HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Փաշինյանն Ադրբեջանին կոչ արեց չարգելափակել Հայաստանի ուղարկած հումանիտար բեռի մուտքը Լեռնային Ղարաբաղ

Կառավարության այօրվա՝ օգոստոսի 3-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախում տիրող հումանիտար ճգնաժամին: Նա ասաց, որ նախորդ շաբաթ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված 361 տոննա հումանիտար օգնությունը դեռ գտնվում է Կոռնիձորի հատվածում` Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որովհետև Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, ապօրինաբար արգելափակում է հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ:

Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը դեպի ԼՂ հումանիտար բեռներ ուղարկելու որոշում կայացրեց այն բանից հետո, երբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտարարեց իր կողմից ԼՂ հումանիտար բեռներ տեղափոխելու անհնարինության մասին, քանի որ Ադրբեջանն ապօրինաբար խոչընդոտում է նաև այդ ջանքերին:

Կառավարության ղեկավարը հայտնեց, որ Ադրբեջանը համառորեն շարունակում է պնդել, թե Լաչինի միջանցքի փակման պատճառներից մեկը հունիսի 15-ին, ինչպես ինքն է ձևակերպում, «հայկական կողմի ռազմական աադրանքն է»: Սակայն Փաշինյանը հիշեցրեց, որ այդ օրը Ադրբեջանը փորձել էր դրոշ տեղադրել Հակարիի կամրջի եզրին` Հայաստանի տրածքում` արժանանալով Հայաստանի սահմանապահ զորքերի օրինական հակազդեցությանը:

«Հենց Ադրբեջանի նշված գործողությունն է սադրանքը, առավել ևս այն պայմաններում, երբ երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքները դեռ մեկնարկի փուլում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ տարբեր տեղերում ինքնակամ և հաճախ ուժի գործադրմամբ դրոշներ դնելու Ադրբեջանի գործելակերպը սահմանազատման և ընդհանրապես խաղաղ գործընթացը վիժեցնելու գործողության է նման:

Փաշինյանի խոսքով` դա երևաց նաև նախորդ օրը Ադրբեջանի նախագահի տված հարցազրույցում: Հայտարարելով, թե իբր Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջներ չունի` Ադրբեջանի նախագահն ասում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշվել են 1991 թվականի Ալմաթիի հռչակագրով, և դա վերահաստատվել է 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներով, որտեղ Ալմաթիի հռչակագիրն ընդունվել է որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման հիմք»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի պլանը հետևյալն է` Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմաթիի հռչակագրով ֆիքսված սահմանը վիճարկելու տեղ թողնող դրույթներով Խաղաղության պայմանագիր ստորագրել և հետագայում արդեն սահմանազատման և սահմանագծման գործընթացում տարածքային պահանջներ առաջադրել ՀՀ-ին:

«Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն, ի՞նչ տարածքների հարց է բարձրացնում Ադրբեջանը սահմանի տարբեր հատվածներում: Եթե նման հարց բարձրացվում է, ուրեմն սահմանները որոշված են: Իսկ այդ սահմանի գծից զորքերի հայելային հետքաշման Հայաստանի առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը ոչ թե սահմանի բացակայության մասին է վկայում, այլ հակառակը` որոշված, այսինքն` Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև ԽՍՀՄ-ի փլուզման պահին գոյություն ունեցած վարչական սահմանագծերի վերահաստատման և հողի վրա դրանց արտացոլման գործընթացն է` որպես պետական սահման: 

«Այս առումով ուզում եմ ընդգծել Հայաստանի հավատարմությունը` միմյանց 86 հազար 600 և 29 հազար 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու պայմանավորվածությանը»,- ասաց նա:

Կառավարության ղեկավարը հայտնեց, որ սպասում է Ադրբեջանի կողմից պայմանավորվածության հրապարակային վերահաստատմանը:

Նա նաև ընդգծեց, որ ի հեճուկս բոլոր բարդությունների` երկարաժամկետ, կայուն և տևական խաղաղության հասնելու հնարավորություն կա: «Ադրբեջանին կոչ եմ անում զերծ մնալ այդ հնարավորությունը նվազեցնելուն ուղղված քայլերից, ինչպես, օրինակ, միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության շարունակական տորպեդահարումը, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և շաբաթվա սկզբին Լաչինի միջանցքից ԿԽՄԿ-ի կողմից Երևան տեղափոխվող ԼՂ բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով, Վագիֆ Խաչատրյանին, մյուս գերիներին, պատանդներին, պահվող անձանց ազատ արձակելը խաղաղության օրակարգին հավատարմության տպավորիչ ազդարարում կլիներ: «Որպես խաղաղության օրակարգին նվիրվածության քայլ` կոչ եմ անում նաև չարգելափակել Հայաստանի ուղարկած հումանիտար բեռի մուտքը Լեռնային Ղարաբաղ Լաչինի միջանցքով, առավել ևս, որ բեռի անցմանը խոչընդոտելը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 1-ի որոշումների կոպիտ խախտում է»,- նշեց Փաշինյանը:

Նա ասաց, որ Ադրբեջանի նախագահի` «Եվրանյուզին» տված հարցազրույցից հետո, թե Լաչինի միջանցքն արգելափակված չէ, անհրաժեշտ է լսել ԼՂ-ում ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի պարզաբանումը: «Ինչու՞ նրանք չեն ապահովում ՀՀ կառավարության ուղարկած հումանիտար օգնության մուտքը ԼՂ, եթե Ադրբեջանը պնդում է, թե չի արգելափակել Լաչինի միջանցքը: Կարծում եմ` այս հարցի պարզաբանումը կարևոր է, և մեր համապատասպան մարմինները պետք է աշխատեն այս հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու ուղղությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter