HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Էնջելս թրավելի» գործունեության վերաբերյալ խարդախության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել

«Էնջելս թրավել» տուրիստական ընկերության գործունեության վերաբերյալ Քննչական կոմիտեում խարդախության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին «Հետքը» գրել էր, որ «Էնջելս թրավել» տուրիստական ընկերությունը վաճառում է տուրիստական փաթեթներ, որոնք իրականում գոյություն չունեն։ Տուրիստական ընկերության ղեկավար Անժելա Միքայելյանը տասնյակ մարդկանցից հանգիստը կազմակերպելու համար գումարներ է վերցրել, բայց ծառայություն չի մատուցել։ Տուժողներից ոմանք հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել։ 

«Մենք ստացել էինք բազմաթիվ անձանցից հաղորդումներ։ Այս պահի դրությամբ 13 անձի հաղորդումներ կան, բայց հնարավոր է, որ թիվն էլի փոխվի, որովհետև անընդհատ ստանում ենք նոր հաղորդումներ։ Բոլոր դեպքերով  նախաձեռնվել է քրեական վարույթ խարդախության հատկանիշներով։ Քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում, իրականացվում է նախաքննություն»,- նշեց Գոռ Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ գործով մեղադրյալ դեռևս չկա։ Քրեական հետապնդում որևէ անձի նկատմամբ դեռևս չի հարուցվել։ Ճշտվում է հասցված վնասի ընդհանուր չափը։ Ընկերության գործունեությունը, Գոռ Աբրահամյանի խոսքով, քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում է։

«Քրեական վարույթի պրոցեսից ձեռք բերվող ապացույցների շրջանակից և բավարարության մակարդակից կախված՝ գործողություններին անպայման իրավական գնահատականներ տրվելու են»,- հայտնեց նա։



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter