HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերմանացի գիտնական. Սեւանի ծաղկում թույլ չտալու առաջնահերթ քայլը կեղտաջրերի մաքրման ժամանակակից համակարգ ստեղծելն է

Դոկտոր Կարստեն Ռինկեն (Karsten Rinke) մեկն է այն արտասահմանցի գիտնականներից, ովքեր քաջատեղյակ են Սեւանա լճի ներկա խնդիրներին: Գերմանացի գիտնականը «Հետքի» հետ զրույցում խոսել է Սեւանի ծաղկման պատճառների ու դրանց վերացմանն ուղղվելիք քայլերի մասին:  

Ռինկեն Հելմհոլցի անվան բնապահպանական հետազոտությունների կենտրոնի (Helmholtz Centre for Environmental Research - UFZ) լճերի հետազոտության բաժնի ղեկավարն է։ Գերմանական այս գիտական հաստատությունն արդեն երրորդ տարին համագործակցում է Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի հետ (վերջինս ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կազմում է)։ Հայ-գերմանական համատեղ ծրագրի շրջանակներում գիտնականներն ամենամսյա նմուշառումներ են անում Սեւանա լճում՝ նպատակ ունենալով ճշգրիտ գնահատել դրանում ընթացող պրոցեսները:

Երբ գերմանացի գիտնականին հարցնում ենք, թե 1-10 բալային համակարգով (1-ը՝ վատագույնը, 10-ը՝ լավագույնը) ինչպես կգնահատի Սեւանա լճի վիճակը 2018-2020 թթ. կտրվածքով, երբ այն կրկին սկսել է ծաղկել, մի փոքր մտածելուց հետո դոկտոր Ռինկեն ասում է. «5-6։ Սա, իհարկե, կարող է ձեր սպասածից ավելի լավ թվալ, բայց Սեւանն առայժմ տարվա մեծ մասը մաքուր ջուր, բնականին մոտ պլանկտոնային «համայնք» եւ առողջ ձկնային պաշարներ ունեցող լիճ է: Ցիանոբակտերիաների ծաղկումը հրատապ խնդիր է եւ հստակ ահազանգ, սակայն ներկա պահին ծաղկումը տեւում է ընդամենը մի քանի շաբաթ։ Այդուհանդերձ, եթե ջրի որակի վատթարացման դեմ միջոցներ չձեռնարկվեն, ապա լճի վիճակը վստահաբար ավելի կվատանա, այսինքն՝ ցիանոբակտերիաների ծաղկումը ամիսներ կտեւի՝ հանգեցնելով ջրի խորը շերտերում թթվածնի կորստի, կենսաբազմանության նվազման եւ ձկների անկման»:

Մեր զրուցակիցը ցիանոբակտերիաների ծաղկման 3 պայման կամ շարժիչ գործոն է նշում՝ ջրի բարձր ջերմաստիճան, լույսի բավականին մեծ ինտենսիվություն եւ ֆոսֆորի մեծ քանակ, որը ծառայում է որպես սննդանյութ։ Հավելում է, որ Հայաստանում լույսի ինտենսիվությունը միշտ բարձր է, իսկ ահա ջրի ջերմաստիճանը բարձրանում է կլիմայական փոփոխությունների պատճառով, դե իսկ ֆոսֆորը շատանում է, որովհետեւ լիճը ծանրաբեռնված է մարդու գործունեության հետեւանքով առաջացած կեղտաջրերով բերվող կենսանյութերով: Ըստ Կ. Ռինկեի՝ հասկանալի է, որ Հայաստանը միայնակ չի կարող դադարեցնել կլիմայի տաքացումը։ Հետեւաբար, Սեւանի փրկության գործիքը կեղտաջրերի պատշաճ մաքրումն է: Երկրորդ կարեւոր հանգամանքը գյուղատնտեսական գործունեության մեթոդների մեջ որոշ կարգավորումներ մտցնելն է, քանի որ գյուղատնտեսության հետեւանքով եւս մեծաքանակ օրգանական նյութեր են թափվում լիճ:

Ինչ վերաբերում է ջերմաստիճանին, դոկտոր Ռինկեն ասում է, թե 2018 թվականի բարձր ջերմային ֆոնը բերել էր նրան, որ Գերմանիայում այդ տարվա մայիս-սեպտեմբեր ամիսներին որոշ լճեր ծաղկել էին:

«Ջրի որակի խնդիրների վերաբերյալ իմ հետազոտությունների ընթացքում շատ հաճախ եմ տեսնում ցիանոբակտերիաներով ծաղկած լճեր ու ջրամբարներ թե՛ Գերմանիայում, թե՛ Կենտրոնական Եվրոպայի այլ երկրներում: Այս ջրավազանների հիմնական խնդիրն ու քաղցրահամ ջրի պաշարների կառավարման դեռեւս գլխավոր մարտահրավերը շարունակում է մնալ մարդու գործունեությունից առաջացած կենսանյութերի մեծ հոսքը»,- շեշտում է «Հետքի» զրուցակիցը: Որպես ասվածի ապացույց՝ դոկտոր Ռինկեն նշում է, որ մեկ մարդու կողմից տարեկան արտադրված կեղտաջրի մեջ այնքան ֆոսֆոր կա, որ կարող է մոտ 20.000 խմ ծավալով մաքուր ջուրը վերածել ցիանոբակտերիաներով ծաղկող ցածրորակ ջրի:

Գերմանացի գիտնականը բերում է իր երկրի ամենամեծ՝ Բոդենի կամ Կոնստանցի լճի օրինակը: Վերջինս գտնվում է Գերմանիայի, Ավստրիայի ու Շվեյցարիայի սահմանին, եւ երեք երկրներն էլ մուտք ունեն դեպի լիճ: Ռինկեն ասում է, որ լիճը տառապում էր կենսանյութի ինտենսիվ ծանրաբեռնվածությամբ, եւ 1970-ականների վերջին այստեղ ցիանոբակտերիաների ծաղկում սկսվեց, ինչը լուրջ խնդիր էր, քանի որ լիճը նաեւ 4 մլն մարդու համար խմելու ջրի աղբյուր է:    

«Միջկառավարական ջանքերի շնորհիվ հաջողվեց ներդնել կեղտաջրերի մաքրման ժամանակակից մեթոդներ եւ 1980-1990-ականներին ավելի քան 90 %-ով նվազեցնել կենսածին նյութերի մուտքը լիճ: Կեղտաջրերի մաքրման համար 1980-ականներին ներդրվեց մոտավորապես 4 մլրդ դոլար: Ներկա պահին Կոնստանցի լիճը վերադարձել է գրեթե բնական վիճակի»,- ասում է դոկտոր Ռինկեն՝ հավելելով, որ ծաղկման խնդիրը հաղթահարած ավելի փոքր լճերի օրինակներ կան, բայց, այդուհանդերձ, Գերմանիայում շատ ավելի մեծ թիվ են կազմում այն լճերը, որոնք այսօր շարունակում են տառապել կենսանյութի մեծ ծավալից:

Ի վերջո, հարցին, թե ինչ առաջնահերթ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանի կառավարությունը՝ Սեւանա լիճը հետագա հնարավոր ծաղկումներից զերծ պահելու համար, Կարստեն Ռինկեն նշում է. «Գտնում եմ, որ կեղտաջրերի մաքրման համակարգի մոդեռնիզացիան պետք է լինի թիվ մեկ առաջնահերթությունը։ Դա նաեւ կօգնի բարելավել գետերի ջրի որակը, նվազագույնի հասցնել հիգիենիկ ռիսկերը, ինչպես նաեւ հնարավորություն կտա վերամշակված կենսանյութերը կրկին կիրառել գյուղատնտեսության մեջ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter