HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների կեղտաջրերի 75%-ը Սևանա լիճ է լցվում առանց մաքրվելու

Շրջակա միջավայրի նախարարության ծրագրերը մաքրման կայաններ մտնող 25%-ի համար են

Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների կեղտաջրերի միայն 25%-ն է հասնում կեղտաջրերի մաքրման կայան և ենթարկվում մեխանիկական մաքրման։ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարում է, որ Սևանա լիճ միայն մաքուր ջուր պետք է լցվի, սակայն կեղտաջուրը մաքրելու ծրագրեր է ներկայացնում միայն կայաններ մտնող 25%-ի համար։ Նշված քաղաքներից արտահոսող կեղտաջրերի 75%-ը չի հասնում մաքրման կայան և միանգամից լցվում է հարակից գետեր, որոնք էլ թափվում են Սևանա լիճ։ Կառավարությունը ջրահեռացման համակարգ կառուցելու և կեղտաջրերն ամբողջությամբ մաքրման կայաններ հասցնելու ծրագիր չունի։ 

Սևանա լճի էկոհամակարգը վերականգնելու նպատակով Կառավարությունը 2022թ․ դեկտեմբերին հաստատել է «Սևանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թթ․-ի կառավարման պլանը»։ Ըստ այդմ, դոնոր կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ որոշել են արդիականացնել Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների կեղտաջրերի մաքրման կայանները։ Պլանավորածի համաձայն՝ Գավառի կեղտաջրերի մաքրման կայանը (ԿՄԿ) շահագործման պետք է հանձնվի 2025թ․-ին, Մարտունու ԿՄԿ-ն՝ 2026թ․-ի երկրորդ եռամսյակում, Վարդենիսի ԿՄԿ-ն՝ 2027թ․ տարեվերջին։ 

Այս երեքից միայն Գավառի ԿՄԿ-ն հաստատուն ֆինանսավորում ունի՝ կայանիարդիականացումն իրականացվում է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4SEVAN) ծրագրի շրջանակում։ Նախնական հաշվարկներով՝ Գավառի ԿՄԿ-ն արդիականացնելու համար կպահանջվի 803 մլն դրամ։ Ավելի քան 5,7 մլն եվրո արժողությամբ EU4SEVAN ծրագիրը 2020թ․ սեպտեմբերից իրականացնում են՝ Շրջակա միջավայրի նախարարությունը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)։ Ծրագիրն ավարտվելու է 2024թ․ օգոստոսին։

2023թ․ մայիսի 23-ին Գավառ քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանի արդիականացման մասին համաձայնագիր ստորագրվեց՝ Շրջակա միջավայրի նախարարության, Ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության («ECOServe» ծրագիր) միջև։ Գավառի ԿՄԿ-ն նախատեսվում է համալրել կեղտաջրերի պարզեցման HUBER ֆիրմայի կառուցվածքով, որն ավելի արդյունավետ կդարձնի կեղտաջրերի մեխանիկական մաքրման գործընթացը:

Նշենք, որ Սևանա լճին կից համայնքներից երեքն ունեն կեղտաջրերի մաքրման կայաններ։ Դրանք կառուցվել են Հայաստանի անկախության շրջանում՝ 2013թ․-ին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տրամադրած «Սևանա լճի բնապահպանական ծրագրի» շրջանակում։ Ծրագիրն ուղղված էր ջրակորուստների կրճատմանը, ինչպես նաև՝ Սևանա լիճ և Հրազդան գետ լցվող չմաքրված կեղտաջրերի նվազեցմանը: 

Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքների ԿՄԿ-ները կեղտաջրի ոչ լրիվ մեխանիկական մաքրում են իրականացնում: Գավառի ԿՄԿ-ի հզորությունը 10,476 մ3 է, Վարդենիսինը՝ 5,018 մ3, Մարտունիինը՝ 4,626 մ3: Կայաններում հեռացվում են կոշտ թափոնները, աղբը, ջրի մակերևույթից յուղորսիչներով անջատվում և հեռացվում են յուղերն ու ճարպերը, իսկ ավազորսիչներով անջատվում են ավազն ու մանր քարերը: 

«Սևանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027թթ․-ի կառավարման պլան»-ում շեշտադրվում է մաքրման կայանների տեխնոլոգիական ընդլայնման հարցը։ «Գործող երեք ԿՄԿ-ներն անհրաժեշտ է համալրել ժամանակակից պարզարաններով՝ ավարտին հասցնելու համար մեխանիկական մաքրման գործընթացը, ինչպես նաև կառուցել ակտիվ կենսաբանական մաքրման տեխնոլոգիական մասը»,- նշվում է 2022-2027 թթ․-ի կառավարման պլանում։

«ԿՄԿ-ներում չի իրականացվում մեխանիկական մաքրման վերջնական գործընթացը, քանի որ դրանք չունեն պարզարաններ, որտեղ տեղի է ունենում տիղմի նստեցում, ջրի պարզեցում և, որպես արդյունք, ջրից օրգանական աղտոտիչների էական մասի հեռացում: Հետևաբար, մաքրման կայան մտնող կեղտաջրերը Սևանա լիճ են լցվում առանց օրգանական աղտոտիչներից մաքրվելու»,- ասվում է հիշյալ կառավարման պլանում: Կառավարությունում համոզված են, որ այդ ԿՄԿ-ներն արդիականացնելուց հետո երեք քաղաքների մաքրված կեղտաջրերն անվտանգ կլինեն լճի համար, կարող են նաև օգտագործվել ոռոգման և տեխնիկական նպատակներով:

Այդուհանդերձ, Շրջակա միջավայրի (ՇՄ) նախարար Հակոբ Սիմիդյանը Գավառում մեխանիկական կայանի վերականգնման գործընթացն ամենաարդյունավետ միջոցը չի համարում։ «Ամենաարդյունավետը կենսաբանական կայաններ հիմնելն է, և այս ուղղությամբ մենք աշխատում ենք»,- հայտնել է Հ․ Սիմիդյանը Ազգային ժողովում պետական բյուջեի 2022թ․-ի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ: Նախարարը պնդել է, որ Գեղարքունիքի մարզի 5 խոշորացված համայնքների բոլոր բնակավայրերի կոյուղաջրերը Սևանա լիճ թափվելուց առաջ կենսաբանական մաքրման պետք է ենթարկվեն:

ՇՄ նախարարության պաշտոնյաներն այս թեմայով բազմաթիվ քննարկումների ժամանակ նշել են, որ Սևանա լճի ծաղկման խնդիրը լուծելու առաջնային պայմանը կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանների տեղադրումն ու գործարկումն է։ Դա հնարավորություն կտա մաքրել կոյուղաջրերն ու կեղտաջրերը, որպեսզի վերջնարդյունքում գետերի ջրերը մաքուր լցվեն լիճ։ 

Կեղտաջրերի մաքրման կայաններ կառուցելու գործում մասնագիտացած է «Ջինջ» ՍՊԸ-ն: Շրջակա միջավայրի նախարարության պատվերով ընկերությունն այս տարի Սևան լցվող 10-ը գետերը աղբոտումից և աղտոտումից մաքրելու նախագծա-նախահաշվային աշխատանքներ է իրականացնում։ Ընկերության տնօրեն, տ․գ․թ․ Էդուարդ Մեսրոպյանը կարծում է, որ կեղտաջրերի կենսաբանական մաքրման մասին մտածելը դեռևս վաղ է։ «Այս երեք կայանների կեղտաջրերի լաբորատոր անալիզները ցույց են տալիս, որ կեղտաջրերը բավականին նոսր են, ենթակա չեն կեսաբանական մաքրման։ Կեղտաջուրը, որպեսզի կենսաբանական մաքրման ենթարկվի, պետք է աղտոտվածության որոշակի բաղադրություն ունենա։ Երեք կայաններում կենսաբանական մաքրում կատարելու համար աղտոտվածությունը պետք է բարձրացվի, և դա պետք է արվի անընդհատ՝ 365 օր, օրական 24 ժամ շարունակ, որն անհեթեթ է»,- ասաց Է․ Մեսրոպյանը։ 

Պրն Մեսրոպյանի կարծիքով՝ շատ ավելի օգտակար կլիներ, եթե Սևանա լիճ լցվող բոլոր  կեղտաջրերը մեխանիկական մաքրման ենթարկեին, քան թե մի քաղաքի կեղտաջրի մի մասը՝ խոր մաքրման։ «Ջինջ» ընկերության տնօրենը հայտնեց, որ այս երեք քաղաքների ջրահեռացման համակարգը բարվոք վիճակում չէ․ խորհրդային շրջանում կառուցվածը մասամբ է գործում, վերջին 30 տարիներին քաղաքները նաև ընդլայնվել են՝ նոր թաղամասեր են կառուցվել, որոնք չունեն ջրահեռացման համակարգ։ Բնականաբար, կեղտաջրերը միանգամից լցվում են հարակից գետերը կամ վթարված խողովակների պատճառով չեն հասնում մաքրման կայան։ 

«Այս դեպքում ո՞րն է ճիշտ՝ 25% կեղտաջուրը խոր մաքրել, հետո լցնել լիճը, երբ 75%-ն առանց մաքրելու է լցվում։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի առաջնահերթ ապահովել ամբողջական կեղտաջրի հոսքը քաղաքից դեպի մաքրման կայան, որից հետո կարող ենք մտածել կենսաբանական մաքրում իրականացնելու մասին»,- ասաց Է․ Մեսրոպյանը։ 

Հայաստանի կառավարության և ՎԶԵԲ-ի միջև վարկային պայմանագիրը ստորագրելու օրը՝ 2007թ. ապրիլի 26-ին միաժամանակ ՎԶԵԲ-ը և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն ստորագրել են «Ներդրումային դրամաշնորհի համաֆինանսավորման մասին» համաձայնագիրը՝ ուղղված Սևանա լճի բնապահպանական ծրագրի իրականացմանը: Ծրագրի շրջանակում նախատեսվում էր Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքներում կառուցել ԿՄԿ-ներ և վերականգնել կոյուղու համակարգը: 

Էդուարդ Մեսրոպյանը նշում է, որ ծրագրով նախատեսվածն իրականացվել է՝ ԿՄԿ-ներ կառուցելու հետ միաժամանակ կոլեկտոր է կառուցվել՝ քաղաքի վերջնամասից ջրահեռացման համակարգը խողովակաշարով միացվել է մաքրման կայանին։ Սակայն քաղաքի ներսում ջրահեռացման համակարգ չի կառուցվել։ Այսպիսով՝ Գավառում կառուցվել է 220 լ արտադրողականության մեխանիկական մաքրման կայան, որտեղ այսօր 50 լ կեղտաջուր է լցվում։ Այսինքն, ներդրումը կատարվել է 100%-ի համար, բայց այսօր շահագործվում է 25%-ով։ 

Նա համամիտ է, որ ԿՄԿ-ներն արդիականացնելու արդյունքում ավելի խոր մեխանիկական մաքրում կկատարվի և ավելի շատ աղբ կանջատվի եղած կեղտաջրից, բայց դա դարձյալ վերաբերում է 25%-ին։ Նշեց, որ այդ երեք կայանները միասին տարեկան 600 տոննա աղբ են անջատում, և եթե նկատի ունենանք, որ այդ 600 տոննան եղածի 25%-ն է կազմում, ապա 1800 տոննա աղբը առանց մաքրվելու, ուղղակի լցվում է լիճ։ «100%-ով մեխանիկական մաքրում կատարելը Սևանա լճին ավելի շատ օգուտ կտա, քան թե 25%-ի կենսաբանական մաքրումը»,- համոզված է ընկերության տնօրենը: 

2022-2027 թթ․-ի կառավարման պլանում Սևանի աղտոտման մի քանի հիմնական պատճառ է նշվում՝ կեղտաջուր, աղբ, որը լճի հիմնական աղտոտողն է, լճում արհեստական ձկնաբուծություն, անասնապահություն, հողօգտագործում, ջրային ռեսուրսների ոչ խնայողաբար օգտագործում և այլն:

Սևանա լիճ է թափվում 28 գետ (ներառյալ՝ գետի տեսքով խոշոր աղբյուրները)։ Սևանի ավազանի բնակավայրերի մեծ մասի կոմունալ կենցաղային կեղտաջրերը գետեր կամ ջրահեռացման համակարգեր թափվելուց առաջ չեն մաքրվում, և կեղտաջրերը լցվում են Սևանա լիճ: Կենցաղային կեղտաջրերով և գյուղատնտեսության հոսքաջրերի ուղղակի և անուղղակի ազդեցությամբ առավել աղտոտված գետերն են՝ Գավառագետը, Մասրիկը, Վարդենիսը և Մարտունին: Անասնապահությունը հատկապես զարգացած է Մասրիկ, Արգիճի, Գավառագետ և Մարտունի գետավազաններում: Սոթք և Մասրիկ գետերի վրա ազդում են հանքարդյունաբերական գործունեության հոսքաջրերը: 

«Սևանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թթ․-ի կառավարման պլան»-ում նշվում է, որ Վարդենիկ և Զոլաքար գետերում անհրաժեշտ է իրականացնել կեղտաջրերի և՛ մեխանիկական, և՛ կենսաբանական մաքրում՝ երկրորդային նստեցման կամ այլ պրոցեսի հետ համատեղ: 

Մեկ տարի առաջ գրել էինք, որ Վարդենիկը կենսաբանական մաքրման կայան կունենա: Նախագծի հեղինակը «Ջինջ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Մեսրոպյանն է։ Վարդենիկի ԿՄԿ-ի կառուցումը նա ցանկանում է իրականացնել ՇՄՆ-ի հետ համագործակցությամբ և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը հավաստիացնում էր, որ կարող են ապահովել ներդրումների իրենց մասը, և կայանը իրականություն դարձնել 2023թ.-ին:   

Կառավարությունն իր ընդունած պլանում, կարևորելով հանդերձ Վարդենիկում կայանի կառուցումը, դեռևս չի քննարկել ներկայացված նախագծային առաջարկը։ «Հետքին» Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ «Սևանա լճի ավազանի Վարդենիկ և Ծովինար բնակավայրերի կեղտաջրերի հեռացման և մաքրման համակարգի ստեղծում» ծրագրային առաջարկը նախարարությունում դեռևս  ուսումնասիրում են։

Է․ Մեսրոպյանը կարծում է, որ Վարդենիկ գետի լիարժեք մաքրումն օրինակելի կլիներ մյուս գետավազանների համար։ Նախարարությանը ներկայացրած առաջարկում  նախատեսել էին նաև մասնագիտացված կազմակերպություն ստեղծել, որը կստանձներ ԿՄԿ-ի շահագործումը։ 

Սևանում կեղտաջրերի մաքրման կայան կառուցելը կրկին օրակարգում է, Մեծամորինը՝ հանվել է ծրագրից

Սևանա լճի ավազանում գտնվող քաղաքներից ԿՄԿ-ներ չունեն նաև Սևանն  ու Ճամբարակը։

Սևան քաղաքում ԿՄԿ-ն պետք է կառուցվեր 2015թ․-ին։ 2013թ. դեկտեմբերի 27-ին Հայաստանի կառավարության և KFW բանկի միջև կնքվել է «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II - 3 փուլ» ծրագրի պայմանագիրը։ Վարկային ծրագրով ջրային համակարգին հատկացվել է 30 մլն եվրո վարկային գումար, Հայաստանի կառավարության համաֆինանսավորումը` 6 մլն եվրո: Ծրագրի շրջանակներում նախատեսվում էր 6 քաղաքների և 37 գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հատվածների հրատապ վերականգնման աշխատանքներ իրականացնել, Արմավիր-Մեծամոր և Սևան քաղաքների համար՝ ԿՄԿ-ներ կառուցել: 

Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը «Արմենպրես»-ին հայտնել էր, որ Սեւան քաղաքի մաքրման կայանի եւ կոյուղու կոլեկտորի շինարարությունը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն կսկսի 2015թ․ գարնանը: «Այս խոշոր ծրագրի իրականացմամբ ոչ միայն լուծում կստանա Սեւանի կոյուղու մաքրման կայանի եւ նոր կոլեկտորի կառուցման խնդիրը, այլև կհաջողվի ընդմիշտ խուսափել բնական միջավայրի այն աղտոտվածությունից, որ տարիներ շարունակ Սեւանի կոյուղու կոլեկտորի անգործության հետեւանքով դեռեւս տիրում է Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն եւ Զովաբեր համայնքներում»,- ասել էր Ռաֆիկ Գրիգորյանը: 

Մաքրման կայանները չկառուցվեցին, ծրագիրը սառեցնելու պատճառները հայտնի չեն։ Այնուհետև, 2016թ․-ին Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի 75%-ը փոխանցվեց նոր ներգրավված օպերատորին՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին։ 2018թ․-ին պայմանագրի կողմերը՝ Ֆինանսների նախարարությունը և KfW բանկը վարկային ծրագրի ժամկետները երկարաձգելու համաձայնագիր ստորագրեցին, իսկ դրանից հետո իշխանափոխություն տեղի ունեցավ։ 2020թ․ մայիսի 12-ին ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3-մասհանման ժամկետի երկարաձգում»» նամակ-համաձայնագիրը՝ Հայաստանում ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքի հետագա վերականգնման ֆինանսավորման նպատակով։

Ջրային կոմիտեն մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ «Համայնքային ենթակառուցվածքների ծրագրի» (ՀԵԾ-2, փուլ 3) շրջանակում նախատեսված էր Սևան և Արմավիր (Մեծամոր) ԿՄԿ-ների կառուցման և կոլեկտորների վերակառուցման աշխատանքներն իրականացնել երկու փուլով․

  • առաջին փուլով նախատեսել կոյուղու կոլեկտորների և դրանց վրա նախատեսված այլ ենթակառուցվածքների շինարարություն,
  • երկրորդ փուլով իրականացնել ԿՄԿ-ների կառուցման աշխատանքներ:

«Ներկայումս վերը նշված ծրագրի շրջանակներում Սևան և Արմավիր քաղաքներում իրականացվում են կոյուղու կոլեկտորների և դրանց վրա նախատեսված ենթակառուցվածքների շինաշխատանքներ»,- հայտնել է Ջրային կոմիտեն:

Սևան համայնքի ղեկավարը 2023թ․-ի հուլիսի 7-ին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին շինթույլտվություն է տրամադրել՝ Սևան համայնքի ջրահեռացման համակարգի բարելավման՝ ստորգետնյա պոմպակայանի դիտահորի, ճնշումային կոյուղագծի և հիմնական կոլեկտորի վերակառուցման համար։ 

Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարատ Հովհաննիսյանի ասելով՝ Մեծամորում համայնքի ներկայացրած սուբվենցիոն ծրագրով ջրահեռացման և կոյուղատարի վթարված հատվածները և դրանց վրա գտնվող ենթակառուցվածքներն են վերականգնում՝ մոտ 10 կմ, աշխատանքները կավարտվեն 2024թ․-ին։ 

Տարածքային զարգացման հիմնադրամից (ՏԶՀ) հայտնում են, որ Մեծամոր և Արմավիր քաղաքների համար ԿՄԿ-ի կառուցումը հանվել է ծրագրից և հայտնի չէ՝ հետագայում կկառուցվի՞, թե՝ ոչ։   

Երեք գյուղերում նախատեսում են կեղտաջրերի մաքրման կայաններ կառուցել

Ջրային կոմիտեն «Հետք»-ին պարզաբանել է, որ 2025թ. տարեվերջին նախատեսվում է ավարտել Գերմանիայի զարգացման վարկերի (KFW) բանկի աջակցությամբ իրականացվող ՝ Համայնքային ենթակառուցվածքների ծրագրի (ՀԵԾ-2, փուլ 3) Լոտ-4-ի բաղադրիչով նախատեսված Մարգարա, Ուռուտ, Ագարակ, Խնածախ գյուղերում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի և կեղտաջրերի մաքրման կայանների կառուցումը: Ծրագրի բյուջեն 12 մլն եվրո է, որից 11 մլն եվրոն նախատեսվում է շինարարական աշխատանքների, իսկ 1 մլն եվրոն՝ խորհրդատվական ծառայությունների համար: 

Ջրային կոմիտեն վերը նշված ԿՄԿ-ների կառուցումը պատվիրակել է Տարածքային զարգացման հիմնադրամին (ՏԶՀ)։ Հիմնադրամը 2023թ.-ին Լոռու մարզի Ուռուտ և Ագարակ, Սյունիքի մարզի Խնածախ և Արմավիրի մարզի Մարգարա (որպես հնարավոր) գյուղերի կեղտաջրերի մաքրման կայանների համար նախատեսված աշխատանքների գնում էր հայտարարել: 

Արտառոց է փոքրաթիվ բնակչությամբ այս գյուղական բնակավայրերում ԿՄԿ-ներ կառուցելը, երբ քաղաքային բնակավայրերում լուծված չէ այդ հարցը։ Ուռուտ գյուղն ունի 1020 բնակիչ, Ագարակը՝ 1155 բնակիչ, Խնածախը՝ 592 բնակիչ։ Հիմնադրամից հայտնեցին, որ KFW բանկի պահանջն է՝ ջրամատակարարման ծրագրին զուգահեռ պարտադիր նաև մաքրման կայաններ կառուցել։ Գյուղերի ընտրությունը համաձայնեցվել է շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ, յուրաքանչյուր գյուղ ունենալու է իր մաքրման կայանը և այլ բնակավայրերի չի սպասարկելու։ 

Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Բաղինյանին ուղղված մեր գրությանը՝ իրականացվե՞լ է սույն գնումը, պայմանագիր կնքվել՞ է իրականացնողի հետ, ՏԶՀ-ից հայտնել են․ «Մրցութային փաթեթն արդեն պատրաստ է և ուղարկվել է ֆինանսավորող Գերմանիայի զարգացման վարկերի (KFW) բանկ՝ կարծիքի և համաձայնեցման: Աշխատանքները կատարվելու են երկու փուլով: Ներկայում աշխատանքներ են տարվում շահագրգիռ այլ կառույցների, մասնավորապես՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և Ջրային կոմիտեի» հետ՝ ԿՄԿ-ների կոնցեպտի համաձայնեցման ուղղությամբ»: 

Հիմնադրամից տեղեկացանք, որ համաձայնեցման փուլում Մարգարայում ԿՄԿ կառուցելը հանվել է ծրագրից, քանի որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հրաժարվել է ստանձնել ԿՄԿ-ի շահագործումը։ Մյուսների մասով հայտնում են, որ ծրագիրը մեկ անգամ հետաձգվել է, սակայն այս պահին ընթանում է ժամանակացույցով։ «Ծրագրի ժամկետների նոր երկարաձգումը չի բացառվում՝ կախված մրցույթի իրականացման ընթացքից՝ մասնակիցների առկայություն և այլն»,- հայտնում են հիմնադրամից:

2017թ.-ին Հայաստանի կառավարությունը ստորագրել է Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայված գործընկերության մասին նոր համաձայնագիրը: Այն ներառում է պարտավորություններ Հայաստանում ջրի որակի և ռեսուրսների կառավարման ոլորտում։

Մասնավորապես, Քաղաքային կեղտաջրերի մաքրման դիրեկտիվի պահանջների կատարմանն ուղղված միջոցառումների մասով նախատեսվում է ներպետական օրենսդրության ընդունում և իրավասու մարմնի սահմանում, նաև՝ քաղաքային կեղտաջրերի հավաքման և մաքրման իրավիճակի գնահատում մինչև 2026 թ. մարտի 1-ը։ Քաղաքային կեղտաջրերի մաքրման պահանջների իրականացման համար տեխնիկական և ներդրումային ծրագիր պետք է կազմվի (17(1) հոդված), որի վերջնաժամկետը սահմանվել է  2027 թ. մարտի 1-ը։

Հետևաբար, ինչո՞ւ են Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկում Գեղարքունիքի մարզի երեք քաղաքների ԿՄԿ-ներում կենսաբանական մաքրում կատարելու հարցը, երբ այդ քաղաքների կեղտաջրերի 75%-ը մեխանիկական մաքրման չի ենթարկվում։ Ինչո՞ւ չի խոսվում նույն մարզի մյուս քաղաքներում ԿՄԿ-ներ կառուցելու մասին։ Ինչո՞ւ չի խոսվում երեք քաղաքներում ջրահեռացման համակարգ կառուցելու և արտադրվող բոլոր կեղտաջրերը մեկ կոլեկտորով մաքրման կայան մղելու մասին։ 

Է․ Մեսրոպյանի ասելով՝ ԿՄԿ կառուցելն ավելի տեսանելի է՝ մի հատ կայան ես կառուցում և ասում, որ կենսաբանական մաքրում ես իրականացնում, բայց թաքցնում ես, որ դա արվում է ընդամենը 25%-ի համար։ 

Հայաստանում դեռևս անլուծելի է ԿՄԿ-ների պահպանության ու շահագործման հարցը։ Այդ մասին պատմել ենք Փարաքար համայնքի ԿՄԿ-ի վերաբերյալ մեր հրապարակման մեջ, երբ «Վեոլիա ջուր»-ը չէր իրականացրել կայանի շահագործումը։ Տարածքային զարգացման հիմնադրամից պաշտոնապես հայտնեցին, որ Մարգարա գյուղում ԿՄԿ կառուցելը հանվել է ծրագրից շահագործողի հրաժարվելու պատճառով։ Մեր տեղեկություններով՝ «Վեոլիա ջուր» ընկերության հետ տարաձայնություններ կան նաև արդիականացվող Գավառի ԿՄԿ-ի շահագործման հետ կապված։ Է․ Մեսրոպյանի կարծիքով՝ որպեսզի դրանք լիարժեք աշխատեն, Հայաստանում պետք է ստեղծել մասնագիտացված կազմակերպություններ, որոնք ունակ կլինեն մրցակցել հիմնական օպերատորի՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ։

Հիշեցնենք, որ հանրապետությունում շահագործվում է կեղտաջրերի մաքրման 7 կայան՝ «Աէրացիա», Մարտունի, Վարդենիս, Գավառ, Ջերմուկ, Դիլիջան և Փարաքար: Դրանք միայն մեխանիկական մաքրում են իրականացնում, բացառությամբ Փարաքարի մաքրման կայանի, որը նաև մասնակի կենսաբանական մաքրում է կատարում: Մնացած ԿՄԿ-ները չեն շահագործվում, և կեղտաջրերն առանց մաքրման լցվում են բաց ջրավազաններ։

Սեւանի լուսանկարները «Հետքին» տրամադրել է ջրակենսաբան Գոռ Գեւորգյանը

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter