HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ գիտնականները տալիս են ծաղկող Սեւանի ախտորոշումն ու առողջացման դեղատոմսը

Սկսած 2018 թվականից՝ ականատես ենք լինում, թե ինչպես է Հայաստանի քաղցրահամ ջրի խոշորագույն պահեստարանն ու Կովկասի ամենամեծ լիճը՝ Սեւանը, ծաղկում: Գիտնականները գիտեն, թե որոնք են լճի ծաղկման խորքային պատճառներն, ու ինչպես է հնարավոր դրանք վերացնել: Սակայն կրկին առողջ ու չծաղկող Սեւան տեսնելու համար 1-2 տարին բավարար չէ, եւ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել հենց հիմա:

Ականատես ենք Սեւանի երրորդ մասսայական ծաղկմանը

Միանգամից ասենք, որ այն, ինչ տեսնում ենք 2018-ից ի վեր, այսինքն՝ ջրի ծաղկած, կապտականաչ մակերեսը, միայն այսբերգի գագաթն է: ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ջրակենսաբան, կ.գ.թ. Գոռ Գեւորգյանն ասում է, որ Սեւանի ծաղկումը նորություն չէ, առաջին անգամ նման բան դիտարկվել է 1960-ականներին, ինչը շարունակվել է մինչեւ 1970-ականների կեսերը:

Ընդ որում՝ այն ժամանակ, ինչպես եւ այս վերջին տարիներին, ծաղկման պատճառը եղել են ցիանոբակտերիաները, որոնք հայտնի են նաեւ որպես կապտականաչ ջրիմուռներ: Հետաքրքիր է, որ գիտությունը մինչ օրս չի կողմնորոշվել, թե, ի վերջո, ինչ են այդ օրգանիզմները՝ բակտերիա՞, թե՞ ջրիմուռ, քանի որ երկուսի հատկություններից էլ ունեն, մասնավորապես՝ ջրիմուռների նման ունակ են ֆոտոսինթեզ կատարել: Սեւանում ծաղկումներ գրանցվել են նաեւ 1990-ականների երկրորդ կեսին, բայց ջրակենսաբանը նշում է, որ այդ տարիներին պատճառն այլ ջրիմուռներ էին եւ ոչ ցիանոբակտերիաները: Հերթական մասսայական ծաղկումն սկսվել է 2018-ից:

Ինչու՞ է լիճը ծաղկում

Խորհրդային տարիներին էական է եղել ջրի մակարդակի իջեցումը, ինչը բերել է ջրիմուռների ծաղկման համար բարենպաստ պայմանների ստեղծման, օրինակ՝ ջրի տաքացում, լույսի թափանցում մինչեւ հատակը: Հիշենք, որ 1930-ականներից ոռոգման եւ էներգետիկ նպատակներով լճի մակարդակն արագ տեմպերով իջեցվում էր, եւ միայն 1960-ականներին գործնական քայլեր ձեռնարկվեցին (Արփա-Սեւան թունելի նախագծմամբ ու կառուցմամբ)՝ այն փրկելու համար: Պակաս կարեւոր չէ նաեւ ջրհավաք ավազանի ազդեցությունը լճի վրա. Սեւանի ավազանի բնակավայրերի կենցաղային, տնտեսական կեղտաջրերը, որոնք հարուստ են օրգանական ու անօրգանական տարբեր նյութերով, առանց որեւէ մաքրման լցվում են լիճ:

«Ինչպես գիտեք, 2000-ականներից ի վեր տեղի է ունենում ջրի մակարդակի բարձրացում եւ էկոլոգիական վիճակի թվացյալ բարելավում, սակայն զուգահեռ ունեցել ենք ջրհավաք ավազանի բացասական ազդեցություն լճի վրա»,- ասում է Գ. Գեւորգյանը՝ հավելելով, որ մինչեւ 2018 թ. թվում էր, թե Սեւանի էկոլոգիական վիճակն ունի բարելավման միտում, ջրում կենսանյութի քանակը, կարծես, նվազում էր, բայց պատկերը փոխվեց, ու հիմա լճում ակտիվացել են էվտրոֆացման (ճահճացման) գործընթացները: Իրականում պատկերը միանգամից չի փոխվել: «Կարող ենք ասել, որ սա վերջին 10-20 տարիներին լճում կենսանյութի բարձրացման արդյունք է, այլ ոչ թե 2018-ին ինչ-որ նոր գործոն է հայտնվել ու նպաստել ծաղկմանը: Դա եղել է բավականին երկար ժամանակահատվածում»,- նկատում է «Հետքի» զրուցակիցը։

Փաստորեն, կենսածին նյութերի կուտակումը որոշակի սահմանի հասնելուց հետո հանգեցնում է ցիանոբակտերիաների զանգվածային ծաղկման, որն, ի դեպ, տեւում է շուրջ 3-4 շաբաթ: Բնականաբար, դրան նպաստում է նաեւ տաք եղանակը: Գեւորգյանն ասում է, որ եթե, օրինակ, ձմռանը բարձր ջերմաստիճան լինի, նորից կտեսնենք ծաղկում։ Ընդ որում՝ քչերը գիտեն, բայց բարենպաստ պայմաններում սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին եւս դիտվում է Սեւանի ծաղկում՝ ավելի մեղմ արտահայտված։

Այսպիսով՝ ծաղկումն ընդամենը մի փուլ է, որը ցույց է տալիս Սեւանա լճի էկոլոգիական վատ վիճակը, որն առկա է ամբողջ տարվա ընթացքում:

Գիտնականը շեշտում է նաեւ, որ խորհրդային տարիներին լճի մակարդակն իջեցնելու պատճառով ջրի հատակային սառը շերտը՝ հիպոլիմնիոնը, Մեծ Սեւանում վերացել է ամբողջությամբ, իսկ Փոքր Սեւանում, որն ավելի խորն է՝ մասնակի։ Հիպոլիմնիոնը կատարում է պաշտպանիչ ֆունկցիա, թույլ չի տալիս, որ հատակում կուտակված կենսանյութերը նորից թափանցեն լիճ ու նպաստեն ջրիմուռի ծաղկմանը։ Այս պարագայում պատահական չէ, որ Մեծ Սեւանն ավելի շատ է ծաղկում, մյուս կողմից՝ Մեծ Սեւան թափվող գետերն ավելի շատ են, հետեւաբար այստեղ ավելի շատ կեղտաջուր ու տարբեր նյութեր են լցվում:

Ծաղկմանը օգնում է նաեւ լճի մակարդակի բարձրացման ժամանակ չհեռացված ու ջրածածկ եղած բուսազանգվածի փտումը, ինչից կրկին առաջանում են կենսանյութեր: Բացի դրանից՝ բացասական հետեւանք ունի ձկան ու խեցգետնի պաշարների նվազումը: Վերջիններս սնվում են ֆիտոպլանկտոնով (ցիանոբակտերիաները ֆիտոպլանկտոն են), զոոպլանկտոնով, հատակային անողնաշարավորներով, այսինքն՝ նպաստում են լճում առկա կենսանյութի գեներացմանը, իսկ հետո, երբ իրենք են դառնում որսի հումք, այդ ամենը դուրս է բերվում լճից, եւ կենսանյութը, օրգանական զանգվածը նվազում է: Բայց ձկան ու խեցգետնի գերորսի պատճառով այս գործընթացը շեղվում է հավասարակշռությունից:

Ցիանոբակտերիաների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Գոռ Գեւորգյանը ցիանոբակտերիաների ազդեցությունը գնահատում է էկոլոգիական եւ առողջապահական տեսանկյունից: Առաջինի դեպքում դրանք իրենց կառուցվածքի շնորհիվ բարձրանում են ջրի մակերես ու ստեղծում մեծածավալ շերտեր, ինչը սահմանափակում է լույսի ներթափանցումը ջրի ստորին շերտեր՝ բացասական ազդեցություն թողնելով այլ օրգանիզմների վրա: Բացի դրանից՝ երբ ծաղկումից հետո բակտերիաներն անկում են ապրում ու քայքայվում են՝ իջնելով ջրի հատակ, հանգեցնում են թթվածնային անբավարարության առաջացման, ինչն իր բացասական ազդեցությունն է թողնում այլ օրգանիզմների վրա: Մյուս կողմից՝ քայքայման արդյունքում դրանք դառնում են կենսանյութ, այսինքն՝ լճում օրգանական զանգվածը կրկին շատանում է, ինչն էլ դրական գործոն է հետագա ծաղկումների համար: Այդուհանդերձ, ոչ բոլոր բակտերիաներն են քայքայվում, որոշները ջրի հատակին «քուն են մտնում», մնալով կենսունակ վիճակում, եւ բարենպաստ պայմաններում կրկին բարձրանում են լճի վերին շերտեր։

1960-70-ական թթ. ծաղկած ցիանոբակտերիաների եւ 1990-ականներին ծաղկած ջրիմուռների վերաբերյալ ջրակենսաբանն առանձնացնում է հատկապես էկոլոգիական խնդիրը՝ պայմանավորված թթվածնի սպառմամբ եւ ջրի լուսաթափանցելիության սահմանափակմամբ։ Առողջապահական տեսանկյունից էլ հստակ հայտնի է, որ 1990-ականներին ծաղկած օրգանիզմները տոքսիկ (թունավոր) չեն եղել: Փոխարենը հայտնի է, որ ցիանոբակտերիաները լինում են տոքսիկ եւ ոչ տոքսիկ: 2018-2020 թթ. Սեւանում հայտնաբերվածները տոքսիկ ներկայացուցիչներ են: 

«2018 թ. մեր կատարած թունաբանական ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ լճում ծաղկող ցիանոբակտերիաները թունածին են, հայտնաբերեցինք նրանց կողմից արտադրված թունավոր նյութեր, մասնավորապես՝ միկրոցիստին, որը կարող է առաջացնել տարբեր առողջական խնդիրներ՝ լյարդի, երիկամների, նեյրոտոքսիկոլոգիական, ցիտոտոքսիկոլոգիական, մաշկային խնդիրներ,- նշում է Գ. Գեւորգյանը,- խնդիրն այն է, թե ինչ խտության դեպքում այն կարող է ազդեցություն թողնել: Տեսնում ենք, որ ծաղկումը բավական անհամաչափ է բաշխվում լճում. մի վայրում կարող է լինել մեծ կուտակում, մյուսում՝ ավելի թույլ, եւ այդ մեծ կուտակումներով վայրերում ռիսկային է դառնում նույնիսկ լողալը»։

IMG_7151.JPG (1.80 MB)

Հուլիսի 25-ին առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ իր կողմից Սեւանա լճում կատարվել են նախնական թունաբանական հետազոտություններ, որոնց արդյունքում սուր թունավոր ազդեցության մասին վկայող փոփոխություններ չեն նկատվել։ Այդուհանդերձ, ԱՆ-ն նշել էր, որ որոշ ջրիմուռներ արտադրում են կենդանիների եւ մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել ծաղկած ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետեւանքով։ Այս առումով Գ. Գեւորգյանը նկատում է, որ ոչ սուր թունային ազդեցությունն էլ է ռիսկային, մյուս կողմից՝ շեշտում է, որ Կովկասի ամենամեծ լճում գրեթե անհնար է կատարել ամբողջական թունաբանական ուսումնասիրություն. «Ենթադրենք, մի 5-10 կետում նմուշ վերցնես ու ասես, թե նորմալ է ամեն ինչ, դա դեռ ոչինչ չի նշանակում: Եթե հաստատված է, որ կա թույն արտադրող ծաղկում, պետք է զգուշանալ ամեն դեպքում»: Հաշվի առնելով, որ խնդիրը նաեւ առողջապահական է՝ գիտնականն առաջարկում է ԱՆ-ին ավելի կոշտ լինել:

Ինչու՞ է ծաղկում հենց անաբենա ցեղի ցիանոբակտերիան

Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտը 2018-ից գերմանական կողմի ֆինանսավորմամբ ամենամսյա նմուշառումներ է կատարում Սեւանում: Ուսումնասիրություններին մասնակցում են նաեւ գերմանացի գիտնականները: Գոռ Գեւորգյանն ասում է, որ մինչ այդ էլ է ինստիտուտը նման աշխատանքներ իրականացրել, բայց դրանք տարվա ընթացքում այնքան քիչ են եղել, որ հնարավոր չէր լճում ընթացող պրոցեսները ճշգրիտ գնահատել: Ջրակենսաբանը, սակայն, բավարար չի գնահատում նաեւ ներկայում կատարվող նմուշառումները հատկապես ծաղկման փուլում, քանի որ ամսվա մեջ մեկ անգամ նմուշ վերցնելով հնարավոր չէ խորքային ուսումնասիրել ընդամենը 3-4 շաբաթ տեւող ծաղկումը, աշխատանքները պետք է կատարել գոնե 5 օրը մեկ: Հենց սա է պատճառը, որ գիտնականը չի ցանկանում համեմատել 2018, 2019 եւ 2020 թթ. ծաղկումները՝ նշելով, որ դրա համար նախ պետք է համեմատել այդ տարիներին ծաղկման պիկերը:

Հայ-գերմանական գիտական ծրագրին որպես գործընկեր 2018-ից մասնակցում է նաեւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: «Նպատակն այն է, որ մենք ստանաք կառավարման մոդել, որը հետո նախարարությունը կօգտագործի Սեւանա լճի կառավարման համար,- ասում է «Հետքի» զրուցակիցն ու հավելում,- հիմա ծրագիր ենք մշակում՝ գիտության կոմիտեի դրամաշնորհին դիմելու համար։ Անալիզ վերցնելու համար նավարկություն է անհրաժեշտ, մարդկային ռեսուրսներ։ Այդ հետազոտությունները հնարավորություն կտան լիարժեք հասկանալ ճահճացման գործընթացներն ու հիմք կդառնան լճի կառավարման համար»։

Հարցին, թե, այնուամենայնիվ, ինչ ընդհանրություններ են արձանագրվել 2018-2020 թթ. նմուշառումների ժամանակ, ջրակենսաբանն ասում է, որ երեք տարիներին էլ ծաղկումն առաջացրել է ցիանոբակտերիաների նույն ներկայացուցիչը (խոսքը Dolichospermum սեռի կամ ցեղի մասին է, որը նախկինում հայտնի էր որպես Anabaena), ինչը նշանակում է, որ լճի էկոլոգիական պայմանները փոփոխության չեն ենթարկվել։

Հայ գիտնականները նաեւ նախնական գնահատական ունեն, թե ինչու են Սեւանում հենց այս ցեղի ցիանոբակտերիաները ծաղկում վերջին տարիներին: Գ. Գեւորգյանը բացատրում է, որ լճերում գոյություն ունի ազոտի եւ ֆոսֆորի չափաքանակի հարաբերակցություն, եւ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Սեւանը ներկայում հարուստ է ֆոսֆորով, ինչն էլ հանգեցրել է վերը նշված անաբենա ցեղի ցիանոբակտերիաների ծաղկմանը, որոնք ֆոսֆորի կարիք ունեն: «Սրանք ընդունակ են ազոտ ֆիքսել մթնոլորտից եւ նույնիսկ ջրում ազոտի ցածր պարունակության դեպքում առաջացնել գերզարգացում,- նկատում է մեր զրուցակիցը,- հիմա կարող է մեր ամբողջ ուշադրությունը սեւեռենք ֆոսֆորի վրա, փոխարենը ազոտն աչքաթող անենք, եւ դրա պարունակությունը լճում բարձրանա, իսկ այդ դեպքում ծաղկում կառաջացնեն ոչ ազոտ ֆիքսող ցիանոբակտերիաները»:

Սեւանը միակը չէ

Աշխարհի ամենախորը լիճը՝ Բայկալը, վերջին տարիներին նույնպես ծաղկման գործընթացների թիրախում է հայտնվել: ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտը համագործակցում է Ռուսաստանի ԳԱ Լիմնոլոգիայի ինստիտուտի հետ (գտնվում է Իրկուտսկում), որի հիմնական ուղղություններից մեկը Բայկալի համալիր հետազոտություններն են: Սեւանում թունաբանական ուսումնասիրություններ կատարելիս հայ մասնագետների հետ աշխատել են հենց այս ինստիտուտի գիտնականները: Գոռ Գեւորգյանը, ով իր հերթին մասնակցել է Բայկալի ուսումնասիրություններին, ասում է, որ ծաղկումն այստեղ այն մասշտաբների չէ, որ ծածկի ամբողջ լիճը, սակայն ափամերձ հատվածներում, որտեղ ջրի ջերմաստիճանը համեմատաբար բարձր է, բացի դրանից՝ կա տնտեսական գործունեություն, հետեւաբար, նաեւ լճի աղտոտում, ծաղկում դիտվում է:   

Եվրոպայում եւս լճեր կան, որտեղ գոյություն ունի էվտրոֆացում (ճահճացում): Ջրակենսաբանն օրինակ է բերում Գերմանիայի, Ասվտրիայի ու Շվեյցարիայի սահմանին գտնվող Բոդենի կամ Կոնստանցի լիճը, որի էվտրոֆացման պրոցեսները 2000-ականներին հաղթահարելու եւ լիճը վերականգնելու համար պահանջվել են մեծ նյութական ռեսուրսներ եւ ջանքեր։ «Բայց այս լիճն ավելի փոքր է, քան Սեւանը,- ասում է Գ. Գեւորգյանը,- Սեւանի ինքնավերականգնման կարողությունը շատ դանդաղ է, որովհետեւ լիճ է թափվում 28 գետ, եւ դուրս է գալիս ընդամենը մեկը։ Մեր հաշվարկներով՝ 25 տարի է պահանջվում, որպեսզի ամբողջ լճի ջուրը փոխվի: Դա բավական դանդաղ ընթացք է, նույնիսկ եթե կարողանանք սահմանափակել արտաքին միջավայրից լիճ ներթափանցող կենսածին նյութերը, միեւնույնն է՝ լճում կուտակված նյութերը պետք է դուրս գան։ Դա է խնդիրը։ 1-2-3 տարում չենք ունենա շոշափելի արդյունք, տարիներ են պահանջվում դրա համար»։

Ինչպե՞ս առողջացնել լիճը

Ըստ ջրակենսաբանի՝ Սեւանի ծաղկման խնդիրը լուծելու առաջնային պայմանը լճի ջրհավաք ավազանի բնակավայրերում կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանների տեղադրումն ու գործարկումն է, ինչը հնարավորություն կտա գետերը թափվելուց առաջ մաքրել կոյուղաջրերն ու կեղտաջրերը, որոնք վերջնարդյունքում լցվում են լիճ։

Անհրաժեշտ է հետեւողական լինել, որ ջրհավաք ավազանի բոլոր տնտեսվարողները եւս ունենան լոկալ մաքրման կայաններ, այսինքն՝ տեղում կարողանան մաքրել իրենց կեղտաջրերը։

Մյուս քայլը պետք է լինի լճի մակարդակի կայուն բարձրացման ապահովումը, ինչը, մասնավորապես, կնպաստի ջրի հատակային սառը շերտի՝ հիպոլիմնիոնի վերականգնմանը:

Մեկ այլ խնդիր է ձկնային եւ խեցգետնային պաշարների ավելացումը։ Պետք է մշակվեն մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան վերահսկել որսը։

«Այս գործընթացների ցանկացած ուշացում հանգեցնելու է Սեւանի էկոլոգիական վիճակի վատթարացման։ Լիճը կարող է հասնել այնպիսի կետի, որ այլեւս ոչ մի միջոցառում ի զորու չի լինի օգնել»,- զգուշացնում է գիտնականը՝ հավելելով, որ այդ դեպքում Սեւանն աստիճանաբար կվերածվի ճահճի:

Անդրադառնալով 2018-2020 թթ. ծաղկման դինամիկային՝ Գոռ Գեւորգյանն ասում է, որ ինքը նվազման միտում չի տեսնում: «Կա՛մ նույն տեմպերով է, կա՛մ գիտականորեն պետք է ավելի վատթարանա, քանի որ լուրջ կանխարգելիչ միջոցառում չի իրականացվել: Այս տարի պայմանները նույնիսկ բավական անբարենպաստ էին ծաղկման համար՝ նախորդ տարիների համեմատ ջերմաստիճանը ցածր էր, քամոտ եղանակ էր, բայց տեսանք բուռն ծաղկում: Այսինքն՝ որքան ջուրը հանդարտ ու տաք լինի, ծաղկումն այնքան բուռն կընթանա: Բայց եթե բուռն ծաղկումը նույնիսկ նման պայմաններում շարունակվում է, ուրեմն լճում բավական կենսանյութ կա»,- նշում է ջրակենսաբանն ու հավելում, թե քանի որ ջերմաստիճանի վրա էական ազդեցություն ունենալն անհնար է, պետք է կառավարենք կենսածին նյութերի եւ հատկապես ֆոսֆորի ներթափանցումը Սեւան:

Հաջորդ հոդվածում կներկայացնենք ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ձկնաբան, կ.գ.թ. Տիգրան Վարդանյանի դիտարկումները Սեւանի էկոլոգիական խնդիրների լուծման եւ այդ հարցում, մասնավորապես, ձկնային պաշարների պահպանության կարեւորության վերաբերյալ:

Լուսանկարները՝ Վահե Սարուխանյանի, Գոռ Գեւորգյանի, համացանցի բաց աղբյուրներից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter