
ԲՐԻԿՍ-ում համաձայնության են եկել ընդլայնման հարցում
ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները համաձայնության են եկել Միության ընդլայնման հարցում։ Այդ մասին Ubuntu Radio ռադիոկայանի եթերում հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության ԱԳ նախարար Նալեդի Պանդորը։
«Մենք պայմանավորվել ենք ընդլայնման հարցում, մենք փաստաթուղթ ունենք, որն ընդունել ենք, որտեղ շարադրված են <...> սկզբունքները, այն երկրների համար նախատեսված գործընթացները, որոնք ցանկանում են դառնալ ԲՐԻԿՍ-ի անդամ»,- ասել է նա։
Ներկայումս կազմակերպությանն անդամակցում է 5 երկիր։ Եվս 23 պետություն արդեն իսկ ցանկություն է հայտնել միանալու տնտեսական այդ միությանը։ Այդ երկրների թվում են Ալժիրը, Արգենտինան, Բանգլադեշը, Բահրեյնը, Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Եգիպտոսը, Եթովպիան, Հոնդուրասը, Ինդոնեզիան, Իրանը, Ղազախստանը, Քուվեյթը, Մարոկկոն, Նիգերիան, Պաղեստինը, Սաուդյան Արաբիան, Սենեգալը, Թայլանդը, ԱՄԷ-ն, Վենեսուելան և Վիետնամը։
2022 թվականին ԲՐԻԿՍ-ը հայտարարեց, որ կընդլայնի անդամ երկրների թիվը, որպեսզի կազմակերպությունը դառնա առավել ներառական։ Այդ ժամանակ կազմակերպությանը միանալու ցանկություն ուներ առնվազն 19 երկիր։
Հիշեցնենք, որ այս օրերին Յոհանեսբուրգում ընթանում է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը։ Դրան մասնակցում են Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության առաջնորդները։ Ռուսաստանը ներկայացնում է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Վլադիմիր Պուտինը չի ժամանել ՀԱՀ, քանի որ այդ երկիրը վավերացրել է Հռոմի ստատուտը, ինչը նշանակում էր, որ Հարավաֆրիկյան Հանրապետությոնը պետք է ձերբակալեր Վլադիմիր Պուտինին, քանի որ Միջազգային քրեական դատարանը Պուտինի ձերբակալության օրդեր էր տվել։ Պուտինը գագաթնաժողովին մասնակցում է տեսակոնֆերանսի ձևաչափով։
Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել