HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտում նախապատրաստվում են դեպի Հակարիի կամուրջ խաղաղ երթին

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այս պահին տեղակայված են տասնյակ մեքենաներ, որոնցով նախատեսվում է կազմակերպել խաղաղ երթ՝ դեպի Հակարիի կամուրջ, որտեղ ադրբեջանցիները ապօրինի անցակետ են տեղադրել։ Նախաձեռնության հեղինակը հանրային գործիչ Արթուր Օսիպյանն է։

Նրա խոսքով՝ երթի նպատակը Լաչինի միջանցքը բացելն է։ 

«Պետք է անենք ամեն ինչ՝ մինչև միջանցքը չբացվի և մինչև միջանցքի հինգ կիլոմերտանոց լայնությունը ապահովված չլինի։ Ադրբեջանցիները պետք է միջանցքի երկու կողմերից 2,5 կիլոմետր հեռու լինեն։ Հարցի լուծումը սա է»,- ասում է Արթուր Օսիպյանը։ 

Նա նշում է, որ նախաձեռնության մասնակիցները պատրաստակամություն են հայտնել իրենց տներում ու մեքենաներում եղած վառելիքը տրամադրել՝ ավտոբուսներով երթը կազմակերպելու համար։ 

«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ երթի առաջին մեքենաներում կլինեն բացառապես տղամարդիկ։ Ուզում ենք բոլորին հայտնի լինի, որ սա խաղաղ երթ է լինելու։ Միաժամանակ մենք սպասում ենք, որ Շուշիի մոտ մեր ճանապարհը կփակեն։ Վրաններ կդնենք ու կմնանք, մինչև գործը գործ ցույց կտա։ Մենք պետք է հասկանանք, որ իրոք վիճակը ծանր է և այս վիճակից դուրս գալու համար հեշտ լուծումներ չկան»,- ասում է Օսիպյանը։ 

Արթուր Օսիպյանի խոսքով՝ առկա մեքենաներով հնարավոր է տեղափոխել մոտ 700 մարդ, բայց նշում է, որ մեքենաների թիվը կավելանա։ Մեքենաների վրա փակցրել են խաղաղ երթի կարգախոսներ։ 

«Չեմ կարող հստակ ասել, թե երբ կսկսենք։ Բայց երթից մի օր առաջ հավաք է լինելու և բոլորը տեղեկացվելու են երթի մասին»,- ասում է Արթուր Օսիպյանը։  

Մեկնաբանություններ (1)

Կառլեն
Ես, անկեղծորեն, ձեր ակցիային հաջողություններ եմ ցանկանում, բայց մի մոռացեք, որ թուրքի հետ գործ ունեք /չեմ կարծում, թե ես արցախցուց ավելի լավ եմ ճանաչում թուրքին /: Դրանք նույնիսկ Շուշիի տակ կարող են ՛՛Խոջալուի եղեռնին՛՛ մասնակիցների անվան տակ մեր տղաներին պատանդ վերցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter