HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեւանը ծաղկում է, գիտնականները՝ ահազանգում, կառավարությունը՝ հետաձգում

2018-ից սկսած՝ Սեւանա լիճն ամեն տարի ծաղկում է։ Բայց սա նոր երեւույթ չէ լճի համար։ Նախկինում՝ 1960-70-ականներին եւ 1990-ականների երկրորդ կեսին, Սեւանը եւս ծաղկել է։ Այսինքն՝ ներկայում ականատես ենք երրորդ մասսայական ծաղկմանը, բայց ծաղկումն ընդամենը ցուցիչ է այն բանի, որ լիճը վատ վիճակում է։ Այլ կերպ ասած՝ ծաղկումից դուրս եւս, օրինակ՝ գարնան, աշնան եւ ձմռան ամիսներին Սեւանը շարունակում է «հիվանդ» մնալ։

«Առաջնային խնդիրը կենսածին նյութերն են»

Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի կիրառական հիդրոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ, ջրակենսաբան, կենսաբանական գիտությունների թեկնածու Գոռ Գեւորգյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ ծաղկումը Սեւանի էվտրոֆացման (ճահճացման) գործընթացի դրսեւորումներից մեկն է միայն։ Այսինքն՝ հիմնական խնդիրը ոչ թե լճի ծաղկումն է, այլ էվտրոֆացումը, իսկ ծաղկումը դրա դրսեւորումներից է, որը տեսնում ենք հիմնականում տաք ժամանակահատվածում։

«2021 թ․ ծաղկումը շատ թույլ արտահայտվեց, սակայն այդ ժամանակ էլ ես փաստեցի, որ դա չի նշանակում, թե լճի էկոլոգիական վիճակի բարելավում է եղել։ Մեր հետազոտություններն արձանագրում էին, որ լճում շարունակվում են էվտրոֆացման գործընթացները»,- նշում է ջրակենսաբանը՝ հավելելով, որ նախորդ տարվա թույլ ծաղկումը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով՝ ջրի ջերմային ռեժիմով, քամիներով, որոնք լճում առաջ են բերում ալիքային գործընթացներ, որոնք էլ իրենց հերթին անբարենպաստ են ծաղկման պատճառ հանդիսացող ցիանոբակտերիաների զարգացման համար։

Ցիանոբակետրիաները, որոնք հայտնի են նաեւ որպես կապտականաչ ջրիմուռներ, ունեն թե՛ բակտերիաների, թե՛ ջրիմուռների հատկություններ, մասնավորապես՝ ջրիմուռների նման ունակ են ֆոտոսինթեզ կատարել։ Հայտնի է, որ ֆոտոսինթեզում առանցքային դեր է կատարում քլորոֆիլ կանաչ պիգմենտը։ Հենց սրանով էլ պայմանավորված է ծաղկման փուլում լճի կանաչելը։ Նկատենք նաեւ, որ եթե 1960-70-ականներին Սեւանի ծաղկման պատճառը կրկին ցիանոբակտերիաներն էին, ապա 1990-ականներին՝ այլ ջրիմուռներ։

Գեւորգյանն ասում է, որ ջրիմուռների ծաղկումները պայմանավորված են տարբեր գործոններով։ Առաջին եւ պարտադիր պայմանը կենսածին նյութերի առկայությունն է լճում, որոնցով ցիանոբակտերիաները զարգանում են։ Կարեւոր գործոն են ջերմաստիճանը, ալիքային գործընթացները, արեւային ճառագայթման ինտեսիվությունը։ Այսպիսով՝ երբ լճի ջուրը հարուստ է կենսածին նյութերով, ռադիացիոն ֆոնը բարձր է, ալիքներ էլ չկան, ստեղծվում է ցիանոբակտերիաների զարգացման իդեալական միջավայր։ Իսկ այս բոլոր գործոնները համադրվում են հենց ամռան ամիսներին։ Ջրակենսաբանը մանրամասնում է, որ երբ լիճը հանդարտ է, առանց ալիքների, ջրի տաք ու սառը շերտերն իրար չեն խառնվում, սրա հետեւանքով ձեւավորվում է լճի ջերմային շերտավորում, ինչն էլ նպաստում է, որ ցիանոբակտերիաները բարձրանան տաք շերտ՝ ջրի մակերեւույթ։

Սակայն ծաղկում հնարավոր է ցանկանած ժամանակ, երբ առկա լինեն դրա համար բարենպաստ բոլոր գործոնները։ Օրինակ՝ 2020-ին Գոռ Գեւորգյանը մեզ պատմել էր, որ քչերը գիտեն, բայց բարենպաստ պայմաններում սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին եւս դիտվում է Սեւանի ծաղկում՝ ավելի մեղմ արտահայտված։

«Մեր առաջնային խնդիրը կենսածին նյութերն են, քանի որ մյուս գործոնները, որոնք այդ նյութերի պայմաններում կարող են առաջացնել ծաղկում, հիմնականում եղանակի հետ են կապված։ Այսինքն՝ մենք խոշոր հաշվով չենք կարող ինչ-որ երեւելի ազդեցություն ունենալ այդ գործոնների վրա ու պետք է շեշտը դնենք կենսածին նյութերի վրա, միջոցառումներ ձեռնարկենք դրանց կրճատման համար»,- ասում է ջրակենսաբանն ու հավելում, որ այդ նյութերի հիմնական աղբյուրները Սեւան թափվող գետերով եկող բնակավայրերի ու տարբեր տնտեսվարողների կեղտաջրերն են, ինչպես նաեւ ներլճային աղտոտումները։ Այս վերջինը գիտնականը բացատրում է հետեւյալ կերպ․ «Հիմա մենք ունենք ցիանոբակտերիա-ջրիմուռների կուտակում, քանակի ավելացում, որն օրգանական կենսազանգված է, հետո դրանք քայքայվելու են ու վերածվելու կենսածին նյութի։ Այսինքն՝ բացի արտաքին աղտոտումից, ունենք նաեւ ներքին աղտոտում, որը տեղի է ունենում սննդային շղթայի խախտմամբ, լճում օրգանական նյութի, այս դեպքում՝ ցիանոբակտերաիների ավելցուկ է մնում»։

Սննդային շղթան խախտվել է լճում ձկնապաշարի նվազման հետեւանքով։ Ձկնաբան Տիգրան Վարդանյանը պրոցեսը նկարագրում է այսպես․ ձկներն ու խեցգետինը՝ որպես լճի սննդային շղթայի համեմատաբար վերին օղակներ, կենսանյութի «կուտակիչներ» են: Այսպես՝ երբ, օրինակ, ձուկը սնվում է ֆիտոպլանկտոնով (այդ թվում՝ ցիանոբակտերիաներով), զոոպլանկտոնով, հատակային անողնաշարավորներով եւ իր օրգանիզմում ձեւավորում է մարդու կողմից ուտելի բարձակարգ սպիտակուցներ, նպաստում է կենսանյութի դուրսբերմանը, երբ ինքն է որսի միջոցով հանվում լճից: Նույնը վերաբերում է խեցգետնին, որը ոչ միայն Սեւանի կողակի նման սնվում է դետրիտով՝ մահացած բույսերից, կենդանիներից կամ նրանց կենսագործունեության արգասիքներից առաջացած մասնիկներով, որոնց մեջ ապրում են միկրոօրգանիզմներ, այլեւ իր զրահի (արտաքին կմախքի) մեջ պարունակվող խիտինի սինթեզման համար օրգանական միացություններ է վերցնում ջրից:  

«Որքան սպիտակուց հանենք լճից, այնքան օրգանական մաս ենք հանում, ինչը կարող է նպաստել Սեւանում օրգանական նյութի պակասեցմանը: Բայց որսը պետք է լինի բալանսավորված, կառավարելի»,- շեշտում է Տիգրան Վարդանյանը: Գերորսի դեպքում էկոլոգիական հավասարակշռությունը խախտվում է՝ լճում շարունակում է կենսանյութ հավաքվել, բայց ձկան ու խեցգետնի նվազ, հյուծված պաշարների հետեւանքով այդ օրգանական զանգվածը լճից քիչ է դուրս բերվում:

Ըստ ջրակենսաբան Գոռ Գեւորգյանի՝ այս տարվա ծաղկումն իր ինտենսիվությամբ չի զիջում 2018-2019 թթ․ արձանագրվածներին։ Ընդ որում՝ նա ասում է, որ այս անգամ էլ, ինչպես նախորդ տարիներին, լճի ծաղկման պատճառ են դարձել ցիանոբակտերիաների տոքսիկ (թունավոր) ներկայացուցիչները (կան նաեւ ոչ տոքսիկ ցիանոբակտերիաներ)։

2020-ին Գեւորգյանը մեզ պատմել էր հետեւյալը․ «2018 թ. մեր կատարած թունաբանական ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ լճում ծաղկող ցիանոբակտերիաները թունածին են, հայտնաբերեցինք նրանց կողմից արտադրված թունավոր նյութեր, մասնավորապես՝ միկրոցիստին, որը կարող է առաջացնել տարբեր առողջական խնդիրներ՝ լյարդի, երիկամների, նեյրոտոքսիկոլոգիական, ցիտոտոքսիկոլոգիական, մաշկային խնդիրներ։ Խնդիրն այն է, թե ինչ խտության դեպքում այն կարող է ազդեցություն թողնել: Տեսնում ենք, որ ծաղկումը բավական անհամաչափ է բաշխվում լճում. մի վայրում կարող է լինել մեծ կուտակում, մյուսում՝ ավելի թույլ, եւ այդ մեծ կուտակումներով վայրերում ռիսկային է դառնում նույնիսկ լողալը»։

«Ծաղկման պիկը համապատասխանում է անոմալ բարձր ջերմաստիճանների տասնօրյակին»

2018-ից Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտը համագործակցում է Գերմանիայի Հելմհոլցի անվան բնապահպանական հետազոտությունների կենտրոնի (Helmholtz Centre for Environmental Research - UFZ) հետ՝ ամենամսյա նմուշառումներ կատարելով Սեւանում, որի նպատակը լճում ընթացող պրոցեսները ճշգրիտ գնահատելն է։

2020-ից հայ-գերմանական համագործակցությանը միացել է Գիտությունների ազգային ակադեմիայի մեկ այլ հիմնարկ՝ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը (հայտնի է նաեւ որպես Էկոկենտրոն)։ Վերջինիս գիտական գծով փոխտնօրեն, կենտրոնի աշխարհագրական տեղեկատվական համակարգերի եւ հեռազննման բաժնի ղեկավար, աշխարհագրական գիտությունների թեկնածու Շուշանիկ Ասմարյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ հայ-գերմանական նախագծում, որին մասնակցում է նաեւ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, Էկոկենտրոնի թիմի խնդիրը Սեւանա լճի արբանյակային պատկերների վերծանումն է, որպեսզի պարզ դառնա, թե ծաղկումը տարածականորեն ինչպես է արտահայտվում։

Ըստ Ասմարյանի՝ այսօր, թերեւս, միայն արբանյակային լուսանկարներն են հնարավորություն տալիս մեկ ֆրագմենտով հասկանալ, թե ինչ է կատարվում լճում։ Ասում է, որ դեռեւս 2018-2019 թթ․ ծաղկումներից հետո երբ ուսումնասիրել են արբանյակային լուսանկարները, տեսել են, որ  2006-ին եւս նման ծաղկում է եղել։

Լուսանկարներն ամենօրյա ռեժիմով ստացվում են եվրոպական «Sentinel-3» արբանյակից։ Շ․ Ասմարյանի փոխանցմամբ՝ խնդիրն այն է, որ դրանք որակապես ոչ միշտ են պիտանի հետազոտության համար։ Մեկ ամսվա կտրվածքով նկարներից վերծանման համար պիտանի է ընդամենը կեսը։

«Չկա երաշխիք, որ ցանկալի լուսանկար կստանանք, ամպային ծածկույթ կարող է լինել, բազմաթիվ մթնոլորտային աղավաղումներ»,- նկատում է «Հետքի» զրուցակիցն ու ավելացնում, որ հուլիսի 14-ի դրությամբ ամբողջ Սեւանա լիճը ծածկված էր քլորոֆիլով, ու չնայած ամսի 15-ի նկարն այնպիսին չէր, որ գործիքը վերծանի ամբողջությամբ, 16-18-ի նկարները ցույց են տալիս ամսի 14-ի նույն պատկերը։

«Լուսանկարը վերծանում ենք՝ հասկանալու համար քլորոֆիլի քանակը ջրում եւ փորձում ենք պարզել վտանգավոր ջրիմուռների առկայությունը,- ասում է Շուշանիկ Ասմարյանը,- ստացված տվյալները համադրում ենք վերջին 5 տարիներին ջրի ջերմաստիճանի հետ։ Համադրությունը ցույց է տալիս, որ ծաղկման պիկը համապատասխանում է անոմալ բարձր ջերմաստիճանների տասնօրյակին։ Դա հաստատված է։ Փորձում ենք էստեղ դնել նաեւ արեգակնային ռադիացիայի ինտենսիվությունը, որովհետեւ ռադիացիան անմիջական ազդեցություն ունի ծաղկման վրա։ Գումարային բոլոր ֆակտորները փորձում ենք ներառել, հասկանալ, թե ինչ խոշոր կապ կա էդ գործոնների միջեւ»։

Ըստ գիտնականի՝ իրենց հետազոտությունն, ի վերջո, տալիս է ստուգաչափված տվյալներ Սեւանի քլորոֆիլի քանակը որոշելու համար․ «Հիմա կարող ենք ասել, որ գործիքը, որով հեռազննում ենք կատարում, ստուգաչափված է եւ կարելի է կիրառել որոշումների կայացման համար»։ Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ քլորոֆիլի քանակը 1 լիտր ջրում, համաձայն հետազոտության, 10 միկրոգրամից բարձր է, նաեւ կարող է հասնել մինչեւ 20 մկգ եւ ավելի։

Բարձր ջերմային ֆոնը համեմատելով ծաղկման պրոցեսի հետ՝ Էկոկենտրոնի փոխտնօրենը նկատում է․ «2018-ին հուլիսի վերջին տասնօրյակում ունեցել ենք անոմալ բարձր ջերմություն, Երեւանում՝ +43։ Սեւանում ծաղկման պիկը համընկել է այդ տասնօրյակին։ 2019-ին բարձր ջերմաստիճանն ու ծաղկման պիկը հուլիսի առաջին տասնօրյակում էր, 2020-ին ավելի մեղմ էր, ունեցանք +40 աստիճանը չգերազանցող պիկեր հունիս-հուլիսին, բայց 2018-2019-ի ուժգնությունը չի եղել։ 2021-ին անոմալ բարձր ջերմաստիճան եղել է հունիսի վերջին, հունիսի ամբողջ երկրորդ կեսը Երեւանում +43 էր։ Ընդ որում՝ ջերմաստիճանի բարձրացում ունեինք արդեն մայիսի վերջին ու հունիսին եւ հունիսին Սեւանում ունեցանք ծաղկում։ Այս տարի բարձր ջերմաստիճանի պիկ գրանցվում է հիմա, տեսնենք, թե ոնց է շարունակվելու»։  

Ի՞նչ անել՝ անդառնալիության կետին չհասնելու համար

Էկոկենտրոնի փոխտնօրենը նշում է, որ Սեւանա լճի խնդիրները փունջ են, եւ լուծումն էլ պիտի փնջային լինի․ «Առաջին հերթին պետք է կայունացնել ջրի մակարդակը եւ բերել էկոլոգիական հավասարակշիռ վիճակ պահանջող այն նվազագույն սահմանին, որից հետո լիճը կփորձի ինքնակարգավորվել, ինքնամաքրվել, գալ իր նորմալ վիճակին։ Ոչ միայն մակարդակի բարձրացում պիտի լինի, այլեւ ափերի մաքրում, կեղտաջրերի մաքրման կայանների վերականգնում, խնդիրը պահանջում է փնջային լուծում»։  

Իր հերթին ջրակենսաբան Գոռ Գեւորգյանն ասում է, որ հաշվի առնելով գլոբալ տաքացումը, առաջիկայում ջերմաստիճանի բարձրացում է սպասվում նաեւ Սեւանի ավազանում։ Այսինքն՝ բնակլիմայական անբարենպաստ պայմանները շարունակվելու են, հետեւաբար պիտի կենտրոնանալ արտաքին աղբյուրներից լիճ մտնող կենսածին նյութերը չեզոքացնելու կամ կրճատելու վրա, ինչի համար պետք է մաքուր պահել Սեւան թափվող գետերը, տեղադրել մաքրման կայաններ, սահմանել անհրաժեշտ վերահսկողություն, ջրի տակ անցնող տարածքները բուսականությունից մաքրել, մինչեւ ջուրը կծածկի դրանք, չնայած հավելում է, որ վերջին շրջանում լճի մակարդակը ոչ թե բարձրանում է, այլ իջնում։

Երբ 1930-ականներին խորհրդային իշխանությունները ոռոգման եւ էներգետիկ նպատակներով սկսեցին իջեցնել Սեւանի մակարդակը, ժամանակի ընթացքում Մեծ Սեւանի հատակային սառը շերտը՝ հիպոլիմնիոնը, վերացավ, իսկ Փոքր Սեւանում, որն ավելի խորն է, պահպանվեց մասամբ։ Հիպոլիմնիոնը կատարում է պաշտպանիչ ֆունկցիա՝ թույլ չի տալիս, որ հատակում կուտակված կենսանյութերը նորից բարձրանան վերին շերտեր ու նպաստեն ջրիմուռի ծաղկմանը։ Այս պարագայում պատահական չէ, որ Մեծ Սեւանն ավելի շատ է ծաղկում, մյուս կողմից՝ Մեծ Սեւան թափվող գետերն ավելի շատ են, հետեւաբար այստեղ ավելի շատ կեղտաջուր ու տարբեր նյութեր են լցվում:

«Մենք պետք է թողնենք, որ լիճն ինքնամաքրվի, բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ նոր աղտոտում թույլ չտանք։ Ամենառեալ տարբերակը սա է, բայց դա, իհարկե, տեւելու է երկար տարիներ,- ասում է Գոռ Գեւորգյանը,- ինչքան ուշացնենք, հետո դրա ծախսատարությունը շատ ավելի մեծ է լինելու, եթե, իհարկե, հնարավոր լինի վերականգնել։ Կարող է գա ինչ-որ կետ, որն անցնելուց հետո Սեւանի օգտագործման նշանակությունը փոխվի, լիճը չկատարի այն ֆունկցիան, ինչ հիմա, այսինքն՝ ուրիշ ջրային էկոհամակարգ դառնա, մի կարգ ներքեւ իջնի։ Շատ է խոսվում, որ արտակարգ իրավիճակներում լիճը կարող է խմելու ջրի աղբյուր լինել, բայց կարող է գանք մի կետի, երբ այլեւս չկարողանանք Սեւանը վերականգնել այն աստիճան, որ խմելու համար պոտենցիալ ունենա, այսինքն՝ ավելի ցածր էկոհամակարգ կդառնա»։

«Հետքը» 2020-ին զրուցել էր Հելմհոլցի անվան բնապահպանական հետազոտությունների կենտրոնի լճերի հետազոտության բաժնի ղեկավար Կարստեն Ռինկեի (Karsten Rinke) հետ, ով համագործակցում է հայ գիտնականների հետ։ Դոկտոր Ռինկեն ասել էր, որ Սեւանը դեպի առողջացում տանելու ճանապարհին թիվ մեկ առաջնահերթությունը պետք է լինի կեղտաջրերի մաքրման համակարգի մոդեռնիզացիան։

Խոսքն առաջին հերթին կենսաբանական մաքրման կայանների մասին է, ինչպիսիք մինչ օրս չկան Սեւանի ավազանում։

Ամբողջ Գեղարքունիքի մարզում կոյուղու համակարգ կա 5 քաղաքներում՝ Գավառում, Սեւանում, Մարտունիում, Վարդենիսում եւ Ճամբարակում, ինչպես նաեւ Վարդենիկ, Ծովասար ու Վահան գյուղերում (առաջին երկուսը խոշորացվել են Մարտունու կազմում, իսկ Վահանը՝ Ճամբարակի): Բայց կոյուղաջրերի մաքրում, այն էլ՝ միայն մեխանիկական, կատարվում է Գավառ, Մարտունի եւ Վարդենիս քաղաքներում: Սրանց մաքրման կայանները, Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկացմամբ, կառուցվել են 2012 թ.: Կոյուղի ունեցող Սեւան քաղաքի կեղտաջրերն ուղղվում են Կոտայքի մարզի Քաղսի գյուղի մաքրման կայան։

2020-ի դեկտեմբերին մարզպետարանը «Հետքին» հայտնել էր, որ լճի ափամերձ համայնքներում գործում է մեխանիկական մաքրման 7 լոկալ կայան։ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչ Ոսկեհատ Գրիգորյանը դեռ 2020-ի ամռանը հայտարարել էր, որ լիճն աղտոտող 3 խոշոր համայնքներում՝ Գավառում, Մարտունիում եւ Սեւանում, պետք է հիմնվեն կենսաբանական մաքրման կայաններ, 2020-ին պիտի կազմվեին այդ կայանների նախագծանախահաշվային փաստաթղթերը, իսկ ֆինանսների առկայության դեպքում Գավառում պիտի սկսվեին կենսաբանական մաքրման կայանի կառուցման աշխատանքները։ Երբ Գեղարքունիքի մարզպետարանին հարցրել էինք կենսաբանական մաքրման այդ կայանների շահագործման ժամկետների մասին, 2020-ի դեկտեմբերին ստացել էինք այսպիսի պատասխան․ «Սեւան համայնքի համար նախատեսվում է «KfW» բանկի միջոցներով առաջիկայում կառուցել կենսաբանական մաքրման կայան»:

ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ գործունեության միջոցառումների ծրագրում նախատեսված է, որ 2024-2026 թթ․ պետք է իրականացվեն Սեւանի ավազանի 3 քաղաքներում (ըստ էության, խոսքը Գավառի, Մարտունու եւ Վարդենիսի մասին է) գործող կեղտաջրերի մաքրման կայաններից արտանետվող կեղտաջրերի ամբողջական մաքրման (կենսաբանական մաքրման մասին նշում չկա), տարածաշրջանի գյուղական բնակավայրերի կոյուղացման եւ տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից կեղտաջրերի մաքրման լոկալ կայանների ու սարքավորումների տեղադրման աշխատանքներ։

Այսպիսով՝ կառավարությունը 3 քաղաքներից լիճ մտնող կեղտաջրերի ամբողջական մաքրումը ծրագրում է 2-4 տարի անց, բայց ինչպես նախկինում, այսօր եւս երաշխիք չկա, որ ծրագիրն իրականություն կդառնա։ Իսկ այդ ընթացքում Սեւանը շարունակում է ծաղկել՝ ցույց տալով, որ «հիվանդ» է։

Ծաղկման փուլում լճի լուսանկարները տեղանքից տրամադրել է Գոռ Գեւորգյանը

Մեկնաբանություններ (1)

Անբան Հուռի
Գոռ Գևորգյանին տալ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը և Սևանի Իշխանի տիտղոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter