ թվում է, թե մարդիկ դառնում են տոտեմ, իսկ առարկաները շնչավորվում են: Դա այն է, ինչ նա անվանում է «մոգական վավերագրություն»:

Շարքի վիզուալ կերպարները՝  Շուշան Հյուսնունցը և Լեոպոլդո Սիանոն, ստեղծել էին հնչյունային ինստալյացիա հատուկ այս ցուցահանդեսի համար: Այն հիմնված էր հատուկ ձայնագրությունների վրա, որոնք իրականացվել են նշված երկու բնակարանում: Արդյունքում ստացվել է երկու ակուստիկ տարածքի, երկու տարբեր «իրականության» շերտավորում, որը լսելի էր ցուցահանդեսի ողջ ընթացքում:

Ցուցահանդեսն ավարտվեց theatrum phonosophicum-ի երկօրյա պերֆորմանսով: Լուսանկարչական շարքում պատկերված կերպարները բնակվեցին սրահում պերֆորմատիվ կերպով՝ ներկայացրին իրենց հնչյունային աշխատանքները՝ ստեղծելով տարբեր առարկայական և ձայնային ինստալյացիաներ, սնվելով և հանգստանալով, մտերիմ զրույցներ վարելով այս կամ այն այցելուի հետ, լռելով ու լսելով... («պարզապես նստել և գիտակից լինել տիեզերական գործունեությանը»)։

«Էստեղ մենք ուզում ենք ինքներս մեզ վրա փորձարկել, թե ինչ կլինի եթե դու ցուցահանդեսի մեջ ապրես։ Ամբողջ պրոցեսը՝ օրվա հոգնածությունը, սովածությունը, կշտանալը, գլխացավը, այցելուների հետ խոսակցությունները, էս ամողջը գաղափարի մասն են։ Ցուցահանդեսի տարածքը դառնում է կյանքի տարածք»,- պատմեց Շուշան Հյուսնունցը, ում հետ մեր զրույցը նույնպես դարձավ այդ պերֆորմանսի մի մաս։

Հ․Գ․ Լեոպոլդո Սիանոն այդ պահին ցուցասրահում քնած էր։

Անցնելով լուսանկարների շարքով՝ Շուշանը պատմեց, թե ինչպես 2017թ․-ին Լեոպոլդո Սիանոյի հետ իրենց տանը՝ Գերմանիայի Քյուրտեն գյուղում, լուսանկարիչ Մանե Հովհաննիսյանին հյուրընկալելու ընթացքում ծնվեց լուսանկարների շարք ստեղծելու գաղափարը։

«էստեղ մեր կերպարները որպես բնավորություն չեն, ես նույնիսկ չեմ զգում, որ ես եմ, հիմա նայելիս բավական անջատված եմ ես իրենցից»,- իր զգացողություններով կիսվեց Շուշան Հյուսնունցը։ -Ամփոփելով զրույցը՝ ասաց, որ այս լուսանկարների շարքի թվացյալ  առօրեականության մեջ ստեղծվել է հիշողության ուրիշ իրականություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter