HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Վճռաբեկի որոշմամբ՝ Արամ Դանիելյանի կինը զրկվեց 5500 քմ անտառի նկատմամբ սեփականության իրավունքից

Շուրջ երեք տարի տևած դատական գործընթացներից հետո պետությանը կվերադարձվի Ծաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված 0.55 հեկտար մակերեսով անտառը։ Ծաղկաձորի սկզբնամասում գտնվող անտառապատ տարածքը կեղծ աճուրդում սեփականաշնորհել էր Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի կինը՝ Զարիկ Գևորգյանը։

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը օգոստոսի 3-ի վճռով ուժի մեջ է թողել Վերաքննիչ դատարանի որոշումը, որն էլ ուժի մեջ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Իսկ առաջին ատյանում՝ Եղվարդ քաղաքի դատարանը 2022թ․-ին վճռել էր բավարարել Գլխավոր դատախազության հայցը՝ անվավեր ճանաչել 2007թ․-ին Կոտայքի մարզպետարանի կազմակերպած աճուրդը։ Դատարանի վճռով՝ որպես անվավերության հետևանք, անվավեր էր ճանաչվել Զարիկ Գևորգյանի անունով 0.55 հա հողամասի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքը։ Կոտայքի մարզպետարանը պետք է Զարիկ Գևորգյանին վերադարձնի 3.4 միլիոն դրամ գումար, որը նա անտառային հողի համար վճարել էր։

Վճռաբեկ դատարանի այս որոշումը կարևոր է, քանի որ Գլխավոր դատախազությունը ևս 24 հողամասի աճուրդներ դեռ վիճարկում է դատարանում (գրեթե նույն փաստական հանգամանքներով)։ Ենթադրվում է, որ Վճռաբեկի այս որոշման պայմաններում մյուս բոլոր գործերում ևս դատախազության հայցերը վերջնարդյունքում կբավարարվեն։ Հայցերը դատարանում ներկայացնում է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Աղավնի Մադոյանը։

Իրավական այս գործընթացը սկիզբ առավ Ծաղկաձորում անտառների սեփականաշնորհման վերաբերյալ «Հետք»-ի 2018 թ․-ի հետաքննությունից հետո։ Մեր ուսումնասիրությունից հետո Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցվեց, բացահայտվեց, որ հանցագործություն է տեղի ունեցել, ապօրինի սեփականաշնորհված անտառների ծավալը կրկնապատկվեց, հաստատվեց, որ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանն ու Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը կեղծ աճուրդներ են կազմակերպել։ Բայց քանի որ դեպքը տեղի էր ունեցել 2007 թ․-ին, քրեական գործը կարճվեց՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Դրանից հետո Գլխավոր դատախազությունը և Հրազդան համայնքը դիմեցին դատարան, որպեսզի աճուրդները անվավեր ճանաչվեն, պետությանը և համայնքին վերադարձվեն ապօրինի սեփականաշնորհված անտառները։

Հակակոռուպցիոն դատարանի (առաջին ատյան) 2023 թ․-ին վճիռներով՝ պետությանը պետք է վերադարձվեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահմյանի կողմից Մարմարիկի ջրամբարի հարևանությամբ գտնվող և ապօրինի սեփականաշնորհված 4 հա, նույն տարածքում գործարար Սամվել Մայրապետյանի կողմից սեփականաշնորհված 2 հա և Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանի կողմից սեփականաշնորհված 2.4 հա անտառապատ տարածքները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter