HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեւանի ծաղկման գլխավոր պատճառը գետերով լիճ մտնող քիմիական տարրերն են. ջրերի կենսաբանական մաքրումն օրախնդիր է

2018-ից մինչեւ հիմա Սեւանա լճի անընդմեջ ծաղկումը դարձել է մեր երկրի բնապահպանական գլխավոր խնդիրներից մեկը: Ջրակենսաբանները նշում են, որ լճի ծաղկման մի քանի պատճառ կա:

Դրանցից մեկը Սեւանի ավազանի բնակավայրերի կենցաղային, տնտեսական կեղտաջրերն են, որոնք հարուստ են օրգանական ու անօրգանական տարբեր նյութերով, եւ առանց որեւէ մաքրման լցվում են լիճ: Այդ նյութերը բարենպաստ միջավայր են ստեղծում ծաղկման պատճառ հանդիսացող ցիանոբակտերիաների (կապտականաչ ջրիմուռների) զարգացման համար: Սրանց բուռն աճին նպաստում է նաեւ տաք եղանակը: Էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ լճի մակարդակի արհեստական իջեցման հետեւանքով Մեծ Սեւանում ամբողջությամբ վերացել է հատակային սառը շերտը՝ հիպոլիմնիոնը, որը կատարում է պաշտպանիչ ֆունկցիա՝ թույլ չի տալիս, որ հատակում կուտակված կենսանյութերը նորից թափանցեն լիճ ու նպաստեն ջրիմուռի ծաղկմանը։ Փոքր Սեւանում, որը համեմատաբար ավելի խորն է, հիպոլիմնիոնը վերացել է մասնակի: Նաեւ սա է պատճառը, որ Մեծ Սեւանն ավելի շատ է ծաղկում: Մյուս կողմից՝ Մեծ Սեւան թափվող գետերն ավելի շատ են, հետեւաբար այստեղ ավելի շատ կեղտաջուր ու տարբեր նյութեր են լցվում: Եվ, իհարկե, կարեւոր նշանակություն ունի վերջին տարիներին լճի մակարդակի թեկուզ նվազ բարձրացմանը զուգահեռ ջրածածկ եղած ափամերձ շերտի բուսազանգվածի փտումը, ինչից կրկին կենսանյութեր են առաջանում:

«Հետքը» հոդվածաշարով անդրադարձել է Սեւանի ծաղկման թեմային: Մեր նյութերը կարող եք կարդալ այստեղ:

Իշխանի ցանցավանդակային տնտեսության ազդեցությունը լճի վրա

Լճում օրգանական նյութերի շատացմանը որոշակի չափով նպաստում է նաեւ իշխանի ցանցավանդակային տնտեսությունը, որը պետական նախաձեռնություն է: Նախապես ծրագրված էր Սեւանում նման մի քանի տնտեսություն հիմնել, սակայն բավարարվել են մեկով, որը կազմված է 12 ցանցավանդակից:

«Երբ մասնագետներով սկսեցինք հաշվել, թե ձկան համար ինչքան կեր պիտի օգտագործենք, ինչքան թափոններ կլինեն, արտաթորանք, ազոտ եւ այլն, SOS միացրեցին (նկատի ունի բնապահպանական կազմակերպություններին- «Հետք»), թե եկեք փրկենք մեր Սեւանը, որովհետեւ այդ ձեռնարկությունը մեծ վնասներ է տալիս,- մեզ պատմել էր ցանցավանդակային տնտեսության պատասխանատու Համբարձում Համբարձումյանը:- Քանի որ աշխատել եմ մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ, այս բնագավառը 5 մատիս պես գիտեմ: Մենք շատ ունենք խոզ պահողներ, հենց գետերի մոտ գոմեր ունեն ու երբ մաքրում են կեղտը, դա գնում է լիճ: Մոտավորապես 3-4 խոզամայրի արտադրած կեղտի քանակությամբ վնաս պետք է տա այս ցանցավանդակային տնտեսությունը»։ Համբարձումյանի ասածը հաստատել էր նաեւ ձկնաբան Տիգրան Վարդանյանը, ով ղեկավարում է Կարճաղբյուրի մանրաձկան գործարանը: Հենց այս գործարանում աճեցված մանրաձուկն է պահվում ցանցավանդակներում:

ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կազմում ներառված Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի աշխատակից, ջրակենսաբան Գոռ Գեւորգյանը, ով գերմանացի գործընկերների հետ 2018-ից ամենամսյա նմուշառումներ է կատարում Սեւանում, նպատակ ունենալով ճշգրիտ գնահատել դրանում ընթացող պրոցեսները, ասում է, որ ձկների կամ այլ ջրային օրգանիզմների բուծումը, բնականաբար, լիճ մտնող լրացուցիչ օրգանական նյութի աղբյուր է, քանի որ տվյալ դեպքում ձկներին տրվում է օրգանական կեր, բացի դրանից՝ ձկները ջրում կենսագործում են, ինչի արդյունքում էլ առաջանում են կենսածին տարրեր: 2019-ին Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտն ու գերմանական Հելմհոլցի անվան բնապահպանական հետազոտությունների կենտրոնը իշխանի ցանցավանդակային տնտեսության տարածքում հատակային նստվածքի մեջ կատարված նմուշառմամբ պարզել էին, որ ֆոսֆորի կոնցենտրացիան բարձր է լճի մյուս հատվածների ցուցանիշներից: Գեւորգյանը նկատում է, որ խոսքը հատակային նստվածքի մեկ նմուշառման մասին է, կանոնավոր մոնիթորինգ չի արվել:

«Խնդիրն այն է, թե այդ լոկալ տարածքն ընդհանուր լճի վրա ինչ չափով է ազդեցություն թողնում,- ասում է գիտնականը,- պետք է ուսումնասիրենք, թե ինչ ազդեցություն է թողնում ցանցավանդակային տնտեսությունից դուրս եկող ֆոսֆորի շատ լինելը ընդհանուր էկոհամակարգի վրա։ Փոքր հատվածում կոնցենտրացիան բարձր է, բայց ընդհանուր լճի վրա ազդեցությունը կարող է շատ փոքր լինել»:

Գ. Գեւորգյանը հավելում է, որ մինչ այժմ նման հետազոտություն չի արվել:

Սեւան թափվող գետերի ջրի որակը վերջին տարիներին երբեք «գերազանց» չի եղել

Այդուհանդերձ, Սեւանի ծաղկմանը հանգեցնող վերոնշյալ գործոններից ամենամեծ մարտահրավերը Սեւան լցվող գետերով դեպի լիճ եկող օրգանական ու անօրգանական նյութերն են: Այդ նյութերը գլխավորապես մարդկային գործունեության հետեւանք են: Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի ղեկավար Էվելինա Ղուկասյանը եւս նշում է, որ Սեւանի ծաղկման գլխավոր պատճառը ջրհավաք ավազանի ազդեցությունն է լճի վրա. «Երբ խոսքը ջերմաստիճանային գործոնի մասին է, այն կառավարել գրեթե չենք կարող, իսկ ջերմաստիճանի հետ ծաղկման երեւույթներն ակտիվանում են։ Բայց դրա համար պետք է ունենալ նյութական հիմք։ Եվ դա ջրհավաք ավազանից լիճ ներթափանցող կենսածին տարրերի քանակությունն է»։

Ի թիվս Հայաստանի այլ գետերի՝ Սեւան թափվող գետերի ջրի որակը եւս պարբերաբար ենթարկվում է հետազոտության: Կառավարության 2011 թ. որոշմամբ հաստատվել են մակերեւութային ջրերի որակի նորմերը: Ըստ այդմ՝ գործում է ջրի որակի հետեւյալ դասակարգումը՝ «գերազանց», «լավ», «միջակ», «անբավարար», «վատ» (I-V դասեր): Դասերը որոշելու համար հիմք են ծառայում ջրի որակի ցուցանիշները՝ ջերմային ռեժիմը, թթվածնային ռեժիմը, կենսածին տարրերը, հանքայնացումն ու թթվայնությունը, մետաղները, աղտոտիչները, այլ ցուցանիշներ:

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն այն մարմինն է, որը եռամսյակային կտրվածքով ներկայացնում է, մասնավորապես, գետերի ջրերի որակը: Սեւանա լճի ավազանում, օրինակ, կենտրոնն ունի մակերեւութային ջրերի որակի մոնիթորինգի 19 դիտակետ, որոնցից վերը նշված ցուցանիշների նմուշառումներ է կատարում: Դիտակետերը հետեւյալ գետերի վրա են՝ Ձկնագետ, Մասրիկ, Սոթք, Կարճաղբյուր, Արփա-Սեւան թունել, Վարդենիս (Վարդենիկ), Մարտունի, Արգիճի, Ծակքար, Շողվագ, Գավառագետ: 

Մենք ուսումնասիրել ենք ՊՈԱԿ-ի հավաքած տվյալները Սեւանի ավազանի գետերի վերաբերյալ: Քանի որ մոնիթորինգի արդյունքները հրապարակվում են եռամսյակային կտրվածքով, հասկանալի է, որ տարվա մեջ առնվազն 4 անգամ տվյալներ պիտի լինեն, սակայն իրականում դրանք ավելի շատ են, այսինքն՝ եռամսյակում գետերի ջրերը ավելի հաճախակի են հետազոտվում: Մենք վերցրել ենք 2015-2020 թթ. մոնիթորինգի արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ այդ ընթացքում Սեւան թափվող գետերի ջրերի որակը երբեք առաջին դասի կամ «գերազանց» որակի չի եղել: Լավագույն դեպքում այդ ջրերն ունեցել են երկրորդ դաս՝ «լավ» որակ, ինչը, սակայն, եւս տեղավորվում է նորմայի մեջ:

Ստորեւ ներկայացնում ենք 2015-2019 թթ. «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնասիրությունների տարեկան միջինացված արդյունքները:

«Հետքի» հետազոտությունը. Գավառագետի ավազանի վերին հոսանքում ջուր չի եղել

Բացի ՊՈԱԿ-ի մոնիթորինգի արդյունքներն ուսումնասիրելուց՝ «Հետքի» թիմը 2020 թ. նոյեմբեր ամսին կատարել է սեփական հետազոտությունը Սեւան թափվող 4 գետերում՝ Գավառագետում, Արգիճիում, Մարտունիում եւ Վարդենիսում: Գետերն ընտրել ենք մասնագետների խորհրդով: Ջրերը փորձաքննության ենք ներկայացրել ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն (կարճ՝ Էկոկենտրոն):

Արժե նկատել, որ Սեւանի ավազանի գետերի ջրերի որակի էկոլոգիական նորմերը, կառավարության որոշման համաձայն, որոշակի տարբերվում են իրարից: Ձկնագետի, Մասրիկի, Սոթքի ավազանների, ինչպես նաեւ Վարդենիսի ու Գեղամա լեռնաշղթաներից սկիզբ առնող գետերի համար սահմանված նորմերը նույնը չեն:

Մեր ուսումնասիրած գետերից Գավառագետն ու Արգիճին սկիզբ են առնում Գեղամա լեռներից, իսկ Մարտունին ու Վարդենիսը՝ Վարդենիսի լեռներից: Կառավարության որոշման մեջ այս գետերի նորմերը՝ ստանդարտները, ներկայացված են Արգիճիի եւ Կարճաղբյուրի օրինակներով:

Յուրաքանչյուր գետից նմուշառում ենք կատարել երկու կետից: Ձգտել ենք ջուր վերցնել այնտեղից, որտեղ դիտակետ ունի «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը: Այսպես՝ Գավառագետի դիտակետերը գտնվում են գետաբերանում եւ Ծաղկաշեն գյուղից վերեւ, Արգիճիինը՝ գետաբերանում եւ Լեռնահովիտ գյուղից վերեւ: Մարտունու դիտակետերից մեկը եւս գետաբերանում է, մյուսը՝ Գեղհովիտ գյուղի հարեւանությամբ, իսկ Վարդենիսինը՝ գետաբերանում եւ Վարդենիկ գյուղի տարածքում: Մեր նոյեմբերյան այցի ժամանակ ջուր չի եղել միայն Գավառագետի Ծաղկաշենի դիտակետում, ինչի հետեւանքով ստիպված նմուշառում ենք կատարել Գավառ քաղաքի տարածքից:

Իրականում Ծաղկաշենով հոսողը ոչ թե բուն Գավառագետն է, այլ դրա Գռիձոր վտակի Գայլաձոր կամ Գելոյիձոր վտակը: Ինքը՝ Գավառագետը, կազմվում է Գռիձոր եւ Գեղարքունիջուր (Գեղարքունիք) վտակների միախառնումից՝ Գավառ քաղաքի տարածքում: Այլ կերպ ասած՝ Ծաղկաշենի դիտակետը Գավառագետի ավազանի վերին հոսանքում է:

Ծաղկաշենի բնակիչ Զոհրապ Սարգսյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ արդեն մոտ 10 տարի իրենց գյուղով անցնող Գայլաձորի հունում ջուր չի լինում աշնան ամիսներին: Ըստ նրա՝ գետում ջուր լինում է գարնան եւ ամառվա ամիսներին՝ մինչեւ հունիս-հուլիս: Սակայն այս տարի Գայլաձորն ավելի շուտ է ցամաքել:

Բնակիչն ասում է, որ գետի ակունքում ջուր կա, սակայն այն խողովակներով ուղղվում է հարեւան Գանձակ գյուղ, ինչից էլ գետը ցամաքում է: Մենք եղանք նաեւ Գանձակում, որտեղ եւս Գայլաձորի հունը չոր էր:

Սա էր պատճառը, որ Գավառագետի գետաբերանից նմուշառում կատարելուց հետո երկրորդ նմուշը կարողացանք վերցնել Գավառի մեջ՝ Գռիձոր եւ Գեղարքունիջուր վտակների միախառնումից ներքեւ:

Հետազոտության արդյունքները

Նմուշառման 8 դիտակետերից 7-ում ջրի որակը եղել է «լավ» որակի (2-րդ դաս), իսկ Արգիճիի գետաբերանում՝ «անբավարար» (4-րդ դաս): Այսինքն, ըստ այդ արդյունքների, նորմայից դուրս է եղել միայն Արգիճիի գետաբերանի ջրի որակը:

Բոլոր 8 նմուշներում մենք Էկոկենտրոնին խնդրել էինք փորձաքննել 6 ցուցանիշ՝ ամոնիում, նիտրիտ, նիտրատ, ֆոսֆատ, ընդհանուր անօրգանական ազոտ, թթվածնի քիմիական պահանջ (բիքրոմատային մեթոդ): Սրանց ընտրությունը եւս, ինչպես գետերի պարագայում, կատարել էինք մասնագետների խորհրդով:

Ստացված արդյունքները մեկնաբանելու համար դիմել էինք Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի ղեկավար Էվելինա Ղուկասյանին: «Երբ հետազոտությունները կատարվում են ամռան ամիսներին, բնականաբար, կենսածին տարրերի քանակը մի փոքր ավելի բարձր է լինում աշնան տվյալների համեմատ, որովհետեւ ջերմաստիճանի, կլիմայի փոփոխության հետ կապված՝ գետերում ջրի հոսքը նվազում է, եւ նյութերի կոնցենտրացիան մեծանում է,- նոյեմբերյան տվյալները մեկնաբանում է Ղուկասյանը,- աշնանը տեղումները մի փոքր ավելի շատ են Գեղարքունիքի մարզում՝ հատկապես լեռնային շրջաններում։ Դրանց զուգահեռ՝ ջրային հոսքերն ավելանում են, եւ նոսրանում է դրանցում լուծված նյութերի խտությունը։ Բայց ասել, որ այդ գետերը մաքուր են, չենք կարող, որովհետեւ տարածքում առկա չեն մաքրման կայաններ, եւ հոսքաջրերը բնակավայրերից լցվում են գետերի մեջ։ Գետերը դարձել են հոսող կոյուղիներ։ Ամբողջ հանրապետության տարածքում է այդպես, միայն Գեղարքունիքի մարզը չէ»։

Գիտնականն առանձնացնում է նաեւ գետերի ինքնամաքրման հատկությունը. «Որպես կանոն՝ ակունքները միշտ ավելի մաքուր են լինում միջին եւ ստորին հոսանքների համեմատ։ Եթե գետն ունենում է մեծ երկարություն, որի ընթացքում հասցնում է ինքնամաքրման ճանապարհով ազատվել այդ կենսածին տարրերից, գետաբերանում պատկերը լինում է բարվոք, բայց եթե կարճ է եւ միջին հոսանքում ունի աղտոտման մեծ աղբյուրներ, այսինքն՝ բնակավայրեր կան բաշխված, այդ դեպքում աղտոտումը շատանում է, եւ մինչեւ գետաբերան հասնելը այդ ամենը չի հասցնում մաքրվել, ու լիճ է թափվում բավականին աղտոտված հոսք»։

Ստացված տվյալների մեջ մի փոքր անակնկալ է եղել Գավառագետի ջրի «լավ» որակը: Այս գետը, որպես կանոն, ամենաաղտոտվածն է Սեւանի ավազանում հատկապես այն բանի պատճառով, որ մայր գետն ու վտակները հոսում են խիտ դասավորված բնակավայրերով, այդ թվում՝ Գավառ մարզկենտրոնով:

«Երբ հետազոտություններ ենք կատարում, սովորաբար մեր արդյունքներում ամենաաղտոտված գետը Գավառագետն է,- հաստատում է Էվելինա Ղուկասյանը,- սակայն բացառված չէ նաեւ մյուս գետերի աղտոտումը։ Ամեն դեպքում, բոլորիս հասկանալի է, որ լճի միակ փրկությունը ջրհավաք ավազանի ազդեցությունը սահմանափակելն է: Հատկապես պետք է հետեւել գետերի հոսքի մաքրությանը, որովհետեւ եթե խոսում ենք լճի մակարդակի բարձրացման մասին՝ որպես ծաղկման դեմ հիմնական կանխիչ միջոցառման, նկատի պետք է ունենանք, որ այդ մակարդակը պետք է բարձրանա մաքուր ջրի հաշվին, ոչ թե աղտոտվածության։ Իսկ աղտոտվածությունը միայն կարող է արագացնել լճում ընթացող ծաղկման երեւույթները»։

2020 թ. նոյեմբերին «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը եւս ուսումնասիրել է մեր թիրախում հայտնված Գավառագետ, Արգիճի, Մարտունի, Վարդենիս գետերը: ՊՈԱԿ-ի ու Էկոկենտրոնի ստացած արդյունքներում համընկնում է միայն այն, որ Վարդենիսի վերին դիտակետում (Վարդենիկ գյուղի մոտ) ջրի դասը եղել է 2-րդ («լավ» որակ): Մնացած դեպքերում ՊՈԱԿ-ի գրանցած արդյունքները (տես ստորեւ) գերազանցապես ավելի վատն են, քան Էկոկենտրոնինը, բացառություն է Արգիճիի գետաբերանի ջրի 4-րդ դասը («անբավարար» որակ) մեր ուսումնասիրության մեջ, ՊՈԱԿ-ի տվյալներով՝ այն եղել է 3-րդ («միջակ» որակ): 

Նկատենք, որ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնն իր ուսումնասիրությունները ներկայացնելիս նշում է միայն այն տարրերը, որոնք նորմայից դուրս են, այսինքն՝ «միջակ», «անբավարար» կամ «վատ» որակի են (3-5-րդ դասեր): Սկզբունքն այսպիսին է. տվյալ դիտակետի ջրի որակը կամ դասը համապատասխանում է հետազոտված ցուցանիշներից ամենավատ որակն ու դասը ունեցողին: Այսինքն՝ եթե, օրինակ, գետերից մեկի գետաբերանում բոլոր ցուցանիշները 2-րդ դասի են ու տեղավորվում են նորմայի մեջ, իսկ մեկը (ասենք՝ ամոնիումը)՝ 4-րդ, ապա գետաբերանի դիտակետից վերցված ջրի դասը նշվում է 4-րդ:  

Ըստ ջրակենսաբան Գոռ Գեւորգյանի՝ չի բացառվում, որ երկու կենտրոնների հետազոտության արդյունքների տարբերությունները պայմանավորված լինեն լաբորատոր սարքերի տարբերությամբ: Բայց կարեւոր է նշել նաեւ, որ մենք, ինչպես ասվեց, ստուգել ենք միայն 6 ցուցանիշ (ամոնիում, նիտրիտ, նիտրատ, ֆոսֆատ, ընդհանուր անօրգանական ազոտ, ԹՔՊ), եւ ՊՈԱԿ-ի ուսումնասիրության մեջ ջրի ավելի ցածր որակը հիմնականում արձանագրվել է այնպիսի տարրերի պատճառով, որոնք չեն եղել մեր հետազոտության մեջ (մանգան, բարիում, բերիլիում, ալյումին, երկաթ, վանադիում, մոլիբդեն, ընդհանուր ֆոսֆոր): 

Կոյուղի կա մարզի 7 համայնքում, մեխանիկական մաքրման կայան՝ 3-ում

Մասնագետները միակարծիք են, որ Սեւանի ծաղկման դեմն առնելու գլխավոր նախապայմանը կեղտաջրերի մաքրման կայանների գործարկումն է: Եվ խոսքը ոչ թե մեխանիկական, այլ կենսաբանական մաքրման կայանների մասին է:

«Հետքը» նախկինում զրուցել է գերմանացի գիտնական Կարստեն Ռինկեի հետ, ով վերը հիշատակված Հելմհոլցի անվան բնապահպանական հետազոտությունների կենտրոնի աշխատակից է եւ քաջատեղյակ է Սեւանի խնդիրներից: Ռինկեն ծաղկման պրոցեսի մասին, մասնավորապես, հայտնել էր հետեւյալը. «Ջրի որակի խնդիրների վերաբերյալ իմ հետազոտությունների ընթացքում շատ հաճախ եմ տեսնում ցիանոբակտերիաներով ծաղկած լճեր ու ջրամբարներ թե՛ Գերմանիայում, թե՛ Կենտրոնական Եվրոպայի այլ երկրներում: Այս ջրավազանների հիմնական խնդիրն ու քաղցրահամ ջրի պաշարների կառավարման դեռեւս գլխավոր մարտահրավերը շարունակում է մնալ մարդու գործունեությունից առաջացած կենսանյութերի մեծ հոսքը»: Որպես ասվածի ապացույց՝ դոկտոր Ռինկեն նշել էր, որ մեկ մարդու կողմից տարեկան արտադրված կեղտաջրի մեջ այնքան ֆոսֆոր կա, որ կարող է մոտ 20.000 խմ ծավալով մաքուր ջուրը վերածել ցիանոբակտերիաներով ծաղկող ցածրորակ ջրի:

Մեր հարցին, թե ինչ առաջնահերթ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանի կառավարությունը՝ Սեւանա լիճը հետագա հնարավոր ծաղկումներից զերծ պահելու համար, Կ. Ռինկեն ասել էր. «Գտնում եմ, որ կեղտաջրերի մաքրման համակարգի մոդեռնիզացիան պետք է լինի թիվ մեկ առաջնահերթությունը։ Դա նաեւ կօգնի բարելավել գետերի ջրի որակը, նվազագույնի հասցնել հիգիենիկ ռիսկերը, ինչպես նաեւ հնարավորություն կտա վերամշակված կենսանյութերը կրկին կիրառել գյուղատնտեսության մեջ»։

Նկատենք, որ մաքրման կայաններից զատ՝ կարեւոր է կոյուղու առկայությունը, քանի որ դրա բացակայությամբ կեղտաջրերը ոչ միայն խառնվում են մակերեւութային ջրերին՝ գետերին, այլեւ անցնում են ընդերք եւ խառնվում գրունտային ջրերին: Այս թեմայով մենք հարցեր էինք ուղղել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին:

Պարզվում է՝ 57 համայնք ունեցող Գեղարքունիքի մարզում կոյուղու համակարգ կա միայն 5 քաղաքային համայնքում՝ Գավառում, Սեւանում, Մարտունիում, Վարդենիսում եւ Ճամբարակում, ինչպես նաեւ Վարդենիկ, Ծովասար գյուղական համայնքներում ու Վահան գյուղում, որը ներառված է Ճամբարակի մեջ: Սակայն կոյուղաջրերի մաքրում, այն էլ՝ միայն մեխանիկական, կատարվում է նշվածներից 3-ում՝ Գավառ, Մարտունի եւ Վարդենիս քաղաքներում: Սրանց մաքրման կայանները, համաձայն մարզպետարանի, կառուցվել են 2012 թ.:

Ինչ վերաբերում է Սեւանին, որն ունի կոյուղի, բայց չունի մաքրման կայան, ապա սրա կեղտաջրերը կոլեկտորով հոսում են դեպի Կոտայքի մարզ՝ Քաղսի գյուղ, որտեղ կա մաքրման կայան: Ընդ որում՝ այդ կոլեկտորով Քաղսի են ուղարկվում Սեւան համայնքի մեջ մտնող համանուն քաղաքի, Գոմաձոր թաղամասի եւ Գագարին գյուղի կեղտաջրերը (այս առումով մարզպետարանի պատասխանում խոսք չկա Սեւանի Ցամաքաբերդ թաղամասի մասին):

«Թեպետ կառուցել են 3 մաքրման կայան, որոնք կփորձեն մի փոքր բարելավել լճի վիճակը, այնուամենայնիվ, դա գրեթե չի փոխում պատկերը, որովհետեւ կառուցված կայաններն իրականացնում են միայն մեխանիկական մաքրում, իսկ մենք գիտենք, որ հատկապես վտանգավոր է քիմիական աղտոտումը, քանի որ այդ նյութերը՝ նույն ազոտի, ֆոսֆորի եւ այլ միացությունները, կարող են լիճ ներթափանցել լուծված վիճակում»,- «Հետքի» հետ զրույցում ասում է Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի ղեկավար Էվելինա Ղուկասյանը:

Վերջին տարիներին կարեւորվում է նաեւ լոկալ մաքրման կայանների առկայությունը Սեւանա լճի ավազանում: 2020 թ. ամռանը ՇՄՆ ներկայացուցիչ Ոսկեհատ Գրիգորյանը հայտարարել էր, որ նախարարությունը պարբերաբար քննարկումներ է ունենում լճի ավազանում գործող տնտեսվարողների հետ, որպեսզի նաեւ նման կայանների միջոցով գտնվեն Սեւանի աղտոտման խնդրի հնարավոր լուծումներ: Բացի դրանից՝ կազմակերպվել են հանդիպումներ լոկալ մաքրման կայաններ արտադրող ընկերությունների հետ: «Այս պահի դրությամբ առավել խոշոր տնտեսվարողների մոտ տեղադրված է 17 լոկալ մաքրման կայան: Նախատեսվում է ընդլայնել այդ ցանկը: Հարցի հետ կապված՝ տնտեսվարողները պատշաճ ձեւով ծանուցված են»,- դեռ հուլիսին նշել էր Ո. Գրիգորյանը: Սակայն մեր հարցին, թե քանի լոկալ մաքրման կայան կա Սեւանա լճի ավազանում, Գեղարքունիքի մարզպետարանից դեկտեմբերին ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Սեւանա լճի ափամերձ համայնքներում գործում է մեխանիկական 7 լոկալ մաքրման կայան»:

ՇՄՆ պատասխանատուն անցած ամռանը նաեւ հայտարարել էր, որ նախարարությունը նախատեսել է ծրագիր, որի շրջանակներում 3 խոշոր աղտոտող համայնքներում՝ Գավառում, Մարտունիում եւ Սեւանում, պետք է հիմնվեն կենսաբանական մաքրման կայաններ: «Սեւանա լճի տարեկան ծրագրի միջոցառումներով 2020 թվականի ընթացքում կիրականացվի այդ կայանների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը: Ֆինանսների առկայության պարագայում մեկ բաղադրիչի, կոնկրետ Գավառի դեպքում, կսկսվեն կենսաբանական մաքրման կայանի կառուցման աշխատանքները»,- ասել էր Ոսկեհատ Գրիգորյանը: Եվ ահա մեր հարցին, թե երբ է նախատեսվում այս կենսաբանական կայանների շահագործումը, մարզպետարանից փոխանցել են. «Սեւան համայնքի համար նախատեսվում է «KfW» բանկի միջոցներով առաջիկայում կառուցել կենսաբանական մաքրման կայան»: Ինչպես տեսնում ենք, թե՛ լոկալ մաքրման, թե՛ կենսաբանական մաքրման կայանների պարագայում ՇՄՆ-ի եւ Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկությունները հակասական են:

«Սեւանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագծում», որն ընդունվել է կառավարության 2013 թ. որոշմամբ, ներկայացվել է այդ ժամանակ առկա իրավիճակը եւ, մասնավորապես, նշվել հետեւյալը. «Չեն գործում հասարակական օբյեկտների կեղտաջրերի մեխանիկական մաքրման սեպտիկաներն ու կեղտաջրերի կուտակման բետոնե հորերը, ինչպես նաեւ Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքների կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանները: Մարտունի եւ Վարդենիս քաղաքների կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայաններն ամբողջովին քանդված վիճակում են: Գավառի կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանի շինարարական աշխատանքները չեն ավարտվել»: Սրա հիման վրա մարզպետ Սանոսյանին հարցրել էինք, թե երբ են ստեղծվել Գավառի, Մարտունու եւ Վարդենիսի կենսաբանական մաքրման կայանները (քանդված կամ անավարտ): Բայց մարզպետարանից հայտնել են, որ Գեղարքունիքում չկան կենսաբանական մաքրման կայաններ: Ահա եւս մի հակասություն:

Էվելինա Ղուկասյանն ասում է, որ թեեւ 2020-ին Սեւանի ծաղկումը նախորդ երկու տարիների պես երկար չտեւեց, դրա պատճառը ոչ թե կենսածին տարրերի փոքր ծավալն էր ջրում, այլ ցածր ջերմաստիճանը, որովհետեւ կապտականաչ ջրիմուռների համար բարձր ջերմաստիճանը զարգացման կարեւորագույն գործոններից է:

Եզրակացությունն այն է, որ Սեւանի ծաղկման հարցը լուծելու համար անհրաժեշտ է մեծածավալ գործողությունների փաթեթ, որոնցից առաջնահերթ պետք է համարել տարբեր օրգանական ու անօրգանական նյութերով, ինչպես նաեւ աղբով լճի աղտոտման բացառումը կամ գոնե խիստ նվազեցումը: Միայն այս ուղղությամբ անհրաժեշտ է մեծ բնակավայրերում կառուցել կենսաբանական մաքրման կայաններ, իսկ լճի ավազանում գործող տնտեսվարողների կողմից՝ լոկալ մաքրման կայաններ, ափամերձ գոտիներում եւ բնակավայրերում անհրաժեշտ է ապահովել պատշաճ աղբահանություն, այդ թվում՝ նոր աղբավայրերի կառուցմամբ եւ գործողների կարգավորմամբ: 

Վահե Սարուխանյան
Մարինե Մարտիրոսյան
Անի Սարգսյան
Ռիմա Գրիգորյան (Հետք Մեդիա Գործարան)
Լիլիթ Ալեքսանյան (Հետք Մեդիա Գործարան)

Boell.jpg (151 KB)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter