HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Վեոլիա Ջուրը» անհասանելի է դարձել բոլորի համար. Երևանի մի շարք հասցեներում ջուր չկա

Վերջին օրերին սոցցանցերում բազմաթիվ են «Վեոլիա Ջուր» ընկերությանը վերաբերող հրապարակումները, որտեղ բնակիչները բողոքում են ջրի որակից, առանց նախազգուշացման ջրանջատումներից, ջրի ցածր ճնշումից։

Ընկերությունը, ինչպես քաղաքացիներն են ասում, դադարել է պատասխանել հեռախոսազանգերին, կամ էլ տալիս է ոչ սպառիչ պատասխաններ։ Փոխարենը բացել է տելեգրամյան ալիք, որտեղ պարբերաբար հրապարակումներ է անում ջրանջատումների մասին։

«Հետքի» խմբագրություն պարբերաբար ահազանգում են մեր ընթերցողներն ու խնդրում անդրադառնալ «Վեոլիա Ջուր» ընկերությանը։ 

«Հետքը» նախորդ ամիս գրել էր Էրեբունի վարչական շրջանի հաճախակի ջրանջատումների ու ջրի որակի մասին։ Ընկերությունը պարզաբանել էր, թե մատակարարվող ջուրը որակապես համապատասխանում է սահմանված նորմերին, իսկ հաճախակի ջրանջատուների վերաբերյալ հարցին  պատասխանել էր, թե ջրամատակարարման ընդհատումները կատարվում են պլանային կամ վթարավերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով և նման ջրանջատումներից խուսափել հնարավոր չէ։

Նեկտար Հարությունյանը դիմել է «Հետքի» խմբագրություն ու պատմել, որ Դավթաշենի 4-րդ թաղաամսում ջրի ճնշումն այնքան ցածր է, որ գազի կաթսան չի միանում ու հնարավոր չէ տաք ջուրը օգտագործել։ Ջրի ցածր ճնշան պատճառով հաճախ նաև հնարավոր չի լինում լվացքի մեքենան միացնել։ Ծորակից սառը ջուրը արդեն 2 ամսից ավել է՝ գալիս է բարակ շիթով։ Պարբերաբար առանց նախազգուշացնելու ջրանջատումներ են լինում, իսկ վերջին շրջանում էլ գիշերվա ժամերին ջրամատակարարումը ամբողջությամբ դադարեցվում է։

«Մեքենաս արդեն փչանում է միայն նրա համար, որ ողջ օրը կարող է անիմաստ պտտվել ու մի լվացքի ընթացքում մի քանի անգամ կանգ առնել։ Իմ գործերը ողջ օրը հետ են ընկնում «Վեոլիա Ջուր» ընկերության անպատասխանատու աշխատելաոճի պատճառով։ Տանը փոքր երեխա ունենք, շոգ է, օրվա մեջ մի քանի անգամ լոգանք ընդունելու կարիք կա, իսկ ջուր չկա»,- ասում է նա։

Նեկտարը ասում է, որ պարբերաբար ահազագել են «Վեոլիա Ջուր», ընկերությունը ասել է, թե վթարային ջրանջատուներ են, քաղաքում շատ է շինարարությունը, շինարարության հետևանքով խողովակներ են վնասվում ու վթար է առաջանում, ինչն էլ հանգեցնում է չնախատեսված ջրանջատումների։ Նեկտար Հարությունյանն այս պատասխանին չի հավատում։

Նույն բողոքն ունի նաև Գայանե Խուրշուդյանը։ Վերջինս բնակվում է Աջափնյակ վարչական շրջանի Ռուստամյան փողոցում։ 

Ըստ Գայանեի` այն բանից հետո, երբ «Վեոլիա Ջուր» ընկերությունը փոխեց ջրագիծը, դրանից ջրի ճնշումն իջավ ու ծորակից ջուրը ծորալով է գալիս։

«Չի լինում աման լվանալ, եռման ջուր է գալիս, գազի կաթսան մի կերպ է վառվում, կամ ընդհանրապես չի վառվում, լողանալ չի լինում։ Եթե ջրի նասոս չունես, ապա պետք է հիշել 90-ականները ու ջուրը բաժակով լցնել լողանալը։ «Վեոլիան» ոչինչ չի անում, մենք զանգում ենք, գնում ենք իրենք մարդ են ուղարկում, գալիս չափում են։ Տեսնում են ցածր ա, գնում ու ոչինչ չեն անում»,- ասում է նա։

Գայանեն բողոքում էր նաև չնախազգուշացված ջրանջատումներից։ Բացի դրանից ինչպես Դավթաշենում, այստեղ ևս գիշերային ժամերին ջուրն անջատում են։ Ռուստամյան փողոցի մի քանի բնակիչներով որոշել են բոյկոտել ու չվճարել ջրի վարձը, քանի որ ինչպես ինքն է ասում, վճարում են գումար, բայց դրա դիմաց պատշաճ մատուցված ծառայություն չեն ստանում։ «Վեոլիա Ջուր» ընկերությունն էլ վերջին օրերին չի պատասխանում նաև քաղաքացիների զանգերին։

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատեր Արմեն Բաղդասարյանը «Վեոլիա Ջուր» ընկերության վերաբերյալ իր էջում հրապարակում էր, որում ասվում էր, թե 2023 թվականի փետրվար ամսից մի շարք փողոցներում կա ջրամատակարարման խնդիր, բնակիչները դիմել են սպասարկող ընկերությանը, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, բայց սպառիչ պատասխան չեն ստացել։

«Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի որոշ թաղամասեր, մասնավորապես՝ Ներքին Զեյթունի Ազատության պողոտայով, Դավիթ Անհաղթ, Ուլնեցու, Սուրենյան, Վարշավյան, Տիգրանյան փողոցներով պարփակված թաղամասերի և նրանց ջրագծին կցված, բայց Արաբկիր համայնքում գտնվող Բաբայան փողոցի թիվ 12, 14, 16 և 16/1 շենքերն ունեն ջրամատակարարման լուրջ խնդիրներ, որոնք ավելի են սաստկացել օգոստոսյան բարձր ջերմաստիճանի պայմաններում՝ առաջ բերելով տարեց բնակիչների առողջական վիճակի և բնակտարածքների սանիտարահիգիենիկ պայմանների վատթարացում։ Նշված շենքերի բնակիչները բազմիցս դիմել և դիմում են «Վեոլիա Ջուր» ընկերությանը, սակայն խնդիրը լուծվելու փոխարեն ավելի է սաստկանում, իսկ ընկերությունն ամեն անգամ տալիս է անհեթեթ, հաճախ նաև՝ հակասական բացատրություններ և պատճառաբանություններ (օրինակ՝ տեղամասային ինժեներն ասում է, որ Երևան քաղաք ջուր չի մտնում)»,- նշված է օգտագիրոջ հրապարակման մեջ։

«Հետքը» փորձել է մեկնաբանություն ստանալ «Վեոլիա Ջուր» ընկերությունից։ Հանրային կապերի բաժնից մեզ առաջարկեցին կոնկրետ փողոցների ջրանջատումների մասին ուղարկել գրավոր հարցում։ Իսկ վերջին օրերի պարբերաբար ջրանջատումների մասով հայտնեցին, թե դրանք հիմնականում վթարների հետևանքով են լինում։

Մեկնաբանություններ (1)

Արամ
վեոլիան փորձանք է հայ ժողովրդի համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter