
Կալուգայի մարզում 7 անօդաչու է խոցվել
Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի նահանգապետ Վլադիսլավ Շապշան հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը մարզի հարավարևմտյան հատվածում խոցել են 6 անօդաչու։ Նրա խոսքով՝ տուժածներ և ավերածություններ չկան։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ խոցվել է ևս մեկը։
Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զինուժը «ահաբեկչական հարձակման փորձ է կանխել»։ Ռուսական պաշտպանական գերատեսչությունում տեղի ունեցածի մեջ մեղադրել են «Կիևի վարչակարգին»։ Գերատեսչությունում ևս հայտարարել են, որ տուժածներ ու ավերածություններ չկան։
Կալուգայի մարզը սահմանակից է Մոսկվայի մարզին։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում անօդաչուները երկու անգամ՝ հուլիսի 30-ին և օգոստոսի 1-ին հարձակվել էին Մոսկվայի վրա։ Երկու դեպքում էլ վնասվել էին «Մոսկվա-Սիթի» գործարար շրջանի երկնաքերերը, որտեղ տեղակայված են նաև ռուսական կառավարական հաստատություններ։
Լուսանկարը՝ kp40.ru-ից
Մեկնաբանել