HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Հնարավոր չէ նստել տանը, երբ հայրենիքդ վտանգի մեջ է». ՄԱԿ-ի գրասենյակի առջև հացադուլը շարունակվում է

Հուլիսի 17-ից «Կանայք հանուն Արցախի» նախաձեռնության անդամները ամեն օր հացադուլ են անում ՄԱԿ-ի հայաստանյան գրասեյակի մոտ։ 

Այսօրվա հացադուլի մասանկիցը Լառա Սևումյանն էր։ Լառան արդեն 3-րդ անգամն է հերթափոխում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։

Առավոտյան  8-ից երեկոյան 8-ը ակցիայի մասնակիցները խորհրդանշական հացադուլ են անում՝ այդկերպ իրենց աջակցությունն են հայտնում Արցախում շրջափակման մեջ գտնվող հայրենակիցներին։

Լառան արմատներով Մարտունու շրջանի Շեխեր գյուղից է։ Շեխերը 44-օրյա պատերազմից հետո անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։ 

Պատերազմից հետո Լառան ընտանիքի հետ տեղափաոխվել է Հայաստան։ Հարազատների մեծ մասն Արցախում են։ Ասում է՝ վերջին 7-8 ամիսներին «ո՞նց եք» հարցը չի տալիս նրանց։ 

Մի քանի օր առաջ Լառայի հղի ընկերուհին վիժել է թերսնուցման պատճառով։ Երեկ խոսելիս պատմել է նրան, որ վերջին բաժին հնդկաձավարն են եփել ու չգիտի, թե էլ երբ ձավարեղեն գնելու հնարավորություն կլինի։  

Լառան, հարազատների պատմությունները լսելով, չի կարողանում անտարբեր մնալ։ Արցախից դուրս գտնվելով՝ փորձում է իր հնարավորության չափով օգտակար լինել։

«Հնարավոր չէ նստել տանը, երբ հայրենիքդ վտանգի մեջ է։ Մոտենում են կանայք, աղջիկներ, նստում են, հարցնում, թե ինչով օգնեն: ՄԱԿ-ից էլ են դուրս գալիս, այ օրինակ` էսօր գրասենյկաի ղեկավարի պաշտոնակատարն էր դուրս եկել, ասաց, որ քննարկումներ են անում, տեսնենք էլի։ Ամեն ինչ պիտի անենք, որ օգնենք Արցախին»,- ասում է նա։

Լառային հարազատները պատմել են նաև, որ Ստեփանակերտում աղբահանություն չի կատարվում վառելիքի սղության պատճառով։ Մենքենաները հնարավոր չի լինում լիցքավորել ու աղբը քաղաքից դուրս չի գալիս։ 

«Մեր երբեմնի սիրուն, մաքուր Ստեփանակերտում, հիմա աղբի վիճակն ահավոր է, դա հանգեցնելու է համաճարակի: Հիմա կա համաճարակի վտանգ, ամռանը, սաստիկ շոգին, աղբը չի մաքրվում, ի՞նչ պիտի լինի»,- ասում է Լառան։ 

Լառան 10-ամյա որդու հետ դեկտեմբերից մասնակցել է Արցախի ապաշրջափակման պահանջով կազմակերպվող ակցիաներին ու համոզված է, որ պայքարի միջոցով կարող են արդյունքի հասնել։

Հացադուլին զուգահեռ «Բացում» նախաձեռնության մասնակիցները հերթապահում են ՄԱԿ-ի մոտ։ Գրասենյակի առջև նաև նախաձեռնության անդամների միջոցով հավաքած հումանիտար օգնությունն է արկղերով դրված։

Մեր այնտեղ գտնվելու պահին Լառայի կողքին էր նախաձեռնության անդամ Շուշանիկ Հարությունյանը։ Վերջինս պատմեց, որ այսօր՝ օգոստոսի 11-ին հերթական նամակն են փոխանցել ՄԱԿ-ի գրասենյակ, որում ներառված են եղել առաձին մարդկային պատմություններ ու փաստեր՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին։

Լուսանկարում աջից՝ Լառա Սևումյանը, ձախից՝ Շուշանիկ Հարությունյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter